русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
6 հոկտեմբերի 2025թ. երկուշաբթի, ԱԿ
Սրբոցն Փոկասու հայրապետին եւ Երանոսի հետեւողին առաքելոցն


Առակներ 27.1-6

1 Մի՛ պարծեցիր վաղուայ օրով, որովհետեւ չգիտես, թէ վաղն ինչ է բերելու քեզ: 2 Թող քեզ քո ընկե՛րը գովի, եւ ոչ թէ՝ քո բերանը, օտարը, եւ ոչ թէ՝ քո շուրթերը: 3 Քարը ծանր է, աւազը դժուար է բարձրացնել, բայց երկուսից էլ առաւել ծանր է անզգամի բարկութիւնը: 4 Անողորմ է զայրոյթը, բարկութիւնը՝ սաստիկ, բայց ոչ մէկից էլ պակաս չէ նախանձը: 5 Բացայայտ յանդիմանութիւնը լաւ է սքողուած բարեկամութիւնից: 6 Լաւ է բարեկամի ապտակը, քան թշնամու նենգ համբոյրը:




Եսայու մարգարեությունը 43.16-21

16 Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ, 17 Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազում զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ: 18 Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք, 19 քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ: 20 Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին գետեր՝ խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին: 21 Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին:




Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 11.21-29

20 քանի որ հանդուրժում էք, եթէ մէկը խաբում է ձեզ, եթէ մէկը ծառայի տեղ է դնում ձեզ, եթէ մէկն ուտում է ձեր ունեցուածքը, եթէ մէկը վերցնում է, ինչ որ ձերն է, եթէ մէկը յոխորտում է, եթէ մէկը հարուածում է ձեր երեսին: 21 Ամաչելով եմ ասում, որպէս թէ մենք տկարացած լինէինք երբեւէ. ով ինչում համարձակուի պարծենալ (յիմարութեամբ եմ ասում), ես էլ եմ համարձակուելու: 22 Եբրայեցինե՞ր են՝ ես էլ. իսրայէլացինե՞ր են՝ ես էլ. 23 Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ. Քրիստոսի պաշտօնեանե՞ր են (առաւել յանդգնութեամբ կասէի, թէ)՝ ես առաւել եւս: Եթէ վաստակով՝ առաւել. եթէ գանակոծութեամբ՝ առաւել եւս. եթէ բանտարկութեամբ՝ աւելի քան նրանք. եթէ մահուան վտանգով՝ բազում անգամ: 24 Հրեաներից հինգ անգամ, քառասունից մէկով պակաս, ծեծ կերայ. 25 երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի: 26 Ճանապարհորդութիւնների ընթացքում բազո՜ւմ անգամ վտանգներ՝ գետերից. վտանգներ աւազակներից. վտանգներ ազգակիցներից. վտանգներ հեթանոսներից. վտանգներ քաղաքում. վտանգներ անապատում. վտանգներ ծովում. վտանգներ սուտ եղբայրներից: 27 Բազում անգամ եղայ աշխատանքների եւ յոգնութիւնների մէջ՝ յաճախ անքուն մնալով, քաղցի եւ ծարաւի մէջ, առանց մի պատառ հացի, այլեւ՝ ցրտի մէջ ու մերկութեան: 28 Մի կողմ թողած այլ նեղութիւններ եւ դեռ այն, որ շարունակ ամբոխն ինձ վրայ էր կուտակւում, կային եւ բոլոր եկեղեցիների հոգսերը:




Ավետարան ըստ Մարկոսի 6.45-56

44 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին: 45 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 46 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 47 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 48 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել-գնալ: 49 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 50 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 51 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 52 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: 53 Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան: 54 Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին: 55 Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: 56 Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին:




 
sacredtradition.am