ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Նախաստեղծները, խոտորվելով ծննդյան անճառելի եղանակից, որով պիտի բազմանային դրախտում, ընկան ախտավոր ծննդյան մեջ՝ հավասարվելով կենդանիներին: Այս պատճառով պետք եղավ, որ [Նա, Ով] առաջին [արարչության ժամանակ, ըստ Իր] բարերարության, չզլացավ կավից ստեղծել [մարդուն], ըստ ողորմության [էլ]՝ չզլանա երկրորդ [արարչության մեջ]: [Եվ] ինչից որ նրանք խոտորվել էին, դրանից էլ սկսեց ուղղել դեպի նախկին փառքը և սուրբ ծնունդը: .... Սկսելով ծննդից՝ Տերն առանց մեղքի ճամփորդեց մարդկային կյանքի բոլոր հասակներով և սպանեց մահը: Քանզի որտեղ մարմինն է, այնտեղ է մահը, և մահվան արմատը արգանդն է. այնտեղ է սկսվում [արարածի] ստեղծումը, այնտեղ էլ մահը սկսում է ապականել նրան. և սկսելով արգանդից՝ այն ավարտում է դժոխքում: ... Նա հղությամբ եղավ [Կույսի] արգանդում, և մահը չկարողացավ վնասել Նրան ու ո՛չ ծննդյան ժամանակ, ո՛չ էլ մանուկ հասակում Նրան չամաչեցրեց: Եղավ պատանի, և ուսման մեջ [չարը] չկարողացավ շեղել Նրան. [եղավ] երիտասարդ, և ցանկությամբ չկարողացավ գայթակղել. [եղավ] գիտուն, և իր խորամանկությամբ չկարողացավ հաղթել. [եղավ] վարդապետ, և ճշմարտության մեջ չկարողացավ հանդիմանել Նրան. [եղավ] զգոն, և Նրա պատվիրաններով չկարողացավ խոտորել [Նրան]. [եղավ] ամրակազմ, և չկարողացավ սպանել. մահացավ, և չկարողացավ Նրան պահել գերեզմանում: Չհիվանդացավ, որովհետև Բժիշկ էր, չմոլորվեց, քանզի Հովիվ էր, չմեղանչեց, քանի որ Ուսուցիչ էր, չգայթակղվեց, քանզի Լույս էր: ....
Աստված միացավ մարմնին, որպեսզի սրբի նրա միջի անեծքը, սպանի այնտեղ բնավորված մահը, օտարացածին դարձնի հարազատ և դրախտից ընկածին դարձյալ երկինք բարձրացնի: .... [Քանզի] մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց: .... Եվ քանի որ Ադամի առողջ բնությունը տկարացավ, մեր Տերը հագավ այդ նույն՝ առողջությունը կորցրած բնությունը, որպեսզի այն վերագտնի նախկին բնության առողջությունը: .... Գերազանցելով մարմնի բնությունը՝ Նա անապական ծննդյամբ մարմնով ծնվեց Կույսից, որպեսզի մեղքը խափանվի, և մենք ծնվենք հոգևորապես, քանդվի նախամոր ծննդյան երկունքի դատակնիքը, և մահվան մայրը կյանքի մայր լինի. [որպեսզի] օձի պատրանքի փոխարեն Գաբրիելն ավետարանի, և ձեռագործ մարդակերտ պատկեր[ներ]ի փոխարեն մենք երկրպագենք ճշմարիտ մարդացած Աստծուն. [որպեսզի] ստության կարծիքը լուծարվի, մեր ճանաչողությունը լուսավորվի Աստծո մեծ հրաշագործությամբ, իմաստությամբ ճանաչենք էական Ծնունդը Հորից և դրանով իմանանք, թե ինչպես Նա ծնվեց ըստ մարմնի՝ միայն մորից, առանց արյան հաղորդության, ինչը հատուկ չէ բնությանը:
* * *
Աստծո կողմից ավանդված մկրտության եղանակները ստուգապես երեքն են. Մովսեսինը, երբ ջրով էին կատարում բոլոր սրբ[ագործ]ությունները. Հովհաննեսինը, որում ոչ միայն ջրի [մաքրությունն] էր, այլև՝ ապաշխարությունը. իսկ երրորդը Քրիստոսից շնորհվեց, որը գերազանցում է սրանց, քանզի պարգևում է մեղքերի թողություն՝ հրավիրելով որդեգրվելու երկնավոր Հորը:
Իսկ ո՞ր մկրտությունը հանձն առավ Քրիստոս: Այդ մկրտությունը Մովսեսինը չէր, որովհետև [Հովհաննեսը] ոչ թե հին, այլ նոր խոսք էր քարոզում, և ոչ էլ Հովհաննեսինն էր, քանզի այն միայն ապաշխարության համար էր և ոչնչով չէր օգնում բնությանը: Իսկ Նա, Ով մեզ համար մարմնացավ, որպեսզի մեզ կատարյալ բժշկություն շնորհի, մկրտվեց երրորդ [մկրտությամբ], որը մեղքերի թողություն է, երկնավոր Հոր որդեգրություն և Սուրբ Հոգու ընդունման պատճառ ու առիթ. քանզի ոչ թե Ինքն էր կարոտ մեղքի այս թողությանը (Նա, որ չմեղանչեց, այլ աշխարհի մեղքերը վերցնող [Աստծո] Գառն էր) կամ որդեգրությանը (Որդին բնությամբ էակից է և Նրան պատվակից) և կամ Սուրբ Հոգու ընդունելությանը (Ով միշտ Իր հետ է և Իրենն է, ինչպես որ Հորինն է, և պատվակից է Իրեն), այլ, ինչպես բոլոր տնօրինությունները, դա ոչ թե Իր, այլ մեզ համար կատարեց. .... որպեսզի մեր բնությունը նորոգի, մեր մեղքերը թաղի ջրում և օտարացածներիս դարձնի Հայր Աստծո որդիներ. .... որպեսզի անախտ բազմանալու առաջին օրինակը մեր մեջ կայացնի և մեզ շնորհի հոգևոր ծնունդ. .... որպեսզի բացվեն երկնքի փակված դռները, և Ադամի պատճառով արգելված [Աստծո] բարբառը աշխարհը լցնի: Քանզի նախաստեղծների՝ դրախտից ելնելուց հետո Հայր Աստված այլևս չէր խոսել մարդկանց հետ, մինչև որ, հաճելով Նոր Ադամի մկրտությանը, բացեց արարածների հանդեպ [Իր] նախկին գութը և ասաց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, Ում միջոցով հաճեցի փրկել աշխարհը» [հմմտ. Մատթ. 3.17]:
Եվ քանի որ մարդը երկակի է, նրան կրկնակի մաքրություն տվեց՝ ջրից և Հոգուց, որպեսզի Հոգին նորոգի [մարդու] հոգին (որն Աստծո պատկերն է և նմանությունը), իսկ ջուրը Սուրբ Հոգու շնորհով մարմինը մաքրի մեղքերից և ազատի ապականությունից: ....
* * *
Իսկ տոնը Աստվածահայտնություն է կոչվում՝ արարածների կողմից Արարչին տեսնելու խորհրդով: [Քանզի] մեր Փրկիչ Քրիստոս Աստծո՝ սուրբ Կույս Աստվածածնից մարմնանալու և Բեթղեհեմի քարայրում ծնվելու ժամանակ հրեշտակների զորքերը երկնքից երկիր քարոզեցին խաղաղություն Բերողին՝ «Փա՜ռք բարձունքներում» ասելով [տե՛ս Ղուկ. 2.14]: Եվ աստղով լուսավորված երկինքը մոգերին կանչեց հեռուներից՝ նվերներով [գալու և] երկրպագելու: Երկիրը, պանծալով քարայրի մսուրով, երկինք դարձավ: Անբան [կենդանիները] խայտացին իրենց անվանակից անբանների հետ և իրենց համատոհմ մարդկանց հետ պատվվեցին հրեշտակների կողմից՝ բոլոր ազգակիցների հետ ընդունելով ավետիսը, երբ տեսան աշխարհի նորածին Փրկչին: ....
[Տոնը կոչվում է Աստվածահայտնություն], որովհետև այսօր՝ Փրկչի ծննդյան և մկրտության օրը, ճշմարտապես հայտնի դարձավ Եռյակ Աստվածության ծածկված խորհուրդը. Որդին՝ մկրտվելով, Հայրը՝ բարձունքներից ձայնով վկայելով, Սուրբ Հոգին՝ աղավնակերպ իջնելով և ցույց տալով Հոր կողմից Հայտնվածին: Ուստի այն [նաև] Լուսավորության տոն ենք անվանում, քանզի եթե անգիտությունը, անհավատությունն ու մեղքը խավար են կոչվում, ապա [Սուրբ] Երրորդության գիտությունը, ճշմարիտ հավատը և աստվածային վարքը լույս է և հոգու լուսավորություն, որ պարգևվեցին մեզ Աստծո Որդու ծննդյամբ ու հայտնությամբ և Աստծո Բանի տնօրինության փրկագործ խորհրդով:
Աղբյուր՝ Յովհաննէս Երզնկացի-Պլուզ, «Յաւուր ծննդեան եւ մկրտութեան Քրիստոսի».
«Գանձասար» Զ, Երևան, 1996, էջ 436-444
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)