русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Շապուհ թագավորի մասին. թե ինչպես այդ ժամանակ դադարեցրեց պատերազմը հայոց Արշակ թագավորի դեմ և նենգությամբ իր մոտ կանչեց հաշտության համար

Ապա պարսից Շապուհ թագավորը մեծ աղաչանքներով, ընծաներով ու հրովարտակներով Արշակ թագավորին սիրով իր մոտ էր կանչում, որ այնուհետև իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Իսկ Արշակ թագավորը թեև ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ամբողջ զորքը այս բանին չէր համաձայնում: Ուստի նա կամա-ակամա սիրտ արեց խոնարհությամբ հրովարտակ ուղարկել պարսից Շապուհ թագավորին, ինչպես հպատակն իր տիրոջը: Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ էր ուղարկում:

Թե ինչպես Շապուհ թագավորը կրկին անգամ հայոց Արշակ թագավորին կանչեց, և ինչպես նա գնաց ու միանգամայն կորավ

Արանից հետո պարսից Շապուհ թագավորը դարձյալ [պատգամ] ուղարկեց հայոց Արշակ թագավորին և ասաց. «Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք, ապա եկ միմյանց հետ տեսություն անենք և այնուհետև իբրև հայր ու որդի լինենք միմյանց, իսկ եթե չես գա, ուրեմն պատերազմ ես ուզում մեր երկուսի միջև»: Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով՝ գնա: [Շապուհը] Պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց [Արշակին՝ ասելով], որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի: Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին: Այնուհետև հայոց Արշակ թագավորը կամա-ակամա վեր կացավ, իր հետ վերցրեց հայոց զորավար-սպարապետ [Վասակին]՝ իր դայակին, և ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը՝ պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց ներկայացավ պարսից Շապուհ թագավորին: Երբ նրանց տեսան, երկուսին էլ՝ Արշակ թագավորին և Վասակ սպարապետին, արձակ պահում էին ազնվական թիկնապահ զորքերի մեջ: Եվ Շապուհ թագավորը կանչեց Արշակ թագավորին և խիստ նախատեց նրան իբրև իր ծառայի, իսկ նա նրա առաջ իրեն հանցավոր և մահապարտ ճանաչեց: Դրանից հետո նրան դարձյալ թիկնապահների գնդին հանձնեցին, որ պահեն:

Թե ինչպես Շապուհը, վհուկներին հարցնելով, փորձում էր Արշակի դիտավորությունը և ուղարկում Անհուշ բերդը. կամ ինչպես հրամայում էր չարաչար մահով սպանել հայոց Վասակ սպարապետին

.... Երբ երեկո եղավ, պարսից թագավորի ընթրիքի ժամը հասավ. սովորությունն այնպես էր, որ հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում միևնույն տախտի վրա՝ իրար մոտ. օրենք էր, որ պարսից թագավորն ու հայոց թագավորը մի տախտի վրա բազմեն՝ մի գահի վրա. իսկ այդ օրը նախ պատրաստեցին բոլոր այնտեղ գտնված թագավորների բազմելու տեղերը և ամենից վերջում, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակին հայկական հող էին շաղ տվել: Նախ բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերեցին բազմեցրին Արշակին: Նա մի կարճ ժամանակ բազմեց մնաց մռութները կախած, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին. «Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես. վե՛ր կաց այդ տեղից, որ ես այդտեղ բազմեմ, որովհետև մեր [Արշակունյաց] ազգի տեղն այդ է եղել. իսկ եթե ես իմ աշխարհը դառնամ, քեզնից մեծ վրեժներ կպահանջեմ»:
Այն ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման էր տալիս բերել երկաթե շղթաներ, կապել Արշակի պարանոցը, ոտքերն ու ձեռքերը, տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապված պահել այնտեղ, մինչև մեռնի:
Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առջև բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար-սպարապետին: Քանի որ Վասակը փոքր էր մարմնով, պարսից Շապուհ թագավորն ասաց նրան. «Ադվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ և քաջերին չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս պիտի իմ ձեռքից ազատվես. ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ»: Վասակ սպարապետը պատասխան տալով՝ ասաց. «Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով, և սուրս էլ վրաս չէ, իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա: Բայց երբ ես դեռ Վասակ էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ կողմի լեռը գետին էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ կողմի լեռն էի գետին կոխում»: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ հունաց թագավորը. քանի որ Աստված հաճ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին կոխում, հունաց թագավորին էլ, քանի որ մեր հոր՝ Ներսեսի օրհնությունը մեզ վրա կար, և Աստված մեզ ձեռքից չէր թողել: Քանի որ մենք Նրա խոսքը լսում էինք և Նրա խրատով էինք վարվում, կարողացանք քեզ խրատ տալ, մինչև որ մենք ինքներս բաց աչքերով խորխորատի մեջ ընկանք: Հիմա, ինչ ուզում ես, արա՛»: Ապա պարսից թագավորը հրամայեց հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշ բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին:

Հայոց աշխարհի գերությունը, հարվածները և ավերմունքը. Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան և չարաչար մահը: Հայոց քաղաքների ավերվելը և աշխարհի հիմնովին կործանվելը

Այնուհետև պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհի վրա արձակեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը՝ Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան, Հայոց աշխարհը քարուքանդ անեն: Նրանք եկան Հայոց աշխարհի վրա: Երբ Հայոց աշխարհի տիկինը՝ հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, իր հետ առավ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և պարսից զորքերից խույս տալով՝ դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում: Հետո պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջ նստեցին, պատեցին, պաշարեցին: Նրանք ներսը ամրացան՝ հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք, ղակիշ քաշելով, նստեցին դրսում՝ ձորերի շուրջ: Այսպես տասներեք ամիս բերդի շուրջ նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր: Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս, շրջակա գավառները և աշխարհները ավարի էին առնում, մարդկանց և անասունները գերելով բերում էին իրենց ղակիշը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով:
Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չպատահեց, նա հունաց թագավորի մոտ էր, իսկ ազատների տոհմերից բաղկացած ողջ բանակը, այս բաները լսելով, գնաց իր համար օգնություն խնդրելու. նրանց զորագլուխն էր Մուշեղը՝ Վասակ սպարապետի որդին: Նրանք գնացին իրենց արքայորդու մոտ և բանակցում էին հունաց թագավորի հետ՝ նրան համոզելով իրենց թիկունք լինել: Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ դեսպաններ էին ուղարկում աշխարհի տիկնոջ՝ Փառանձեմի մոտ, որ դիմադրի, բերդը պաշտպանի, պարսից ձեռքը չտա: Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի դեսպաններ էին գալիս, շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարքով բերդն էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը: Այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս: Իսկ դեսպանները շարունակ գնում-գալիս էին՝ ասելով. «Պի՛նդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսրական գունդ է բերում օգնության»: Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին. «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերիր, օգնությունը հասել է»:
Տասնչորսերորդ ամսից հետո Աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա. բերդում եղողների մեջ մահ ընկավ՝ աստվածային պատուհաս: Փառանձեմ տիկնոջ առաջ սեղանատանը նստած՝ ուտում, խմում, ուրախանում էին, և հանկարծ մի ժամում հարյուր մարդ, մյուսում երկու հարյուր, պատահում էր, որ մինչև հինգ հարյուր մարդ մեռնում էր, մինչ սեղան բազմած էին լինում: Եվ այսպես օրեցօր կոտորվում էին: Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չանցավ, որ բոլորը կոտորվեցին՝ մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին. մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին, բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը՝ երկու նաժիշտով:
Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց, ինչպես մի բոզի: Սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց ագգի վրա, թե վատախորհուրդ, վատանշան են. Հայոց աշխարհն էլ կորցրին, տեղն է, ինչ որ ձեզ պատահեց և ինչ որ էլի պիտի պատահի: Գաղտուկ դուրս եկավ ու փախավ: Իսկ տիկին Փառանձեմը, տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և պարսից գորքը թողեց բերդից ներս: Եկան, տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին: Հետո պարսից զորավարները բերդն էին բարձրանում, ավար էին առնում հայոց թագավորի գանձերը, որ պահվում էին բերդում. բոլորը վար իջեցրին: Ինն օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին, ինչ որ գտան Արտագերս բերդում, և տիկնոջ հետ միասին գերի քշեցին:
Այնուհետև եկան Արտաշատ մեծ քաղաքը. այն առան, պարիսպները կործանեցին, այնտեղ էլ պահված գանձերն առան և ամբողջ քաղաքը գերի վարեցին: Արտաշատ քաղաքից գերի տարան ինը հազար տուն հրեա, որոնց Արշակունի Տիգրան թագավորը գերի էր բերել Պաղեստինացիների աշխարհից, և քառասուն հազար տուն հայ: [Այսքան մարդ] Արտաշատ քաղաքից տարան: Քաղաքի շինություններից փայտաշենները կրակ տալով այրեցին, քարաշենները քանդեցին, նույնպես և՝ պարիսպը. քաղաքի բոլոր շինվածքները հիմնահատակ կործանեցին, ոչ մի քար քարի վրա չթողեցին, քաղաքը բնակիչներից թափուր, անմարդի, ավերակ դարձրին:
Երբ քաղաքի բոլոր գերիներին մի տեղ ժողովեցին, անցկացրին Տափերի կամրջով. գերիներին համրեցին և շերտավոր զորքերով շրջապատեցին: Ապա պարսից զորագլուխներն ասացին Արտաշատ քաղաքի Զվիթ երեցին. «Գերիների միջից դո՛ւրս եկ ու գնա՛, ուր ուզում ես»: Զվիթը այս բանը հանձն չառավ ու ասաց. «Ուր որ այդ խաշինքը տանում եք, հովվին էլ նրա հե՛տ տարեք. պետք չէ, որ հովիվն իր խաշինքը թողնի, այլ պետք է իր կյանքը զոհի ոչխարների համար»: Այս ասելով՝ նա մտավ գերիների մեջ և գերի գնաց Պարսից աշխարհը իր ժողովրդի հետ:
Առնում էին Վաղարշապատ քաղաքն էլ. քանդում, բրում էին, հիմքից կործանում էին. այս քաղաքից էլ գերի էին տանում տասնինը հազար տուն: Ողջ քաղաքում շենք չթողեցին, բոլորը քարուքանդ էին անում, կործանում: Ասպատակներ ուղարկելով՝ բոլոր չափահաս մարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի էին վերցնում: Հայոց թագավորության բոլոր բերդերն առան, մեծ քանակությամբ պաշարեղեն հավաքեցին նրանց մեջ և բերդապահներ թողեցին: Առան Երվանդաշատ մեծ քաղաքն էլ. այս տեղից դուրս բերեցին քսան հազար տուն հայ և երեսուն հազար տուն հրեա, իսկ քաղաքը հիմնահատակ կործանեցին: Հետո առան Բագրևանդի Զարեհավան քաղաքը, այնտեղից էլ գերի վերցրին հինգ հազար տուն հայ և ութ հազար տուն հրեա և քաղաքը հիմնիվեր կործանեցին: Առան նաև Զարիշատ մեծ քաղաքը Աղիհովիտ գավառում, [գերի վերցրին] տասնչորս հազար տուն հրեա և տասը հազար տուն հայ և այն էլ հիմնահատակ կործանում էին: Առան նաև Վան ամուր քաղաքը Տոզբ գավառում, կրակ տալով այրեցին, հիմքերը քանդեցին. այնտեղից էլ դուրս բերեցին հինգ հազար տուն հայ և տասնութ հազար տուն հրեա:
Հրեաների այս ողջ բազմությունը, որ Հայոց աշխարհից գերի տարան, հայոց Տիգրան Մեծ թագավորը բերել էր Պաղեստինացիների երկրից հին ժամանակ, երբ նա գերեց և Հայաստան բերեց հրեաների Հյուրկանոս քահանայապետին: Տիգրան մեծ թագավորը այս բոլոր հրեությունը իր դարում բերեց բնակեցրեց Հայաստանի քաղաքներում: Իսկ այս ժամանակ [պարսիկներն] ավերեցին այդ քաղաքները, նրանց բնակիչներին գերեցին, նրանց հետ միասին՝ Հայոց ամբողջ աշխարհն ու գավառները: Դուրս բերեցին գերիներ զանազան գավառներից, կողմերից, ձորագավառներից, աշխարհներից, ժողովեցին բերեցին Նախճավան քաղաքը, որ իրենց զորքերի զորաժողովի տեղն էր: Այս քաղաքն էլ առան քանդեցին, այնտեղից էլ հանեցին երկու հազար տուն հայ և տասնվեց հազար տուն հրեա և մյուս գերիների հետ տարան:


Աղբյուր՝ Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն,
թարգ.՝ Ս. Մալխասյանցի, Չորրորդ դպրություն, գլուխ ԾԲ, ԾԳ, ԾԴ, ԾԵ, էջ 253, 253-255, 255, 259-261, 263-267
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1987




 
sacredtradition.am