Հավատում ենք նաեւ միայն մի ընդհանրական եւ առաքելական սուրբ Եկեղեցուն, մի մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի քավությանը եւ թողությանը,

Մենք խոստովանում ենք նաեւ մեր հավատը սուրբ Եկեղեցու՝ նրա միության, սրբության, ընդհանրական եւ առաքելական լինելու նկատմամբ: Սրանով արտահայտում ենք մեր պատկանելությունը եւ որդեգրությունը Եկեղեցուն, որի մայրական ծոցում մշտապես նորոգվում եւ զորանում ենք՝ մարտնչելու աշխարհի չարիքի դեմ եւ ստանալու վերջնական հաղթության պսակը:

Մենք խոստովանում եւ հավատում ենք մի մկրտությանը՝ մեր հոգեւոր ծննդին, որով մեկընդմիշտ որդեգրվում ենք Քրիստոսին եւ Եկեղեցուն: Հավատում ենք նաեւ ապաշխարությանը եւ Եկեղեցու մյուս խորհուրդներին, որոնցով անտեսանելիորեն քավվում են մեր հանցանքները, եւ բաշխվում նոր, աստվածահաճ կյանքով ապրելու շնորհներ: