русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
30 նոյեմբերի 2024թ. շաբաթ, ԳՁ
Սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի





ԱՌԱՔՅԱԼՆԵՐ
id049Սուրբ Գրքում լայն իմաստով այսպես են կոչվում Աստծո կողմից առաքված մարդիկ, իսկ հատկապես՝ Հիսուս Քրիստոսի 12 աշակերտները, որոնց Նա ուղարկեց աշխարհի տարբեր ծայրերը՝ քարոզելու Իր ավետարանը:
12 առաքյալներն են Պետրոսը և Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսը, Փիլիպպոսը և Բարդուղիմեոսը, Թովմասը և Մատթեոսը, Հակոբոս Ալփյանը և Թադեոսը, Սիմոն Կանանացին և Հուդա Իսկարիովտացին, որը և մատնեց Տիրոջը. նրա փոխարեն հետագայում ընտրվեց Մատաթիան:
Բոլոր 12 առաքյալներն էլ ընտրվել են Տիրոջ կողմից: Բացառություն չի կազմում և Մատաթիա առաքյալը, որի ընտրությունը վիճակահանությամբ կատարվել է Աստծո կամքով:
Առաքյալները, Սուրբ Հոգով ներշնչված, իշխանություն են ունեցել հրաշքներ գործելու և փոխանցելու հոգևոր շնորհներ: Նրանց հավասար առաքելական պատվի և շնորհների է արժանացել նաև Պողոսը, որը թեև սկզբում Տիրոջ և Նրա հետևորդների թշնամին էր, սակայն Աստծո հրաշքով դարձի գալով՝ ընտրվեց Հիսուսի կողմից իբրև հեթանոսների առաքյալ:
12-ից և Պողոսից բացի՝ առաքյալ են անվանում նաև Քրիստոսի 70 աշակերտներին, որոնք, սակայն, չեն եղել Տիրոջ գործերի մշտական ականատեսն ու վկան, ինչպես նաև ամբողջությամբ չեն ունեցել այն իշխանությունն ու զորությունը, որով օժտված էին տասներկուսը:


Առաքյալների սրբապատկերները
Ս. Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի ճակատային մասի նկարազարդումից, XVIII դ.
Հեղինակներ՝ Հովնաթանյաններ

Պետրոս
Անդրեաս առաքյալի եղբայրն էր՝ ծնունդով Գալիլիայի Բեթսայիդա քաղաքից: Զբաղվում էր ձկնորսությամբ: Սկզբում նրան կոչում էին Սիմոն, իսկ Կեփաս անունը, որ նշանակում է ժայռ, նրան շնորհեց Հիսուսը, երբ կանչեց առաքելական ծառայության:
Առաջինը նա՛ խոստովանեց իր հավատը Քրիստոսի աստվածության և առաքելության նկատմամբ: Նրան Հովհաննեսի և Հակոբոսի հետ միասին առանձնահատուկ պատիվ շնորհվեց՝ վկա լինելու Հայրոսի դստեր հարությանը [տե՛ս Մարկ. 5.37-42], Թաբոր լեռան վրա Հիսուսի պայծառակերպությանը [տե՛ս Մատթ. 17.1-8], ինչպես նաև Գեթսեմանիի պարտեզում Նրա վերջին աղոթքին [տե՛ս Մատթ. 26.37]:
Ինչպես մարգարեացել էր Տերը, Իր չարչարանքների ժամանակ Պետրոսը երեք անգամ ուրացավ Իրեն, սակայն հետո դառնորեն զղջաց իր ծանր մեղքի համար: Դրա շնորհիվ Հիսուսը նրան վերստին հաստատեց իր առաքելական կոչման մեջ՝ պատվիրելով. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» [Հովհ. 21.17]:
Պետրոս առաքյալը քարոզել է Արևելքի և Արևմուտքի շատ երկրներում: Նա նահատակվել է Հռոմում 64 կամ 67 թ., երբ Ներոն կայսեր հրամանով նահատակվեցին բազում քրիստոնյաներ: Ըստ ավանդության՝ այստեղ է նահատակվել և նրա կինը, որն ուղեկցում էր ամուսնուն նրա առաքելական ճամփորդությունների ընթացքում:
Պետրոս առաքյալը թողել է 2 ընդհանրական թղթեր՝ ուղղված Պաղեստինից դուրս գտնվող հավատացյալ հրեաներին:

Պետրոս առաքյալի որմնանկարը
Ս. Էջմիածնի Մայր տաճարի նախամուտքի հյուսիսային որմնախորշ

Անդրեաս
Նա իր եղբոր՝ Պետրոսի պես զբաղվում էր ձկնորսությամբ: Անդրեասը սկզբում աշակերտում էր Հովհաննես Մկրտչին, սակայն առանց երկմտելու գնաց Հիսուսի ետևից, երբ Տերը կանչեց նրան, և նույնիսկ եղբորն էլ իր հետ տարավ: Այդ օրվանից նրանք հետևեցին Փրկչին՝ մինչև Նրա խաչվելը:
Ավանդության համաձայն՝ հոգեգալստից հետո Անդրեասը քարոզել է Հունաստանում և Սկյութիայում: Նահատակվել է Հունաստանում՝ դատապարտվելով խաչելության: Մահվան տարեթիվն անհայտ է:


Հովհաննես
Բնակվում էր Բեթսայիդա քաղաքում և զբաղվում ձկնորսությամբ: Մինչև Հիսուսին հետևելը աշակերտում էր ս. Հովհաննես Մկրտչին:
Հովհաննեսը Փրկչի ամենասիրելի աշակերտն էր: Նա էր, որ հետևեց Հիսուսին Գեթսեմանիից մինչև Գողգոթա: Խաչի վրայից Տերը նրա՛ն հանձնեց Իր մորը՝ սուրբ Կույս Մարիամին: Հավանաբար Քրիստոսի հանդեպ այդպիսի բոցավառ սիրո և նախանձախնդրության պատճառով էլ Ավետարանում նրան, եղբոր հետ, կոչում են Որոտման որդի:
Պետրոսի և իր եղբայր Հակոբոսի հետ Հովհաննես առաքյալը եղել է Երուսաղեմի Եկեղեցու երեք սյուներից մեկը: Հետագայում նրա գործունեության վայրը դարձավ Եփեսոս քաղաքը, որտեղից էլ նա ղեկավարում էր իր հիմնած փոքրասիական 7 Եկեղեցիները:
Տիրոջ կամքով՝ Հովհաննեսը մյուս առաքյալներից ավելի երկար ապրեց և խաղաղությամբ ննջեց մոտ 95 տարեկանում՝ 100 թ.: Երբ նա արդեն շատ ծեր էր, քարոզելիս շարունակ կրկնում էր. «Զավակնե՛րս, սիրեցե՛ք միմյանց»: Երբ նրան հարցնում էին, թե ինչու է այդքան հաճախ ասում այդ բառերը, պատասխանում էր. «Դա Տիրոջ պատվիրանն է: Եթե սեր ունեք, որևէ այլ բանի կարիք չեք ունենա»:
Նա գրել է իր Ավետարանը, 3 ընդհանրական թղթերը և Հայտնությունը:

Հովհաննես ավետարանիչ
Հայտնության գրքի առաջին էջը (հատված)
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 1009ա, Աստվածաշունչ, 1035 թ., Երզնկա

Հակոբոս Զեբեդյան
Հովհաննեսի եղբայրն էր, Զեբեդեոսի որդին, որի պատճառով կոչվում է նաև Հակոբոս Զեբեդյան: Նա նույնպես զբաղվում էր ձկնորսությամբ:
Հակոբոս առաքյալը շատ եռանդուն էր, գործունյա, մեծ սեր ու նախանձախնդրություն ուներ Հիսուսի հանդեպ, այդ պատճառով նա դարձավ հրեաների ատելության ու դաժանության զոհը: Նա գլխատվեց Հերովդես թագավորի կողմից 44 թ.՝ լինելով առաջին նահատակը առաքյալների մեջ:


Փիլիպպոս
Ծնունդով Բեթսայիդայից էր: Ականատես է եղել Հիսուսի կողմից հացի բազմացմանը, ինչպես նաև Նրա համբարձմանը: Ավանդությունն ասում է, որ հետագայում Փիլիպպոսը, որն ամուսնացած էր և ուներ երեք դուստր, քարոզել է Սկյութիայում և Փռյուգիայում: Նահատակվել է խաչի մահվամբ:


Բարդուղիմեոս
Ծնվել է Գալիլիայի Կանա քաղաքում: Կոչվել է նաև Նաթանայել: Նա քարոզել է փոքրասիական երկրներում Փիլիպպոսի հետ միասին, այնուհետև՝ Արաբիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և Մեծ Հայքում:
Թադեոս առաքյալի հետ մեկտեղ նա համարվում է Հայաստանում քրիստոնեական Եկեղեցու հիմնադիրը: Նահատակվել է Աղբակում 66 թ. հայոց Սանատրուկ թագավորի հրամանով:


Թովմաս
Կոչվել է նաև Երկվորյակ: Նա բնավորությամբ թերահավատ էր և, կասկածելով իր ընկեր-առաքյալների վկայությանը, որոնք տեսել էին հարություն առած Քրիստոսին, ասաց. «Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղում չդնեմ ու ձեռքս Նրա կողերի մեջ չխրեմ, չեմ հավատա» [Հովհ. 20.25]:
Ըստ ավանդության՝ Թովմաս առաքյալը քարոզել և նահատակվել է Արևելյան Հնդկաստանում: Այնտեղ, Մալաբարյան ափում, այժմ էլ բնակվում են զգալի թվով հավատացյալներ, որոնք իրենց անվանում են Թովմաս առաքյալի քրիստոնյաներ:


Մատթեոս
Գալիլիացի էր, Կափառնայում քաղաքի բնակիչ: Նրան կոչում էին նաև Ղևի: Սկզբում նա մաքսավոր էր, այսինքն՝ հարկահավաք, սակայն երբ Հիսուսը կանչեց նրան հետևել Իրեն, անմիջապես գնաց Տիրոջ ետևից ու դարձավ Նրա աշակերտը:
Քրիստոսի համբարձումից և հոգեգալստից հետո Մատթեոսը երկար ժամանակ քարոզում էր հրեաներին Պաղեստինում: Այնուհետև, հեռավոր երկրներ քարոչզության մեկնելուց առաջ, հավատացյալ հրեաների խնդրանքով նա գրի առավ իր բանավոր քարոզները: Այսպես ստեղծվեց նրա Ավետարանը:
Մատթեոս առաքյալի վախճանի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկան. ոմանք պնդում են, թե նա նահատակվել է Եթովպիայում, ոմանք էլ՝ Պարթևաստանում:

Մատթեոս ավետարանիչ
Երևան, ձեռ. 197. էջ 13բ, Ավետարան, 1287 թ.

Հակոբոս Ալփյան
Նրա հորը կոչում էին Ալփեոս: Մայրը ս. Մարիամ Աստվածածնի քույրն էր, որի համար էլ Հակոբոսին կոչում են Տյառնեղբայր, այսինքն՝ Տիրոջ եղբայր: Ավանդության համաձան՝ նա վաղ հասակից մշտապես գտնվում էր Երուսաղեմի Տաճարում, որտեղ հաճախ ծնրադիր աղոթում էր ժողովրդի համար: Իր բարեպաշտության պատճառով հրեաներն ակնածում էին նրանից և արդար էին կոչում:
Հակոբոս Տյառնեղբայրը Երուսաղեմի առաջին եպիսկոպոսն էր:
Նահատակվել է 62 թ.՝ քարոզի ժամանակ: Մեզ է ավանդվել նրա ընդհանրական թուղթը և իր անունով հայտնի պատարագի տեքստը:


Թադեոս
Հակոբոս Ալփյանի հարազատ եղբայրն էր: Կոչվել է նաև Ղեբեոս կամ Հուդա: Հովհաննես ավետարանիչը նրա մասին խոսելիս նշում է. «Հուդան՝ ոչ Իսկարիովտացին» [Հովհ. 14.22]:
Ըստ ավանդության՝ Թադեոսը քարոզել է նախ Հրեաստանում, Գալիլիայում, Սամարիայում, ապա նաև՝ Արաբիայում, Ասորիքում, Միջագետքում և Պարսկաստանում: Բարդուղիմեոս առաքյալի հետ նա քրիստոնեությունը տարածել է Հայաստանում՝ քարոզելով հիմնականում Արտազ գավառում: Ըստ ավանդության՝ նա մեր երկիր է բերել այն սուրբ գեղարդը, որով խոցել են խաչված Քրիստոսի կողը:
Նահատակվել է 46 թ. Սանատրուկ թագավորի հրամանով:


Սիմոն Կանանացի
Այս առաքյալը Կանանացի է կոչվում իր ծննդավայրի՝ Կանա քաղաքի անունով: Հունական Եկեղեցու ավանդության համաձայն՝ նա էր Կանայի հարսանիքի փեսան, որին Տիրամոր հետ ներկա էր Հիսուսը և որտեղ Նա գործեց Իր առաջին հրաշքը:
Սուրբ հոգեգալստից հետո Սիմոն Կանանացին քարոզել է Աֆրիկայի մի շարք երկրներում, իսկ մի ավանդության համաձայն՝ նույնիսկ Բրիտանական կղզիներում, այնուհետև՝ Բաբելոնիայում ու Պարսկաստանում, որտեղ և նահատակվել է:


Հուդա Իսկարիովտացի
12 առաքյալներից մեկն էր, որին հանձնարարված էր կրել նվիրատվությունների համար նախատեսված փայտե արկղը: Նա մատնեց Տիրոջը 30 արծաթով: Հիսուսի խաչելության դատապարտվելուց հետո նա զղջաց, սակայն հուսահատությունից ինքնասպան եղավ:


Մատաթիա
Առաքյալ է ընտրվել վիճակահանությամբ, Քրիստոսի 70 աշակերտների միջից՝ Նրա համբարձումից հետո, և դասվել 12-ի շարքը՝ մատնիչ Հուդա Իսկարիովտացու փոխարեն: Նրա կյանքի մանրամասները մեզ չեն հասել: Անկասկած է, սակայն, որ նա աշակերտել է Տիրոջը Նրա երկրային գործունեության ողջ ընթացքում:
Ավանդություններից մեկն ասում է, որ Մատաթիան քարոզել է Հրեաստանում. այնտեղ նրան նահատակել են քարկոծությամբ: Ըստ այլ ավանդության՝ Հրեաստանից հետո նա քարոզել է Եթովպիայում, որտեղ էլ նահատակվել է:


Պողոս
Սկզբում կրում էր Սողոս անունը: Ծնունդով Տարսոնից էր՝ Կիլիկիայի գլխավոր քաղաքից, որն այն ժամանակ հռչակված էր իր բնակիչների կրթվածությամբ: Նա Հռոմի քաղաքացի էր: Ծագումով հրեա էր՝ Բենիամինի ցեղից, դաստիարակությամբ ու հավատով՝ փարիսեցիների աղանդից:
Քրիստոսի քարոզչության ընթացքում նա հավանաբար 22 կամ 25 տարեկան էր: Խիստ նախանձախնդիր լինելով հայրենի օրենքի և ավանդության հանդեպ՝ նա եռանդուն կերպով մասնակցում էր առաքյալների և նրանց հետևորդների դեմ տարվող հալածանքներին: Սակայն Սողոսը Տիրոջ անմիջական հայտնության միջոցով հրաշքով դարձի եկավ ու վերանվանվեց Պողոս: Այդ պահից սկսած, Հիսուսից ստանալով հեթանոսների առաքյալը լինելու բարձր կոչումը՝ նա լիովին փոխվեց: Նրա միակ և գերագույն նպատակը դարձավ Քրիստոսին ծառայելը:
Պողոս առաքյալի գործած հրաշքներն ու հիմնած Եկեղեցիները, բանավոր քարոզները և գրած թղթերը, առաքելական ճամփորդությունները, տեսիլքներն ու հայտնությունները, որոնց նա արժանանում էր Տիրոջ կողմից, կապանքներն ու տանջանքները, որոնք կրում էր հանուն Քրիստոսի, և վերջապես՝ նրա մարտիրոսական մահը, այս ամենը իրավունք են տալիս նրան Պետրոսի հետ մեկտեղ կոչել գլխավոր առաքյալ:
Առաքյալներից ոչ ոք չի թողել այնքան գրվածքներ, որքան Պողոս առաքյալը. նա մեզ է ավանդել 14 առաքելական թղթեր, որոնք Եկեղեցին համարում է Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի աղբյուրներ: Ընդ որում հատկանշական է, որ նրանցից մի քանիսը գրվել է այն ժամանակ, երբ հեղինակը գտնվել է կապանքների մեջ:
Ավանդության համաձայն՝ Պողոս առաքյալը գլխատվել է Հռոմում 67 թ.՝ Ներոն կայսեր օրոք:

Պողոս առաքյալ
Երևան, ձեռ. 206, էջ 550բ, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի