ՀԱՏՎԱԾՆԵՐ ԽՐԱՏՆԵՐԻՑ
Եթե ողջ երկրի տերը լինեինք և հրաժարվեինք ամեն ինչից, դարձյալ ոչինչ արժանի կամ հավասար չէր լինի երկնքի արքայությանը. ինչպես որ մեկ պղնձե քանքարից հրաժարվելով՝ հարյուր ոսկե քանքար չեն ստանա, այնպես էլ ողջ երկրի տերը, [նրանից հրաժարվելով,] արժանի չի դառնում երկնային [բարիքներին]: ....
Ինչո՞ւ ունենանք այն, ինչ չենք կարող մեզ հետ [երկինք] տանել, կամ ինչո՞ւ ձեռք չբերենք այն, ինչը որ կարող ենք տանել մեզ հետ՝ բարեխոհություն, ողջամտություն, պարկեշտություն, արդարություն, արիություն, սեր, աղքատասիրություն, հավատ Քրիստոսի հանդեպ, անբարկություն, օտարասիրություն: Սրանք, մեզնից առաջ [ընթանալով], հեզերի ու խոնարհների այն երկրում կպատրաստեն մեր օթևանները:
Այսպես [խորհելով՝] թող այրն իրեն հոժարեցնի չվհատվել, մանավանդ, եթե իրեն Տիրոջ ծառա է համարում, պարտավորվի ծառայել Նրան: Ինչպես որ ծառան չի հանդգնում ասել, թե՝ «Քանի որ երեկ աշխատեցի, այսօր չեմ աշխատելու», և նախկին ժամանակը հաշվելով՝ չի դադարում [աշխատել նաև] հաջորդ օրերին, այլ, ինչպես գրված է Ավետարանում, շարունակ նույն հոժարությունն է ցուցաբերում, որպեսզի հաճոյանա [իր] տիրոջը և պատուհաս չկրի, այնպես էլ մենք հանապազ պետք է մնանք ճգնության մեջ՝ գիտենալով, որ եթե մեկ օր ծուլանանք, [Տերը] մեզ չի ների՝ հաշվի առնելով նախկին [աշխատանքը], այլ ծուլության համար կբարկանա մեզ վրա: ....
Արդ, լինենք ճգնության որդիներ և չձանձրանանք, քանզի դրանում իբրև գործակից և հաջողիչ ունենք Տիրոջը, ինչպես որ գրված է. «Ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» [Հռոմ. 8.28]:
Եվ որպեսզի չձանձրանանք, լավ է մեզ համար առաքյալի խոսքով բարբառել, թե՝ «Մեռնում եմ ամեն օր» [Ա Կոր. 15.31], որովհետև եթե մենք էլ ամեն օր մեռնողի պես ապրենք, չենք մեղանչի, քանզի այսպես ասելով՝ կմտածենք, թե չենք հասնելու օրվա վերջին, նաև չենք հավատա, թե ննջելուց հետո արթնանալու ենք, քանզի ի բնե [մեզ համար] անհայտ է մեր կյանքի [տևողությունը] և յուրաքանչյուր օրվա համար նախասահմանված չափը: Միշտ այսպիսի ակնկալությամբ ապրելով՝ չենք մեղանչի ու ոչինչ չենք ցանկանա, ոչ ոքի հանդեպ ոխ չենք պահի և գանձեր չենք [դիզի] երկրի վրա, այլ ամեն օր իբրև մահն [ակնկալող]՝ անընչասեր կլինենք և ամեն ինչ կներենք բոլորին: Նաև մեր մեջ ամենևին չպիտի բնակվեն կանանց հանդեպ ցանկությունը կամ այլ աղտեղի զբաղմունքներին վերաբերող խորհուրդները, այլ [դրանցից], իբրև անցավոր բաներից, պետք է երես շրջենք՝ միշտ երկնչելով ու հայելով դատաստանի օրվան, քանի որ հարաժամ մեծ երկյուղն ու տանջանքների սարսափը վերացնում են ցանկությունների բռնությունը և ոտքի կանգնեցնում [մեղքի մեջ] ընկած հոգուն: ....
Եթե հեթանոսները ծովեր են անցնում՝ դպրություն սովորելու համար, ապա մեզ պետք չէ հեռու տեղ գնալ երկնքի արքայության համար և ոչ էլ՝ ծովն անցնել առաքինության համար, քանզի Տերն ասել է. «Արքայությունը ներսում՝ ձեր մեջ է» [Ղուկ. 17.21]: Ուստի մեզնից պահանջում է առաքինությունը միայն կամենալ, որովհետև այն մեր մեջ է և մեզանով է կայանում, եթե հաստատվում է ըստ իր բնական կարգի, քանզի [մեր բնությունը] բարի և հույժ առաքինի է ստեղծված: ....
Եվ մեր նահատակության ճակատամարտը թող այն լինի, որ մեզ չտիրի բարկությունը, և ցանկությունն էլ չհաղթի, քանզի գրված է. «Մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում». և դարձյալ՝ «Ցանկությունը հղանալով՝ մեղք է ծնում, և մեղքը հասունանալով՝ ծնում է մահ» [Հակ. 1.20, 15]: Ուստի և ճգնելով՝ հաստատապես արթուն լինենք, ինչպես որ գրված է. «Ամենայն զգուշությամբ պահի՛ր և պահպանի՛ր քո սիրտը» [Առակ. 4.23]. քանզի անասելի չար, խարդախ ու ամենահնար թշնամի ունենք ի դեմս չար դևերի: Եվ նրանց հետ է մեր պատերազմը, ինչպես որ առաքյալն է ասել. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների, պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ եղող չար ոգիների հետ» [Եփես. 6.12]. քանզի օդում մեզ շրջապատում է նրանց մեծ բազմությունը, և նրանք հեռու չեն մեզնից: ....
Պետք է գիտենանք, որ դևերը չեն ստեղծվել այնպիսին, ինչի համար որ դև են կոչվում. քանզի Աստված ոչինչ չար չի ստեղծել: Նրանք նույնպես բարի են ստեղծվել, սակայն ընկնելով երկնային բարեխոհությունից և ապա թավալվելով երկրի վրա՝ հեթանոսներին մոլորեցրին տեսիլքներով, իսկ մեզ՝ քրիստոնյաներիս նկատմամբ, չար նախանձից մղված, գործադրում են ամեն ինչ՝ կամենալով խափանել մեր երկնային վերելքի ուղին, որպեսզի մենք չելնենք այնտեղ, որտեղից ընկել են իրենք: ....
Երբ նրանք տեսնում են որևէ քրիստոնյայի, մանավանդ՝ ճգնության մեջ առաջադիմած մենակյացի, նախանձելով հարձակվում են ու միշտ փորձում գայթակղություն դնել նրա ճանապարհին՝ աղտեղի խորհուրդներ [սերմանելով]: Բայց մենք չպետք է վախենանք նրանցից, ինչ էլ որ գցեն մեր միտքը, քանզի աղոթքից ու պահքից և Տիրոջ հանդեպ հավատից նրանք անմիջապես տապալվում են: Ընդ որում, ընկած վիճակում էլ չեն դադարում, այլ վերստին հարձակվում են խորամանկությամբ ու նենգությամբ: Եվ երբ բացահայտ աղտեղի ցանկություններով չեն կարողանում գայթակղել մեր միտքը, այլ կերպ են հարձակվում. առաջ են բերում ահարկու տեսիլքներ՝ այլակերպվելով ու նմանվելով կանանց, գազանների, սողունների, հսկա մարդկանց և բազմաթիվ զորքերի: Սակայն չպետք է վախենալ նման տեսիլքներից, քանզի դրանք ոչինչ են և իսկույն էլ անհետանում են, մանավանդ՝ երբ պատսպարվում ես հավատով ու խաչի նշանով: [Բայց] քանի որ դևերը հույժ հանդուգն են չարիք [գործելու] մեջ և խիստ անպատկառ, երբ այսպիսի պարտություն են կրում, մեկ այլ եղանակով են հարձակվում. հայտնում են ապագան և օրեր հետո լինելիքը, նաև իրենց խիստ բարձրահասակ ու խոշոր են ցույց տալիս, որպեսզի ում որ չկարողացան խաբել խորհուրդներով, թերևս հափշտակեն նման երևույթներով: Իսկ երբ տեսնում են, որ հոգին անվրեպ հավատով ու հույսով զգուշանում է խորհուրդներից, գործի են դնում իրենց իշխանին: .... Երևալով այնպես, ինչպես Տերը հայտնեց Հոբին բանսարկուի [տեսքը] («Նրա աչքերը փայլածուի տեսք ունեն: Նրա բերանից վառված լապտերներ են դուրս ժայթքում, և հրեղեն շանթեր են արձակվում: Նրա ռունգերից, ինչպես հնոցի կրակից, ծուխ է ելնում: Նրա շնչից կայծեր են դուրս թռչում, և բերանից բոց է դուրս գալիս» [Հոբ. 41.9-12]), դևերի խորամանկ իշխանը զարհուրեցնում է՝ մեծ-մեծ խոսքեր բարբառելով: Բայց մենք՝ հավատացյալներս, չպետք է վախենանք նրանցից, ո՛չ նրանց տեսիլքներից, ո՛չ էլ խոսքերից, քանզի ստ[ախոս] են ու ոչ մի ճշմարիտ բան չեն ասում: ....
Չպետք է վախենալ նրանցից, քանզի թեև կարծես հարձակվում են ու սպառնում մահվամբ, սակայն անզոր են ու ոչինչ չեն կարող անել՝ սպառնալուց բացի:
Աղբյուր՝ «Վարք սրբոց հարանց եւ քաղաքավարութիւնք նոցին», հատոր առաջին.
Վենետիկ, 1855, էջ 31-37
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի