ԽՐԱՏ ԿՐՈՆԱՎՈՐՆԵՐԻՆ
(հատվածներ)
Մեղքերը տարբեր կերպ են մտնում մեր մեջ. կան տեսանելի [մեղքեր], և կան անտեսանելիներ: Քանզի այս աշխարհի իշխանը մշտապես պատերազմում է մեր բնության դեմ. նա հին է ու բազմահնար: Արդ, եղիր զգույշ և զգաստ, սուրբ և արդար, արթուն և կայտառ, որպեսզի չարը խորամանկելով ներս չմտնի մտքիդ կամ զգայարաններիդ միջոցով ու չհափշտակի առաքինության գանձը, և դու պարտական մնաս դառը դատաստանին, քանի որ ծուլացար և հսկմամբ չպահեցիր առաքինության գանձի տունը:
Այսուհետև արիացիր պահպանել մտքիդ և զգայարաններիդ ամրոցը, որպեսզի գանձատունը լիովին չկործանվի քո անփութության պատճառով: ....
Բայց բոլոր առաքինությունների սկիզբն ու հիմքը խոնարհությունն արա և [իբրև] խարիսխ դիր սերը, [իբրև] սյուն՝ հույսը և հզոր աշտարակ՝ հավատը, իսկ բոլոր բարիքների լրումը՝ ողորմածությունը, առանց որի ոչ ոք չի կարող տեսնել Տիրոջ: ....
Ինքը Տերը մարգարեի միջոցով ասաց. «Ես ո՞ւմ մեջ կհանգչեմ, եթե ոչ՝ հեզերի ու խոնարհների և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից» [Ես. 66.2]: Եվ Հիսուսն Ինքը, որ անհաս բարձունքից խոնարհվեց, Նա, Ով կատարում էր և ուսուցանում, ասաց. «Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» [Մատթ. 11.29]: Եվ երբ Տերն ասաց, թե՝ «Ես և Հայրս նրա մոտ կգանք և կօթևանենք նրա մոտ» [Հովհ. 14.23], ինչո՞ւ չասաց, թե՝ Ես և Հայրս և [Սուրբ] Հոգին կգանք. որովհետև խոնարհն [արդեն իսկ] հագել է Սուրբ Հոգին: Եվ այսպես, այդ խոնարհությամբ հողեղեն մարդը օթևան է լինում Սուրբ Երրորդության համար:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 557-558
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)