русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Պապ թագավորի մասին. թե ինչպես լցված էր դևերով և թե ինչպես էր վարվում

Իսկ Պապ թագավորը երբ դեռ նոր ծնված երեխա էր, նրա անօրեն Փառանձեմ մայրը նրան դևերին նվիրեց, ուստի և նա տղայությունից ի վեր լի էր դևերով: Քանի որ նա միշտ դևերի կամքն էր կատարում, ուստի և չէր կամենում բժշկվել, այլ միշտ իր անձը վարժեցնում էր դևերով, և դևերը կախարդությամբ երևում էին նրա վրա, և ամեն մարդ բաց աչքով տեսնում էր նրա վրա դևերը: Որովհետև երբ մարդիկ ամեն օր գալիս էին թագավորին բարի լույս մաղթելու, տեսնում էին, որ [դևերը] օձերի կերպարանքով դուրս էին գալիս Պապ թագավորից ծոցից և փաթաթվում էին նրա ուսերին: Բոլոր տեսնողները վախենում էին մոտ գնալ, իսկ նա այդ մարդկանց պատասխանում էր ու ասում՝ «Մի՛ վախեցեք, սրանք իմն են», և ամեն մարդ ամեն ժամանակ այսպիսի կերպարանքներ էր տեսնում նրա վրա:
Նրա մեջ բույն էին դրել մեծ քանակությամբ դևեր ու միշտ երևում էին այն մարդկանց, որոնք գալիս էին թագավորին տեսնելու, բայց երբ Ներսես հայրապետը կամ Խադ սուրբ եպիսկոպոսը մտնում էին թագավորի մոտ, դևերն ի չիք էին դառնում և աներևութանում: Եվ Պապ թագավորը շաղախված էր պղծության մեջ. երբեմն ինքը էգ էր դառնում և իրեն հանձնում էր խառնակության, երբեմն ուրիշ արուների էգ դարձնելով՝ խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ անասունների հետ էր խառնակվում: Եվ այսպես իր կյանքի բոլոր օրերում նա ենթարկված էր դևերին:

Սուրբ Ներսեսի հանդիմանությունը Պապ թագավորին, որին թշնամի էր նրա մեղքերի պատճառով

Իսկ հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նախատում էր նրան ու հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս ոտք դնել եկեղեցու շեմքին ու ներս մտնել: Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստական գործերից հրաժարվի, ուղղության գա. շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարության գա: Նրա առջև վկայություններ էր դնում Սուրբ Գրքից՝ նրա վրա ահ գցելով վերջին դատաստանի հավիտենական պատիժներով, որպեսզի զգաստանա, ուղղվի և արդարության կարգերի ու մաքուր գործերի հետևի:
Իսկ Պապ թագավորն ամենևին չէր լսում նրան, այլ դեռ հակառակում էր և հետը թշնամանում, նրա մահվանն էր սպասում և ցանկանում սպանել նրան, բայց հունաց թագավորի ահից չէր համարձակվում նույնիսկ նրան խոսքով անարգել հայտնապես կամ նրա դեմ խստություն բանեցնել, թող թե մահացնել: Հենց [Հայոց] աշխարհի ժողովուրդն էլ, զորքերն էլ թույլ չէին տա այդպիսի բան անել մի մարդու, որից կախված էին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ նրա արդար գործերի, մաքուր վարքի, խաղաղ առաջնորդության պատճառով և նրա գործած հայտնի սքանչելի նշանների համար բոլորը նայում էին նրա վրա, ինչպես երկնավոր հրեշտակի: Եվ թագավորը ոխ էր պահում նրա դեմ, միջոց էր փնտրում նրան սպանելու և հայտնապես այս բանն ասել անգամ չէր համարձակում, այլապես զորքերը իրեն կսպանեին: Որովհետև բոլոր մարդիկ ապաստանել էին նրա աղոթքին և նրան առհասարակ բոլորը սիրում էին՝ մեծերն ու փոքրերը, պատվականներն ու հասարակ մարդիկ, ազնվականներն ու շինականները:

Թե ինչպես սգում էին Ներսես հայրապետին և նրա կարոտը քաշում

Երբ Պապը սուրբ Ներսես հայրապետին սպանեց, այնուհետև ամեն մարդ խոր տրտմության մեջ ընկավ: Հայոց աշխարհի բոլոր մարդիկ միաբան խոսում էին ու ասում. «Հայոց փառքը կորավ, Աստծո արդարը մեր աշխարհից վերացավ»: Իշխաններն ու նախարարներն էլ ասում էին. «Այժմ գիտենք, որ մեր աշխարհը կորավ, քանզի անմեղ տեղը արդար արյուն թափվեց, մանավանդ որ նա Աստծո համար մեռավ»: Մուշեղ հայոց սպարապետն էլ ասում էր. «Աստծո սրբի արյունը անմեղ տեղը թափվեց. այսուհետև ես չեմ կարող թշնամու դեմ գնալ կամ մեկի դեմ նիզակ բանեցնել: Որովհետև գիտեմ, որ Աստված մեզ ձեռքից թողեց, մենք լքված ենք և չենք կարողանա գլուխներս վեր բարձրացնել. ես գիտեմ, որ այսուհետև հաջողություն էլ չի լինելու Հայոց աշխարհի թշնամիների դեմ, քանզի մեր հաղթությունը նրա աղոթքից էր, որ մեռավ, և նրա տոհմի»: Եվ Հայաստանի բոլոր սահմաններում ծայրեծայր սգում էին նրան ագնվականներն ու շինականները, Թորգոմի տան բոլոր բնակիչները, առհասարակ հայոց լեզվով խոսող մարդիկ:

Թե ինչպես Ներսես հայրապետի մահից հետո Պապ թագավորը, նախանձից շարժված, տապալեց այն բոլոր կարգ ու կանոնը, որ սահմանել էր Ներսեսն իր կենդանության ժամանակ

Իսկ հայոց Պապ թագավորը թեև սպանեց Հայոց աշխարհի Ներսես հայրապետին, բայց նրա մահով չհագեցավ, այլ ջանում էր խանգարել ու ոչնչացնել ուղղության այն բոլոր կարգերը, որ Ներսեսը սահմանել էր եկեղեցում: Եվ սկսեց նախանձով վարվել նրա նախապես դրած կանոնների հետ: Հայտնապես հրաման տվեց աշխարհին ավերել որբանոցներն ու այրիների ապաստանները, որ շինել էր Ներսեսը զանազան գավառներում. ավերել կուսանոցները զանազան գավառներում ու ավաններում, որ նույն Ներսեսն էր շինել ու պարիսպներով ամրացրել՝ առևանգումից զգույշ պահպանության համար: Որովհետև երանելի Ներսեսն իր կենդանության ժամանակ շինել էր այս կուսանոցները բոլոր գավառներում, որպեսզի բոլոր հավատավոր կույսերն այնտեղ ժողովվեն, պահեցողությամբ ու աղոթքով զբաղվեն, իսկ նրանց ապրուստ տան աշխարհը և նրանց ընտանիքները: Պապ թագավորը հրամայում էր այս կուսանոցներն ավերել, իսկ հավատավոր կույսերին հրամայում էր մատնել պիդծ խառնակության:
Դարձյալ նույն Ներսեսը հիվանդանոցներ էր հիմնել բոլոր կողմերում, սահմանել էր նրանց համար ուտեստ ու դարման և հավատարիմ մարդիկ էր նշանակել հիվանդանոցներին ու աղքատներին որպես տեսուչ, հանձնել էր այնպիսի մարդկանց, որոնք Աստծո երկյուղն ունեին և Քրիստոսի գալստյանն ու հավիտենական դատաստանին էին սպասում: Թագավորն այս վերակացուներին դուրս էր անում իրենց պաշտոններից և հրամայում էր հիմնարկությունները ավերել ու ոչնչացնել: Նա չքավորների և աղքատների վրա նշանակված տեսուչ-վերակացուներին հալածում էր և իր իշխանության տակ եղած բոլոր աշխարհին հրաման էր տալիս. «Աղքատները թող դուրս գան մուրան, ոչ ոք չհամարձակվի այնտեղ նրանց որևէ բան տանել. թող նրանք շրջեն, խնդրեն, աղաչեն, գուցե թե մի ողորմություն ստանան»: Պտղի և տասանորդների կարգն էլ, որ վաղուց ի վեր սովորություն էր տալ եկեղեցուն, դրա վերաբերմամբ էլ ողջ աշխարհում հրաման հանեց, որ ոչ ոք չտա:
Ներսես հայրապետի օրերում նրա ահից ոչ ոք չէր համարձակվում Հայոց աշխարհում մեկի կնոջը խլել և թողնել իր կին ամուսնուն, որ առել էր քողով և հարսանիքի պսակով ու օրհնությամբ, և ուրիշ կին առնել չէր համարձակվում: Ներսեսի օրերում եթե հանկարծ մեկը մեռնում էր, ոչ ոք չէր համարձակվում եկեղեցու կանոնից դուրս անհասությամբ մեռելի վրա լալ, կոծ ու սուգ անել, ողբեր ասել մեռելի վրա, այլ լոկ արտասուքով, պատշաճ սաղմոսներով և օրհնություններով, կանթեղներով ու վառված մոմերով հուղարկավորում էին մեռելին: Իսկ նրա մահից հետո ամեն մարդ թագավորից հրաման ստացավ համարձակորեն թողնել իրենց ամուսին կանանց. կար մարդ, որ տասը կին էր փոխում, և առհասարակ բոլորն անօրինության մեջ ընկան: Դարձյալ՝ Ներսեսի մահից հետո, երբ մեռելներին ողբում էին, փողերով, փանդիռներով ու վիներով կոծի պարեր էին բռնում, մորուքները կտրած, երեսները պատառոտած, կին և տղամարդ դեմ առ դեմ ճիվաղական պարեր խաղալով, ծափ զարնելով հուղարկավորում էին մեռելներին:
Իսկ Ներսեսի տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս. այլ այն ժամանակ նրանց հանգստի տեղերը, այսինքն՝ ուրկանոցները, բոլոր մարդիկ նրանց համար տանում էին այն ամենը, ինչ որ պետք էր նրանց: Հենց այնտեղ նրանք առանց կարիքի ու լիացած էին: Իսկ քահանայապետի մահից հետո, եթե որևէ մեկը աղքատներին հանգիստ էր տալիս, թագավորից մեծ պատիժներ էր կրում:
Ներսեսի օրոք Հայոց աշխարհում մեծապես պայծառացած էին եկեղեցիներում պաշտամունքի կարգերը, կային կարգ ու կանոնի ենթարկված բազմաթիվ սուրբ պաշտոնյաներ: Նրա ժամանակ սուրբ վկաների հիշատակները Հայաստանի բոլոր տեղերում միշտ կատարվում էին պայծառությամբ, ժողովրդի մեծ բազմության ներկայությամբ: Հայր եպիսկոպոսների պատիվը Հայաստանի բոլոր գավառներում բարձր էր՝ ըստ նրանց արժանավորության: Վանականների կարգերը շեն ու անշեն տեղերում առհասարակ ծաղկած էին: Այս ամենը նրա մահից հետո ապականվեց ու փչացավ:
Ներսեսի քահանայապետության ժամանակ Հայաստանի բոլոր գավառներում, շեներում ու գյուղերում առհասարակ քահանայապետի հրամանով շինված էին օտարանոցներ ու հիվանդանոցներ, և Հայոց աշխարհի բոլոր մարդիկ ողորմածությամբ սնունդ էին մատակարարում՝ հիշելով աղքատներին, նեղված-տառապածներին, օտարներին, հարստահարվածներին, օտար երկրում և օտարի տանն ապրողներին, անցորդ հյուրերին: Նրանց վրա սուրբ Ներսեսը վերակացուներ էր նշանակել և ուտեստ որոշել զանազան տեղերից: Իսկ նրա մահից հետո Պապ թագավորն այս ամենը ավերեց, եկեղեցու պատիվն անարգեց, Ներսես հայրապետի սահմանած շատ կարգերն ու բարեկարգությունները տապալեց ու մոռացության մատնեց: Նրա՝ այս աշխարհից գնալուց հետո շատ մարդիկ դարձան նախկին կռապաշտությանը. Հայաստանի շատ տեղերում կուռքեր կանգնեցրին Պապ թագավորի թողտվությամբ, որովհետև չկար մեկը, որ հանդիմաներ, չկար մեկը, որից քաշվեին, այլ ամեն մարդ համարձակ գործում էր, ինչ որ կամենում էր. շատ պատկերներ էին կանգնեցրել և նրանց երկրպագում էին:
Բացի սրանցից՝ Պապ թագավորը եկեղեցուց կտրեց այն հողը, որ Գրիգոր մեծ քահանայապետի ժամանակ տվել էր Տրդատ թագավորը Հայոց բոլոր աշխարհում եկեղեցու սպասավորության ու պաշտամունքի համար, քանզի յոթ հողից հինգը կտրում էր հօգուտ արքունիքի և միայն երկու հող էր թողնում: Եվ հողերի հաշվով ամեն մի գյուղում երկու-երկու պաշտոնյա էր թողնում՝ մի երեց և մի սարկավագ, իսկ մյուսներին, այսինքն՝ երեցների ու սարկավագների եղբայրներին ու որդիներին, իր հպատակությանն էր ենթարկում: Նրան թվում էր, թե այսպես վարվում է Ներսեսի կամքին հակառակ՝ նրա դեմ տածած իր թշնամության պատճառով. նա այն չէր մտածում, թե դրանով ինքն իրեն է կորցնում:
Եվ այս ժամանակ ողջ Հայաստան աշխարհում նվազում էին եկեղեցու պաշտամունքի և սպասավորության կարգերը:


Աղբյուր՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, Հինգերորդ դպրություն, գլուխ ԻԲ, ԻԳ, Լ, ԼԱ, էջ 329, 329-331, 347, 349-353
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1987




 
sacredtradition.am