Առաջին պատվիրանով Տերը մեզ պարտավորեցնում է հավատալ եւ պաշտել միայն Իրեն՝ միակ ճշմարիտ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը: Այս պատվիրանը հիմքը եւ սկիզբն է ճշմարիտ աստվածպաշտության: Այն արգելում է ոչ միայն հեթանոսական բազմաստվածությունը, այլեւ աղանդավորական ուսմունքները, որոնք հեռու են աստվածճանաչողությունից եւ ուղղափառ դավանությունից, ինչպես նաեւ՝ բոլոր այն բարոյական շեղումները, որոնք հեռացնում են Աստծուց. դրանք են անհավատությունը, սնահավատությունը (գուշակություններին, նշաններին, երազներին հավատալը), մարդահաճությունը (երբ ձգտում են առավել հաճելի լինել մարդկանց, քան Աստծուն), անհնազանդությունը Եկեղեցու կարգերին, անօրեն ու անառակ ապրելակերպը, ուրացությունը եւ այլն: