Երկրորդ պատվիրանով Աստված արգելում է կռապաշտությունը, այսինքն՝ թե՛ հեթանոսական կուռքերի պաշտամունքը, թե՛ այն ամենը, ինչով մարդը երկրպագություն է մատուցում այս կամ այն արատին կամ երեւույթին՝ դրանք իր համար կուռք դարձնելով:

Սրբապատկերների եւ խաչի առջեւ խոնարհվելը չպետք է համարել այս պատվիրանի խախտում, որովհետեւ այդ առարկաները, լինելով օծված եւ օրհնված, ներկայացնում են Աստծո փառքը, եւ նրանց առջեւ խոնարհվելով՝ մենք երկրպագում ենք ոչ թե այդ առարկաներին, այլ Սուրբ Երրորդությանը: Իսկ սրբերին եւ հրեշտակներին ոչ թե պաշտում ենք, այլ պատվում ենք իբրեւ Աստծո մերձավորների՝ հայցելով նրանց բարեխոսությունը: