ՎԱՐԴԱՊԵՏ
id4621. Նշանակում է վարժապետ, ուսուցիչ: Հին
ուխտում վարդապետ էին կոչում
օրենքի ուսուցիչներին, որոնք սերտում և ուսուցանում էին
օրենքի մանրամասները: Հրեաները վարդապետ էին ասում նաև Հիսուսին, Որի
վարդապետությունը, սակայն, խիստ տարբերվում էր
օրենքի ուսուցիչների գրքային խոսքերից, քանզի Նա կենդանի հոգով ուսուցանում էր
փրկության և
երկնքի արքայության,
սիրո և կատարելության մասին, այն ամենի, ինչը պետք է հատկանշեր նոր
ուխտի զավակներին՝
շնորհի և
ճշմարտության ժառանգորդներին:
Եկեղեցու կյանքում
առաքյալների հետևորդների մեջ սկզբից ևեթ հանդես եկան հոգևոր ուսուցիչներ, որոնք սովորեցնում էին զանազանել ճշմարիտ
հավատը մարդահնար կարծիքներից, նոր՝ շնորհական կյանքի սկզբունքները՝ հին
օրենքի ավանդապահությունից, ուղղափառ
դավանությունը՝
աղանդավորական ուսմունքներից, և այլն: Նրանց ուսուցանած
ճշմարտությունները հաստատվում էին
եկեղեցական ժողովներում և որդեգրվում
Եկեղեցու կողմից իբրև կարևոր
վարդապետական սկզբունքներ:
Այդպիսի ուսուցիչները կոչվեցին
Եկեղեցու վարդապետներ: Նրանց մեջ ամենանշանավորն են 12 տիեզերական վարդապետները, որոնց ուսմունքը ընդունվում և ուսուցանվում է բոլոր առաքելական
Եկեղեցիներում: Դրանք են Ռեթեոս Աթենացին,
Դիոնեսիոս Արեոպագացին, Սեղբեստրոս Հռոմեացին,
Աթանաս Ալեքսանդրացին,
Կյուրեղ Երուսաղեմացին,
Եփրեմ Ասորին,
Բարսեղ Կեսարացին,
Գրիգոր Նյուսացին,
Գրիգոր Աստվածաբանը,
Եպիփան Կիպրացին,
Հովհան Ոսկեբերանը և
Կյուրեղ Ալեքսանդրացին:
Հայ Եկեղեցում տիեզերական վարդապետների հիշատակին հատուկ տոն է սահմանված:
2. Եկեղեցու սպասավորների մեջ վարդապետներ են կոչվում այն հոգևորականները, որոնք, համապատասխան կրթություն և հոգևոր արժանիքներ ունենալով, իրավունք են ստանում
քարոզել եկեղեցում: Սովորաբար վարդապետական իշխանություն են ստանում
աբեղաները, որը շնորհելիս նրանց հանձնվում է վարդապետական
գավազան:
Վարդապետներից ոմանց, իրենց վաստակից կախված, շնորհվում է ավելի պատվավոր՝ ծայրագույն վարդապետի տիտղոսը: Հնում
Հայ Եկեղեցում գոյություն է ունեցել «րաբունապետ», այսինքն՝ «վարդապետների պետ» կամ «գլխավոր վարդապետ» տիտղոսը, որը շնորհվել է սակավաթիվ, խիստ բանիմաց և արդյունաշատ վարդապետներին: