русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ
(հատվածներ)




ԲԱՆ Ա
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն ահա
Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստված.
Եվ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղը այրվող,
Անձս տոչորող թախծության հրի վրա դնելով,
Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ:
Նայիր, ո՜վ գթած, հոտոտիր դու այն առավել սիրով,
Քան պատարագը բոլորանվեր՝ մատուցված ծխով ամենառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու
Հաճությամբ հոժար և ո՛չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց,
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքից
Բարձրանա և քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո՛ր,
Թող որ տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք է գրել Եսային,
Եվ կամ՝ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝
Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում ասված:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն,
Որը, նոր շուքով վերանորոգված, Դավիթը կանգնեց
Հանուն գերեդարձ այն տապանակի,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:


Բ
Բայց և ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի,
Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա՝
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմվանից և իսկ զգում եմ իմ մեջ
Էությունս հուզող շարժումներ ներհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ, զինված սուր ու սուսերով,
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ՝
Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում:
Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես Գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի և կամ
Կեդրոնի հովտում նեղանձուկ,
Դատաստանի փոքր հանդիսատեղի և ժամադրավայր,
Որոնք երկրային երևույթներով պատկերացնում են հանդերձյալն ինձ պարզ,
Ապա և ինձ է մոտեցել հավետ թագավորությունը մարմնացյալ Աստծո,
Որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների՝
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք, հիրավի ամբաստանելով, դատեն ինձ պիտի ավելի սաստիկ,
Քան թե բարձրացող նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի և փղշտացի և այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եվ սակայն նրանց չարչարանքները կարճատև եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո՛չ վերջ ունի, ո՛չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարեի և առակողի,
Սաստիկ տագնապով դուռս ափ առած՝
Մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:
Եվ արդ, միայն դու կարող ես գտնել հրաշագործ դեղեր՝
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման և տարակույսի,
Քավի՛չ բոլորի, անսահմանելի բարձրությանդ մեջ
Քո անճառ փառքով գովվա՜ծ հավիտյան:




ԲԱՆ Ե
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Եվ արդ, ես, որ մարդ եմ երկրածին՝
Անկայուն կյանքի երևույթներով զբաղված
Եվ պատրող գինու հիմարությամբ արբած,
Որ ստում եմ ամեն ինչով ու ոչ մի բանով ճիշտ չեմ խոսում,
Վերոհիշյալ բոլոր ախտանիշներն իմ մեջ կրելով՝
Ես ի՞նչ երեսով հանդգնեմ կանգնել ատյանիդ առաջ,
Ո՜վ արդարադատ, ահավոր անճառ, անպատում, հզոր Աստվա՛ծ բոլորի:
Մեղանչած հոգուս ապերախտությունն համեմատելով երախտիքիդ հետ՝
Պիտի ցույց տամ, թե զորեղ ես դու միշտ իրավունքիդ մեջ,
Եվ հանիրավի գործերովս ես՝ հավետ պարտական:
Դու ստեղծեցիր ինձ քո պանծալի պատկերի նման՝
Քո նմանությամբ օժանդակելով անուժ-տկարիս:


Բ
Խոսելու շնորհով զարդարեցիր ինձ և փայլեցրիր ներշնչումով,
Ճոխացրիր ինձ մտքով և իմաստությամբ աճեցրիր,
Հանճարով հզորացրիր ինձ՝ մյուս շնչավորներից տարբերելով,
Իմանալի հոգով շաղեցիր ու պճնեցիր անձնիշխանությամբ,
Ծնեցիր հայրաբար, սնեցիր դայակորեն, խնամեցիր որպես տեր,
Տնկեցիր ամբարիշտիս քո գավթի մեջ,
Ոռոգեցիր կենաց ջրով և ավազանի ցողով մաքրեցիր.
Ու կենսատու վտակով արմատացրիր,
Երկնային հացովդ ջամբեցիր
Եվ արբեցրիր արյամբդ աստվածային,
Անհպելի և անհաս բաների ընտանեցրիր,
Երկրային աչքիս համարձակություն տվեցիր նայելու քեզ
Եվ փառքիդ լույսով պարածածկեցիր,
Անմաքուր ձեռքիս մատներն հողանյութ քեզ մոտեցրիր,
Մահկանացու մոխիրս անարգ հարգեցիր իբրև լույսի ճաճանչ,
Քո Հորը հզոր, ահավոր, օրհնյալ
Մարդասիրաբար անարժան անձիս Հայր անվանակնքեցիր:
Նանրությամբ լցված բերանն իմ չայրեցիր,
Երբ ինձ ժառանգակից անվանեցի քեզ.
Չկշտամբեցիր, երբ հանդգնեցի քեզ կցորդվելու:
Չստվերացրիր աչքիս տեսողությունը, երբ ես հայացքս հառել էի քեզ.
Մահապարտների հետ շղթայակապ չտարագրեցիր և ինձ,
Չխորտակեցիր դաստակը բազկիս, երբ անմաքրապես բարձրանում էր քեզ.
Չկոտրտեցիր մատներիս հոդերը, երբ քո կենաց Բանն էի շոշափում,
Մառախուղ չպատեց շուրջս, երբ, ո՜վ ահավոր, պատարագ էի ձոնում քեզ.
Չփշրեցիր շարքն ատամներիս, երբ ըմբոշխնում էի քեզ, անսահմանելի՜.
Բարկությամբ խոտորնակ չգնացիր ինձ, մինչ ես խոտորնակի հետևեցի քեզ,
Ինչպես վարվեցիր Իսրայելի տան հետ մոլորագնաց.
Չխայտառակեցիր հարսնարանիդ մեջ ինձ՝ պարերգությանդ անարժանիս,
Ոչ էլ, զգեստն իմ գծուծ տեսնելով, հանդիմանեցիր անօրենիս
Կամ, կապկպելով ձեռքերս ու ոտքերս, արտաքին խավարը հալածեցիր:


Գ
Բարիքներն այս բոլոր և ներողամիտ համբերությունդ
Ընդունել եմ ես քեզանից, ո՜վ բարերար, օրհնյալ և միշտ երկայնամիտ,
Եվ սակայն հանցապարտս՝ ես, փոխարինեցի նրանք
Մարմնական և հոգեկան երկրաքարշ հուզումներով
Եվ մտածումներով՝ ախտախորհուրդ ու բազմածուփ:
Սրանք են ահա, Աստվա՛ծ իմ և Տե՛ր,
Որ վճարեցի ես քո այնքա՜ն բարիքների փոխարեն.
Ես ինքս հատուցեցի այս չարիքները քեզ,
Ինչպես Մովսեսն իր հանդիմանական առակով է ասում,
Իմաստությունը մոռացած՝ հիմարություն սիրողս
Բոլոր այդ բարիքներդ ու երախտիքներդ ես իմ ունայն վարքով չարաչար վատնեցի:
Բարձրյալիդ խնամքով գումարված լուսավոր շնորհներն այս անճառ
Ցնդեցրի ես խելագարության մրրկով:
Եվ թեպետ բազում անգամ հոգածու ձեռքերդ ինձ երկարելով՝
Ուզեցիր դու ինձ քաշել դեպի քեզ, բայց ես չցանկացա՝
Նմանվելով մարգարեից ամբաստանված Իսրայելին:
Թեև խոստացա քեզ հաճոյանալ, բայց ուխտն իմ չպահեցի,
Այլ նույն չարիքը նյութեցի դարձյալ՝ նախկին կենցաղիս վերադառնալով:
Սրտիս անդաստանը հերկեցի փշեր աճեցնելու համար,
Որպեսզի որոմն արդյունավորվի:
Ինձ են վերաբերում աստվածարյալ սուրբ մարգարեների առածները բոլոր.
Զի դու ինձանից խաղող սպասեցիր, և ես փուշ ընձյուղեցի.
Ես՝ օտար այգիս, դառն ու անախորժ պտուղներ տվի.
Փաթաթվեցի հողմին անհաստատ,
Որով մշտածուփ տատանումներով այս կողմ ու այն կողմ եմ տարուբերվում.
Եվ, ինչպես որ երանելի Հոբն է ասում, գնացի ճամփով անդառնալի,
Ավազի վրա կառուցեցի ես շենք հիմարության,
Լայն արահետով խաբվեցի հասնել անձկալի կյանքի,
Ինքս փակեցի ելքն ուղևորիս
Եվ կորստյանս խորխորատը ես իմ կամքով բացի:
Խցկեցի պատուհանն ականջներիս, որ չլսեմ խոսքդ կենդանի,
Փակեցի նայվածքն հոգուս աչքերի, որ չտեսնեմ կյանքի սպեղանին:
Չընդոստնեցի մտքիս լքումից ու թմրությունից՝
Ի լուր պատգամիդ ահավոր փողին.
Չզգաստացա մեծ դատաստանի հրափորձ օրվա գուժկան գոչյունից.
Չզարթնեցի նիրհից մահացու քնի, որ դեպի կորուստն է առաջնորդում:
Հանգիստ չտվի երբեք քո Հոգուն ես իմ մարմնեղեն տաղավարի մեջ.
Բանական շնչիս հետ չխառնեցի մասը պարգևած քո շնորհների.
Ես ինքս իմ ձեռքով կանչեցի կորուստն, ըստ առակողի,
Մեռցնելու համար կենդանի հոգիս:


Դ
Բայց ինձ ի՞նչ օգուտ հյուսել այս խղճուկ խոսքերը մորմոք, չափաբերական,
Երբ որ անցել է չափն իմ մեղքերի, և անհնար է բուժումը նրանց:
Լոկ դո՛ւ կարող ես կյանք ընձեռել ինձ՝ հոգով մեռածիս,
Եվ անոխակալ՝ ձեռք կարկառել ինձ՝ օգնելու համար դատապարտվածիս,
Ո՜վ կենդանի դու Աստծո Որդի, քեզ փա՜ռք հավիտյան. ամեն:




ԲԱՆ Ժ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Թե՛ զղջումն ուժգին և թե՛ մոլեգին մեղանչումը մեզ
Կորստյան են մատնում հավասարապես:
Թեպետ և նրանք օտար են միմյանց և նմանությամբ իրարից տարբեր,
Բայց եթե քննենք յուրաքանչյուրի էությունը մենք,
Պիտի տեսնենք, որ նրանք երկուսն էլ մղում են մարդուն հուսահատության.
Զի կասկածում է մեկը
Հզորի ձեռքի զորությանն,
Իսկ մյուսը, չորքոտանի անասնի նման, անզգայաբար
Խզում է հույսի առասանն իսպառ:
Ուստի առաջնին միշտ փաղաքշելով՝ խնդում է սատանան,
Իսկ երկրորդով, լիզելով արյունն իբրև կերակուր,
Պարարվում է նա դժոխորովայն գազանի նման:


Բ
Արդ, բազմահարված բրով ծեծվածի և մահվան ափը հասածի նման,
Դույզն-ինչ շունչ դարձյալ և կենդանության ոգի առնելով,
Պետք է զորանալ, կազդուրվել ու կանգնել,
Հառնել կորստից անկենդանական՝
Օգնություն առած Քրիստոսի ձեռքով, որ գութ է տածում բոլորի հանդեպ.
Նաև երկնավոր բարերար Հորից ձեռք բերեմ պտուղ փրկության և բժշկություն
Ինձ՝ մեղավորիս և ախտավորիս,
Եվ սկսելով ողբերգությունն այս աղերսանքների՝
Ես հավատքի շենքը պիտի կառուցեմ:
Զի ոմն նախնիներից, հավատքով զինված,
Փոխադրվեց իսկույն երկնային կյանքն անմահական.
Ապաշխարության դեղն ընդունելով, զղջման միջոցով՝
Նա անկեղծության գրավականը ժառանգեց այստեղ՝
Առավել քան նրանք, որոնց նրա հետ առաքյալն է հիշատակում.
Որոնք, երկրի վրա մրցման հանդեսներ կատարելով,
Ապագա երկնավոր պարգեների հույսով հավատացին
Ու փարթամացան անտեսանելի ճոխություններով:
Արդ, հիշենք այստեղ Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ,
Թե՝ «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է»:
Եթե ընտրյալների աստվածահաճո բարեմասնությանց չափն այստեղ քննենք.
Հավատքը պիտի գտնենք գերազանց, ամեն ինչից վեր,
Քանզի նրանով կարող են մտնել սուրբ խորանից ներս:
Առանց հավատքի փառաց Տերն անգամ
Չհաճեց ցույց տալ իր հրաշագործ զորությունը մեզ,
Այլ նախ և առաջ, իբրև լծակից իր բարերարության,
Մեր հավատքը նա պահանջեց մեզնից:
Նա է մոտեցնում մարդուն Աստծո՝
Կյանք ընձեռելով մեզ իր ինքնիշխան ընդունակությամբ,
Զի օրհնաբանված Աստծո բերանն էր, որ վկայեց,
Թե՝ «Հավատքը քո փրկեց քեզ»:
Քանզի, արդարև, հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը,
Մտերմությունն Աստծո հետ և Բարձրյալին ծանոթ լինելը
Հավատքի մասն են. մի երջանիկ և ընտրյալ բառ,
Որ հարատևելով մնում է անվթար և անպարփակ՝
Պատվակից լինելով սիրո և հույսի:
Զի մանանեխի ամենափոքրիկ հատիկի չափով հավատքը եթե
Կարող է ծովի խորքը փոխադրել մեծամեծ լեռներ,
Ապա ճիշտ է, որ կյանքի առաջնորդն այս նախաշավիղ՝
Հավատն ընդունեցինք որպես աներկմիտ աստվածպաշտություն:
Սիրո և հույսի դասակից և Երրորդության փառատրելի անվամբ պատվված՝
Այդ հավատքն է, որ հոգու աչքերով աներկբայորեն
Տեսնում է ծածուկները բոլոր և ապագան:
Քանզի այս երեք առանձին մասերն եթե միասին և նույն խորհրդով դիտես,
Նրանց շնորհիվ Աստծով պիտի հավետ ճոխանաս:
Քանզի եթե հավատաս նրան, կսիրես նաև,
Որով և կհուսաս նրա աներևույթ պարգևներին:
Նրան՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:





ԲԱՆ ԺԲ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Եվ արդ, քանզի զղջման նախընթաց գլուխներում
Հուսահատության խոսքերով լքվեցի սաստիկ
Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,
Ուստի և այստեղ, վերադառնալով հույսին վերստին,
Համարձակվեմ պիտի գութ շարժել ես՝
Սուրբ Երրորդությանը մեղավորիս օգնության կանչելով:
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և դավանեմ
Արարածներին բոլոր կյանք տվող Աստծուն
Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն ահավոր շնորհապարգև բարերարի,
Նա կենդանություն պիտի տա անշուշտ ինձ՝ մեղավորիս,
Ըստ մարգարեի կանխասացության,
Թե՝ «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա պիտի ապրի»:
Իսկ ես ոչ միայն կանչում եմ նրան,
Այլ հավատում եմ նրա մեծությանն ամենից առաջ.
Ոչ թե գալիս եմ խնդրելու նրա պարգևները ես,
Այլ՝ նույնիսկ իրեն, որ կենդանությունն է ճշմարտապես,
Շնչառությունն իսկ, առանց որի չիք շարժում և ընթացք:
Ոչ այնքան հույսի հանգույցով, որքան սիրո կապով եմ ես կապվում նրան.
Ու ոչ թե տուրքի, այլ այն տվողի կարոտով եմ վառվում շարունակ:
Ոչ թե փառքն է ինձ համար անձկալի,
Այլ փառավորյալն է համբուրելի,
Ոչ թե ապրելու կյանքի փափագով,
Այլ կենարարի հիշատակով եմ տոչորվում ես միշտ:
Ոչ թե վայելքի տարփանքով եմ ես հեծում ողբաձայն,
Այլ այն կազմողի տենչանքով եմ խոր հառաչում սրտանց:
Չեմ փնտրում հանգիստ, այլ աղաչում եմ երեսը տեսնել հանգստարարի:
Ոչ թե հարսանքատան խնջույքի, այլ Փեսայի անձկությամբ եմ մաշվում,
Որի զորության շնորհիվ վստահ ակնկալությամբ
Հավատում եմ ես աներկմիտ հույսով,
Որ վերոգրյալ մեղքերի բեռներն ունենալով հանդերձ,
Ապաստանելով ամենակարողի ձեռքին՝
Ոչ միայն պիտի հասնեմ քավության, այլև պիտի տեսնեմ իրեն՝
Ընդունելու գութն ու ողորմությունը և ժառանգելու երկինքը նրա,
Թեև հույժ մերժելի եմ:


Բ
Եվ արդ, ամոթահար սաստիկ ու կորագլուխ,
Գրչովս, որ խոսքի միջնորդ է դառնում
Ամուր կողպեքով փակված, պապանձված իմ շրթունքներին,
Չկարողանալով շարժել լեզուս անհամարձակ,
Պաղատանքների նոր երգեր ահա պիտի ոգեմ ես՝
Ի վեր ուղերձված իմ աղիողորմ հառաչանքների աղաղակներով:


Գ
Ընդունի՛ր սիրով, Տե՛ր Աստված հզոր, աղաչանքներն իմ դառնացած սրտի.
Քաղցր գթությամբ մոտեցի՛ր դու ինձ՝ ամոթահարիս.
Փարատի՜ր, ամենապարգև՛, ամոթալի տխրություններս,
Վերցրո՛ւ ինձնից, ողորմա՛ծ, անտանելի ծանրություններս,
Հեռացրո՛ւ, հնարագե՛տ, սովորություններս մահացու.
Խափանի՛ր, մի՛շտ հաղթող, հրապույրները խաբողի.
Վանի՛ր, վերնայի՛ն, մառախուղը մոլորեցնողի.
Կասեցրո՛ւ, կեցուցի՛չ, ընթացքը կորուսչի.
Ցրի՛ր, ծածկատե՛ս, չար հնարքները կապկպողի.
Խորտակի՛ր, անքնի՛ն, հարձակումները մարտնչողի.
Տյառնագրի՛ր անունովդ լուսանցույց երդն իմ հարկի.
Պարփակի՛ր քո ձեռքով առաստաղը տաճարիս.
Գծագրի՛ր քո արյունով սեմը սենյակիս մուտքի.
Դրոշմի՛ր քո նշանը աղոթյալիս ճանապարհին,
Ամրացրո՛ւ քո աջով խշտյակն իմ հանգստի.
Զե՛րծ պահիր թակարդներից ծածկարանն իմ անկողնի.
Պահպանի՛ր քո կամքով տառապած հոգիս.
Անխարդա՛խ արա քո շնորհած շունչը մարմնիս.
Կանգնեցրո՛ւ շուրջն իմ պարը երկնային քո զորքերի՝
Որպես դիմամարտ դևերի գնդին:
Տո՛ւր հանգիստ բերկրալի մահահանգույն նիրհիս խորին գիշերում՝
Բարեխոսությամբ սուրբ Աստվածածնիդ և բոլոր ընտրյալների:
Տեսությանս պատուհանները, որոնք մտքի զգայարաններ են,
Ամփոփի՛ր այնպես ու պարուրի՛ր,
Որ պաշտպանվեն միշտ անսասանելի
Կենցաղական հոգսերից բոլոր, անրջական երազներից,
Խռովահույզ ծփանքներից ու ցնորքներից խենթ ու խոլական
Ու հիշատակով աներկբա հույսիդ մնան անվնաս.
Որպեսզի, երբ սթափվեմ իմ ծանր քնից,
Ամենազգաստ արթնությամբ և հոգենորոգ զվարթությամբ քո դեմ արձանացած՝
Աղաչանքն այս իմ՝ հավատքի բուրմամբ,
Ո՜վ ամենօրհնյալ Թագավոր անճառ փառքերի,
Երգակցելով երկնագումար փառաբանող խմբին՝
Քո բարձունքն ի վեր առաքեմ առ քեզ.
Զի փառավորյալ ես դու արարածներից բոլոր
Հավիտյանս հավիտենից. ամեն:




