Որ մեզ՝ մարդկանց համար եւ հանուն մեր փրկության իջավ երկնքից, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց սուրբ Կույս Մարիամից: Որով վերցրեց մարմինը, հոգին ու միտքը եւ ամեն ինչ, որ ունի մարդը՝ ճշմարտապես եւ ոչ կարծեցյալ կերպով: Չարչարվեց, խաչվեց, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, նույն մարմնով ելավ երկինք եւ նստեց Հոր աջ կողմում:

Մեր փրկության համար Աստծո Որդին իջավ երկնքից եւ Սուրբ Հոգով ծնվեց ս. Մարիամ Աստվածածնից: Նա մարդացավ՝ վերցնելով ոչ միայն մարդկային մարմինը, այլեւ հոգին, միտքը եւ ամեն ինչ, բացի մեղքից: Նա չարչարվեց՝ կամովին Իր վրա վերցնելով ողջ աշխարհի մեղքը, եւ Իր խաչելությամբ մեզ հաշտեցրեց Հոր հետ:

Հավատում եւ խոստովանում ենք, որ Քրիստոսն Իր մահվան երրորդ օրը հարություն առավ, քանզի Նա, ըստ Իր իսկ խոսքի, իշխանություն ուներ Իր կյանքը տալու եւ վերստին այն առնելու: Նրա հարությունը խոստովանելով՝ արտահայտում ենք մեր լուսավոր հավատը աստվածապարգեւ շնորհի կենդանարար եւ հոգեղինացնող զորության նկատմամբ, ինչպես նաեւ կանխաճաշակում ենք չարիքի ու մահվան վերջնական պարտությունը:

Հավատում ենք, որ Քրիստոսը նույն՝ հարություն առած մարմնով համբարձվեց, այսինքն՝ ելավ երկինք, եւ նստեց Հոր աջ կողմում: Այս խոսքերն արտահայտում են Քրիստոսի մեջ մարդկային բնության վերջնական եւ կատարյալ նորոգությունն ու աստվածացումը, մարդու ներթափանցումը Աստվածության անհունի մեջ: