ՄԵՐ ՏԻՐՈՋ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը մկրտության տոնից 12 օր առաջ տոնելը չեն սահմանել սուրբ առաքյալները և ոչ էլ՝ նրանց հաջորդները, ինչը հայտնի է սուրբ առաքյալների կանոններից: Քանզի կանոնների վեցերորդ գլխում գրված է, թե առաքյալները կարգեցին ու հաստատեցին, որ մեր Տիրոջ և Փրկչի Ծննդյան և Հայտնության տոնը պետք է լինի Եկեղեցու տոների գլուխն ու առաջնորդը, որ տիբեթ ամսի 21-ն է՝ հունվարի 6-ը՝ ըստ հռոմեացիների [օրացույցի]: ....
Պետք է ծննդյան հետ նաև մկրտությունը տոնելու պատճառը հայտնել, որպեսզի դուք էլ շտապեք կատարել այդ. քանզի Քրիստոսի լուսավոր ծննդյան և մեր՝ սուրբ ավազանի միջոցով մեղսաքավիչ ծնունդը միևնույն փրկական օրը կատարվեցին. որովհետև միևնույն օրը [Տերը] հանձն առավ մկրտվել՝ դեպի մեզ խոնարհվելու համար: Քանզի ոչ թե Ինքն էր սրբվելու կարոտ, այլ կամեցավ մե՛զ սրբել մեղքերի պղծությունից, ինչի մասին բարձրաձայն աղաղակում է՝ ասելով. «Եթե որևէ մեկը չծնվի ջրից և Հոգուց, չի կարող մտնել Աստծո արքայությունը» [Հովհ. 3.5]. որպեսզի Քրիստոսի սուրբ ծննդյան օրը [մենք էլ] նույն օրինակով Իր հետ ծնված և Իր պես մկրտված լինենք:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 211-212
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)