русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ՀԱՏՎԱԾՆԵՐ ՃԱՌԵՐԻՑ



[Պահքի մասին]
Պահք է կոչվում ոչ միայն կերակուրներից, այլև ամենայն մեղքից հեռու մնալը, քանզի պահք է նաև լռելը և անհարկի չխոսելը՝ առանց որևէ հարց լսելու: Պահք է անընչությունն ու աղքատությունը և ավելորդ բաների մասին չհոգալը, այլ [միայն] օրվա համար անհրաժեշտը որոնելը և այն Աստծուց խնդրելը: Պահք է խոնարհաբար մի տեղում նստելը և ոչ թե ամենուր անառակությամբ ու շահախնդրությամբ շրջելը: ....
Պահք է նաև աչքերը փակելը արատավոր տեսարանի, ականջները՝ ձայնի և սիրտը՝ պիղծ խորհուրդների առջև: Պահք է համարվում պատիվ և իշխանություն չհավաքելը, չբարկանալն ու չաղաղակելը, չնախանձելը, վրեժ չփնտրելը և չջանալը սեփական անձն արդարացնել ընկերոջ առջև: Պահք է ագահ ու մարդահաճ չլինելը և հագուստներով չպարծենալը: Պահք է խոնարհությունն ու հնազանդությունը և մաքուր սրտով բոլորին սիրելը: Պահք է նաև այն, երբ քնի բնական կարիքը բավարարելուց հետո այլևս քնելու ցանկություն չեն ունենում, այլ [բավարարվում են] միայն առաջին [քնով], որից հետո վեր կենալով՝ աշխատում են կամ աղոթում:
Արդ, այս ամենը ճշմարիտ պահք է և ավելին, քան կերակուրների պակասեցումը: Այս և նման բաները պետք է կասեցնել պահոց շրջանում, և այդժամ ընդունելի կլինի նաև կերակուրների կրճատումը:


[Աղոթքի մասին]
Աղոթողին պետք չեն շատախոս հորինվածքներ. մաքսավորը մեկ խոսք արտաբերեց, և նրա աղոթքն ընդունելի եղավ, ինչը թեթևացրեց [նրա] մեղքերի ծանրագույն բեռները [տե՛ս Ղուկ. 18.10-14]. իսկ Մովսեսը անխոս բերանով իսկ աղաղակեց և ծովը մինչև հատակը բաժանեց [տե՛ս Ել. 14.21]: Դու էլ, եթե ամբողջ սրտով աղաչես, [քո] մեղքերի ծովը անձամբ կցամաքեցնես ու կդադարեցնես [Աստծո] բարկության ալիքները: Աստծուց [խնդրածը] չեք ստանում կա՛մ ամբողջ սրտով չաղաչելու, կա՛մ էլ վնասակար բան խնդրելու պատճառով: Իսկ եթե անդադար աղոթքով հոգու համար օգտակարը խնդրեք, անհնար է չստանալ Աստծուց: Եղիայի աղոթքը փակեց երկինքն ու [կրկին] բացեց այն [տե՛ս Գ Թագ. 18]. Դավթի աղոթքը կասեցրեց հրեշտակի սուրը [տե՛ս Բ Թագ. 24.16-26]. Հովնանի աղոթքը նրան կենդանի դուրս հանեց կետի փորից [տե՛ս Հովն. 2.2-12]. քանանացու աղոթքը իր դստեր միջից հալածեց դևին [տե՛ս Մատթ. 15.22-28]: ....
Ահա այս ամենը ընդունելի աղոթքի օրինակներ են: Եթե կամենում ես, կարող ես այդպես [աղոթել] և դուրս գալ մեղքերի բանտից ու արձակվել սատանայական կապանքներից: Միայն թե արտասվալից պաղատի՛ր Աստծուն և դու կթեթևանաս ամբարիշտ կրքերից, կառողջանաս անօրինության ցավերից ու կբժշկվես հանցանքների հիվանդությունից: Միայն թե ողջ սրտո՛վ աղոթիր Աստծուն և զերծ կմնաս սատանայի որոգայթներից, կփրկվես չարաժանիք վիշապից ու ողջանդամ կազատվես թունավոր թշմանուց: Միայն թե անդադար աղոթքո՛վ հայցիր Աստծուց, և այն կլուսավորի մոլորության խավարը և կչորացնի պիղծ մեղքերի աղտեղությունն ու ցանկության տիղմը: ....
Սատանան, գիտենալով, որ աղոթքն այսքան մեծ զորություններ ու անբավ բարիքներ է գործում, մերձենալով աղոթել կամեցողին, նախ և առաջ մահճի մեջ է պատերազմում նրա դեմ՝ հեշտացնելով անկողինն ու քաղցրացնելով քունը, մարմինը ծանրացնելով, դրդելով այս ու այն կողմ շրջվել, հորանջմամբ ձգվել ու քորվել: Եվ [երբ], դժվարությամբ արթնանալով, մարդը մի կերպ գնում մտնում է եկեղեցի և կանգնում Աստծո առջև, սատանան այստեղ էլ [աղոթողի] միտքն է վարագուրում՝ [թույլ չտալով] ո՛չ հիշել սեփական հանցանքների բազմությունը, ո՛չ գիտակցել, որ կանգնած է Աստծո առաջ, ո՛չ լսել օրհնությունները, ո՛չ փառաբանությունները հասկանալ և ոչ էլ՝ որ սրտի մեջ մտնի ընթերցվածքների վարդապետությունը: Նա չի հեծում ու հառաչում անօրեն մեղքերի համար, չի լալիս ու ողբում իր վիրավոր հոգու համար, չի աղաչում և աղերսում Աստծուց, արտասվալից պաղատանքներով չի հաշտեցնում Տիրոջը, քանզի չի խոստովանում իր բազում չարիքները և չի հայտնում ծածուկ անօրինությունները, որպեսզի փրկվի սոսկալի տանջանքներից ու անլույս խավարից: ....
Արդ, սթափվի՛ր ու դե՛ն գցիր մտքիդ կեղծավոր խաբեությունն ու հնարքները, հետո՛ միայն մտիր [եկեղեցի՝] Աստծո առաջ, և ունկնդրիր [աղոթքը]: Երբ մահապարտները մտնում են թագավորի մոտ, չեն սեթևեթում, այլ աղաչում են ու պաղատում. երբ վիրավորները հիվանդանոց են մտնում, կարիք չունեն այլևայլ խորհուրդների, այլ միայն՝ վերքի դեղը գտնելու և ցավը բժշկելու: Այդպես էլ մեղքով վիրավորվածին և անօրինություններով տկարացածին պետք չեն պաճուճանքներ ու պիղծ խորհուրդներ, երբ նա եկեղեցի է մտնում, ոչ էլ [պետք է] օծվել ու մազերը հյուսել Աստծուն աղոթելիս, այլ՝ նեղել մարմինն ու մաքրել խորհուրդը, անշուք տեսքով, փշրված սրտով, խոնարհ հոգով կանգնել Աստծո առաջ և բազում պաղատանքներով ողբալ ու լալ դառնորեն, անդադար հեծությամբ աղաչել ու թախանձել, կուրծք ծեծել և ձեռքերը տարածել, արցունք հեղել, նեղված սրտով խոստովանել չարիքները և անհամարձակ լեզվով ու ամոթալից երեսով, ողբալի ձայնով ու խանդաղատալի խոսքերով հաշտեցնել Աստծուն և մեղքերի թողություն ստանալ: Այսպիսին են աղոթքներն ու խնդրվածքները, որոնց վրա խոնարհվում է Տերը և լսում՝ [թողություն] շնորհելով հանցանքներին և քավելով անօրինությունները, որով մենք սրբվում ենք չար կրքերի պղծությունից ու սատանայական խորհուրդներից՝ ընդունելով արքայությունը և անմահ կյանքի երանությունը: Այնինչ, այս ամենը հիշելով [հանդերձ], մեծ արհամարհանքով ենք մտնում Աստծո մոտ և լինում սատանայի հետ, որը խռովեցնում է միտքը զանազան խոհերով և մեր խորհուրդները ցրելով թափառեցնում է աշխարհի հոգսերի ու զվարճանքների մեջ. և վրիպելով աղոթքի օգնության շահից՝ մենք գրավվում ենք չարի չար խորհուրդներով:
Արդ, ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող ենք փրկվել մեր անթիվ չար գործերից ու սատանայի բազում հնարքներից, որը ոչ միայն դառնապես չարչարում է ու սպանում, այլև հնար է գտնում սուրբ աղոթքի քաղցրությունն իսկ դժնդակ լեղու դառնության վերածելու: Չենք կարող ոչ մի կերպ զերծ մնալ չար իժից և դառը քարբից, եթե հանապազ չնախապատրաստվենք սատանայի մեքենայությունների դեմ ու չզգուշանանք նրա անտեսանելի նետերից:
Եթե միշտ երկյուղով մտորենք մեր վախճանի օրվա փորձանքի մասին, .... երբ հոգուն անտանելի տագնապով մարմնից դուրս գալ է սպասում, .... եթե մշտապես հիշենք սոսկալի մեծ ատյանի արհավիրքներն ու դատաստանի ահավոր օրը և հարաժամ հոգանք այն ամոթի համար, որ ունենալու ենք տիեզերական հրապարակի առջև, .... կարող ենք զերծ մնալ սատանայի որոգայթներից, երկյուղով կանգնել Աստծո առջև ու մաքուր աղոթքներ մատուցել, դառնորեն սգալ ու լալ [մեղքերի համար] և քաղցրացնել Դատավորի դեմքը, խոնարհեցնել [Նրան] ողորմության ու գթության և մեղքերի թողություն ու հանցանքների քավություն ստանալ՝ ժառանգելով լուսեղեն խորաններն ու բաղձալի դրախտի երանությունը, հավիտենական ուրախության հեշտությունները, անմահ կյանքի ցանկություններն ու անբավ բարիքների վայելչությունները Հոր և Որդու և Սուրբ Հոգու հետ:


[Ողորմության մասին]
«Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրու նրան, և քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր: .... Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ. մինչև դու խոսես, Նա պիտի ասի. «Ահա հասել եմ»» [Ես. 58.7, 9]:
Ողորմությունն այսպես արագաթև ելնում է Աստծո մոտ և անմիջապես խոնարհեցնում [Նրան]՝ օգնելու ողորմած մարդուն: Եվ ոչ միայն այստեղ է Աստված օգնում ու փրկում ողորմածին, այլև, երբ ավարտվի այս [կյանքը], և դեպի հանդերձյալը փոխադրվենք, բազմապատիկ առատությամբ ողորմածին կվերադարձնի նրա ողորմությունները: Որովհետև Տերն Ինքն է ասում, թե՝ աղքատներին տրված ողորմության համար Ես եմ պարտական, և նրանց [տրված] փոխի դիմաց փոխատուն Ես եմ: Քանզի ով ողորմում է աղքատներին, փոխ է տալիս Աստծուն, և Նա մեկի դիմած հարյուրապատիկ է վերադարձնում անանց բարիքներով, նաև քավում է մեղքերն ու փրկում ահավոր տանջանքներից («Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» [Սաղմ. 40.2]):
Եվ ի՞նչ է նշանակում աղքատի և անտունի մասին խորհելը: Խորհելն այն է, երբ մտաբերում ես նրա տառապանքները, թե՝ իմ եղբայրն է, մարմնիս անդամը, ինձ պես կարիքներ ունի և զրկված է ամեն ինչից՝ ունեցվածքից ու հարկից, և քաղցի բռնության վտանգից թափառելով՝ անհանգիստ շրջում է: .... Արդ, սա է աղքատի և անտունի մասի խորհելը, երբ մտորում ես այս ամենի մասին և քաղցրահունչ բառերով ու գթառատ ողորմությամբ մխիթարում կարոտյալներին, երբ հեծեծում ու հոգոց ես հանում նրանց համար: Նրանց երանի տվեց մարգարեն, ովքեր, այսպիսի գթությամբ ու ողորմությամբ ընդունելով աղքատներին, չար օրը փրկվում են: Եվ Փրկիչն Ինքն է երանի տալիս՝ ասելով. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» [Մատթ. 5.7]. և «խիստ բարձրագլուխ պարծենում է ողորմածությունը դատաստանի դիմաց», իսկ «չար և անողորմ դատաստան է լինելու նրանց հանդեպ, ովքեր ողորմություն չարեցին» [տե՛ս Հակ. 2.13]:
Արդ, այս ամենը լսելով, չհապաղենք ողորմել նեղյալ աղքատներին, առավել ևս՝ խեղանդամներին ու հիվանդներին, որբերին, այրիներին ու վշտացածներին, օտարականներին, հյուրերին, ծերերին և այս աշխարհում ապրելու և վաստակելու համար անհրաժեշտ կարիքներից զրկվածներին: Եթե աստվածապաշտ ես, նրանց հոգաբարձուն և վերակացուն եղիր. եթե կամենում ես մեղքերդ փարատել, կերակրիր նրանց և հագցրու. եթե ուզում ես համարձակ երեսով տեսնել Քրիստոսին, մի՛ տրտմեցրու նեղյալներին ու կարոտյալներին. եթե կամենում ես սրբերի խորաններն ու օթևանները մտնել և ժառանգել անբավ բարիքները, օթևան և հյուրընկալ եղիր օտարականների, կարոտյալների, հիվանդների ու վշտացածների համար: Հանգստացրու և մխիթարիր նրանց երկրային ունեցվածքով, որպեսզի ինքդ էլ հանգստանաս ու վայելես հոգևոր կերակուրները և անանց երանությունը:
Աղքատներին [տված] ողորմությունը մեզ անցկացնում է այս աշխարհի անկայուն ու խռովահույզ կյանքի միջով և հասցնում խաղաղության նավահանգիստ: Վշտացածների աղոթքները արմատախիլ են անում [ողորմածի] մեղքերի փուշը, մաքրում մեղքերի պղծության թարախը, բժշկում և առողջացնում են սատանայի [հասցրած] վերքերը, ցրելով թեթևացնում են անօրինությունների ծանրությունը և քավվածներին ու արդարացածներին երկինք առաքում: Այսպիսին են ողորմության զորությունները, որ կարիքավորին տրված սակավ արծաթի միջոցով դուրս են բերում դառը կապանքից ու հանցանքների խորխորատից:
Դու մի՛ տրտմիր [ողորմության պատճառով] ունեցվածքիդ պակասելու համար, քանզի նաև քո մեղքերն են պակասում: [Իմացիր, որ] երբ քեզնից հանեցիր արծաթը, նրա հետ նաև մեղքերդ հանեցիր և սրբեցիր քո պիղծ գործերի աղտեղությունը, ինչպես որ ասում է. «Ողորմություն տվեք, և ձեր ամեն ինչը մաքուր կլինի» [Ղուկ. 11.39]: Քանզի ողորմությամբ սրբվում է ողորմածի մարմինը, ինչպես նաև՝ հոգին, օրհնվում է ունեցվածքը, հաջողվում աշխատանքը, բազմանում են նախիրները: .... Ու թեև մեծ բան է կուսական մաքրությունը, բայց առավել [մեծ] ու պատվական է ողորմածը. թեև մեծ բան է անխափան պահքը, և կան բազմաթիվ այլ խոշոր առաքինություններ, բայց ավելի մեծ է ողորմությունը, կարևոր և ընդունելի Աստծո կողմից: ....
Իսկ ով ողորմություն չի գործում, նրան մարդ իսկ չեն անվանում Աստվածաշունչ գրքերը: .... Քանզի այդպիսիք ճրագ են առանց լույսի և աչք՝ առանց տեսողության, աղբյուր են առանց ջրի և չորացած ծառեր, որ միայն անուն ունեն, բայց չեն օգտագործվում: Եվ ինչո՞վ անողորմին մարդ կհամարենք. քանզի [ինչպես որ] աղբյուրը ջրով է աղբյուր կոչվում, այնպես էլ մարդը ողորմությամբ է մարդ ճանաչվում, եթե շարունակ [իր] սիրտը խոնարհեցնում է դեպի աղքատի հանդեպ սերն ու գութը և ձեռքը մեկնում կարիքավորին ողորմելու:


[Հաղորդության մասին]
Ինչպես որ պարիսպ չունեցող այգին մտնելով՝ ապականում են գազաններն ու անտառի խոզերը, այնպես էլ նրանք, որ չեն պատսպարվում հաղորդության սուրբ խորհրդով, բազում դևերի բնակարան են դառնում:
Եվ արդ, տե՛ս քո հիմարությունը և քեզանից փարատի՛ր այն: Ուղղի՛ր թերահավատությունդ, վանի՛ր ծուլությունդ, փութա՛ սրբվել մեղքերից և մեծ փափագով շտապի՛ր դեպի սուրբ հոգևոր սեղանը, որ չզրկվես քրիստոնյա կոչվելուց: Որովհետև քրիստոնեությունը հավատը և մկրտությունն է և հաղորդության սուրբ խորհրդի վայելումը: Եվ ով հեռու է սրանից, նա թերի է քրիստոնեության մեջ, քանզի Քրիստոս չի բնակվում նրա մեջ, ոչ էլ ինքը՝ Քրիստոսի: ....
Ուստի ծուլության պատճառով հաղորդությունդ մի՛ նշանակիր միայն տոներին: .... Հանդգնություն չէ սուրբ սրտով հաճախակի հաղորդվելը, որպեսզի առավել կենդանացնես ու նորոգես հոգիդ: .... Որովհետև եթե մեկ անգամ հաղորդվես տոնին և ապա հեռանաս, .... չարի խորհուրդները կմնան քո մեջ: Եվ ի՞նչ օգուտ, եթե մերձենաս Քրիստոսին և սատանայից չհեռանաս:


Աղբյուր՝ «Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի Ճառք».
Վենետիկ, 1836, էջ 18-34, 35-44, 158-167
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)

 
sacredtradition.am