ՍՈՂՈՄՈՆԻ ԵՐԳ ԵՐԳՈՑԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆԸ
(հատված)
Փակված պարտեզ և կնքված աղբյուր [Երգ. 4.12]:
Նախ՝ աղբյուր ասելով՝ պետք է մտքի զորությունը հասկանալ, որը, երբ մենք դեպի բարին ենք շարժվում և հոժարում, կնքված է լինում մեզ համար: Իսկ երբ հոժարում ենք չար խորհուրդներին, մեր մտքի աղբյուրը վատնվում է և հոսում դուրս՝ դեպի մեղքերի փշերը։ Պարտեզը [խորհրդանշում է] մեր զանազան առաքինությունները, իսկ փակված լինել՝ նշանակում է, որ այն կեղծավորության ու մարդկանց առջև ցուցադրելու համար չէ. կամ փակելն այն է, որ մեղքերի փշերը մեր հոգուց քաղհանում ենք:
Երկրորդ՝ սրբությունը շներին չտալը և ոչ էլ Աստծո իմաստության մարգարիտը՝ խոզերին [հմմտ. Մատթ. 7.6]:
Երրորդ՝ պարտեզ են մեր բարեբեր զգայությունները. փակել է պետք, որպեսզի այնտեղ չսերմանեն որոմը: Եվ աղբյուր է ներքին խոհեմությունը, որը պետք է կնքել, որպեսզի չպղտորվի:
Չորրորդ՝ պարտեզում բազում բանջարներ ու ծաղիկներ են աճում. նաև մենք պետք է բազում առաքինություններ ստանանք: Եվ աղբյուր է Սուրբ Հոգու վարդապետությունը: Եվ սրանք իբրև փականք և կնիք ունեն օրենքներն ու մարգարեներին. հարկ է, որ պարտեզի տերը և նրա բարեկամները ուտեն ու ըմպեն, այլ ոչ թե օտար խոզերը թավալվեն ու ոտնակոխ անեն։
Հինգերորդ՝ «ազգերից և հավիտյաններից ծածկված խորհուրդը» [Կող. 1.26] և փականքն ու կնիքը այն է, ինչը ծածկապես հայտնվեց մարգարեների խոսքերում և օրենքում՝ Բանի մարդեղությունը, որն այժմ էլ Եկեղեցում կնքված է և փակված. նախ՝ փակված է օտարներից ու անարժաններից. երկրորդ՝ փակված և կնքված է, որպեսզի մեր մեջ պահենք ամուր. երրորդ՝ այն է փակը և կնիքը, որ թեև Աստծո իմաստությունն ու շնորհը բխում է արարածներին, սակայն չի պակասում և չի ավելանում, այլ կնքված կա նույնությամբ:
Վեցերորդ՝ Աստվածածին Կույսն է փակված պարտեզ, ինչպես Եդեմը, և կնքված աղբյուր, կենդանի ջրհոր՝ միայն Աստծո Բանի համար բացված, որ իջավ Իր պարտեզը, այսինքն՝ Իր ձեռագործ ստեղծածը և Իր պատկերը:
Աղբյուր՝ Գրիգոր Տաթևացի, «Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը».
«Անկյունաքար», Երևան, 2006, էջ 45-46
(փոխադրությունը գրաբարից՝ Խաչիկ Գրիգորյանի)