русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ


Օսեեի մարգարեությունը 10.12

12 Ձեզ համար արդարութեան սերմե՛ր ցանեցէք եւ կենաց պտո՛ւղ քաղեցէք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտրեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:




Ամոսի մարգարեությունը 5.10-14

10 Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին: 11 Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12 քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով, եւ աղքատին դռնէդուռ էիք գցում: 13 Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է: 14 Բարի՛ն փնտրեցէք եւ ոչ թէ՝ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կլինի Ամենակալ Տէր Աստուած.




Միքիայի մարգարեությունը 7.7-9

7 Սակայն ես Տիրոջը կսպասեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կլսի ինձ: 8 Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը: 9 Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կտանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը:




Հովելի մարգարեությունը 2.12-13

12 «Եւ արդ,– ասում է ձեր Տէր Աստուածը,– դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով: 13 Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ՝ ձեր հագուստները»: Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար:




Աբդիուի մարգարեությունը 1.21

21 Փրկուածները Սիոնի լեռից ոտքի կկանգնեն՝ վրէժ լուծելու Եսաւի լեռից, եւ կհաստատուի Տիրոջ արքայութիւնը»:




Հովնանի մարգարեությունը 4.2

2 Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի: Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար:




Նավումի մարգարեությունը 1.7-9

7 Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ, ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին. նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին: 8 Հեղեղով վերջ կտայ իր դէմ ըմբոստացածներին, եւ խաւարը կհալածի նրա թշնամիներին: 9 Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ. ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:




Ամբակումի մարգարեությունը 1.2-3

2 Մինչեւ ե՞րբ, Տէ՛ր, աղօթեմ, բայց դու չլսես, զրկուած՝ ձայն տամ քեզ, եւ դու չփրկես: 3 Ինչո՞ւ ինձ ջանք ու յոգնութիւն պատճառեցիր՝ թշուառութիւն եւ ամբարշտութիւն տեսնելու: Իմ առաջ եղաւ դատաստանը, եւ դատաւորը կաշառք էր առնում:




Սոփոնիայի մարգարեությունը 1.7-8

7 Վախեցէ՛ք Տէր Աստծուց, քանի որ մօտիկ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը պատրաստեց իր զոհերը 8 եւ հրաւիրեց իր հրաւիրեալներին: «Կլինի այնպէս, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագաւորի տունը եւ բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել:




Անգեի մարգարեությունը 2.10

10 որպէսզի այդ տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը,– ասում է Ամենակալ Տէրը:– Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ,– ասում է Ամենակալ Տէրը,– հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կաշխատեն վերականգնել այդ տաճարը”»:




Զաքարիայի մարգարեությունը 7.9-13

9 «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. արդար դատո՛վ դատեցէք, ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք՝ իւրաքանչիւրն իր եղբօրը: 10 Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդուխտին եւ տնանկին: Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ նրա գործած չարիքների համար»: 11 Բայց նրանք լսել չուզեցին, այլ յիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները չլսելու համար: 12 Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղաւ Ամենակալ Տիրոջ կողմից: 13 «Եւ այնպէս պիտի լինի, որ, օրինակ, ինչպէս մէկը խօսում է, եւ նրան չեն լսում, այնպէս էլ նրանք պիտի կանչեն, եւ ես չեմ լսելու նրանց»,– ասում է Ամենակալ Տէրը:–




Մաղաքիայի մարգարեությունը 1.6

6 Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից: Իսկ արդ, եթէ ես Հայր եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը,– ասում է Ամենակալ Տէրը:– Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը”.




Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 11.2-5

Կամ չգիտէ՞ք՝ ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3 «Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ես մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»: 4 Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ,– ասում է,– եօթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»: 5 Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան՝ ըստ ընտրութեան շնորհի:




Ավետարան ըստ Ղուկասի 13.31-35

31 Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան ու ասացին նրան. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»: 32 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կաւարտեմ: 33 Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի: 34 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜-քանի անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար: 35 Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:




 
sacredtradition.am