ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Իմ եղբայրնե՛ր, խորհրդածեք Տիրոջ կողմից ասվածների մասին: Աջակից եղեք միմյանց՝ օգնելով ու աղոթելով, որովհետև գրված է. «Արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» [տե՛ս Հակ. 5.16]: Եվ եթե երկմտությամբ տարուբերվում եք տկարության ու նեղսրտության մեջ, աղոթքով հայցեք Աստծո օգնությունը, որպեսզի արժանի լինեք արդարության պտղին՝ ընդունելու հոգևոր սերմը և աճեցնելու նրա հարյուրապատիկը: .... Տիրոջը [ձեր] պարտքերը հատուցելիս երևացեք կրկնակի շահած քանքարով, ոչ թե՝ իբրև վատնողներ կամ քանքար թաքցնողներ: Փեսայի հետ առագաստը մտնելու պատրաստ եղեք, ոչ թե՝ հիմարության պատճառով արժանիների աջակողմյան դասին չհասած և այծերի հետ տրտմած: .... Անմահ կյանքի ժառանգորդը [եղեք], ոչ թե՝ սատանայի կամակատարը. վայելչական դրախտի անմահական կյանքը վայելեցեք, ոչ թե արժանացեք խավարին ու սպասվող տանջանքներին: .... Դեպի հավիտենական ուրախությունը փութացեք, ոչ թե՝ ատամների կրճտումով ողբալուն:
Եթե այստեղ բարեսեր լինես, այնտեղ կհանդիպես բարիքների: Եթե այստեղ խոնարհ ու հեզ լինես, այնտեղ կժառանգես անչափ մեծություն: Այստեղ աշխատավոր լինելով՝ այնտեղ հավիտենական հանգիստ կգտնես: Այստեղ՝ տրտում, իսկ այնտեղ՝ բազմապատիկ փառքով զարդարված: Այստեղ՝ քաղցած, այնտեղ՝ հագեցած երկնային կերակրով: Այստեղ՝ շարունակ աղքատ, այնտեղ՝ վերին մեծությամբ հարստացած: Այստեղ՝ զրկված, այնտեղ՝ մեկի դիմաց տասը ստացած: Այստեղ՝ հալածված, այնտեղ՝ թագավորող: Այստեղ՝ չարչարված, այնտեղ՝ պսակված: Այստեղ՝ աղոթքով ժուժկալ, այնտեղ՝ կատարյալ պարգևների արժանացած: Այստեղ՝ մարմնի ցանկությունները կասեցրած, այնտեղ՝ կցորդված Աստծո Հոգուն: Այստեղ՝ տեսքով հիմար, այնտեղ՝ լցված վերին իմաստությամբ: Այստեղ՝ ոչինչ չունեցող, այնտեղ ամեն ինչի տիրող: Այստեղ՝ անտուն, այնտեղ՝ երկնաքաղաքացի: Այստեղ՝ սրբասեր, այնտեղ՝ Քրիստոսի և սրբերի հետ: Այստեղ՝ իշխանության ու լծի ներքո, այնտեղ՝ ազատ որդիներ Վերին Սիոնի: Այստեղ՝ նեղված, այնտեղ՝ զվարթացած սրտի ընդարձակությամբ: Այստեղ՝ քաջամարտիկ, այնտեղ՝ պարգևատրված: Այստեղ՝ բազում ճգնությունների մեջ, այնտեղ՝ սրաթռիչ թևերով լուսերամների դասում կարգված: Այստեղ՝ ապականելին վաճառելով, այնտեղ՝ գնելով անապականը: Այստեղ՝ փախստական, իսկ այնտեղ՝ հանգստացած:
Եվ ինչպիսի՜ մեծ պատվի մասին եմ կամենում ձեզ պատմել ու հայտնել խոսքով. անբավ մեծություն, անանց ճոխություն, անիմանալի փառք, անմահական հանգիստ, անհաս բարձրություն: Հազարից մեկն իսկ չենք կարող ցույց տալ ձեզ [սպասող] մեծության պատիվներից, որ, ըստ առաքյալի, սկզբի հիմքն է և լրման ավարտը, դուք, որ եկել ժողովվել եք հավատի միաբանության մեջ և այս տեղերը աստվածաբնակ դարձրել, ինչի մասին Տերն ասում է. «Որտեղ երկու կամ երեք հոգի հավաքվեն Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մեջ» [Մատթ. 18.20]:
Աղբյուր՝ Յովհաննէս Երզնկացի-Պլուզ, «Յաղագս միաբանութեան եղբարց».
«Գանձասար» Զ, Երևան, 1996, էջ 468-470
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)