ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)
«Մենք չգիտենք, թե ինչպես է պետք աղոթել. բայց Հոգին Ինքը մեզ համար բարեխոս է լինում անմռունչ հառաչանքով» [Հռոմ. 8.26]. այսինքն՝ ոչ թե մեր ձայներն ու աղաղակներն են հայտնում Նրան մեր հոգու իղձերը, այլ՝ իմացական թախանձանքները: Քանզի երբ հոգուդ՝ զգայարաններից ստացած ազդեցությունները ամփոփելով քո ներսում՝ անմռունչ հեծեծում ես, թեև չգիտես՝ արդյոք դա կհասնի՞ Աստծուն, սակայն [Սուրբ] Հոգու շնորհը, որ քո մեջ է, տեսնում է հոգուդ փղձկումը և հայտնելով այդ մասին ու նյութը քեզնից վերցնելով՝ Ինքն է մտնում այնտեղ, ուր չկարողացար դու բարձրանալ, և բարեխոսում է քեզ համար, քանզի հեզ է ու մարդասեր: ....
[Պատարագի ժամանակ աղոթելիս] ջանում ենք խոսքերի միջոցով մեր հոգում ճանապարհ բանալ իղձերի ու փափագման, հառաչման ու արցունքների համար, որպեսզի չլինի թե միայն լեզվով գտնվենք աղոթքի մեջ, իսկ մտքով անպտուղ մնանք նրանից, այլ մտքի տեսության առջև քննելով [աղոթքի] վայելչությունը՝ միգուցե ցանկանանք այն ձեռք բերել մտքի մաքրությամբ, հառաչանքով ու արտասուքով: Եվ քանի դեռ առատորեն չենք ստացել այս ամենը, չպետք է հավատանք, թե ձեռք ենք բերել [աղոթքի պտուղը]: Քանզի, ինչպես որ ծարավ ու քաղցած մարդը, վաճառականի մոտ մտնելով և զանազան ուտելիքներ ու ըմպելիքներ տեսնելով, դրանից ոչինչ չի շահում, այնպես էլ մենք, Աստծո եկեղեցում միայն արտաքուստ ընթերցելով ու լսելով Աստվածաշունչ գրքերը, քաղցած ենք մնում: Մինչդեռ տևաբար ձգտելով քննել դրանց [իմաստները]՝ ցանկանում ենք [վայելել] նրանց գեղեցկությունը և այդ ցանկությունից դրդված՝ առաջացնում ենք իղձեր և արտասուք, որոնք մեզնից ընդունելով՝ [Սուրբ] Հոգին կերակուր և ըմպելիք է տալիս մեր հոգուն՝ իբրև մշտնջենավոր ուրախություն ի փառս Աստծո, որ օրհնյալ է հավիտյանս հավիտենից. ամեն: ....
«Տե՛ր, ողորմյա՛». առ Աստված ուղղված այս կարճ խոսքը պարունակում է [աղոթողի] կամքի բոլոր թախանձանքները. քանզի երբ Աստված ողորմում է, ամեն ինչ առատորեն տալիս է նրանց, ում ողորմում է, որովհետև [ամենա]կարող է: Բայց [այս առիթով] կամենում եմ փոքր-ինչ սահմանել ողորմածության իմաստը, որպեսզի պարզաբանվի եկեղեցում մշտապես աղաղակվող այս խոսքի [էությունը]: [Տիրոջ] ողորմությունը հայցել [նշանակում է խնդրել, որ Նրա] բժշկական զորությամբ մեր թշվառության մեջ մերձենանք Աստծուն, և սիրով ստիպել, որ, ըստ մեր հայցվածքների, [Նա Իր] կամքի կարեկցությունը միախառնի մեր թշվառության կարիքներին՝ կամովին լծակից լինելով [մեր] տրտմության ծանրությանը, որով վտանգված ենք հարկադրաբար: .... Մենք թախանձում ենք Տիրոջից այսպիսի թախանձանք ունենալ մեր ամեն մի հայցվածքի նկատմամբ, երբ ասում ենք. «Տե՛ր, ողորմյա՛»: Քանզի թեև հեռու ես մեզնից և բնությամբ օտար՝ մեր թշվառ կրքերին, սակայն անճառաբար տեսնում և մշտապես քննում ես [մեր] տկար ու վշտալից ողորմելիությունը, որ կարոտ է Քո օգնությանը: Արդ, աղաչում ենք, գթառատ կամքդ խառնի՛ր մեր նեղություններին ու ողորմությամբ կարեկցի՛ր [մեզ]՝ ըստ ամեն մի հայցվածքի, և, իբրև Ամենակարող, այցելի՛ր մեզ՝ Քո բազումողորմությամբ կատարելով մեր խնդրվածքները: ....
Անզննելին զննելի բնություն ընդունեց կուսական արյան միջոցով և այդպես անճառելի միությամբ խառնվեց [մարդկային] մարմնի հետ: .... Քրիստոս ոչ թե կամովին բնակվեց Իր մարմնի մեջ, այլ բնությամբ խառնվեց [նրա հետ]: .... Նախքան մարմնանալը .... ինչպես Հայրը, այնպես էլ Նա կամովին, մեր փրկության համար հաճեց մարմնանալ. իսկ երբ մարմնացավ, ոչ թե [սոսկ] կամովին մարմնի մեջ բնակվեց, այլ բնությամբ խառնվեց նրա հետ: ....
Նրա [այս] սքանչելի հնարագործությունը, հիրավի, աստվածային ճարտարապետություն է՝ բոլոր հնարներից գերազանց և միայն Աստծուն վայել գործ, քանզի մեծագին իմաստությունը վար իջեցնելով՝ Նա երկիրը երկինք դարձրեց .... և մեր մարմինն աստվածացրեց: Արդ, երբ երկրային տարրը մեր մեջ աստվածացավ, երկիրը դարձավ երկինք, և երկրավորներս՝ երկնավորներ, որովհետև ուր Թագավորն է, այնտեղ է և թագավորությունը: Քանզի երկինքը ոչ թե այն պատճառով է երկինք և փառավոր, որովհետև անոսր է, այլ այն իսկապես Արարչի հանգստյան վայրն է. և նույն էությունը նաև երկրում գոյացավ՝ երկինք լինելով նրա մեջ:
Աղբյուր՝ «Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ՝ Տարսոնի եպիսկոպոսի Խորհրդածութիւնք ի կարգս Եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ պատարագին».
Վենետիկ, 1847, էջ 256, 259-260, 271-272, 365
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)