ԲԱՆ ԻԴ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Եվ արդ, ի՞նչ բաների արժանի համարելով ինքս ինձ, մոտենամ ես քեզ՝ աղերսելու.
Արքայությա՞ն, որից վրիպեցի,
Թե՞ վայելուչ փառքիդ, որից զրկվեցի,
Թե՞ անմահ կյանքիդ, որից վտարվեցի,
Թե՞ պարակցությանը հրեշտակների, որից տրոհվեցի,
Թե՞ արդարների մասնակցությանը, որից ջոկվեցի,
Թե՞ ուռն լինելու կենդանի որթի, որից պոկվեցի,
Թե՞ ոստը բերկրության ծառի, որից գոսացա,
Թե՞ ծաղիկը փառքի շնորհի, որից թափվեցի,
Թե՞ ժառանգավորն պանծանաց, որից կորացա,
Թե՞ հայրական հարազատ գրկին, որից դուրս ընկա:
Լուսեղեն զգեստո՞վ պարծենամ, որից մերկացա,
Թե՞ ստացողի դարձին հուսամ ես, որից խորթացա,
Ըղձալի լույսի՞ն դիմեմ ես արդյոք, որից մեկնեցի,
Թե՞ ոսկորներին հոդվեմ Հիսուսի, որից մերժվեցի,
Նրա թևերի՞ն մոտենամ, որից օտարացա,
Թե՞ ապավենին ապաստանեմ ես, որից զատվեցի,
Նորոգությա՞նը հուսամ փրկարար, որից մահացա,
Թե՞ զվարթարար զգաստությանը, որից լքվեցի,
Կամ՝ ուխտադրական կենաց կանոնի՞ն, որից փոխվեցի,
Թե՞ հաստատական օրինադրության, որից սահեցի,
Անշարժ, անսասան Վեմի՞ն կառչեմ ես, որից սասանեցի,
Թե՞ սրբոց գնդին լինեմ դասակից, որոնցից ինքս ինձ ի դուրս մղեցի,
Անդրանիկների քաղաքո՞ւմ շինվեմ, որից ես գերի քշվեցի,
Թե՞ ամենօրյա հացին աղոթեմ, որ չվաստակեցի,
Թե՞ տաժանքների վերացում խնդրեմ, որոնց համար չքրտնեցի,
Թե՞ պարգևներով պսակվեմ ես այն, որոնց արժանի չհանդիսացա,
Կամ կենաց գրքո՞ւմ արձանագրվեմ, որից ջնջվեցի,
Թե՞ երախտիքներդ հիշեմ ես արդյոք, որոնք մոռացա:


Բ
Եվ ահավասիկ, ապրելու հույսի լարը կտրվեց,
Ու վարակվեցի ես բոլորովին գարշ բորոտությամբ.
Տգեղ, սպիտակ ու փոքր-ինչ փայլող պալարի պես այն,
Որը կրկնակի մեր անմաքրության իբրև նշանակ՝
Նախնական ախտի սպին է պահում երկդիմի կերպով,
Ապականությունն ինձ պաշարելով՝ սպառեց մարմինն իմ բոլորովին,
Պարծանքի նշույլը բոլորովին շիջավ ինձ համար,
Փրկությունը վտանգվեց, բարին ստվերացավ,
Կյանքի դուռն ընդմիշտ փակվեց,
Մխիթարությունը վերացավ,
Դատաստանի ատյանը մոտեցավ,
Մահվան թույնն արծարծվեց իմ մեջ,
Սպանվածն իմ մեջ կրկին կենդանացավ,
Նավահանգիստը քարերով խցվեց,
Հույսի շավիղը կուրացավ,
Շնորհի ծածկույթն ինձանից հանվեց,
Փառքի վայելչությունն աղոտացավ,
Առաջնորդող հանճարը խափանվեց,
Կշտամբանքների փուշը շատացավ,
Անօրինության ուղեշը ծաղկեց,
Գեհենի բոցը բորբոքվեց իմ դեմ,
Ծառայության լուծը սաստկացավ,
Ստրկության կապը զորացավ,
Կառույցը պահող սյունն ահա ընկավ,
Բարձրության վստահարանը կործանվեց,
Ընտանի միաբանությունն անջրպետվեց,
Եվ տխրեց սաստիկ սրբություն սիրող Աստծո Հոգին:


Գ
Եվ քանզի ես դառնությունների մրուրը ճաշակեցի,-
Տանջանքներ, խայթեր ու տխրություններ, վշտեր հոգեկան,
Ցավեր անդարմանելի և տարակույսներ անհուսադրելի,
Ամոթանքներ անպարտակելի, խայտառակություններ անծածկելի,
Պատկառություններ անհամարձակ, փախուստներ անդառնալի
Եվ հալածանքներ անմարդասիրելի,
Երկար ու ձեռնունայն, անպաշար ուղևորություն,-
Ուստի և դու, ո՜վ փրկություն, զորությո՛ւն և օգնությո՛ւն,
Ողորմությո՛ւն, լուսավորությո՛ւն, քավությո՛ւն և անմահությո՛ւն,
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ կենդանի Աստծո, արարիչ երկնի և երկրի,
Որ ջուր ես տալիս ծարավներին անջուր անապատում,
Օրհնյա՛լ, բարեգո՛ւթ, հզո՛ր, մարդասե՛ր,
Երկայնամի՛տ, խնամակա՛լ, հնարավո՛ր, այցելո՛ւ,
Պաշտպա՛ն աննախանձ, պահապա՛ն հաղթող և կյա՛նք անկորուստ,
Միջնո՛րդ երկնային, լիությո՛ւն աննվազ, երանությո՛ւն տոնելի,
Քո ողորմության աջ ձեռքը սիրով երկարելով ինձ՝
Ընդունի՛ր և ներկայացրո՛ւ քավված և սրբված ամենապարտիս
Քեզ հավասարապատիվ Հոգուն, ո՜վ կենդանի Բան,
Որպեսզի քեզնով հաշտված վերստին՝ իմ մեջ դառնա նա:
Եվ քո միջոցով նա, որ զորեղ է ինքնությամբ,
Իր մաքուր կամքով ինձ սրբագործած,
Հորդ ընծայելով՝
Միաժամանակ ամբողջ իմ շնչով անբաժանորեն
Կապի, միացնի բարեշնորհիդ հետ.
Որի համար՝ քեզ, Հորդ ու Սուրբ Հոգուդ՝
Եռյակ անձնավորությանդ՝ մի բնությամբ և մի Աստվածությամբ,
Փա՜ռք և բովանդակ արարածներից գոհաբանությո՜ւն
Հավիտյանս հավիտենից. ամեն:




ԲԱՆ ԻԸ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Եվ արդ, ո՞ր մեղքերս հայտնեմ և կամ որո՞նք մատնացույց անեմ,
Որպիսիների՞ մասին ես խոսեմ.
Որքա՞ն ծածուկ հանցանքներ մերկացնեմ կամ որո՞նք խոստովանեմ.
Ներկայիննե՞րը, որոնք արդեն ունեմ,
Թե՞ անցյալինները, որոնք կուտակեցի.
Գալիքնե՞րը, որոնցից վախենում եմ,
Թե՞ գայթումներս բազում, որոնք ինձ գլորեցին.
Փո՞քրն իմ կարծիքով, որը, սակայն, մեծ է համարում Աստված,
Թե՞ անմարմինը, որն հիշատակել մինչև իսկ չարժե,
Քի՞չը, որ շատ է, թե՞ թեթևները, որոնք ծանր են ու խիստ.
Հոգեկան կրքե՞րը կորստաբեր, թե՞ մարմնական ախտերը սպանիչ.
Հեշտառիթնե՞րը սկզբում, թե՞ վերջում վնասողները,
Աներևույթնե՞րը, թե՞ տեսանելիները.
Ձեռքով շոշափվողնե՞րը, թե՞ հեռվից շնչողները.
Լայնակի դյուրին խածոտողնե՞րը, թե՞ երկարորեն արձակված նետերը.
Խոր խոցողնե՞րը, թե՞ հայտհանդիման սպառողները.
Պոռնկությո՞ւնը բազմագլխյան, թե՞ հիվանդությունն անբժշկելի.
Չարի պարարո՞ւմը մարմնովս, թե՞ բարուն սովելը հոգովս.
Աստծո համար անախորժներին տածած խնամքնե՞րս,
Թե՞ բռնադատման պարանով ձգվելս նույն մոլեգնությանը.
Դեպի մահ տանող մեղքե՞րը, թե՞ խոհերն ունայն:


Բ
Արդարև, որպես կամավ խելագար, ձորձերս հանելով,
Ամոթույքս ցուցադրեցի ես՝ գործելով ընդդեմ իմաստունի,
Թե՝ խոհեմներն ամոթույքն իրենց պետք է որ ծածկեն:
Հեռացել եմ ես բարի կարգերից և օտարացել առաքինության,
Սրբության մեջ եղել եմ անսուրբ և կուսության մեջ՝ անմաքուր,
Արդարության մեջ՝ ամբարիշտ, բարեպաշտության մեջ՝ վնասապարտ.
Բերանովս մոտ եմ ստեղծողին և խորհուրդներով՝ հեռու.
Շրթունքներովս եմ ես պատվամատույց՝ ըստ մարգարեի, և ոչ թե՝ սրտովս:
Եվ եթե պետք է քստմնելիներ ասել այստեղ,-
Մի հանդգնություն, որ տանջանքներից ծանր է ավելի,-
Որպես Աստծո պաշտոնյա անպետ, անկայուն մտքով,
Դեպի մահ տանող զույգ ճամփաների միջև վարանած՝
Ջանում եմ ու չեմ շահում ոչինչ,
Հետապնդում եմ ու չեմ հասնում,
Շտապում եմ ու չեմ ժամանում,
Փափագում եմ ու չեմ հանդիպում,
Ունեմ ամենայն ինչ երկրավոր
Եվ պատգամավոր եմ աղոթանվեր համայն աշխարհի:
Բայց դու, բարերա՛ր, ներիր այս բազում իմ հանցանքները և միտ մի՛ բեր.
Քանզի դյուրին է քեզ համար ջնջելը նրանք,
Քան թե ինձ համար նկարագրելը հոգնատանջ ձեռքով:
Ուստի գրեցի առանց խնայելու,
Որպեսզի դու էլ առատապես ջնջես, օրհնյա՜լ:
Չէ՞ որ մեղավորներիս համար կոչվեցիր դու երկայնամիտ,
Ինչպես աղոթեց Եզրասն երջանիկ՝ սրտի հեծությամբ,
Երբ հո՜ւյժ անձկությամբ և վհատ հոգով հիշեց գործերն այն, որ պատմում է նա:
Ամեն տեսակի մահացու կրքերով տանջվում եմ ես՝
Ընկած գարշելի վիհը՝ դժնդակ և ապականիչ մեղանչումների
Եվ չեմ հավատում, թե մինչև անգամ կլսես դու ինձ, ինչպես Հոբն է ասում:
Արդ, ահավասիկ, ես՝ ինքնապարսավ, անձնադատ գերի,
Կամավորապես ինքս ինձ մատնելով,
Ապրելու բոլոր հնարներն իմ առջև փակեցի,
Խափանեցի ու կնքեցի ամուր ամեն կողմից,
Որ փրկելով ինձ՝ մեղքերով կապկպվածիս, կրկնակի անգամ մեծանաս, գովյա՜լ:


Ե
Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հա՛յր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչում ընտանի, խոսք համբուրելի, ազդում սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ոչ՝ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով՝ մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց՝
Զարհուրելով երկնավոր Գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ, բայց մաքրվեցինք մշտնջենապես:


Զ
Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թող ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի թող և հալածվի՝ հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբի՛ր դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն.
Հիշելով հարվածները քստմնափուշ, ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո խաչի աշտարակի վրա, թող չարը ցավի գա,
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի, կորչի:
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը, Բարձրյա՜լ,
Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի
Թող ի կոր կործանվի՝ ըստ ամենայնի կորստի մատնված:
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունը թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,
Ապա ուրեմն, դրանով թող որ գոռոզի հոխորտ հպարտությունը
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի
Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի,
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝
Ամենազորի կենարար չարչարանքների գնով:
Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է
Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության,
Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ
Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի:
Ուստի և մենք, փառավորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած,
Փառավորած կլինենք նույնպես
Հորդ անժամանակ,
Եվ քեզ՝ միակ Սուրբ Երրորդությանդ,
Հավասարապատիվ տերությանդ,
Համաբուն, անբաժան ինքնությանդ՝
Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն
Եվ անճառ վայելչություն մեծության, բարեվիճակ հարթության,
Զուգակշիռ հավասարության՝ հավիտյանս. ամեն:




ԲԱՆ ԼԶ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Որքան էլ շատ լինեն մեղքերս,
Շնորհիդ փրկարար արդյունքներն անթիվ
Եվ հանդիսադրումն այն չարչարանքների, որոնք հանձն առար,
Գերազանցում են նրանց միշտ իրենց առավելությամբ:
Հոգիներն համայն իր մեջ ամփոփող աջդ արարչագործ
Մահվան գործիքի՝ խաչի նշանի վրա գամեցիր,
Որպեսզի կամքիդ դեմ երկարող ձեռքս թուլացնես:
Համընթաց քո զույգ ոտքերդ ազատարար
Իմ անսանձության պատճառով պատժարանի փայտին կպցրիր,
Որպեսզի զսպես դու գթածաբար վայրագությունը փախչող թշվառիս:


Բ
Չհրամայեցիր, որ քո օրհնյալ գագաթը կռփողների ձեռքը գոսանար,
Դո՛ւ, որ քարերի կարծրությունը ճեղքեցիր.
Որպեսզի այդ օրինակով և ի՛նձ ներելդ կանխավ ավետես:
Քեզ՝ խոստովանված Աստծուդ գանող անպիտաններին չսպառնացիր,
Դո՛ւ, որ արուսյակը մթնեցրիր.
Որ մահացածիս բարությամբ հանդերձ հանգիստ շնորհես:
Հայհոյիչների չարախոս բերանը չչորացրիր,
Դո՛ւ, որ լուսնի պատկերը արյան երանգով գունավորեցիր.
Որպեսզի քեզ գովելու համար անհամարձակ լեզուս զորացնես:
Չսաստեցիր քեզ նախատողների մոլեգնությունը,
Դո՛ւ, որ տարերքն անգամ սասանեցիր.
Որպեսզի թշվառ գլուխս գթությանդ օծումով յուղես:
Քեզ մոլորեցուցիչ անվանող աստվածասպանների ծնոտների հոդվածներն իրարից բաժանելով չխախտեցիր,
Դո՛ւ, որ քարերի կարծրությունը ճեղքեցիր.
Որպեսզի բարուց դատարկ իմ հոգին ընդունայնության հոժարությունից հանդարտեցնես:
Պահապանների սրերը իրենց ընդերքը չմխեցիր,
Դո՛ւ, որ օձի որովայնը հողի վրա սողալուն մատնեցիր.
Որպեսզի ոսկորներն իմ տառապյալ մարմնի, իբր գանձարանում պահված,
Հարության կենացն արժանացնես:
Երբ կենդանակիր քո գերեզմանի տապանաքարը կնքում էին,
Նրանց տեղնուտեղը թիկունքի վրա պառկեցնելով՝ երկրի անդունդները չսուզեցիր,
Որպեսզի հոգուս տապանակի մեջ լույսիդ նշխարը հանգչեցնես:
Երբ քեզ կորած և իբրև երկրավոր մարմին գողացված էին համբավում,
Դու համայնաջինջ և սպառսպուռ չկրճատեցիր նրանց սերունդները,
Որպեսզի և ինձ՝ բարուն հետևող հիշատակվելու անարժանիս իսկ,
Անկորուստ կերպով, անվնասելի՝ փրկվածներին մասնակից դարձնես:
Երբ ուրացողները մոլեգնաբար, որպես մատնության անարգ գրավական,
Քո Հոր տաճարի գանձարանից մաս էին հանում՝ կաշառք տալով արծաթ կրկնակապեն,
Չդարձրիր նրանց դու քարե արձան՝
Նման Մովաբի տատին պատահած այն հին հարվածի.
Որպեսզի և ինձ՝ հաստատությանս մեջ վրիպյալիս
Եվ մահվան իշխանությանը վաճառվածիս թշվառ,
Արյամբ քո փրկելով, հաստատուն վեմիդ վրա կառուցես:
Օրհնյա՜լ ես կրկին, օրհնյա՜լ վերստին,
Ամեն ինչի մեջ միշտ օրհնաբանված՝ հավիտյանս հավիտենից. ամեն:




ԲԱՆ Խ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Ամենակալ Աստվա՛ծ բարերար, ստեղծո՛ղ բոլորի,
Ունկնդրի՛ր հառաչանքներիս ձայնին տագնապահույզ.
Եվ ինձ ապագա կասկածանքների երկյուղից փրկի՛ր՝
Կարող զորությամբդ ինձ ազատելով մեղքի պարտքերից,
Քանզի քո անբավ մեծությամբ և իմաստությամբ անհուն
Հնարավոր է քեզ մոտ ամեն ինչ:


Բ
Եվ քանզի հեռվից տեսնելով հոգուս աչքերով ահա
Ահավորափայլ հանդեսը քո հանդերձյալ դատաստանի՝
Նկատում եմ ես արդեն կանխապես
Ցերեկը լուսավոր ու հուսալից՝ սրբերի համար,
Եվ օրը խավար՝ պատժապարտիս պատուհասի համար,
Ուստի և չկա ոչինչ, որ լինի փախուստիս համար ապաստարան.
Ո՛չ անդունդները խորունկ և ո՛չ վիհերն անտակ,
Ո՛չ լեռները բարձրաբերձ և ո՛չ քարանձավները,
Ո՛չ ժայռերը կարծրակուռ, ո՛չ էլ ծործոր ու ծերպ,
Ո՛չ փապարները փոսավոր և ո՛չ հոսանքը հեղեղների,
Ո՛չ բավիղները խորշերի, ո՛չ շտեմարանները հարկերի,
Ո՛չ թաքստոցները սենյակների, ո՛չ էլ ծմակները հովիտների,
Ո՛չ ծործորները դժվարանց, ո՛չ բլուրները բազմակուտակ.
Ո՛չ քամիները մեծաշունչ և ո՛չ ծովերն անծայր,
Ո՛չ հորձանքները սահանքների և ո՛չ ափերը հեռավոր,
Ո՛չ ողբերի ձայները և ո՛չ հեղեղներն արցունքի,
Ո՛չ շարժումը մատների, ո՛չ ձեռքերը վերամբարձ
Եվ ո՛չ էլ պաղատանքը շրթունքների:


Գ
Այս բոլորից սաստկագույն և անճողոպրելի՝
Դու միայն, Քրիստո՛ս, կարող ես փրկել բազմամեղ հոգիս
Քո անդորրությամբ և քո դյուրությամբ ամենահնար:
Ուստի և նայի՛ր ինձ շրջապատող վտանգներին անզերծանելի,
Դո՛ւ՝ միայն քաղցրդ բոլորի հանդեպ.
Կենազեն խաչիդ հաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը վարմիս,
Որոնք ամենուստ պաշարել են ինձ՝ մահու գերյալիս,
Տո՛ւր հանգստություն սասանյալ ոտքին թյուր ընթացողիս.
Բուժի՛ր հրատապ ջերմին տոչորումը մղձկյալ սրտիս,
Մերժի՛ր դիվային և չարահնար շշուկները իմ՝ քեզ պարտավորիս.
Հալածի՛ր անհույս մթությունն հոգու՝ չարի կենակցիս.
Ցրի՛ր ծխամած թանձրությունները բռնավոր մեղքերիս.
Կորցրո՛ւ ապական ցանկությունները զազիր կրքերիս.
Նորոգի՛ր մեծիդ անվան պաշտելի փառքի լուսեղեն պատկերն ի հոգիս.
Զորացրո՛ւ շնորհիդ փայլը շողշողուն՝ որպես շուք դեմքիս,
Մտատեսության ընդունակությո՛ւն տուր հողեղենիս,
Հարմար հորինմամբ վերահարդարի՛ր, որ տեսնի քեզ պարզ՝
Լուսազարդ մաքրությամբ զտելով մռայլը մեղավորիս՝
Աստվածային կենդանի, անեղծ, երկնավոր լույսովդ ծածկելով երեք պատկերներն անձիս.
Զի դու ես միայն օրհնյալ Հորդ հետ, ի գովեստ Սուրբ Հոգուդ,
Հավիտյանս հավիտենից. ամեն:




ԲԱՆ ԽԱ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Որդի՛ կենդանի Աստծո, ամենօրհնյա՛լ,
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն, ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,
Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:


Բ
Դու, որ չեկար կորցնելու մարդկանց հոգիներն, այլ՝ ազատելու.
Ների՛ր ինձ անթիվ չարիքներս քո բազում ողորմությամբ,
Զի դու միայն ես երկնքում անճառ և երկրում՝ անզնին,
Գոյության տարրերի մեջ և աշխարհի բոլոր ծագերում,
Սկիզբն ամեն ինչի և ամեն ինչի մեջ՝ ամբողջ լրումով,
Օրհնյալ ի բարձունս.
Եվ քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ փա՜ռք հավիտյանս. ամեն:




ԲԱՆ ԽԲ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Տե՛ր Աստված գթության, փրկության և ողորմության,
Քավության և նորոգության, բժշկության և առողջության,
Լուսավորության և կենդանության, հարության և անմահության,
Հիշի՛ր ինձ, երբ գաս քո արքայությամբ,
Ահավո՛ր, հզո՛ր, բարերա՛ր և ամենաստե՛ղծ,
Կենդանի՛, գովյա՛լ, ամենակատա՛ր
Եվ մե՛րձ համորեն արարածների հեծություններին:
Ես էլ եմ ահա պաղատում քեզ խաչակցիդ հետ,
Որը քեզ համար ո՛չ բռնված էր և ո՛չ էլ կապված,
Ո՛չ կախված և ո՛չ բևեռված,
Ո՛չ խոշտանգված էր մեծիդ անունով և ո՛չ անարգված,
Ո՛չ լլկված և ո՛չ արհամարհված,
Ո՛չ խորտակված և ո՛չ մահացած,
Այլ արքայությանը՝ արդարների համար պահված լույսին արժանի համարված:
Եվ դու հաստատուն ուխտի խոստումով
«Ամեն»-ի երդմամբ,
Հայտնելով տրված բարիքների անփոփոխությունը,
Փառավորեցիր նրան և փրկության հույս ներշնչեցիր ինձ՝ իսպառ լքվածիս:


Բ
Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյա՜լ օրհնյալ,
Ընդունելով և ինձ նույն հավատքով՝
Փրկի՛ր կործանումից և բարձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
Բժշկի՛ր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.
Մահվան եզերքից ինձ կյանքի՛ն դարձրու, ո՜վ կենդանություն.
Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն.
Կենդանության շո՛ւնչ ընծայիր դու ինձ՝ հոգով մեռածիս,
Հարությո՜ւն, դու կյա՛նք և անմահությո՛ւն,
Անպակաս բարությո՛ւն, անսպառ շնո՛րհ, անփոփոխ ներողությո՛ւն,
Ա՛ջ ամենազոր, ձե՛ռք ամենիշխան, մա՛տ ամենամերձ:
Կամեցի՛ր դու, Տե՛ր, և պիտի փրկվեմ.
Ակնարկի՛ր միայն գթությամբ, և պիտի արդարանամ.
Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի դառնամ անարատ:
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների,
Եվ անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես.
Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի պատվաստվեմ քո մեջ,
Փառավորյա՛լդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն:




ԲԱՆ ԽԷ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Եվ արդ, ամաչելով մեծիդ ահավորությունից, ի՞նչ կարող եմ ասել,
Եթե ոչ՝ համրանալ և բերանս հողին՝ լռել սրտիս մեջ՝
Աչքերս հառած բարի հույսին՝ ըստ մարգարեական խոսքի.
Իսկ եթե բանամ փականքը շարժվող իմ շրթունքների
Եվ կամենամ բռնադատել նրանց, որ խոսեն,
Խղճմտանքիս ձայնը դարձյալ կթելադրի ինձ
Հյուսել լալագին ու կրկնակական եղերերգություն:


Բ
Ուստի, ողբակից մեծ մեղավորին,
Որը կամովին մահացու կերպով անօրինացավ,
Նրա գոչն իր հետ կրկնում եմ և ես.
«Մեղա՜, Տե՛ր, մեղա՜, անօրինություններիս մասին ես ինքս եմ վկայում»:
Դրա հետ մեկտեղ հյուսելով նաև հիսուներորդ սաղմոսի խոսքերը՝
Մեղավոր հոգուս պարտքերի հաշիվը ես համարում եմ անթվելի՝
Ավելի, քան հողմից քշված հյուլեները փոշու՝ օդում համատարած:


Գ
Մեղա՜ երկնքի և քո առջև.
Անառակ որդու հետ ամոթապարտ՝ և ես,
Հայրենի գութիդ վերադառնալով, թախանձում եմ քեզ:
Եվ տխրադեմ ահա քեզ մոտենալով՝
Ձայնը ողորմելի աղերսանքներիս՝ արտոսրածին ողբերի գոչյունով
Քո առջև եմ տարածում, Հա՛յր գթությանց,
Աստվա՛ծ բոլորի:
Ես արժանի չեմ ոչ միայն որդի կոչվելու,
Այլև անվանվելու անպիտան և անօգուտ վարձկան:
Ընդունի՛ր սովյալ տարագրականիս ու հանցապարտիս
Եվ նեղվածիս ու նվաղածիս տանջող ցավը քաղցի
Կենաց քո հացով դարմանի՛ր դու:
Ընդառաջի՛ր ինձ քո ողորմությամբ, քանզի ես նախ քեզ եմ ապավինել.
Հագցրո՛ւ, գթա՛ծ և անոխակա՛լ, անօրինյալ մեղապարտիս
Զգեստն այն, որից ես դեռ նախապես կողոպտված էի.
Մեղքերով աղտեղված ավանդակորույս ձեռքիս
Մատուցի՛ր կամքով քո ամենառատ՝ մատանին կնքով համարձակության.
Ոտքերիս գարշապարների մերկությունը թշվառ
Ավետարանի ամրածածուկ կոշիկներով պատսպարելով՝
Ապահովի՛ր դու օձի թույնի դեմ:
Զվարակդ պարարյալ, երկնային, որ քո Միածին Որդին է օրհնյալ,
Ճշմարիտ մարդասիրությամբ իմ բարեկարոտ հոգո՛ւն նվիրիր:
Մատուցվում է նա միշտ ու չի սպառվում երբեք.
Մորթվելով անթիվ սեղանների վրա՝ անսպառ է նա միշտ՝
Մնալով ամբողջ բոլորի մեջ և բովանդակ՝ յուրաքանչյուր մասում.
Իր էությամբ երկնքում է նա և իսկությամբ՝ երկրում,
Աննվազ մարդկությամբ և անթերի աստվածությամբ,
Որ փշրվելով բաշխվում է միշտ անհատնում մասերով,
Որպեսզի բոլորին հավաքի մի մարմնի մեջ՝ ինքը լինելով գլուխ:
Քեզ՝ փա՜ռք նրա հետ, Հա՛յր ողորմության, հավիտյանս. ամեն:




ԲԱՆ Ծ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Ինչպես որ առանց Քրիստոս Աստծո մեր հոգիներին փրկություն չկա,
Եվ ոչ էլ առանց աչքի տեսողության՝ լույսի զվարճանք,
Եվ կամ արևի քաղցրություն՝ առանց արևածագի,
Այսպես էլ առանց ծածուկ մեղքերի խոստովանության
Եվ ինքնապարսավ մեղադրանքների չկա քավություն:
Զի քեզ ի՞նչ օգուտ քո մաքրությունից, փարիսեցու հետ եթե դու դատվես,
Եվ կամ ի՞նչ վնաս ինձ իմ մեղքերից, թե մաքսավորի հետ պիտի գովվեմ,
Կամ ո՞ւր պարսավվեց Հովել մարգարեն՝ երիցս կրկնելով եղկությունն անձի,
Կամ մեղադրվել կարո՞ղ է մի սուրբ՝ մեծագույն օրը հիշելու համար.
Եսային ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի դիտվի պղծաշուրթ,
Որ Իսրայելի տան արարքներից մնաց միշտ հեռու.
Եվ Հիսուսն ինչո՞ւ մեղավոր լինի ադամյան մարմնով՝
Կարեկցելով ինձ՝ հանցավորապես
Հորը աղոթած լինելու համար.
Կամ ինչպե՞ս մեկնել միտքն այս առակի.
«Սիրտն իմաստունի՝ սգատան մեջ է,
Իսկ սիրտն անմտի՝ ուրախության տան»:
Զի նա, որ Ադամի սխալն իր անձին չի վերագրում
Եվ բոլորի մեղքերը չի համարում իրենը,-
Ինչպես երջանիկն այն արքաներից, որ մեղավոր էր համարում իրեն հայրերի գործած հանցանքների մեջ,-
Դրանով իսկ նա մեղանչում է խիստ և կորցնում իր արդարությունը,
Ինչպես մեկը, որ անախտակիր է կարծում մարդկային բնությունը իր,
Եվ սիրտը երբեք չի կարող բերկրել այն զվարթությամբ,
Որ պարգևում է ավետումն հույսի, եթե Քրիստոսի առաքյալից սովորած`
Չկարողանա տրտմել Աստծո կամքի համաձայն, ինչպես ասված է:


Բ
Արդ, ըղձալի է ինձ այստեղ հիշել հոգևոր այն հանճարեղի
Խրատն հինավուրց և սակայն՝ միշտ նոր, որ Տերն իսկ կրկնեց.
Ամբարիշտների նանրախորհուրդ ժողովներում
Չգնալ նստել հպարտների առաջին բարձին,
Որից հաստատուն ուխտ ու պայմանով հրաժարվեցին Դավիթն ու Երեմիան,
Այլ՝ իրենց մեղքով խիստ ամոթահար, մեծ դատաստանի հատուցման ահով սասանածների, սրտանց զղջացածների հետ,
Եվ խոնարհ կամքով հավասարվել հետիններին այստեղ՝ երկրի վրա.
Սրանցով է, որ բերկրում է բարձրյալ
Աստվածն ու պարարվում:
Եվ այսպես ահա, ես էլ նրանց հետ, հետևելով այդ խրատին,
Համարձակվում եմ նախադաս լինել բազմականների հետ երանելի:
Այսպիսով զերծ կլինենք մարգարեի մեղադրական այս խոսքերից,
Որն ակնարկում է վեսերից ոմանց.
«Մի՛ մոտեցիր ինձ, զի մաքուր եմ ես, և ո՞վ կարող է նայել ինձ»:
Երջանիկ Դավթի անսահման խոնարհությունից օգտվելով` կարող կլինեմ նրա հետ ասել.
«Որպես անասուն համարվեցի ես` զգայազուրկ եղած.
Վրա հասան չարիքներն ու ինձ պաշարեցին,
Նեխեցին վերքերս ու փտեցին անբժշկելի` անզգամության պատճառով»,
Ինչպես նաև Ասորեստանում` ընտիր, անարատ անձերից ոմանց
Ինքնադատական կշտամբանքները մեղապարտության,
Որոնցից Եզր մեծ քահանայի այս խոսքն եմ ահա կրկնում ես ինքս.
«Ոչ իսկ երեսն իմ կարող եմ առ քեզ բարձրացնել, Աստվա՛ծ»:


Գ
Արդ, ես՝ ճշգրիտ պատկերս ամենայն մարդկանց,
Խառնելով մեղքերս նրանց մեղքերին
Եվ նրանցով դառնությունն իմ կրկնակի ավելացնելով,
Հեծեծեմ պիտի նրանց հետ դարձյալ,
Թեպետ և պետք չէ գարշ գույնի վրա նոր տգեղություն ավելացնել:
Ահա և հիմա ես մեղանչեցի, զի անմտությամբ գործեցի քեզ անհաճելին` բազում հանցավոր սխալանքներով:
Նայիր ինձ, գթա՛ծ, ինչպես երբեմն ուրացության մեջ բռնված Պետրոսին,
Զի ծայրաստիճան ես ունայնացա:
Քո ողորմության ճառագայթը ծագեցրո՛ւ ինձ վրա, համա՜կ բարերարություն,
Որպեսզի, ո՛վ Տեր, քո օրհնությունն ընդունելով`
Արդարանամ, կենդանանամ և լինեմ մաքուր
Ինձ լլկող մեղքերից, որոնք դո՛ւ չես ստեղծել:
Մեղապարտ ձեռքերս քեզ պարզելու համարձակություն չունեմ,
Մինչև որ մոտեցնես քո օրհնյալ աջը՝ դատապարտյալիս նորոգելու:
Արդ, հաղթի՛ր դարձյալ համառությանս քո հեզությամբ
Եվ գալով դեպի ինձ մարդասիրաբար
Եվ քո բացարձակ ու կատարյալ կարողությամբ՝
Ների՛ր առաջին, միջին և վերջին մեղքերս բոլոր,
Ո՜վ անհասներին հասնող, լո՛յս արդարների,
Քրիստո՛ս Թագավոր:


Դ
Արժանի չեմ ես քո օրհնյալ անունն հիշելու,
Զի հանցավոր եմ մահացու կերպով բարեգործիդ հանդեպ,
Կնիքիդ հանդեպ ու շնորհիդ,
Փչումիդ ու պարգևիդ,
Ավանդիդ, ձիրքիդ և անունիդ,
Որդեգրությանդ,
Արքայական պատվիդ ու պատկերիդ,
Դրոշմիդ, օծումիդ ու ճոխությանդ,
Համարձակությանդ և ընտանությանդ,
Կյանքիդ, լույսիդ ու երանությանդ,
Պսակիդ անկապտելի և խոստումներիդ ծածկված,
Որոնք, Տե՛ր Քրիստոս, բազում ձևերով ավետեցիր ինձ`
Համառողիս, իժիս և քարբիս, և ամուր խոցված խուլ ականջներիս:
Քո շարունակ ավելացող բարության դիմաց
Բազմապատկվեցին չարություններն իմ և ինձ կործանեցին իսպառ,
Զատելով կյանքից՝ կապեցին մահվան՝
Ծառա կարգելով ապականության:
Արդ, դու ես միայն իրավակշիռ և ճշմարտադատ, ո՜վ բարերար և օրհնյալդ գթության մեջ:
Ես մեղանչեցի քո դեմ` գործելով անօրինություն, եղա անիրավ
Եվ որի համար եղծվեցի ու զեղծվեցի,
Հանցավորապես ամբարշտացա
Ու չլսեցի քո խոսքը գովված, խոստովանված ու երկրպագված:
Դու ինքդ իսկ երևացիր անճառելի քո սիրով,
Որը գրելն իսկ դժվարին է խիստ, և նշանակելը` սարսափելի:
Քեզ՝ արդարություն և փառք և մշտնջենական գովություն,
Իսկ ինձ` ամոթապարտիս քո դեմ, խնամակա՛լ,
Քավություն և ողորմություն և բժշկություն,
Օգնություն և պահպանություն սրտի ու հոգու,
Բարեբանյա՛լդ ըստ ամենայնի հավիտյանս. ամեն:




ԲԱՆ ԾԲ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Օրհնյա՜լ տիրապես էությանդ մեջ,
Անսահմանելի, անփոփոխելի, իսկապես բարի,
Պաշտում խնկելի և երջանկություն խոստովանելի ամենայն երկրի,
Հարատև հույսի ամենապատրաստ դու հայտնություն,
Գթած, ողորմած, որ չես պահում ոխ մի ակնթարթ իսկ
Ընդդեմ բազմամյա մեղանչումների:
Անսահման՝ առավելությամբ, և հրաշապես զարմանալի,
Ավելի, քան թե երբևէ բոլոր նախահայրերին,
Դու քո երկնահոս և բարեբանյալ վտակները ողորմության
Նոր շնորհաբաշխությամբ մեկի տեղ կրկնակի հաճեցիր հեղել:
Երբեմնի անձուկ լուսամուտը այն, որտեղից հազիվ, ըստ Սողոմոնի,
Չափավոր գիտությունների աղոտ նշույլներն էին թափանցում,
Դու ինչպես նրա, այնպես նաև ինձ` թշվառիս համար բացիր ընդարձակ
Առագաստն այն անջրպետող, որ արգելում էր
Մուտքն աստվածային ողորմության ձրի պարգևների:
Անցյալում ավետավոր հիշատակումների հետ
Պատկերավոր օրինակներով ասացիր դու մեզ.
«Դարձե՛ք դուք ինձ, և ես ձեզ պիտի դառնամ»,
Կամ` «Երբ կդառնաս ու կհառաչես, այնժամ դու կապրես»:
Եվ կամ թե` աղջամուղջի սևությունը դու կփոխարկես ձյան պայծառության
Եվ արյամբ ներկված մարդկանց դու կդարձնես գեղմի պես մաքուր՝ ըստ Եսայու և Զաքարիայի.
Թե` բարկությանդ մեջ ողորմությունդ էլ ես մտաբերում.
Թե` Իսրայելի քաղաքները անապատանան պիտի
Եվ ապա դարձյալ դառնան բնակելի.
Թե` ճանապարհները պիտի ամայանան առ ի չգոյե մարդկանց
Եվ ապա դարձյալ դառնան բանուկ.
Թե` պիտի թուլանան ոգու սովով և քո ձեռքով դարձյալ զորանան.
Թե` Աստված զայրագին իր տեղը պիտի գնա
Եվ պիտի դառնա դարձյալ ողորմությամբ.
Կթողնի նա մեզ, բայց և կների.
Կսաստի թեև ու կսպառնա, բայց և կրկին կպաշտպանի.
Եվ մինչ խռովահույզ է սիրտը նրա, կշարժվի գութն իր խնամքների:


Բ
Մարգարեների խոսքերն այս խնկելի,
Որոնք քո օրհնյալ գալստյան հրամանն էին ազդարարում առաջուց,
Եվ որ հնար չէ նյութեղեն լեզվով բոլորը թվել, քանզի անբավ են,
Օրինակներ են, նմանություններ նվազ, փոքր ու հին, ժամանակավոր`
Քո ավետավոր հայտնության և խաչիդ փրկագործության համեմատությամբ:
Դու ամենուրեք կառուցեցիր խորաններ քո արյան ուխտի վկայության,
Որոնք մեծաբարբառ աղաղակում են միշտ`
Աբելի մահվան դատակնիքից ավելի բարձրաձայն հռչակելով
Հաղթանակը բարի պատերազմիդ
Հանուն երկրորդ և անմահ կյանքի շնորհների`
Մկրտության, հարության, նորոգության,
Ընտանության քեզ հետ և քո Սուրբ Հոգու միավորության,
Քավության, ազատության, լուսավորության,
Մշտնջենավոր մաքրության և ճշմարիտ երանության,
Վերնայինների հետ կցորդության, անկապուտ փառքի
Եվ մեր շուրթերի՝ Բարձրյալին ուղղած աղաչողական հաշտարար խոսքի:
Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,
Գրում եմ այստեղ ես ի հիշատակ մեծ երախտիքիդ.
Կարող ենք լինել մենք աստված նույնիսկ` շնորհներով ընտիր,
Եվ Ստեղծողիդ հետ միանալ`
Տերունի մարմինդ ճաշակելով և խառնվելով կենաց լույսիդ հետ,
Մինչ, ըստ Պողոսի, չուներ Հին օրենքն այսպես կատարյալ երջանիկ խոստում:
Իսկ դու, փրկությո՜ւն, քավի՛չ բոլորի, եկար հայրենի քո հարստությամբ
Եվ մեր հույսն առ քեզ անկրճատելի` արիր հարատև կատարելապես:
Փա՜ռք քեզ Հորդ հետ` ի գովք Սուրբ Հոգուդ բարեբանության,
Հավիտյանս հավիտենից. ամեն:




ԲԱՆ Ձ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Եվ արդ, այսքան հուսահատությունների և ահարկու սրտաբեկության,
Ահաբեկիչ սաստկությամբ աստվածային բարկության ենթարկվելուց հետո,
Թախծալից ոգով իսպառ տագնապած,
Քեզ եմ աղաչում, սո՛ւրբ Աստվածածին՝
Հրեշտակ մարդկանց մեջ, մարմնատեսիլ քերովբե,
Երկնավոր արքայուհի,
Անխառն ինչպես օդ, մաքուր ինչպես լույս,
Անշաղախ` նման բարձր արուսյակի պատկերին պայծառ,
Գերազանց, քան սրբությունների բնակարանն անկոխելի,
Խոստացված դու վայր երանավետ, Եդեմ շնչական,
Անմահ կենաց ծառ` բոցեղեն սրով պարունակված,
Բարձրյալ Հորից զորացած և հովանավորված,
Հանգստությամբ Հոգու պատրաստված և մաքրագործված,
Բնակությամբ Որդու հարդարված և տաղավարված,
Հոր համար՝ Միածին, և քեզ` անդրանիկ,
Որդիդ` ծնունդով, և Տերդ` արարչությամբ,
Անաղտ մաքրությանդ հետ՝ և անբիծ բարի,
Անարատ սրբությանդ հետ՝ և բարեխոս խնամակալ.
Ընդունի՛ր աղոթքն այս աղերսալից քեզ դավանողիս
Եվ այն ընծայի՛ր Աստծուն իբրև պաղատանքը քո՝
Խառնելով նրան մեծիդ մատուցված իմ պաղատալից ներբողն առաջին:
Հյուսի՛ր, միացրո՛ւ դառն հեծությունն իմ՝ մեղավորի,
Քո երանելի և նվիրական խնդրվածքի հետ,
Կյանքի տո՛ւնկդ դու օրհնված պտղի,
Որպեսզի քեզնից միշտ բարերարված
Եվ ապավինած մաքուր մայրությանդ ու լուսավորված`
Ապրեմ ես Քրիստոս Որդուդ Միածին և Տիրոջդ համար:


Բ
Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի,
Որ երբ դուրս ելնեմ այս երկրի հովտից,
Առանց տանջալից չարչարանքների գնամ դեպի կյանք՝
Դեպի պատրաստված օթևաններդ:
Թող թեթև լինի վախճանն իմ, զի ես ծանրացել եմ խիստ անօրինությամբ,
Օրն իմ տագնապի դարձրո՛ւ ինձ համար տոն ուրախության,
Դո՛ւ, որ բուժեցիր երկունքն Եվայի:
Խնդրի՛ր, աղաչի՛ր ու բարեխոսի՛ր,
Զի անճառելի մաքրությանդ համար, հավատում եմ ես, խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնի՛ր դու վտանգվածիս, գովյա՛լդ կանանց մեջ.
Ծնկաչոք խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՛ղդ Աստծո.
Հոգատա՛ր եղիր թշվառիս հանդեպ, խորա՛ն Բարձրյալի.
Ձե՛ռք տուր ընկածիս, տաճա՛ր երկնային.
Եվ փառավորի՛ր Որդուդ քեզանով,
Որ աստվածորեն հրաշագործի ինձ ի քավություն և ողորմություն,
Ո՜վ դու՝ Աստծո աղախին և մայր:
Բարձրանա պիտի պատիվդ ինձնով,
Եվ փրկությունն իմ` ցույց տրվի քեզնով:


Գ
Եթե ինձ գտնես, Տիրամա՛յր,
Թե ինձ ողորմես, սրբուհի՛,
Թե կորուսյալիս շահես, անարա՛տ,
Եթե խրտնածիս խնամարկես, երջանի՛կ,
Եթե ամոթահարիս առաջ տանես, բարեշնո՛րհ,
Եթե միջնորդես հուսահատվածիս համար, մի՜շտ սուրբ Կույս,
Եթե մերժվածիս ընտանեցնես, Աստծո՛ւց մեծարված,
Եթե ցույց տաս ինձ գթությունդ, լուծի՛չդ անեծքների,
Եթե տատանյալիս ամրապնդես, հանգի՛ստ,
Եթե հուզումներս ու խռովքներս հանդարտեցնես, խաղաղարա՛ր,
Եթե մոլորյալիս մի ճար գտնես, գովյա՛լ,
Եթե ինձ համար մտնես ասպարեզ, մահվա՛ն նահանջիչ,
Եթե դառնությունս անուշացնես, քաղցրությո՛ւն,
Եթե բաժանման արգելքը քանդես, հաշտությո՛ւն,
Եթե անմաքրությունս վերացնես, եղծմա՛ն ընդոտնիչ,
Եթե փրկես ինձ` մահվան մատնվածիս, կենդանի՛ լույս,
Եթե իմ լացի ձայնը կտրես, բերկրությո՛ւն,
Եթե խորտակվածիս կազդուրես, կյանքի՛ դարման,
Եթե կործանվածիս մի ակնարկ գցես, հոգելի՛ց,
Եթե ողորմությամբ ինձ պատահես, նվիրակա՛ն կտակ,
Օրհնյա՛լդ միայն երջանկալեզու անբիծ շուրթերից,
Ահա կաթիլ մի կուսությանդ կաթից
Մեջս անձրևելով` կյանք է տալիս ինձ,
Ո՜վ դու, մա՛յր բարձրյալ Տիրոջդ՝ Հիսուսի,
Երկնի և համայն երկրի Արարչի, որին ծնեցիր դու անճառորեն,
Բովանդակ մարմնով և ամբողջովին իր աստվածությամբ,
Որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ՝
Էությամբ համակ և անքննությամբ մեր բնության հետ միացած,
Ամենայն է նա և ամեն ինչում,
Երրորդությունից մեկը,
Նրան՝ փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:




ԲԱՆ ՁԴ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ



Ա
Երկնավո՛ր արքա, բարձրյալ թագավոր,
Տե՜ր դու բոլորի և ամենքի հույս,
Արարիչ տեսանելիների և հոգեղենների հաստիչ,
Պատճառ եղածների և կազմող լինելիների,
Տվիչ լույսի, առիթ առավոտի, պատրաստիչ վաղվա,
Երևացնող երեկոյի, հորինող խավարի,
Արվեստավոր բարեհնար, իմաստության գործիչ,
Քավարան օրհնյալ, հալիչ մեղքերի, հալածիչ ցավերի,
Լուծիչ դառնության, պահպանարան հանգստի,
Հնարիչ նիրհի, կարգավորիչ քնի, պարգևիչ նինջի,
Կարգավորիչ շնչառության, զգայության տևողություն,
Ցրիչ ցնորքների, բարեկարգիչ անուրջների, փոխարկող զարհուրանքի,
Փոփոխիչ տխրության, խափանիչ խայթումների,
Կասկածների փարատիչ, ծփանքների հանդարտիչ,
Ահաբեկություն խարդախների, դևերի հարվածիչ,
Ախտերի փախուցիչ և ընկղմիչ գայթակղությունների:


Բ
Պաշտպանի՛ր ձեռքովդ երկնաստեղծ,
Զորացրո՛ւ աջովդ բարձրացած,
Ամփոփի՛ր թևերովդ ամենակալ,
Ծածկի՛ր խնամքովդ աստվածային,
Ամրացրո՛ւ վերնայիններիդ վերակացությամբ,
Շուրջանակի պարսպի՛ր անմահներիդ գումարտակներով,
Ընդդիմամարտին իմ վանի՛ր զվարթուններիդ զինվորներով,
Պատսպարի՛ր սասանյալիս Աստվածածնիդ մաղթանքներով,
Անդրանիկներիդ բանակներն ինձ բարի պահապա՛ն կարգիր:
Բա՛ց արա աչքերիս հետ նաև տեսանելիքները մտքիս,
Զգաստացրո՛ւ շնչիս հետ նաև դանդաղությունը ծանրաբեռն իմ կրքերի,
Վերացրո՛ւ թանձրամած հիմարությունն իմ զգայարանների, Տե՛ր,
Վերցրո՛ւ թանձրությունն իմ ծածկույթի, միա՛կ բարեգործ:
Լույսը բացվելիս ողորմությունդ էլ ծագեցրո՛ւ ինձ վրա,
Եվ արևի հետ քո արդարության արեգակը թող մտնի սիրտս նեղ.
Փառքիդ ճառագայթը մտքիս խորհրդարանում թող ջահավորվի,
Եվ խաչակնքումը խաչիդ` մարմնիս և հոգուս մեջ թող տարածվի համասփյուռ:
Քեզ եմ հանձնում այսօր քո հորինած տաղավարը`
Այնտեղ բնակվող պահապան հոգուս հետ միասին.
Զի դու ես Աստված անքնին՝
Ամենակարողդ ամենքի համար և ամեն բանում բովանդակապես,
Օրհնյա՜լ հավիտյանս. ամեն:





ԲԱՆ ՁԹ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ


Աստված և Տեր, կյանք և արարիչ,
Ողորմած, գթած, լույս, երկայնամիտ,
Անոխակալ, մարդասեր, ամենագութ,
Պարգևատու, փրկիչ,
Օրհնյալ, գովյալ և բարեբանյալ:
Ամուր պահարան, վստահելի պատսպարան,
Բարություն` առանց նենգության,
Ճառագայթ` առանց խավարի,
Քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի,
Անհասներին` հնարք, անմերձներին` մոտիկ,
Անհուսության ելք,
Անունդ խոստովանված` Աստծո Որդի:
Քեզ և ահավոր ու հզոր Հորդ
Եվ քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ՝
Փա՜ռք ու պաշտոն գոհաբանության
Հավիտյանս. ամեն:





ԲԱՆ ՂԴ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Աստվա՛ծ հավիտենական, բարերար և ամենակալ,
Ստեղծող լույսի և հորինող գիշերի,
Դո՛ւ՝ կյանք մահվան մեջ և լույս խավարում,
Հույս` սպասողների և համբերություն՝ տարակուսյալների.
Որ ամենարվեստ քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի,
Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ,
Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել փառքը քո տերունական,
Որին ծնրադրում են արարածներն, ու երկրպագում
Երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապյալների, ունկնդրում խոնարհների աղոթքին
Եվ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստվա՛ծ իմ և թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ,
Հույս իմ և վստահություն իմ,
Տե՛ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի,
Սրբերի սրտում հանգչող Սուրբդ դու,
Մխիթարություն վշտերի և քավարան մեղավորների,
Որ գիտես ամեն ինչ նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զորությունն աջիդ
Եվ գիշերային երկյուղից ու չար դևից ինձ փրկի՛ր,
Որպեսզի հիշատակը սոսկալի և սուրբ քո անվան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով`
Ըղձական շնչով ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտե քեզ են կանչում, Տե՛ր:


Բ
Եվ դրոշմից խաչի քո նշանի,
Որ աստվածային արյամբդ ներկելով դու նորոգեցիր
Եվ մկրտելով մեզ որդեգրեցիր
Եվ նկարեցիր ու հորինեցիր պատկերիդ փառքով,
Պարգևներով այդ աստվածային թող ամոթահար լինի սատանան,
Մեքենայությունները քանդվեն թող, ու որոգայթները վերացվեն,
Մարտնչողները պարտվեն թող որ, և թող չլինեն զենքեր սայրասուր,
Մշուշը ցնդի, մութը փարատվի, մառախուղն անցնի,
Բազուկդ հովանի լինի թող, և աջդ կնքի.
Քանզի գթած ես դու և ողորմած,
Եվ քո անունով են կոչվում ծառաներդ.
Եվ քեզ` Հոր ու Սուրբ Հոգուդ հետ՝ հավե՜րժ փառք, իշխանություն:




ԲԱՆ ՂԵ
ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈ ՀԵՏ

Ա

Արեգա՛կ արդար, օրհնյալ ճառագայթ, պատկեր լուսեղեն,
Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անպատում զորեղ,
Բարու բերկրություն, հուսատու տեսիլ, գովյալ երկնավոր,
Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,
Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս շարադրանքի
Պակասները դո՛ւ լրացրու խոսքով քո ամենազոր
Եվ այն մատուցի՛ր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:
Դու ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր`
Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՜ց օրհնություն,
Բարեխնամ տեսուչ երկնայինների և ողջ երկրայնոց:
Զի թե հանձն առար մեռնել ինձ համար,
Աստվա՜ծ բոլորի,
Որքան ավելի պիտի ուզենաս կարեկցել և այժմ ինձ՝ տառապալից տագնապահարիս,
Ազգակցիդ մեզ` մեզնից մարմնացյալ,
Մեղապարտիս հետ միշտ աղոթելով
Հորդ համապատիվ:


Բ
Եվ պատվական արյանդ միջնորդությամբ,
Որ մատուցվում է միշտ առաքչիդ կամքին ի հաճություն,
Թող վերացվեն վտանգները մեղավոր դատապարտյալիս,
Պարտքերը զիջվեն, ամոթը փարատվի,
Մոռացվեն խայտառակություններն, ու դատավճիռն ի բարին փոխվի,
Սատակեն որդերն, ու լացը վերանա,
Դադարի կրճտումն ատամների թող,
Ողբերը սպառվեն,
Արտասուքները ցամաքեն թող որ, սուգը հեռանա,
Խավարն հալածվի, ու հուրը սաստիկ մարի, մոխրանա,
Եվ բազմապիսի տանջարաններն ի բաց մերժվեն:


Գ
Եվ թող բոլորին կյանք կամեցողիդ ու պարգևողիդ գթությունը գա,
Թող լույսդ ծագի, փրկությունդ փութա, օգնությունդ հասնի,
Այցելությունդ ժամանի, և ողորմությանդ ցողը կանխահաս
Թող որ շտապի` հույժ թշվառությամբ մահվան վիհն ընկած
Իմ ոսկորների պապակ անդաստանը ոռոգելու:
Կենարար արյանդ բաժակն երկնավոր, որ պատարագվում է միշտ անսպառ՝
Հանուն ննջեցյալների հոգու փրկության և կենաց,
Թող ծաղկեցնի և պտղաբերի լուսավոր օրվադ համար մշակված դաշտն իմ մարմնեղեն,
Որպեսզի նրա մեղքով իսպառ մահացած հոգիս
Քո շնորհիվ, գթա՜ծ, քո մեջ զորացած
Եվ մեղքերից ազատ, անմահ կենդանությամբ,
Նորոգվեմ արդարների հարության օրը`
Հորիցդ օրհնված,
Որի հետ՝ փա՜ռք քեզ և քո Սուրբ Հոգուն
Եվ բարեբանություն վայելչական գոհությամբ
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


Աղբյուր՝ Ս. Գրիգոր Նարեկացի, «Մատյան ողբերգության». «Մուղնի», Երևան, 2003
(փոխադրությունը գրաբարից՝ Մկրտիչ Խերանյանի)



 
sacredtradition.am