русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





[ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՊԱՏԿԵՐԸ ԲԵՐՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ]
(հատված Սահակ իշխանի թղթի պատասխանից)


Քեզ եմ դիմում, Արծրունյա՛ց իշխան, Տերն ինձ ցույց տվեց, որ քո զավակներից երեք եղբայրներ Քրիստոսի համար մահվան են մատնված, երկուսը Քրիստոսի վկաներն են արյամբ, իսկ մեկը վրիպել է նրանցից, և այս վայել չէ: Նրանց համար Աստված Սենեքերիմ թագավորի թագը, քո որդիներին վերադարձնելով, երկարաձգում է երկրի վրա: Եվ Բագրատունուդ եմ դիմում. Տերը հիշում է Իր խոսքը, թե՝ քեզանից թագավորներ կծնվեն, և թագավորում եք Դվինում. և այլ ոչինչ չունեմ ձեզ ասելու, մինչև Տերը տեսնել կտա:
Իսկ գովասանական խոսքերիդ համար շնորհակալ եմ. և չեմ երկրպագում, քանզի մեղքերով հնացած ծեր մարդուն նմանեցնում եք հրեշտակների. երանի՜ թե նրանց աշակերտն արժանի լինեի կոչվել, էլ չեմ ասում՝ փոխանորդ: Քանզի, նրանց վարքը հանապազ հիշելով, մաշվում եմ՝ ինձ անարժան համարելով, բայց քանի որ արժանի համարեցիք ինձ հիշել Հատուցողի մոտ, երկրպագեցի, և Աստված ձեզ օրհնություն առատապես թող հատուցի: Այլևս չեմ ուզում ձեզ վրա ծանրանալ երկրի վրա, աստվածասե՛ր իշխաններ. հոգով և մտքով միացե՛ք ինձ ի Քրիստոս. քանզի ձեզանից ոչ թե որևէ բան, այլ ձեզ եմ խնդրում:
Իսկ աստվածասեր իշխանիդ խնդիրը՝ Տիրամոր պատվական պատկերի մասին, քո անմահ ազգին եմ հիշատակ թողնում. քանզի զվարթանում եմ Տիրամորը հիշելիս, որը ծագեցրեց արդարության Արեգակին երկրի վրա՝ դառնալով արդարության Արեգակի ճշմարիտ արելելքը. քանզի նրանից է փրկությունը, նրանից է կենդանությունը, նրանից է և Քրիստոսն ըստ մարմնի, որ օրհնյալ Աստված է հավիտյանս. ամեն: ....
Երբ Սրբուհին հրավիրվեց փոխվելու իր Որդու մոտ, [Հովհաննես] ավետարանիչը, գտնելով կիպարիսից տախտակ, որից կենսաբեր խաչն էր, մեծ թախանձանքով կերպաձևում է Տիրամոր պատկերը, որպեսզի նշխար մնա մեր կյանքի համար. ավետարանչի անձկալից սրտին հույժ բաղձալի էր դա: Քանզի մեր Փրկչի համբարձվելուց հետո նրանով էին աշակերտները մխիթարվում՝ սուրբ Կույսին տեսնելով որպես նրա Որդուն. նաև Պետրոսն ու Պողոսը բազում անգամ Երուսաղեմ էին գնում՝ սուրբ վայրերը տեսնելու և Իսկուհուն տեսակցելու:
Արդ, երբ աշակերտները համագումար միաբանությամբ ժողովվեցին՝ իրենց Աստվածամորը [Տիրոջ մոտ] ճանապարհելու համար, ըստ Տիրոջ խոսքի, թե՝ «Ուր մարմինն է, այնտեղ արծիվները կժողովվեն» [Ղուկ. 17.37], որոնք թեպետ և խաչելության ժամին ցրվեցին, բայց հարության ժամին համախմբվեցին. քանզի Տերն ասել էր. «Քանդեցե՛ք այս տաճարը, և Ես երեք օրում կշինեմ այն» [Հովհ. 2.19]: Այս մասին մարգարեն ասում է. «Տերը շինում է Երուսաղեմը և Իսրայելի ցրվածներին ժողովում» [Սաղմ. 146.2]: Այնուհետև Հովհաննեսը մյուս առաքյալների հետ որոշեց աղաչել իրենց Տիրամորը, որ փայտեղեն անոթն իր աստվածատիպ պատկերի վրա դնի, այն օրhնի և Տիրոջից խնդրի երկրին բարիք գործել իր փոխման ժամանակ, քանզի բորոտության ախտը մեծ ցասմամբ եռում էր երկրի վրա, իսկ Երուսաղեմում՝ առավել ևս: Երբ Պողոսը և Հովհաննեսը միաբան գնդով գնում են աղաչելու Տիրամորը, Պողոսն ամենօրհնյալ սուրբ Կույսին ասում է. «Աստծո Բանի անարա՛տ առագաստ, աղաչում ենք քեզ, վերցրո՛ւ Հովհաննեսի նկարած այս փայտեղեն պատկերը քո սուրբ ձեռքերի մեջ, օրհնի՛ր այն և տո՛ւր սա որպես աշխարհի կյանքի նշան. և աղաչի՛ր քո Որդուն և մեր Աստծուն՝ պատկերի միջոցով վերացնել բորոտությունը մարդկանց որդիներից, որոնք քո բարեխոսությանն են ապավինում»:

Ամենօրհնյալ սուրբ Կույսը պատասխանում և ասում է նրանց. «Եվ ինչո՞ւ եք ինձ՝ Տիրոջ աղախնին, ստիպում իմ անունով անել այն, ինչ արժան չէ ինձ: Դուք եք եղել մեր Արարիչ Քրիստոսի աշակերտները, ձեզ է շնորհել դևերին հալածելու, ախտերն ու հիվանդությունները բժշկելու, աներևույթ գազանին ընդոտնելու և աշխարհից կռապաշտությունը վերացնելու իշխանությունը: Ինչ որ դուք կամենում եք, խնդրե՛ք ձեր Տիրոջն ու Աստծուն, և կունենաք, քանզի եթե երկինքը փակելու իշխանությունն եք ստանձնել երկրի վրա և իշխաններ կարգվել տիեզերքի ոլորտներում, ձեզ Տերն Իր բարեկամներն է կոչել, և հրաշալի նշանները ձեզ համար են լինում, [ապա] ուր էլ որ ձեր ոտքերը հասնեն, ոչինչ ձեզ համար անհնար չի լինի: Այլ ինձ ձեր աղոթքներով [Տիրոջ մո՛տ] ճանապարհեք և, սիրով ու խաղաղությամբ միաբանվելով ինձ հետ, անխռով նավահանգի՛ստը հասցրեք»:

Պողոսն ասում է. «Սո՛ւրբ Կույս և Մա՛յր Աստծո, մենք անպիտան ծառաներն ենք աշխարհի Արարչի, Ով հաճեց քեզանից մարմնանալ. քո Որդուց և մեր Աստծուց արժանացած ենք այս առաքելական շնորհին, որ ունենք, իսկ դու մեր Տիրամայրն ես, և մենք՝ աշխարհի հրովարտակները. դու Երրորդության հարսն ես, և մենք՝ փողեր, որ հնչեցնում են անճառ այն Ծնունդը, որ քեզանից էր: Աղաչում ենք քեզ, մեզ համար նշա՛ն դարձրու այս պատկերը, ինչպես քո Միածին Որդին, որ Իր մահվան փայտը որպես անմահության գործիք, կյանքի գանձ և դևերի հալածիչ տվեց աշխարհին: Իսկ այժմ շնո՛րհ արա, որ սա բժիշկ լինի վիրավորվածներին և նշխար՝ հավատացյալներին. որպեսզի երբ նրանք, ովքեր փափագում են տեսնել քեզ, այս տեսնեն, նրանց խնդրվածքներն իրագործվեն»:
Այնժամ ամենօրհնյալ Սրբուհին, նկարված պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, իր աստվածընկալ ձեռքերը տարածեց դեպի երկինք և ասաց. «Տե՛ր Աստված ամենակալ, Հա՛յր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի, բարերար և բազումողորմ, որ աշխարհի կյանքի համար առաքեցիր Քո Միածին Որդուն՝ մարմնանալու Քո անարժան աղախնից, որ Իր մարմնով կատարեց օրենքի և մարգարեների գրածները և դարձյալ համբարձվեց Քեզ մոտ՝ Քո հայրենի փառքի մեջ, այժմ աղաչում եմ Քեզ և խնդրում Քեզանից. վերացրո՛ւ, Տե՛ր, բորոտության ախտը մարդկանց միջից այս նկարված փայտեղեն պատկերի միջոցով՝ Երրորդությանդ զորությունը սրա մեջ հաստատելով իմ այս աղաչանքի և խնդիրքի միջոցով. որ վերացրիր առաջին մարդու հանցանքը Քո Միածին Որդու՝ մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որ Իր մարմնով կատարեց առաքող Հորդ կամքը. և այժմ կատարի՛ր այս ընտրյալ այրերի խնդիրը, որ Քո խոսքով առաքվեցին ի փրկություն աշխարհի՝ ավետարանելու Սուրբ Երրորդությունդ, որպեսզի Քո երկրպագուները լինեն և փառաբանիչները Հոր և Որդու և Սուրբ Հոգուդ հավիտյանս. ամեն»:
Եվ երբ առաքյալներն ասացին «ամեն», նույն ժամին լուսեղեն կամար իջավ Սրբուհու վրա, և ամպեղեն լույս խաչանման կաթեց սուրբ պատկերի վրա: Եվ Սրբուհին պատկերն իր երեսին դրեց և այն թրջեց հորդառատ արտասուքներով, որ հեղում էր Տիրոջ առաջ: Եվ Պետրոս ու Պողոս առաքյալները Սրբուհու ձեռքից պատկերը վերցրին, և բոլորը երկրպագեցին:

Իսկ երբ անարատ Կույսն իր սուրբ հոգին Տիրոջ ձեռքն ավանդեց, հրեաների ամբոխի մեջ խռովություն մտավ. և երբ հարձակվեցին առաքյալների վրա՝ կամենալով հափշտակել Կույսի մարմինը, ամենքը կուրացան: Իսկ Սոփոնիա անունով մի մարդ բռնեց [մահճից], որն առաքյալները բարձրացրած տանում էին Գեթսեմանի կոչվող հանգստյան սուրբ վայրը, և Սոփոնիայի ձեռքերն, արմունկներից [պոկվելով], կախված մնացին մահճի կողքից. այրն, իրեն վայ տալով, մինչև գերեզման լալիս և աղաչում էր: Պետրոսն ասաց. «Ո՛վ մոլորյալ հրեաներ, մինչել ե՞րբ եք մոլորված մնալու և համառելու, ինչո՞ւ չեք զղջում ձեր անզեղջ սրտերում, մնում եք անհնազանդ, ինչպես ձեր հայրը՝ սատանան»: Եվ մեծ էր հրեաների լացուկոծը: Պողոսն ասաց. «Դեպի Տե՛րը դարձեք և խոստովանեցե՛ք սուրբ Կույս Աստվածածնին, և կգթա ձեզ»: Ողջ ամբոխն աղաղակեց և ասաց. «Խոստովանում ենք Հայր Աստծո Որդի Քրիստոսին, Ով անճառապես մարմին առավ սուրբ Կույսիցդ, Ում մենք անգիտությամբ խաչեցինք՝ Աստծուն հակառակ կարծելով, միայն թե գթա մեզ»: Եվ Պետրոսը, վերցնելով նրա ձեռքերի [մասերը], բերեց մոտեցրեց հատված ձեռքերին, և [դրանք] միանալով՝ առաջվա պես կենդանացան: Եվ խավարյալները լուսավորվեցին, և հրեաներն ու հեթանոսները մեծ-մեծ խմբերով մկրտվեցին. և քաղաքում եղած բորոտները գալիս էին առաքյալների մոտ, յուղով օծվում, սուրբ պատկերով տյառնագրվում և իսկույն բժշկվում ախտերից. և, Տիրուհու ննջման լուրը [լսելով], բոլոր ախտաժետները գալիս, անմիջապես առողջանում էին, մինչև որ լուրը լույսի ծագման պես տարածվեց ողջ Հրեաստանում:
Արդ, Բարդուղիմեոս առաքյալը՝ տասներկուսից մեկը, նրանց հետ չէր Կույսի [մոտ] համահավաքման ժամանակ, քանզի Տիրոջ կամքն էր, որ սա այսպես լիներ, քանի որ Թովմայի հետ Հնդկաստան էր գնացել: Եվ երբ հետո նա առաքյալների մոտ եկավ, ստիպեց նրանց, որ ցույց տան իրեն աստվածային գանձը՝ ամենօրհնյալ Կույսի մարմինը: Եվ նրանք, իրենց եղբոր փափագը կատարել հոժարելով, այնուհետել բացեցին սուրբ գերեզմանը և այն դատարկ գտան աստվածակիր մարմնից: Եվ հիանալով իմացան, թե [ննջումից] երեք օր հետո, երբ հրեշտակների օրհնությունն ու սաղմոսերգություններն ավարտվեցին, սուրբ մարմինը փոխադրվել է նույն հրեղեն դասերի միջոցով: Ապա Բարդուղիմեոսը հույժ վշտացավ, որ չհասցրեց տեսնել սուրբ Կույսին և չլսեց վերջին օրհնությունները, ինչպես մյուս առաքյալներն ու Տիրոջ աշակերտները, և ոչ էլ գերեզմանի մեջ գտավ. և նա ավելի ու ավելի էր տրտմում:
Երանելի առաքյալներն, այս տեսնելով և իրենց եղբորը մխիթարել կամենալով, տվեցին նրան փայտի վրա նկարված Տիրամոր պատկերը՝ հաստատված [Աստծո] զորությամբ: Բարդուղիմեոսն, այն վերցնելով, ուրախացավ և կենդանի [հոգի] համարելով էր նայում: Ապա Սուրբ Հոգու հրամանով մեծ փութով Հայք ուղևորվեց, որովհետև Թադեոս առաքյալը սպանվել էր Սանատրուկ արքայի կողմից հայոց Արտազ գավառում: Իսկ նա Հայաստան գալիս գնաց մոգերի և պարսիկների երկիրը և, հասնելով նրանց մայրաքաղաքը, որն այժմ նրանց լեզվով Խորասան է կոչվում, կրակարանի մեջ հրեղեն լույսի սյուն կանգնեցրեց և, սուրբ պատկերն արեգակի դեմ պահելով, կասեցրեց նրա ճառագայթները և վեց ժամ խավարեցրեց. և [ոչ ոք] չ՚հավատաց, բացի այն ութ մոգերից, ովքեր երկրպագեցին Փրկչին և եկան մկրտվեցին առաքյալի կողմից, որը նրանց ամբարիշտների միջից հանեց և իր հետ Հայք բերեց: Եվ եկան Անձավացյաց աշխարհը՝ մի քարի համբավի մասին լսելով, քանզի բազում դևեր էին բնակվում այնտեղ և խաբում տեղի մարդկանց՝ այնտեղից ախտական դեղեր տալով նրանց՝ ախտերի պղծություններ կատարելու համար. կռանաձայն դարբինների ահավոր հրաշքներով արհավիրքներ էին գործում, որոնց [այդ] աշխարհի մարդիկ սովորած լինելով՝ այնտեղ դեգերում էին քուրայի շուրջը՝ չաստվածներից պատրող ախտերի թարախածոր ծրարներ վերցնելով, ինչպես Կիպրիանոսի ծրարները՝ Հուստինե կույսին պատրելու համար, և այն տեղի անունը կոչում էին Դարբնաց քար: Աստծո սուրբ առաքյալն, այնտեղ հասնելով, հալածեց չարի գործակից դարբիններին և փշրեց կուռքերը, որոնք Անահիտի անունով էին: Եվ այս պատճառով դևերի բազմությունը, հյուսիսային կողմի վրա [գտնվող] բարձր լեռան վրա ժողովվելով, անթիվ բազմությամբ քարեր նետելով, սաստիկ ձայներ, ճիչեր և գոչյուն էր արձակում: Իսկ սուրբ առաքյալը մի փոքրիկ խաչ տյառնագրեց և կանգնեցրեց քարե լեռան վրա, և դևերն իսկույն չքացան: Հետագայում սուրբ հայրապետ Գրիգորիոսն այդ առաքելական խաչը շրջեցնում էր իր հետ մինչև իր այս աշխարհը թողնելը: Իսկ որոշ ժամանակ անց [այն] դրվեց հայոց Տրդատ թագավորի գերեզմանին: Եվ այն տեղը, որտեղ դևեր կային, [գտնվում է] վեմերի լեռնամիջում, Տիգրիս անունով մեծ գետի ափին, այն ամուր բերդի, որ կոչվում է Կանգուար, և Ագռավաց քար անունով մյուս [բերդի] մոտ, որտեղից՝ ամրոցի լեռներից, բազում ջրեր, գարնանը հոսելով, գալիս անցնում են Տիրուհու տաճարի հիմքի մոտով և խառնվելով օժանդակում մեծ Տիգրիս գետին: Այնտեղ սուրբ առաքյալն, իր իսկ ձեռքով դնելով Սրբուհու տաճարի հիմքը, շինեց մի փոքրիկ եկեղեցի, այն Սուրբ Աստվածածին անվանեց, նրա մեջ դրեց Տիրուհու պատկերը և այն տվեց սուրբ կանանց. և այնտեղ գլխավոր նշանակեց Հուսիկի քրոջը և Որմզդատի ու Մաքովտրի քրոջը. և այլ կանանց էլ նրանց ձեռքի տակ է դնում. և վանքի խուցերն է շինում, [կանանց] հրամայում տեսուչ լինել հավատացյալներին, այնտեղ քահանա կարգում իր աշակերտներից մեկին և տեղն անվանում Հոգյաց վանք՝ Տիրամոր և սուրբ Կույսի անունով, որովհետև Աստված բազում սքանչելիքներ էր այնտեղ կատարում սուրբ Կույսի միջոցով:
Եվ ինքը՝ սուրբ առաքյալը, ուղևորվեց Հայքում ավետարանելու և նահատակվեց Ուրբանոս քաղաքում՝ առաքյալի անվամբ Բարմա կոչվող վայրում: Իսկ Հուսիկի քույրը՝ Մարիամ անունով, անցավ գետի մյուս ափը, մի շատ փոքր քարաժայռի ստորոտում իր խուցը շինեց և առանձնանալով վախճանվեց: Եվ նույն տեղում տեղի տեսուչներ կարգեց քույր Աննային, Մարթային և Որմզդատի ու Մաքովտրի քրոջը: Իսկ Աննան իր խուցը շինեց ձորի մյուս կողմում, որ Դարբնաքար են կոչում. այնտեղ առանձնանալով՝ վախճանվեց՝ տեղի տեսչությունը Մարթային տալով: Եվ Աստված բազում նշաններ և սքանչելիքներ էր կատարում սուրբ կանանց ձեռքով, ուր սուրբ Գրիգորը հետագայում գալով վանք հաստատեց, եկեղեցիներ շինեց, բայց Սրբուհու տաճարը չքանդեց, քանզի առաքելական ձեռքի գործ էր՝ թողնելով այն ի փառս և ի պատիվ Ամենասուրբ Երրորդության. և մինչև այսօր էլ կա, որտեղ բազում բժշկություններ և ոչ սակավ ուրախություններ են լինում: Եվ լուսավորում է բոլոր ախտահարներին, որ հավատքով ու հույսով գալիս են այնտեղ՝ դիմելով Միածին Բանի ծնողի բարեխոսությանը՝ իրենից ծնված իր Տիրոջ և բոլորի Աստծո առաջ: Լիանում են պարգևներով և Սուրբ Հոգու ողորմությամբ՝ փառավորելով Ամենասուրբ Երրորդությանն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:


Աղբյուր՝ Սուրբ Մովսես Խորենացի, Աստվածաբանական երկեր.
Երևան, 2001, էջ 5-6, 12-18
(փոխադրությունը գրաբարից՝ Գուրգեն Գասպարյանի)

 
sacredtradition.am