русский  english    
ՆԱԽԱԳԾԵՐ


ՆԱԽԱԳԾԵՐ


ՍՐԲԱԶԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան (երկրորդ թողարկում)

(թվային տեսապնակ, հայերեն և ռուսերեն)


Նախագծի համար հիմք են ծառայել «Մանկական քրիստոնեական հանրագիտարան»-ը («Արեգ» հրատարակչություն, 1998), ինչպես նաև նույն գրքի վերախմբագրված անգլերեն տարբերակը (“Children’s Encyclopedia of Armenian Christianity”, Diocese of the Armenian Church of America, 2001): Ինչպես նշված գրքերի, այնպես էլ սույն սկավառակի ստեղծման նպատակն է համառոտակի ներկայացնել Հայ Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգությունը:

Բազմաթիվ ընթերցողների առաջարկությամբ՝ նոր նախագծում հոդվածները վերափոխվել են, շատերն ընդլայնվել են, հավելվել են նորերը: Արդյունքում հանրագիտարանի բովանդակությունը զգալի փոփոխություն է կրել, ինչով էլ պայմանավորված է նրա նոր անվանումը:

Առաջին թողարկումը միայն հայերեն էր, իսկ սույն թողարկումը` նաև ռուսերեն. ընդ որում, երկու լեզվով տարբերակները կարող են դիտվել միաժամանակ:

Թվային տեխնոլոգիայի շնորհիվ սկավառակում, որպես օժանդակ նյութեր, ավելացվել են հատվածներ Սուրբ Գրքից (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութիւն, 1999), հայոց պատմությունից և Եկեղեցու հայրերի երկերից, զետեղվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ժամագիրքը (Երուսաղէմ, տպարան Սրբոց Յակոբեանց, 1985), ինչպես նաև բազմաթիվ պատկերաշարեր, քարտեզներ (հիմնականում՝ ըստ Բաբկեն Հարությունյանի «Հայաստանի պատմության ատլաս»-ի, Երևան, 2004), տեսագրություններ, ձայնագրություններ, համայնապատկերներ, ինտերակտիվ էջեր և ժամանակացույցներ՝ Սուրբ Գրքի, Եկեղեցու վաղ շրջանի և հայոց պատմության վերաբերյալ:

Հանրագիտարանի բովանդակությունն առավել ընկալելի դարձնելու նպատակով ստեղծվել են առանձին բաժիններ՝ «Աստվածաշունչ Մատյան», «Եկեղեցական աստվածպաշտություն» և «Հոգևոր արվեստ» խորագրերով, որոնցում նյութը ներկայացված է թեմատիկ կարգով: Սույն թողարկման մեջ ավելացել է նաև «Օրացույց» բաժինը, որը ներկայացնում է յուրաքանչյուր օրվա ծիսական անվանումը` առնչելի նյութերով և սուրբգրային ընթերցվածքներով հանդերձ, ինչպես նաև ամենօրյա եկեղեցական ժամակարգությունը` միայն հայերեն տարբերակում:
 
sacredtradition.am