ՍՐԲԵՐԻ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատված)
[Սրբապատկերների մասին]
Կուռքերի պաշտամունքը հայտնապես [և] իսկույն չմտավ աշխարհ, այլ, ինչպես և գրված է, տարաժամ սգից թախծելով՝ հայրը ստեղծեց իր վաղամեռիկ որդու պատկերը. Նախկին թագավորներից ոմանք էլ, գերվելով փառամոլության կրքով, իրենց արձաններն էին կանգնեցնում քաղաքի բարձր սյուների վրա և նշանավոր տեղերում՝ հրամայելով [դրանք] պատվել ներբողներով, երբեմն էլ՝ խունկ մատուցելով ու սաղարթախիտ [պսակներ] դնելով: Եվ այսպիսի անպատեհ ու անկարգ սովորությունից մարդիկ եկան դևերի և դյուցազուն կոչվածների պաշտամունքին, որին հայելով՝ Աստված [Իր] անճառելի և անհաս իմաստությամբ Մովսեսի միջոցով Իսրայելի տանը պատվեր տվեց՝ բնավ որևէ մեկի պատկերը չդնել իրենց քաղաքներում կամ նկարել տների պատերին [Բ Օր. 4.16], թեև այլ՝ խորին խորհրդով հրամայեց երկու ոսկե քերովբեներ պատրաստել և կանգնեցնել [ուխտի] տապանակի մոտ [Ել. 37.7-9]: ….
Բայց մենք պատվում ենք սրբերի պատկերները՝ ըստ [նրանց] սրբության չափի և հանուն [այդ սրբության] պատճառի՝ իբրև գովեստ Աստծուն և ի հիշատակ նրանց առաքինության, բայց ոչ՝ մտքով դուրս գալով [այս] սահմանից: Իսկ Տիրոջ կողմից բարեպաշտ Աբգարին տրված Իր ամենասուրբ և աստվածային անպարագրելի [Անձի] պատկերին երկրպագում ենք իբրև Իրեն իսկ՝ մարմնացյալ Բանին: Եվ եկեղեցիներում մարդկանց կողմից նկարված նույն [պատկերները] տեսնելով ու երկրպագելով՝ մենք Քրիստոսի առջև ենք ընկնում և աղաչում [մեր] փրկության համար Նրան, Ով [Իր] ծառաների համար ծառայի չափ և նմանություն ստացավ՝ [Իր] անչափելի խոնարհությամբ [մեզ] արժանացնելով [դրան]: Իսկ սուրբ Աստվածածին Կույսի՝ մեզ տրված ամենաշնորհ պատկերը, ինչպես ասվում է այն ուժգին խնդրող երանելի առաքյալների [պատմության մեջ], բոլոր սրբերից առավել ենք համարում և երկրպագում իբրև Տիրոջ մոր նմանությանը՝ աղաչելով մեզ համար բարեխոս լինել Նրան, Ով մարմնացավ իրենից:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 409-410
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)