ԹՈՒՂԹ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
(հատվածներ)
Քահանաների դասին
Քահանաներից ոչ ոք թող հենց այնպես և առանց մեծ զգուշության չկատարի սուրբ մկրտությունը՝ այն աշխարհիկ մի գործ համարելով, և թող աստվածային խոսքերին ծիծաղելի ու ծաղրական խոսքեր չխառնի, ինչպես որոշ տգետ ու աներկյուղ մարդիկ են անում. որպեսզի դա նրանց համար պատճառ չլինի դատապարտության, իսկ անմեղ նորադարձների համար՝ Սուրբ Հոգու շնորհները ոչ լիարժեք ընդունելու: Այլ սուրբ պատարագի պես երկյուղածությա՛մբ կատարեցեք սուրբ մկրտության խորհուրդը, աստվածաշնչյան ընթերցումներն ու ողջ կարգը: Եվ եթե այսպես անեք, հավատացեք, որ ինչպես Սուրբ Հոգին Հորդանանում իջավ Իր Փառակցի վրա, այնպես էլ կիջնի ուղղափառ հավատով բոլոր մկրտվողների վրա, որոնց և Հայր Աստված շնորհով որդեգրության է հրավիրում՝ [լինելու] բնությամբ [Իր] Որդու նման: Իսկ դուք Սուրբ Հոգու աստվածարար շնորհի արբանյակներն ու սպասավորներն եք լինում, մանավանդ՝ Աստծո որդիների մանկաբարձներ՝ ձեր ձեռքով իրագործելով [նրանց ծնունդը] և ընդունելով իրենց մոր՝ ավազանի ծոցից:
Երկրագործներին և համայն ժողովրդին
Աղաչում ենք ձեզ. մարմնի անցավոր կյանքի հեշտությամբ մի՛ կորցրեք հոգու հավիտենական երանությունը, որ վայելում են սրբերը երկնքի արքայությունում: Եվ քանի որ Աստծո տաճար եք՝ ըստ առաքյալի խոսքի [տե՛ս Ա Կոր. 3.16], և Աստծո Հոգին ավազանի մկրտությամբ բնակվում է ձեր մեջ, պղծալից պոռնկությամբ ու շնությամբ մի՛ ապականեք Աստծո տաճարը՝ ձեր հոգին, որպեսզի Աստված էլ դատաստանի օրը ձեզ չապականի գեհենի հրով, ինչպես գրում է Պողոսը [տե՛ս Ա Կոր. 3.17]:
Եվ մի՛ հարբեք գինով, որի մեջ զեխություն ու հիմարություն կա, որ մայրն է պոռնկության և ամենայն պղծության, վեճերի ու անարգալից աղտոտ խոսքերի, ինչից նաև սպանություններ են լինում. որպեսզի սպանողների ու չարագործների հետ, ըստ առաքյալի խոսքի, դուրս չմնաք Աստծո արքայության ժառանգությունից [տե՛ս Ա Կոր. 6.9-10]:
Եվ եթե ձեզնից որևէ մեկը մեղանչի Աստծո դեմ այս կամ այլ հանցանքով, թող մինչև իր վախճանը շարունակ չմնա նույն աղտեղի սովորության մեջ, այլ խոստովանության ու ապաշխարության միջոցով քավի իր հանցանքները և այնուհետև չարիքի փոխարեն բարիք գործի: ....
Եվ առհասարակ բոլոր հավատացյալներին այս ենք պատվիրում. ձեր մանուկներին Աստծո երկյուղո՛վ սնուցեք՝ խրատելով նրանց մանուկ հասակից լինել աստվածասեր, ողորմած, աղոթասեր. նրանց աղոթքնե՛ր ուսուցանեք և սաստեցե՛ք, որ չսովորեն աղտեղի խոսքեր ու հայհոյանքներ, քանզի մանուկ հասակում արված ծնողների խրատն առավել անջնջելի է տպավորվում մանուկների հիշողության մեջ, ինչի դիմաց բարիքների վարձը կընդունեք Տիրոջից:
Կանանց դասին
Պատվիրում եմ նաև կանանց ամեն ինչում պարկեշտ և բարեձև լինել, ինչպես վայել է քրիստոնյաներին, և ոսկով ու արծաթով [զարդարվելուց] առավել ամոթխածությամբ և պատկառանքով զարդարել սեփական անձերը:
Եվ ոչ ոք թող իր դեմքը չգունավորի օտար ներկերով՝ անմիտ երիտասարդներին մեղքի գայթակղություն պատճառելով, որպեսզի իր և իրեն ցանկացողի հոգին չգցի անօրինության գուբը:
Թող ոչ ոք չնմանվի օձին՝ անօրինության գործիք դառնալով սատանայի համար, որին նաև կավատ են կոչում. քանզի ինչպես որ [օձը] Եվային խաբեությամբ տվեց մահվան պտուղը, այնպես էլ [սատանան] անխոհեմ կանանց ու այրերին ճաշակել է տալիս մահաբեր մեղքի պտուղը, որը սկզբում անմիտներին քաղցր է թվում, իսկ վերջում լեղուց էլ դառն է [լինում]: Այդպիսի մարդը Աստծո կողմից կժառանգի օձին [տրված] անեծքը, քանզի նրա իսկ գործը կատարեց:
Աղբյուր՝ Ներսես Շնորհալի, «Թուղթ ընդհանրական», աշխ.՝ Է. Մ. Բաղդասարյանի.
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 1995, էջ 130-131, 158-160, 161
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)