русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
1 օգոստոսի 2024թ. հինգշաբթի, ԲԿ
Սրբոցն Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն


Եսայու մարգարեությունը 41.15-20

15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես: 16 Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն: Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի Սրբով: 17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին: Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կլսեմ նրանց եւ չեմ լքի նրանց: 18 Գետեր կբխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կվերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների: 19 Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կաճեցնեմ, 20 որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրոջ ձեռքը կատարեց այդ ամէնը,




Պետրոս առաքյալի Բ թուղթը 2.9-15

9 Տէրը գիտէ աստուածապաշտներին փրկել փորձութիւնից, իսկ անիրաւներին՝ պահել դատաստանի օրուայ համար՝ տանջանքների մատնելու նրանց, 10 մանաւանդ՝ մարմնի պիղծ ցանկութիւնների յետեւից գնացողներին, Աստծոյ իշխանութիւնն արհամարհողներին, ինքնահաւաններին, յանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառաւոր էակներին հայհոյելուց, 11 այն դէպքում, երբ հրեշտակները, որոնք զօրութեամբ եւ կարողութեամբ աւելի մեծ են իրենցից, նրանց դէմ հայհոյալից դատապարտութիւն չեն բերում Տիրոջ առաջ: 12 Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ 13 որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով: 14 Աչքեր ունեն՝ պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: 15 Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին՝ ընթանալով Բէորի որդի Բաղաամի ճանապարհով, որն անիրաւութեան վարձը սիրեց:




Ավետարան ըստ Հովհաննեսի 9.39-10.10

39 Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհ, որպէսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: 40 Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. «Մի՞թէ մենք էլ կոյր ենք»: 41 Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ՝ տեսնում ենք, եւ ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում:

10 1 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու աւազակ. 2 իսկ ով դռնով է մտնում, հովիւ է ոչխարների: 3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում: 4 Եւ երբ իր բոլոր ոչխարներին հանի, նրանց առջեւից է գնում, եւ ոչխարները հետեւում են նրան, որովհետեւ ճանաչում են նրա ձայնը: 5 Օտարի յետեւից չեն գնայ, այլ կփախչեն նրանից, որովհետեւ չեն ճանաչում օտարների ձայնը»: 6 Յիսուս նրանց այս առակն ասաց, իսկ նրանք չէին իմանում, թէ ինչ էր այն, որ նա իրենց ասում էր: 7 Դարձեալ Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ես եմ ոչխարների դուռը: 8 Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գողեր էին ու աւազակներ, ուստի ոչխարները նրանց չլսեցին: 9 Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի. կմտնի ու կելնի եւ ճարակելու բան կգտնի: 10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ առաւել եւս ունենան:




 
sacredtradition.am