Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ (347-407)
id294Տիեզերական
Եկեղեցու ամենապայծառ դեմքերից մեկը՝ երիցս երանելի սուրբ
հայրապետ Հովհան Ոսկեբերանը, ծնվել է Անտիոքում՝ ազնվականի ընտանիքում: Նա ազգությամբ ասորի էր,
բարեպաշտ ծնողների զավակ:
Հովհաննեսը կրթություն ստացավ Աթենքում՝ իր զարմանալի բնատուր ձիրքերի շնորհիվ գերազանցելով ժամանակի բոլոր հելլեն և
քրիստոնյա իմաստուններին: Երիտասարդ տարիքից նա երազում էր ամբողջովին նվիրվել
Աստծուն և ապրել
ճգնավորական կյանքով: Ու թեև չհեռացավ տանից՝ անսալով մոր թախանձանքներին, սակայն այնտեղ էլ ապրում էր
ճգնավորի պես՝ օրերն անցկացնելով ժուժկալությամբ,
աղոթքով և
Սուրբ Գրքի ընթերցանությամբ:
Մոր
մահից հետո Հովհանն առանձնացավ Անտիոքի
անապատում և 374-380 թթ. ընթացքում անձնատուր եղավ անօրինակ
ճգնությունների: Սակայն
Աստծո նախախնամությամբ նա ծանր հիվանդացավ և հարկադրված թողնելով
անապատը՝ վերադարձավ ծննդավայր: Այստեղ 380 թ. նա
ձեռնադրվեց սարկավագ, 6 տարի անց՝
քահանա, իսկ 398-ին օծվեց Կոստանդնուպոլսի
պատրիարք:
Իր
հայրապետության տարիներին Հովհանը
դարձի բերեց բազմաթիվ մոլորյալների և
աղանդավորների: Իբրև անաչառ հովիվ և
Քրիստոսի նախանձախնդիր զինվոր՝ նա անարժան հոգևորականներին փոխարինում էր արժանավորներով: Այդ պատճառով ձեռք բերեց բազմաթիվ թշնամիներ, որոնք հերյուրանքներով ու զրպարտություններով կարողացան սրբի դեմ տրամադրել որոշ
եպիսկոպոսների, ինչպես նաև թագավորին ու թագուհուն: Արդյունքում Հովհաննեսին աքսորեցին Բութանիա: Այդ տարագրությունը, սակայն, տևեց ընդամենը մի քանի օր. ժողովրդի բուռն պահանջով թագավորը նրան ետ կանչեց Կոստանդնուպոլիս, որտեղ շուրջ 60
եպիսկոպոսներ, ժողով գումարելով, հաստատեցին նրա անմեղությունը: Սակայն չանցած երկու ամիս՝ դարձյալ վերարծարծվեց ս. Հովհանի դեմ տակավին չմարած թշնամանքը, և նրան ձերբակալելով՝ վերստին աքսորեցին:
Սուրբ
հայրապետն ուրախությամբ էր ընթանում աքսորի ճանապարհով և, որտեղ էլ իջևանում էր, անդադար
քարոզում էր
Աստծո խոսքը: Աքսորավայր չհասած՝ նա մահացավ՝ դյուրությամբ ու խաղաղությամբ
Աստծուն ավանդելով իր հոգին:
Ս. Հովհանը սերունդներին թողեց բազմաթիվ
քարոզներ,
Սուրբ Գրքի մեկնություններ,
աղոթքներ ու ներբողներ, որոնց անզուգական լեզվի գեղեցկության շնորհիվ նրան իրավամբ կոչեցին Ոսկեբերան: