ՍՈՂՈՄՈՆԻ ԱՌԱԿՆԵՐԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատվածներ)
Իմաստությունը խորհուրդների ընտրությունն է և ճշմարտության զատումը ստից, ինչն առաջ է գալիս խոհեմությունից: Իսկ բուն և կատարյալ իմաստությունը մտքով հպվելն է Աստծուն ու իմացական [բաներին] և դրանց մասին խոկալով՝ [սրտի] տենչը բորբոքելը [դեպի երկինք] և այդ [հոգևոր] հայեցողությամբ բնական զգայարանների հեշտությունն ատելը: Այս իմացությունն են մեզ տալիս մարգարեների և առաքյալների գրքերը: Սրանից զրկված էին հույները: Այս իմացումն է, որ զվարթացնում է հույսով, և հույսը չի ամաչեցնում, քանզի նրա կատարումը անմահությունն է և հավիտենական խնդությունը՝ այս անցավոր կյանքից փոխադրվելով: Այս իմացումը Քրիստոս հավատ է անվանում, և Հովհաննես Աստվածաբանը՝ լույս: ....
Թեպետ Աստծուն ծառայելը այլևայլ բարի գործեր անելն է, սակայն գլխավորապես դա աղոթքն է, որովհետև աղոթքով են սպասավորում Աստծուն: .... Եվ սա է գլուխը բոլոր բարիքների՝ կանգնել [Աստծո] առջև և խոսակցել Նրա հետ: Այսպիսի առաքինությունը մեզ մղում է իմանալի հոգով հայել Աստծուն և Նրանից հայցել ճշմարիտ բարիքների պարգևները: .... Եվ սա է սկիզբը զգոնության, որը [մտքի] հանդարտությունն է՝ [ծնված] բանականության դաստիարակությունից, և այն սկզբնավորվում է ճշմարտապես աղոթող հոգում: Քանզի վեճն ու հակառակությունը, չար նախանձը և սրտնեղությունը զրկում են միտքը աղոթքի լույսից, ուստի [այն], անհրաժեշտաբար զգոնանալով, նման բաները վանում է իրենից, որպեսզի չխավարի [աղոթքի] այն վայելչագույն հայեցողության [նկատմամբ]: ....
Դևերն ամեն կերպ հետապնդում են արդարներին՝ մարտնչելով ու չափից դուրս կռվելով նրանց դեմ: Արդ, համբերելով այս ամենին և պարսպված մնալով չար խորհուրդների հարձակման դեմ, միտքն ավելի է լուսավորվում արդարության մեջ և բոլոր բարիքների ճանապարհներում: Քանզի [մեր] ախոյանի զենքերն են կրքերը գրգռող անօրինությունները և եղբայրների հանդեպ չարությունը, նախանձն ու բարկությունը, որոնց դեմ ժուժկալությամբ մրցելով՝ առավել զորանում ենք ողջախոհության, հեզության, անբարկության և բոլոր բարի ընթացքների մեջ: Եվ այս պատճառով Աստված թույլ տվեց սատանային մրցել մեր դեմ, այսպես Հոբն ավելի պայծառացավ փորձությունների մեջ, քան՝ բարեկեցության: ....
Երանի՜ նրան, ով, թողնելով երկրավոր զբաղմունքները, տքնելով մտքի անընդհատ խոկմամբ, անթարթ նայում է, թե ինչ կա երկնքից ավելի վեր, և զգալիի միջոցով հավատում է իմանալիին: .... Եվ այս խոկման մեջ իր զգայարանները պահում է աշխարհի ցնորքներից ու հեշտություններից [և] անզեղջ խնդությամբ զվարթանում այդ հավատով: ....
Ով իմաստուն [և] արթուն միտք ունի, նա զարհուրում է Աստծո արդար դատաստանի սպառնալիքից՝ հավատալով, որ չարիք գործելիս կպատժվի, ուստի և զգաստությամբ խոտորվում է [մեղքից]: Մինչդեռ անզգամը, տեսանելի բաներին ապավինելով, խառնակվում է սատանայի չար խորհուրդների և նրանով լցված մարդկանց հետ՝ արհամարհելով Աստծո դատաստանի վրեժխնդրությունը:
Աղբյուր՝ «Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյն Մեկնութիւն Առակաց».
ՄՄ ձեռ. 1141, էջ 4բ, 7ա-7բ, 15բ-16ա, 51բ, 79բ-80ա
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)