русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐ / ԸՆՏՐԱՆԻ
Ս. ԴԻՈՆԵՍԻՈՍ ԱՐԵՈՊԱԳԱՑԻ (I դ.) / [ Խորհրդական աստվածաբանության մասին ]
Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.) / [ Նամակ եփեսացիներին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ (240-326) / [ Հատվածներ «Վարդապետությունից» ][ Հատվածներ «Հաճախապատում» ճառերից ]
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338) / [ Հատվածներ «Զգոն» գրքից ]
Ս. ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ (250-356) / [ Հատվածներ խրատներից ]
Ս. ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ (306-373) / [ Հորդորակ ապաշխարության ][ Զորավոր աղոթք ]
Ս. ԱԹԱՆԱՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (295-373) / [ Նահատակության մասին ][ Քրիստոսի ծննդյան և չարչարանքների մասին ]
Ս. ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ (329-379) / [ Պատասխաններ ճգնավորների հարցերին ]
Ս. ՄԱԿԱՐ ՄԵԾ (301-391) / [ Խորհուրդների ընտրության մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ(347-407) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԿՅՈՒՐԵՂ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (375-444) / [ Հատված եբրայեցիներին ուղղված նամակից ]
Ս. ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ (մոտ 380-450) / [ Աղանդների հերքումը ]
Ս. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ (մոտ 410 - V դ. վերջ) / [ Թե ինչպես Աստվածամոր պատկերը բերվեց Հայաստան ][ Վարդավառի խորհրդի մասին ][ Ս. Հռիփսիմյանների պատմությունը ]
Ս. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ (մոտ 410 - մոտ 470) / [ Մարդկային հոգու մասին ][ Տիրոջ չարչարանքների մասին ]
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (410-490) / [ Հատվածներ ճառերից ]
Ս. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ (V-VI դդ.) / [ Փիլիսոփայության սահմանումները ][ Ներբող սուրբ աստվածընկալ խաչին ]
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ (մոտ +686) / [ Մեր Տիրոջ Աստվածահայտնության տոնի մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՄԱՍՏԱՍԵՐ ՕՁՆԵՑԻ (+728) / [ Ատենաբանություն ][ Եկեղեցու կարգերի մասին ]
ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735) / [ Չորս ավետարանիչների մեկնությունը ][ Եկեղեցու խորհրդի մասին ]
ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ (մոտ +964) / [ Օգտակար և հոգեշահ խրատական պատգամներ ]
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ (X դ.) / [ Խորհուրդների մասին ][ Համբերության և խաղաղության մասին ][ Հոգեշահ խրատ զղջման և արտասուքների մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ (951-1003) / [ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ][ Գովեստ սուրբ Աստվածածնին ][ Մատյան ողբերգության ]
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105) / [ Խոսք ճշմարիտ հավատի և մաքուր, առաքինի վարքի մասին ][ Խրատաշար ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129) / [ Սրբերի բարեխոսության մասին ][ Խրատաշար ]
ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ (XII դ.) / [ Ընդհանրական թղթերի մեկնությունը ]
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (1102-1173) / [ Թուղթ ընդհանրական ][ Աղոթք Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր անձի ]
Ս. ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ (1153-1198) / [ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Անառակ որդու առակի մեկնությունը ][ Պատարագի խորհրդի մեկնությունը ][ Ս. Հովհաննես ավետարանչի Ննջման պատմության մեկնությունը ]
ՄԽԻԹԱՐ ԳՈՇ (1120-ական - 1213) / [ Նամակ վրացիներին ուղղափառ հավատի մասին ]
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.) / [ Հոգեշահ խրատներ ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.) / [ Շահավետ և օգտակար խոսքեր բոլոր մարդկանց համար ][ Խրատ կրոնավորներին ]
ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271) / [ Արարչագործության 7 օրերի մասին ][ Հատված Դանիելի մարգարեության մեկնությունից ]
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293) / [ Եղբայրների միաբանության մասին ][ Քրիստոսի ծննդյան և մկրտության օրվա մասին ]
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑԻ (1315-1386) / [ Մարդկային հոգու մասին ]
Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409) / [ Մարդու լինելության մասին ][ Քարոզ Բուն բարեկենդանի մասին ][ Քարոզ սուրբ Զատիկի մասին ][ Քարոզ Սուրբ Հոգու գալստյան մասին ][ Սողոմոնի Առակների մեկնությունը ][ Քարոզ մեղանչական խորհուրդների մասին ][ Քարոզ պահքի և ողորմության մասին ][ Սողոմոնի Երգ երգոցի մեկնությունը ]
ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (XIV-XV դդ.) / [ Մեռոնի օրհնության մասին ][ Ս. Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումների» մեկնությունը ][ Ադամգիրք ]





ԽՈՍՔ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՎԱՏԻ ԵՎ ՄԱՔՈՒՐ, ԱՌԱՔԻՆԻ ՎԱՐՔԻ ՄԱՍԻՆ*
(հատվածներ)


[Մարդկային հոգու երեք մասերի և չորս առաքինությունների մասին]

Արարչագործ հրամանով և կարգադրությամբ հոգին կազմված է երեք մասերից. ունի բանականություն, ցասում և ցանկություն, որով ճշմարտապես ըստ բնականի է շարժվում՝ ոչնչով վերինների նմանությունից հետ չմնալով: Եվ սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ առաքինությունը. բանականի առաքինությունը խոհականությունն է, ցասմնականինը արիությունն է, իսկ ցանկականինը՝ ողջախոհությունը:
Խոհականի գործն է խորհել և ընտրել լավը վատից. արիությանը՝ քաջությամբ ու արիաբար կատարել խոհականի կողմից ընտրվածը. իսկ ողջախոհությանը՝ ընտրելուն և կատարելուն համապատասխան բորբոքել սերն առ Աստված, որով իրեն նախորդող [մասերի] բնական կարողությունները առավել զորացնում է սիրո ջերմությամբ: .... Քանզի բանականն առաջադաս է՝ որպես մյուսներից ավելի վեհ, և իշխան ու հրամանատար է նրանց վրա, քանզի նրա գործը խորհելն է և ըստ դրա արժանին ավանդելը և՛ ցասմնականին, և՛ ցանկականին: Իսկ ցասմնականի գործն է հավանությամբ և արիությամբ հետևել հրամայվածներին, նաև՝ սաստ ունենալ ցանկականի վրա, որպեսզի բանականից իրեն ավանդվածը ճշմարիտ ցանկությամբ ամբողջական ու անարատ պահի Աստծո և աստվածային պատվիրանների հանդեպ: Բանականը նաև ինքնիշխան է՝ իր վրա չունենալով կարգակիցներից և ոչ մեկի իշխանությունը: Իսկ ցասմնականը կառավարվում է բանականի կողմից և ինքն իշխում է ցանկականի վրա: Ցանկականն էլ կառավարվում է ցասմնականի կողմից և չի իշխում որևէ մեկի վրա: ....
Բանականն ունի մեկ այլ մաս ևս, որը կոչվում է արդարություն: Սա է բոլոր մասերի կառավարիչը, ուղղիչը և դատավորը, քանզի բանականը նրանով, որպես գործիքով, ուղղորդում է բոլորին՝ յուրաքանչյուրին անսայթաք պահելով իր բնական շարժումների մեջ: Դրա շնորհիվ բանականը լինում է խոհեմ, ցասմնականը՝ արի, և ցանկականը՝ ողջախոհ: Եվ այդժամ մարդու մեջ Տիրոջ կամքի և պատվիրանների կատարման համար որևէ խոչընդոտ և արգելք չի լինում. ինչպես որ [Աստված] զորությունը դրեց մեր մեջ, [այդպես] էլ պահանջում է կատարել: Որովհետև բանականը խորհում է ճշմարիտն ու օգտակարը, արդարությունը բաժանում է [իրեն] ենթականերին, և նրանք էլ անխափան կատարում են: Քանզի ցասմնականը խոհականի ձեռքում ընտանի [կենդանու]՝ շան նման է, իսկ վերջինս երկու բնական հատկանիշներ ունի. տերերին և տնեցիներին սիրում է, շողոքորթում ու քծնում, իսկ օտարների ու անծանոթների հանդեպ գազանաբարո է, վայրենի ու գիշատիչ: Այդպես և ցասմնականը, երբ ճիշտ՝ բնական վիճակում է, հանդես է գալիս իբրև բանականի բոլոր բարի խորհուրդները արիաբար սիրող, կամեցող ու կատարող: Իսկ հակառակ, ոչ ընտանի և օտար խորհուրդներին ու գործերին մեծ ցասմամբ ընդդիմանում է, հալածում կամ անողորմաբար հոշոտում՝ բնավ թույլ չտալով դավաճանել ընտանիներին:
Նմանապես և ցանկականը, արի [ցասմնականի] առաջնորդությամբ գտնվելով բնական վիճակում, լինում և անվանվում է ողջախոհություն և սեր՝ ախտավոր ցանկությունների հանդեպ լինելով անշարժ, իսկ բոլոր բարիքները սիրելու և բաղձալու հանդեպ՝ դյուրաշարժ: Եվ արդարության օժանդակությամբ բարվոք կարգավորում է սիրո օրենքը՝ առաջինը և մեծը տալով Աստծուն՝ ըստ Նրա [իսկ] օրինադրության, թե՝ «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» [Բ Օր. 6.5]: Եվ ոչ մի արարած չի փոխարինում Նրան, ինչպես որ այս ամենը տիրաբար ուղղող Դավիթն է ասում. «Ինձ համար ի՞նչ կա երկնքում, կամ Քեզնից բացի ի՞նչ փնտրեմ երկրի վրա: Սիրտս ու մարմինս մաշվեցին, իմ սրտի՛ Աստված, հավիտյան ինձ բաժի՛ն ընկած Աստված» [Սաղմ. 72.25-26], [նա,] որ այնպես էր տենչում դեմ հանդիման լինել Աստծուն, ինչպես ծարավն է ջուր փափագում. նաև ավելացնում էր. «Դու ես իմ hույսը և իմ բաժինը ողջերի երկրում» [Սաղմ. 141.6]: ....
Սրանից հետո պետք է ցույց տալ սիրո երկրորդ՝ մարդկանց հանդեպ ցույց տրվող մասը, ինչպես սահմանված է օրենքում և Ավետարանում: Քանզի «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով» ասելուց հետո ասում է՝ «Եվ քո ընկերոջը՝ ինչպես քո անձը», և ավելացնում. «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքը և մարգարեները» [Մատթ. 22.37, 39, 40]: Ու թեև [պատվիրանների մասին] երկուս է ասում՝ բաժանելով [ըստ] Աստծո և ընկերոջ, բայց [այն] մի է, քանզի սեր է: Եվ ճշմարիտ ասաց ամենայն ճշմարտության Աղբյուրը, թե բոլոր պատվիրանները սիրո մեջ են բովանդակվում. քանզի չկա որևէ պատվիրան, որ սիրուց դուրս գտնվի, եթե ճշմարիտ, անարատ, անկեղծ սեր են տածում Աստծո և մարդկանց հանդեպ: ....
Արդ, ինչպես ցույց տվեցինք, երբ հոգու մասերը ճիշտ կարգավորություն ունեն, այնպես որ իշխողն իշխանության մեջ է, իսկ իշխվողները՝ հնազանդության, այս բոլոր առաքինությունները անսխալ կատարվում են: Իսկ եթե վայելուչ կարգն ավերվելով կորսվում է, ծառաները ելնում են տերերի վրա, հափշտակում իշխանությունը և տերերին ծառա դարձնում. այսինքն՝ երբ ցանկականը տիրապետում է ցասմնականի, և ցասմնականը՝ խոհականի վրա, ամեն ինչ խառնակվելով՝ լիովին կործանվում է, և յուրաքանչյուրը շարժվում է [իր բնությանը] հակառակ ներգործության մեջ: Եվ, ըստ [այդ] գործի, նաև [նրանց] անուններն են փոխվում. արդեն կոչվում են ոչ թե խոհականություն, արիություն, ողջախոհություն և արդարություն, այլ՝ անմտություն, սրտմտություն, բղջախոհություն և անիրավություն: Քանզի ո՛չ խոհականն է բարին խորհում, ո՛չ ցասմնականն է մաքառում ընդդեմ չարի, ո՛չ ցանկականը՝ ողջախոհաբար Աստծուն և աստվածայինները ցանկանում, և ո՛չ էլ արդարությունն է նրանց համար լինում իբրև ուղղիչ, վերակացու և ղեկավար, այլ բնականից դեպի անբնականը շարժվելով՝ հիմնահատակ կործանվում է՝ ըստ առակողի խոսքի. «Երեք բան կա, որոնցից դողում է երկիրը. ծառան, եթե թագավոր է դառնում. անմիտը՝ եթե կշտանում է հացով. աղախինը՝ եթե վռնդում է իր տիրուհուն» [Առակ. 30.21-23]: Որովհետև ծառա սրտմտությունը թագավորեց իշխան խոհականի վրա, աղախին բղջախոհությունը վռնդեց տիկնոջը՝ արիությանը, իսկ անզգամ անմտությունը հագեցավ ունայնախոհության, այսինքն՝ ստության հացով, որով էլ ամեն լավ բան դեպի վատթարը շարժվեց, քանզի կրքերին ծառա դառնալով՝ մոլորված իշխանը խորհում է ամենայն անիրավություն: ....
[Այս] բոլոր մեղքերի պատճառը խոհականի մոլորությունն է և ընտրություն չկատարող հիմարությունը: Եվ երբ նա, որ մյուսների վրա իշխան էր և ուղղիչ, ծառայական ախտերով այսպես կաշկանդվում է, մյուսներն էլ հետևում են նրա մոլորյալ ընտրությանը, քանզի ամեն ինչ՝ թե՛ բարի և թե՛ չար, նախ խորհում են և ապա՝ իրագործում:
Իսկ ցասմնական զորությունը հեղաշրջվել է և փոխարինվել ուրիշով: Եթե մի ժամանակ նա արիանում էր ընդդեմ օտարների, այսինքն՝ բանսարկուի և նրա չար խարդավանքների դեմ, այժմ զինվում է ընտանիների դեմ, այսինքն՝ ամենայն բարեգործության: ....
Ցանկականն էլ, որն օտարացավ գեղեցիկ ողջախոհությունից և Աստծո ու ընկերների հանդեպ սիրուց, տարուբերվում է նյութականի բաղձանքների մեջ: Եվ բնական ու ողջախոհ սիրուց ընկնելով՝ գարշ ցանկություններով ձգտում է վավաշոտ տռփանքների. այն էլ՝ ոչ թե սոսկ ցանկությամբ, այլև՝ կորստական գործի կատարմամբ, ոչ թե՝ [սոսկ] բնականներին հատուկ [կերպով], այլև՝ անբնականներին: ....
Արդ, ճշմարիտ ցանկությունից և Աստծո ու բոլոր աստվածայինների հանդեպ սիրուց այսպես մոլորվածները սիրով ու բաղձանքով ասես շղթայվում են բոլոր ապականացու և ցնդելի նյութական իրերին՝ փոխանակելով ճշմարիտ կյանքի սերը՝ ունայնությունների, անապականը՝ ապականացուի, անփոփոխելին՝ փոփոխելիների և երկնավորը՝ երկրավորների [սիրով]: Քանզի նրանց համար ախորժելի են դառնում այս անցավոր [կյանքի] մեծությունը, փառքն ու պատիվը, իշխանությունը, հարստությունը, որովայնամոլությունն ու արբեցությունը, զրկանքը, ագահությունը, անիրավությունը, հափշտակությունը և բոլոր մյուս սնոտի ցնորքները:
Իսկ արդարությունը դառնում է անիրավություն: Եվ եթե մի ժամանակ նա առաջնորդում էր դեպի լավագույնները և կարգավորում իրեն ենթակա մասերը, այժմ տնօրեն ու առաջնորդ է դառնում հակառակորդի համար:
Բարիքների այսպիսի անկարգությունը և չարիքի կարգավորվածությունը հոգու մասերում տեղի է ունենում բնականից շեղվելու և անբնականին հետևելու պատճառով: Ուստի ամեն ոք մեծ գգուշությամբ ու արթնությամբ պետք է հսկի [իրեն], որպեսզի իր բանական հոգին, որն Աստծո պատկերն է, զարդարի նրան հատուկ առաքինություններով, որով նախ և առաջ կփայլատակի լուսատիպ կերպարանքը և իր մեջ սքանչելիորեն կպատկերի նախատիպի նմանությունը, որով տաճար և բնակարան կլինի անբովանդակելի Էության համար՝ ըստ [Տիրոջ] խոսքի. «Ես և Հայրը նրա մոտ կգանք ու կօթևանենք նրա մոտ» [Հովհ. 14.23]:


Աղբյուր՝ «Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ Բան վասն ուղիղ հաւատոյ եւ խրատ մաքուր վարուց առաքինութեան».
Կ. Պոլիս, 1763, էջ 26, 30-32, 34-35, 39-40, 43-44, 46, 49-50
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)





* Սույն խրատի հեղինակի ստուգությունը վիճելի է (բնագրի հրատարակիչներն այն վերագրել են ս. Գրիգոր Նարեկացուն), սակայն, ըստ մատենագիտական վերլուծության, առավել պատշաճ է այն վերագրել Գրիգոր II Վկայասեր կաթողիկոսին (տե՛ս «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության». Ս. Էջմիածին, 2003, էջ 447)