Հավատում ենք մի Աստծո՝ ամենակալ Հորը, երկնքի ու երկրի, երեւելիների եւ աներեւույթների Արարչին:

 

Մենք հավատում ենք մի Աստծո. Աստված մի է, եւ Նրանից բացի չկա ուրիշ Աստված: Նա վեր է մեր պատկերացումներից, սակայն Իր իսկ հայտնության շնորհիվ Նրան ճանաչում եւ անվանում ենք երկնավոր Հայր, կենդանի եւ ինքնագո, հավիտենական ու անփոփոխ, ամենատես ու ամենակարող, ամենողորմ եւ ամենօրհնյալ: Աստված մի է, բայց միայնակ չէ, այլ՝ երեք Անձ մի բնությամբ՝ Սուրբ Երրորդություն: Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին անվերջ սիրում են Միմյանց: Այդ սիրուց էլ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը՝ անտեսանելի եւ տեսանելի արարածներին: Այդ սիրով էլ նախախնամում եւ պահպանում է Նա ողջ արարչությունը: