Ս. ՈՆՈՓՐԻՈՍ (IV դ.)
id530Եգիպտական
ճգնավոր հայրերից է: Սկզբում լինելով
վանական՝ Ոնոփրիոսը մի օր
հրեշտակի առաջնորդությամբ լքում է
վանքը և առանձնանում անմարդաբնակ անապատում: Հանձնվելով անօրինակ
ճգնությունների՝ նա ի վերջո շահում է Տիրոջ բացառիկ բարեհաճությունը. նրա բնակավայր քարանձավի կողքին աճող արմավենին կլոր տարին պտուղ էր տալիս, իսկ կողքին աղբյուր էր բխում, և սուրբ
ճգնավորն այլևս չէր զգում ո՛չ քաղց, ո՛չ ծարավ: Իսկ
Աստծո հրեշտակը յուրաքանչյուր շաբաթ և
կիրակի նրան
ս. Հաղորդություն էր մատուցում: Վաթսուն տարի ս. Ոնոփրիոսը ոչ մի մարդու երես չտեսավ, իսկ երբ մոտեցավ նրա վախճանը, նրան գտավ Պափնուտիոս անունով մի
վանական, որն, առանձնություն փնտրելով, դեգերում էր անապատում: Սուրբ
ճգնավորը Պափնուտիոսի հետ զրուցեց մինչև երեկո՝ պատմելով իր մասին, ապա խաղաղությամբ ավանդեց հոգին: Պափնուտիոսը
սրբի մարմինն ամփոփեց մի մեծ քարի փորվածքում և ծածկեց մանր քարերով, ապա սկսեց
աղոթել, որ Տիրոջ
օրհնությամբ բնակվի սուրբ
ճգնավորի քարայրում: Բայց այդ պահին հանկարծ քարայրը փլվեց, արմավենին չորացավ, և աղբյուրը ցամաքեց: Պափնուտիոսը հասկացավ, որ Տերն ուղարկել էր իրեն սուրբ Ոնոփրիոսի մոտ՝ միայն նրան հուղարկավորելու և նրա պատմությունը մարդկանց հասցնելու համար: