ԵԿԵՂԵՑՈՒ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
(հատվածներ)
Եկեղեցին նավն է, նավապետը՝ Հայրը, նավավարը՝ Որդին, նավահանգիստը՝ Սուրբ Հոգին, առագաստը փրկչական խաչն է, թիակները՝ առաքյալների խմբերը, խարիսխը՝ աներեր հավատը, պարանները, որ ձգվում են այս և այն կողմերում, Հին և Նոր Կտակարաններն են, բեռները մարդկանց հոգիներն են՝ լուսավորված ավազանի լույսով, ծովը աշխարհն է, ալիքները՝ սատանայի փորձությունները, հողմը՝ օտար հերձված[ներ]ը, սևագունդ երամակները նրանք են, ովքեր տարագրվում են սուրբ Եկեղեցուց (որ բանական ոչխարների փարախ է) և գազանաբար գողանում են ու բաժանում ճշմարիտ և առողջ հավատից: .... Իսկ մենք ուղղափառ խոստովանությամբ մտնենք Եկեղեցու սուրբ դռնով, խոստովանությամբ և օրհնությամբ: ....
Կարմիր ծովը [մկրտության] ավազանի նախապատկերն է, ինչպես որ երանելի առաքյալը [Կարմիր] ծովը՝ ավազանի ջրի, իսկ ամպը [Սուրբ] Հոգու [նախ]օրինակն է համարում: Ինչպես որ այն ժամանակ փարավոնը, ժողովրդին հակառակ[վելով], մտավ ծովը և խեղդվեց յուրայիններով հանդերձ, իսկ իսրայելացիները, աներկյուղ մտնելով, ելան ու վայելեցին երկնաբուխ կերակրից, այնպես էլ մենք, իջնելով [մկրտության] ավազան, մեռցնում ենք աներևույթ փարավոնին և լուսավորվելով Սուրբ Հոգու պարգևներով՝ լինում լույսի և ցերեկվա որդիներ՝ վայելելով երկնային կերակուրը իբրև կենդանի հաց, որը կյանք է շնորհում կերակրվողներին, ինչպես ասաց Քրիստոս. «Ես եմ կենաց հացը՝ երկնքից իջած» [Հովհ. 6.41]:
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003, էջ 243, 244-245
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)