Հավատում ենք եւ Սուրբ Հոգուն՝ Անեղին եւ Կատարյալին, որ խոսեց Օրենքում, Մարգարեներում եւ Ավետարաններում. որ իջավ Հորդանան, քարոզեց առաքյալների միջոցով եւ բնակվեց սրբերի մեջ:

Հավատում եւ խոստովանում ենք նաեւ Սուրբ Հոգուն, որ բխում է Հորից, համագո եւ փառակից է Հորն ու Որդուն, Նրանց պես անսկիզբ է ու անվախճան եւ երկրպագելի ու պաշտելի է իբրեւ Աստվածություն: Սուրբ Հոգին աղավնու կերպարանքով իջավ Քրիստոսի վրա Նրա մկրտվելու պահին (տե՛ս Աստվածահայտնություն) եւ հրեղեն լեզուներով նստեց առաքյալների վրա հոգեգալստի ժամանակ: Նա բնակվում է բոլոր մկրտված քրիստոնյաների մեջ, պարգեւում է աղոթքի եւ առաքինության շնորհներ եւ հոգեղինացնում է նրանց ողջ կյանքը եկեղեցական ծեսերի ու խորհուրդների միջոցով: