русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ






ԱՄՈՍ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. կես)
id558Ամոսը հասարակ հովիվ էր, երբ Տերոջ կողմից կանչվեց ծառայության՝ դառնալով Իսրայելի առաջին մատենագիր մարգարեն: Մարգարեացավ Հուդայի երկրի Օզիա և Իսրայելի Հերոբովամ II թագավորների օրոք: Թեև նա ծնվել և ապրում էր Հուդայի երկրում՝ Բեթղեհեմից ոչ շատ հեռու, բայց Տերը նրան առաքեց Հյուսիսային թագավորություն՝ հանդիմանելու այնտեղ տիրող կռապաշտությունը: Նրա գրվածքներում հնչում է Աստծո կշտամբանքը աղքատների հանդեպ անողորմ, խոնարհներին արհամարհող, անառակ ու շվայտ կյանք վարող վերնախավի հանդեպ, ինչպես նաև՝ Բարձրյալի ցասումը՝ արտահայտված Իսրայելին սպասող պատուհասների խորհրդանշական պատկերներով:
Երբ Ամոսը Բեթելում՝ Հերոբավամի հիմնած սրբավայրում, մարգարեանում էր կռապաշտության պատճառով թագավորության մոտալուտ կործանման մասին, Բեթելի քուրմ Ամասիան նրան կշտամբեց՝ արգելելով մարգարեանալ և ստիպելով հեռանալ Իսրայելի թագավորությունից դեպի իր հայրենիքը: Սակայն մարգարեն չհնազանդվեց՝ առավել խիստ ու մանրամասն խոսելով գալիք պատուհասների մասին: Ավանդության համաձայն՝ Ամասիան իր որդու հետ չարչարեց մարգարեին, և նա, վիրավոր ու ցավատանջ վիճակում հասնելով իր ծննդավայրը, կնքեց մահկանացուն: