ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
(հատվածներ)
[Աստծո Որդու մարդեղության խորհուրդը]
Աստվածորդին խոնարհվեց նրա համար, որ մարդկային մարմին առնի, խոնարհվի մինչև մահվան անարգությունը, անգամ՝ թաղումը, որպեսզի Իր մարդասիրությամբ Աստվածությանը նմանակից դարձնի արժանիներին, որոնց եղբայր անվանեց Իր անսահման սիրով, որով սիրեց մարդկանց, որպեսզի Ինքը լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ: Իր մարդասիրությունից Նա այսպիսի վճիռ տվեց. «Իմ քույրերն ու եղբայրները նրանք են, ովքեր կատարում են Իմ Հոր կամքը, որ երկնքում է» [տե՛ս Մատթ. 12.50]. քանզի Որդին գալով՝ կատարեց Հոր կամքը:
Եվ ո՞րն է Հոր կամքը, եթե ոչ՝ կրկին արքայության մեջ ընդունել մարդկանց մերժված որդիներին, մահվան ներքո ընկածներին կենդանության կանգնեցնել և Իր Հոր կամարարներին, Որի Միածին Որդին Ինքն է բնությամբ, շնորհով որդիներ դարձնել:
[Սուրբ Հոգու գալստյան և առաքյալների քարոզության մասին]
Նույն հզոր և ամենակարող Սուրբ Հոգին՝ Աստծո խորությունների Քննողը, որ Հին օրենքի մարգարեական խոսքերով ավետարանեց Աստծո Որդու գալստյան մասին, աստվածային փառքի կողմից առաքվեց մեկտեղ ժողովված տասներկու ընտրյալներին՝ Իր մոտ հավաքելու Իր սրբերին և հաստատելու Քրիստոսի միջոցով կատարված գործերի ճշմարիտ լինելը:
Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ կրակի նման, որպեսզի տեսանելիորեն փայլի շնորհների վեհությունը: Եվ նրանք, լցվելով Սուրբ Հոգով, իրենց մերձավորների կողմից կշտամբվում էին, թե հարբած են: Եվ հիրավի, հարբած էին մարգարեական բաժակով, քանզի ըմպելով և ուրախանալով՝ նրանք համայն տիեզերքին բերեցին բարձունքների ուրախությունները: ....
[Սուրբ Հոգին] երևաց կրակի տեսքով, որպեսզի խոտանը այրի, իսկ ընտիրը լցնի Հոգու ուրախության բաժակներով, անսպառ և անանց գանձի պարգևներով, և որպեսզի Նրա անսպառ հոսանքով լցվելով՝ նրանք միահամուռ [և] պայծառ վառվեն հրդեհող Հոգու զորությամբ: Եվ նրանք բարին փնտրողների համար բարության ուրախություն պատրաստեցին. ողջ տիեզերքի մատռվակներ լինելով՝ հագեցրին ծարավներին, իսկ անհնազանդներին արբեցրին կործանումով: ....
Արդ, ինչ որ կամենաք ըմպել, պատրաստ է երկու կերպով ձեզ մատուցվելու: Խմեցե՛ք իմաստությունը և ոչ թե՝ անմտությունը, ողորմությունը և ոչ թե՝ բարկությունը, հավատի քաղցրությունը և ոչ թե՝ անհավատության երկմտությունը՝ չարության այրող հուրը, որ տոչորում է գեհենում և տանում դեպի խավար: Այլ խմեցե՛ք այն բաժակների հուրը, որն ըմպելիս կլուսավորի ձեզ և կայրի ձեր տգիտության մեղքերի ժանգը, իսկ հոգիները կփրկի հավատի հույսով:
Երանելի առաքյալները խմեցին, արբեցին և ուրախ եղան. և ողջ տիեզերքը արբեցրին երկու բաժակներով, որոնցից ով որը կամեցավ, այն էլ խմեց: Ահավասիկ, տգիտության հիմարությունը արբեցրել է ձեզ մահվան բաժակով, որին թույն է խառնված: Արդ, հավատով վերցրեք և ըմպեցեք ձեր կյանքի բժշկությա՛ն բաժակից, որպեսզի փրկվեք գալիքում այրվելուց:
Աղբյուր՝ Ագաթանգեղոս, «Հայոց պատմություն» («Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի»).
Երևան, 1983, էջ 326, 328, 278, 280, 282
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի