русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՄԱՐԴՈՒ ԼԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատվածներ)



Ադամի անկման 10 աստիճանների մասին
Ս. Գրիգոր Նյուսացին մարդու անկումը դրախտից, այսինքն՝ որդիներիս արտաքսումը մեր նախահոր պարտքերի պատճառով, նկարագրում է 10 աստիճանով. և եթե կամենում ենք ետ դառնալ, պետք է բարձրանանք նույն կարգի հաջորդականությամբ:
Արդ, անկման նախնական աստիճանը հեշտությունն էր, որն ինքը 3 կարգ ունի. նախ՝ աստվածային փառքից հեռանալը, որի հետևանքով մարդը զբոսնելով շրջում էր դրախտում:
Երկրորդ՝ օձի հետ զրուցելու հեշտությունը. նա կամեցավ ունկնդրել նրան, որովհետև հեշտացավ աստվածանալու փառքով:
Երրորդ՝ տեսնելու և ճաշակելու հեշտությունը, քանզի բարու և չարի գիտության ծառը գեղեցիկ էր նայելու և քաղցր՝ ճաշակելու համար [տե՛ս Ծն. 3.6]:
Անկման չորրորդ աստիճանը ամոթն էր. «երկուսի աչքերն էլ բացվեցին, և նրանք հասկացան, որ մերկ են» [Ծն. 3.7], ուստի թզենուց ծածկույթ պատրաստեցին իրենց համար:
Հինգերորդ՝ չար երկյուղը, քանզի լսեցին Տիրոջ գնալու ձայնը և վախեցան:
Վեցերորդ՝ Աստծո առջև այլևս համարձակություն չունենալը:
Յոթերորդ՝ տերևներով ու ծառերի ստվերով ծածկվելը («Լսեցի Քո ձայնը այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի, ու թաքնվեցի» [Ծն. 3.10]):
Ութերորդ՝ մաշկեղեն հանդերձը. դա ոչ թե մարմնի մաշկն է (ինչպես կարծում են ոմանք), որ մարդն ուներ իր ստեղծվելուց ի վեր, այլ լուսեղեն զարդի փոխարեն Տերը մաշկեղեն մորթ ստեղծեց ու հագցրեց նրան՝ ցույց տալով դրա մեռելությունը («Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից զգեստներ պատրաստեց և հագցրեց նրանց» [Ծն. 3.21]):
Իններորդ՝ պանդխտանալը ցավերով լի այս երկրում («Փուշ ու տատասկ թող աճեցնի երկիրը քեզ համար, և դաշտային բույսերով սնվես: Երեսիդ քրտինքով ուտես քո հացը մինչև հող դառնալդ» [Ծն. 3.18-19]):
Եվ տասներորդ՝ ամուսնությունը իբրև մխիթարություն տվեց մեռյալին, ինչպես գրված է. «Աճեցեք ու բազմացեք և լցրեք երկիրը». և դարձյալ՝ «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները: Ցավերով երեխաներ պիտի ծնես» [Ծն. 3.16]:
Տես, որ ս. Գրիգոր Նյուսացին հայտնապես ցույց է տալիս, որ եթե պատվիրանի պահպանությամբ մնային դրախտում, մարդկանց բազմանալը կլիներ ոչ թե ամուսնությամբ, այլ՝ հրեշտակների նման, կամ՝ ինչպես որ մի լույսից ստեղծվեցին շատերը, կամ էլ կլիներ կուսական ծննդով, ինչպես որ ս. Մարիամ Աստվածածինը, սրբությամբ և կուսությամբ ծնելով, փոխեց ծննդյան բնական կարգը՝ տղամարդուց և կնոջից, քանզի այն ծնունդ էր միայն մորից:
Արդ, ով կամենում է հասնել դրան և լինել Քրիստոսի հետ, պետք է սկսի վերջինից, ինչպես սանդուղքի ստորին աստիճանից, կամ էլ՝ ինչպես տանից հեռացած ճամփորդը, որը երբ վերստին տուն է դառնում, նախ իր վերջին բնակատեղն է թողնում, որտեղից որոշում է հեռանալ: Արդ, կենաց դրախտից մեր հեռանալու և անկման վերջին աստիճանը ամուսնությունը եղավ. ուստի պետք է նախ այն թողնել և երկրորդ՝ հեռանալ երկրային հոգսերից ու տառապանքներից:
Երրորդ՝ պետք է մերկանալ մաշկեղեն պատմուճանից, այսինքն՝ մարմնավոր ու մեռելոտի խորհուրդներից:
Չորրորդ՝ անհրաժեշտ է խոստովանությամբ հայտնել ամոթական գաղտնիքները:
Հինգերորդ՝ չծածկվել թզենիով, այսինքն՝ դառը վարքով, քանզի թզենու տերևը դառն է ու փշոտ, ինչը խորհրդանշում է մեղքը:
Վեցերորդ՝ պետք է զերծ լինել չար երկյուղից, որից տանջվում է մեղքով բռնված մարդը:
Յոթերորդ՝ դարձյալ լինել Արարչի աչքի առջև:
Ութերորդ՝ վանել խաբկանքը, որը լինում է ճաշակելիքով ու տեսողությամբ, և ունենալ կարողություն ընտրելու բոլո՛ր զգայարաններով:
Իններորդ՝ խորհրդակից ունենալ ոչ թե թունավոր օձին, այսինքն՝ չարի ներշնչումները, այլ՝ Աստծո պատվիրանները, որոնք Սուրբ Գրքում են:
Տասներորդ՝ խորհրդով, խոսքով և գործով մերձենալ կատարյալ և զուտ Բարուն, որն է Աստված:


Կաշվե հանդերձի մասին
Կաշին կենդանական մորթն է, որն Աստված ստեղծեց և հագցրեց Ադամին ու Եվային [տե՛ս Ծն. 3.21]: Եվ պետք չէ հարցնել՝ կենդանո՞ւց առավ, թե՞ նորը ստեղծեց, քանզի Աստծո համար ամեն ինչ հնարավոր է:
Զգեստը հագնում են ամոթի, ցրտի և տոթի պատճառով, ցանկությունը զսպելու համար, այն կրում են իբրև զենք և պաշտպանության միջոց, նաև անձերը տարբերելու, սուգ կամ ուրախություն նշանակելու, աշխատելու համար, ինչպես նաև՝ որպես զարդարանք և որպես ցոփություն: Այս տասը պատճառներից առաջին չորսը անհրաժեշտ են, հաջորդ չորսը՝ պիտանի, իսկ վերջին երկուսը՝ զվարճանքի համար:
Իսկ կաշին, որը մեռելի մորթ է, նախ և առաջ նշանակում է սուգ և տրտմություն մեղքերի համար, ինչպես նաև մեռելություն մեղքերի և ախտերի հանդեպ, քանզի պարտավոր ենք մեր մեջ մեռցնել մարմնական ախտը:
Իսկ այն, որ Ինքն է հագցնում, խորհրդանշում է Իր իսկ ունեցած անմահության փառքը, որը Քրիստոս այժմ [մեզ] հագցնում է շնորհով, իսկ հարությունից հետո պիտի հագնենք փառքով:


Թե ինչու է կաշվե հանդերձ կոչվում մեր մարմինը
Կաշվե հանդերձը իրողություն էր և խորհրդանիշ: Իբրև իրողություն՝ դա հենց այն կաշվե մորթն էր, որ Տերը հագցրեց նախաստեղծներին: Իսկ իբրև խորհրդանիշ՝ այն ցույց է տալիս, որ մեր մարմինը փոփոխական է:
Նույն կերպ պետք է ընկալել նաև Աստծո կողմից մարդու երեսին կենդանի շունչ փչելը [տե՛ս Ծն. 2.7]: Որպես իրողություն՝ դա Սուրբ Հոգու շնորհն էր, որ Տերը վերցրեց մարմնավորներից [տե՛ս Ծն. 6.3] ու վերստին փչեց վերնատանը [տե՛ս Հովհ. 20.22]: Իսկ որպես խորհրդանիշ՝ ցույց էր տալիս մարդու բանական հոգին, որով մարդը կենդանացավ:
Կաշվե հանդերձը նշանակում է տխրալի և ախտավոր մարմինը, որ մարդու պատվիրանազանցությունից հետո դարձավ թանձր, ծանր, մահկանացու և աղտեղի: Մինչդեռ անմեղության ժամանակ Ադամի սուրբ մարմինն անչարչարելի էր, արագաշարժ, պայծառ ու թեթև, ինչպես ասում է ս. Գրիգոր Աստվածաբանը, թե որևէ ծածկույթ չկար նրանց և Աստծո միջև. իսկ մեղանչելուց հետո այս հատկությունները փոխվեցին: Ուստի կաշվե հանդերձը մարմինն է խորհրդանշում:
Իսկ եթե ասեն, թե հարության ժամանակ այս հատկությունները անհրաժեշտ չեն լինի մարմնին, ասենք, որ այն, ինչ հարությունից հետո հատուկ է լինելու սրբերին, արարչության սկզբում Տերը սերմանեց նախամարդու՝ Ադամի մեջ, որպեսզի նրանք, եթե իր ժամանակին ուտեին կենաց պտղից, կատարյալ անմահներ լինեին և փոխվեին արքայություն:
Եվ նրանց կյանքը միջասահման էր, որովհետև դրված էր մահվան ու անմահության միջև. քանզի Ադամն ընդունեց անմահության և ապականության սկիզբն ու սերմը, և նրա առջև դրված էին երանությունն ու թշվառությունը, այսինքն՝ անմահությունը և մահը: Պատվիրանը պահելով՝ նա պիտի հասներ երկնքի կատարյալ անմահությանը, մինչդեռ այն խախտելով՝ փոխադրվեց դեպի մահ և ընկավ երկիր:
Իսկ եթե ասեն, թե երկրորդ Ադամը՝ Քրիստոս, նույնպես ուներ Ադամի մարմինը, որ թանձր էր ու ծանր, ասենք, որ Քրիստոս, Կույս Մարիամից վերցնելով մեր թանձր ու մեղանչական մարմինը, միավորեց Իրեն և եղավ Ադամի նախկին՝ դրախտի անմեղության նմանությամբ. հետևաբար Քրիստոսի մարմինը Ադամի այն մարմնից էր, որն անմեղության մեջ էր: Եվ Տերը այդ մարմնի հատկանիշները ցույց տվեց Իր մարմնում նախքան խաչվելը. ծնվելով անապական Կույսից՝ ցույց տվեց նրա նրբությունն ու անոսրությունը. ծովի վրա գնալով՝ թեթևությունը և արագությունը. այլակերպվելով՝ պայծառությունը. իսկ վերնատանը՝ անչարչարելիությունը, որովհետև երբ Իր մարմինը տվեց աշակերտներին, որ ուտեն, այն անչարչարելի էր ներգործությամբ և ոչ թե՝ զորությամբ: Այսպես և Ադամինը հասկացիր:


Աղբյուր՝ «Գիրք հարցմանց երիցս երանեալ սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն».
Կ. Պոլիս, 1729, էջ 280-282
(փոխադրությունը գրաբարից՝ Շուշան Վարդանյանի)

 
sacredtradition.am