русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Թե ինչպես թաթարները ելան ոչնչացնելու ամբողջ աշխարհը

[Թաթարական] զորքերը գնացին աշխարհի զանազան կողմերը, ավերեցին երկրներ, գավառներ, վերացրին ազգերի պետություններ, գրավեցին ինչք ու ստացվածքներ, գերեցին նորահասակ կանայք ու մանուկներ ստրկական ծառայության համար: Կար որ ուղարկում էին հեռավոր օտարություն՝ իրենց երկիրը, իրենց խաղան («խաքան» մոնղոլերեն նշանակում է արքա, թագավոր) թագավորի մոտ, կար որ պահում էին իրենց մոտ՝ իրենց ընտանիքի պետքերին ծառայելու:
Իսկ այն զորքը, որ գնաց արևելք, և որի գլխավորն էր Չարմաղուն նուինը, հարձակվեց Ջալալադին սուլթանի վրա, որ իշխում էր Խորասանին ու շրջակա գավառներին: Զարկեց ջարդեց նրան ու նրա զորքերը և նրան փախստական դարձրեց, ինչպես ցույց տվեցինք վերևում: Եվ իրենք հերթով ավերեցին պարսից, Ատրպատականի, դիլմանների բոլոր երկրները, կարգով մաքրեցին ամեն ինչ, որպեսզի իրենց համար ոչ մի արգելք ու խոչընդոտ չմնա: Գրավեցին մեծամեծ, հոյակապ, ամեն ինչով լիքը քաղաքներ Ռեն, Սպահանը և վերստին իրենց անունով շինեցին: Այսպես էին վարվում իրենց անցած երկրների հետ:
Եվ ապա եկան հասան Աղվանից աշխարհը իրենց ամբողջ ընտանիքներով ու բազմությամբ և այնտեղ կանգ առնելով՝ իրենց վրանները խփեցին Մուզան կոչված բերրի ու արգավանդ դաշտում, որ լիքն է ամեն բարիքով՝ ջրով, փայտով, մրգով ու որսով: Այսպես էին անում ամբողջ ձմեռը, իսկ գարնանը ամեն կողմ ոչնչացնում ու ավեր էին սփռում և կրկին վերադառնում ու բանակում էին այնտեղ:

Գանձակ քաղաքի ավերման մասին

Այս քաղաքը լցված էր բազմամբոխ պարսիկներով ու սակավաթիվ քրիստոնյաներով: Սա (քաղաքը) Քրիստոսի ու Նրան պաշտողների սարսափելի թշնամի էր, խաչի և Եկեղեցու անարգիչ ու հայհոյիչ, քահանաների ու հոգևոր սպասավորների այպանիչ և նախատիչ: Երբ լցվեց նրանց մեղքերի չափը, այդ պատճառով նրանց չարության աղաղակը հասավ Տիրոջը: Երևացին [քաղաքի] ավերման նախնական նշանները. ինչպես որ Երուսաղեմի վրա [երևացին] սրա ավերումից առաջ, նույնպես էլ՝ այս քաղաքում: Քանզի հանկարծ գետինը պատռվեց և դուրս եկավ սև ջուր: Եվ քաղաքին կիպ մոտ մի չափազանց մեծ սոսի ծառ, որին ճանդարին էին կոչում, հանկարծ տեսան ինքն իրեն շրջված: Այդ տեսարանի վրա ողջ քաղաքը հուզվեց: Դարձյալ տեսան այն կանգնած, ինչպես առաջ էր: Սա տեղի ունեցավ երկու անգամ, և ապա [ծառն] ընկավ ու այլևս չկանգնեց: Եվ նրանց իմաստունները սկսեցին քննարկել այս հրաշքը, թե ինչ է սա: Եվ, իմանալով, որ դա քաղաքի ավերման նախանշանն է, սկսեցին այնուհետև քաղաքի դռների ցածի սեմերին մեխած խաչերը անարգանքից հանել, քանզի անարգելու համար էին ամրացրել դրանք, որ բոլոր անցորդները տրորեն:
Հանկարծակի հասան թաթարական զորքերը և քաղաքը բոլոր կողմերից շրջապատեցին: Ճակատամարտ տալով՝ կռվում էին քաղաքի դեմ բազմաթիվ մեքենաներով: Ոչնչացրին քաղաքի շուրջ եղած այգեստանը, ապա բաբաններով (քարաձիգ մեքենաներ) ամեն կողմից փլեցին քաղաքի պարիսպները: Թշնամիներից ոչ ոք չմտավ քաղաք, այլ զինավառված՝ քաղաքը մի շաբաթ շրջապատված պահեցին:
Իսկ քաղաքի բնակիչները երբ տեսան, որ քաղաքը թշնամիների կողմից գրավվեց, յուրաքանչյուրը մտավ իր տունը և շենքն այրեց իր վրա, որպեսզի չընկնի թշնամիների ձեռքը: Ուրիշներն էլ ամեն ինչ, որ վառելու էր, այրեցին. միայն իրենք մնացին: Թշնամիները, այս տեսնելով, ավելի կատաղեցին. սուրը գործի դնելով՝ ամենքին սրո ճարակ արեցին՝ տղամարդկանց, կանանց ու մանուկներին: Նրանցից ոչ ոք չազատվեց, միայն զորքի մի փոքրիկ գունդ՝ զինավառ ու ամեն ինչով պատրաստ, գիշերը ճեղքեց պարսպի մի կողմը և փախավ: [Մնացին] նաև շատ քիչ սրիկաներ, որոնց պահեցին ու խոշտանգեցին՝ պահված գանձերը ցույց տալու համար: Ապա ոմանց սպանեցին, մի մասին էլ գերեվարեցին: Իրենք փորեցին վառված տները և հանեցին, ինչ որ թաքցված գտան: Եվ այս երկար ժամանակ անելուց հետո հեռացան:
Ապա բոլոր գավառներից թափվեցին այնտեղ՝ բրելու և ինչք ու անոթներ որոնելու: Եվ գտնում էին նրա մեջ ոսկու, արծաթի, պղնձի ու երկաթի բազմաթիվ իրեր, պես-պես հանդերձներ, որ թաքցրել էին թաքստոցներում ու գետնափոր տներում:
Եվ չորս տարի քաղաքն այսպես ամայի մնաց, ապա վերաշինելու հրաման տվեցին: Քիչ-քիչ եկան հավաքվեցին ու սկսեցին կառուցել այն՝ բացի պարսպից:

Նույն զորքերի կողմից Հայաստանի և Վրաստանի ավերման մասին

Գանձակ քաղաքի ավերումից տարիներ անցնելուց հետո այս կատաղի ու խորամանկ զորքը կարծես վիճակով բաժանել էր Հայաստանը, Վրաստանը, Աղվանքը: Յուրաքանչյուր գլխավորի ըստ մեծության ու փոքրության [բաժանեցին] քաղաքները, գավառները, երկրներն ու բերդերը, որպեսզի գրավեն, քանդեն, ավերեն: Եվ յուրաքանչյուրը կանանցով, որդիներով ու իր բանակի ժողովրդով գնաց իր մասնաբաժինը: Եվ նստեցին անհոգությամբ՝ ոչնչացնելու, ուտելու բոլոր կանաչ բույսերը իրենց ուղտերով ու անասուններով:
Այս ժամանակ Վրաց թագավորությունը թուլացել էր, որովհետև մի Ռուզուդան անունով կնոջ էր ենթարկվում: Սա Թամարի դուստրն էր՝ Լաշայի քույրը, Գիորգիի թոռը: Վավաշոտ էր ու կրքոտ, ինչպես Շամիրամը: Իր համար բերված տղամարդկանց չհավանելով՝ շատերի հետ էր ընկնում և այրի էր մնացել: Թագավորական իշխանությունը կառավարվում էր զորագլուխներ Իվանեի, սրա որդի Ավագի, Զաքարեի որդի Շահնշահի, Վահրամի և այլոց միջոցով: Եվ որովհետև կարճ ժամանակ առաջ մեռել էր Իվանեն, սրան տարան թաղեցին Պղնձահանքում, որտեղ ինքը վրաց վանք էր կառուցել՝ առնելով հայերից: Նրա իշխանությունը վարում էր իր որդին: Եվ քանի որ չէին կարող եկած անասելի մրրիկին դիմագրավել, ուստի ամենքը իրենց անձն էին պահպանում՝ սողոսկելով այն ամրոցները, ուր կարողանում էին:
Իսկ նրանք ընդհանրապես մորեխի բազմությամբ սփռված էին դաշտերում, լեռներում, ձորերում կամ, իբրև անձրև, հորդությամբ տեղացել էին երկրի վրա: Այնուհետև այնտեղ պետք էր տեսնել տրտմագին աղետներ ու ողբերի արժանի սուգ: Քանզի հողը չէր թաքցնում մտածներին, ոչ էլ քարերն ու անտառներն էին պահում ապաստանածներին, ո՛չ բերդերի շատ ամուր շինվածքները, ո՛չ նեղ ու խոր ձորերը, այլ ամենը դուրս էին նետում թաքնվածներին: Լքվում էր արանց արին, աղեղնավորների կորովի ձեռքերը թուլանում էին, թաքցնում էին սրեր ունեցողները, որպեսզի թշնամիները չտեսնեն ու անողորմ կերպով չսպանեն: Թշնամիների ձայները հալում էին նրանց, կապարճների չխկոցները ահաբեկում էին նրանց բոլորին: Յուրաքանչյուր աչք իր օրհասը եկած էր տեսնում, և իրենց սրտերը ներսում մեռնում էին: Մանուկները սրի ահից փախչում էին ծնողների մոտ, իսկ ծնողները նրանց հետ վախից ընկնում էին նախքան թշնամիների վար գցելը:
Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչպես սրերն անխնա կոտորում են տղամարդկանց ու կանանց, երիտասարդներին ու մանուկներին, ծերերին ու պառավներին, եպիսկոպոսներին ու քահանաներին, սարկավագներին ու դպիրներին: Ծծկեր մանուկները քարի էին խփվում, և գեղեցիկ կույսերը խառնակվում ու գերվում էին:
Ահավոր էր նրանց տեսքը, և անգութ էին նրանց որովայնի աղիքները (սրտերը): Միակին ու միամոր արտասուքներին չէին խղճում և ծերությանը երբեք չէին ողորմում: Ուրախությամբ էին դիմում սպանությանը, կարծես գնում էին հարսանիքի կամ գինարբուքի:

Անի քաղաքի մասին, թե ինչպես Տերը մատնեց [Չարմաղունի] ձեռքը

Այս Անի քաղաքը լցված էր մարդկանց ու անասունների բազմությամբ և պատնեշված էր շատ ամուր պարիսպներով: Եվ անչափ եկեղեցի կար նրա մեջ, որ մինչև իսկ խոսքի մեջ երդվելիս այսպես էին ասում. «Անիի հազար ու մի եկեղեցին [վկա]»: Ամեն բանով խիստ հարուստ էր քաղաքը, այդ պատճառով առատությունը ամբարտավանացրեց նրանց, իսկ ամբարտավանությունը կորստի է մատնում, ինչպես սովոր է անել սկզբից մինչև այժմ: Չարմաղունը պատգամավորներ ուղարկեց նրանց մոտ, որ հնազանդվեն իրեն: Քաղաքի գլխավոր իշխանները չհամարձակվեցին պատգամին պատասխանել առանց Շահնշահ իշխանին հարցնելու, որովհետև քաղաքը ենթակա էր նրա իշխանությանը: Իսկ քաղաքի ամբոխն ու ռամիկները սպանեցին պատգամավորներին: Այլազգիների զորքերը, այս տեսնելով, կատաղեցին. քաղաքը բոլոր կողմերից պաշարեցին, հմտորեն բազմաթիվ բաբաններ կանգնեցրին և ուժգնապես ճակատամարտելով քաղաքի դեմ՝ գրավեցին այն: Այլև քաղաքի իշխաններից ոմանք օգնեցին թշնամուն՝ իրենց կյանքի փրկությունը ձեռք բերելու համար: Նրանք քաղաքից դուրս կանչեցին բազմությունը և խոստացան ոչ մի չար բան չանել նրանց:
Եվ երբ ամբողջ բազմությունը դուրս եկավ նրանց մոտ, [թաթարները] նրանց իրենց մեջ բաժանեցին և սրերը քաշելով՝ անողորմաբար համահավասար կոտորեցին՝ թողնելով սակավաթիվ կանայք, մանուկներ և արհեստավոր տղամարդիկ, որոնց քշեցին գերության: Ապա իրենք մտան քաղաքը, գրավեցին բոլոր ինչքերն ու ստացվածքները, կողոպտեցին նաև բոլոր եկեղեցիները, ավերեցին ու քանդեցին ողջ քաղաքը, եղծեցին ու ոչնչացրին նրա վայելչության փառքը:
Այնտեղ պետք էր տեսնել ողորմագին տեսարանը. համահավասար կոտորված ծնողները և զավակները դիզված էին միմյանց վրա, ինչպես կուտակված քարակարկառները. քահանաներ ու սարկավագներ և եկեղեցական սպասավորներ, ծերեր ու պատանիներ, մանուկներ, շատ երիտասարդներ ու կույսեր՝ ըստ սուրբ Ավետարանի, թե՝ «Կմատնվեք սովի ու գերության»: Նույն պատվիրանը կատարվեց սրանց վրա, քանզի ցանուցիր ընկել էին դաշտերի երեսին, հողը հագեցել էր վիրավորների արյունից ու ճարպից. օճառով լվացված փափուկ մարմինները սևացել և ուռել էին: Իսկ նրանք, որ քաղաքի դռներից դուրս չէին եկել, բոբիկ ու հետիոտն ընթացան դեպի գերություն. և նրանք, որոնք հաղորդվել էին Աստվածորդու թանկագին մարմնին ու արյանը, ուտում էին անմաքուր (անուտելի կենդանիների) ու սատկած (անմորթ) միս և խմում էին անուտելի ձիերի կաթից: Պարկեշտ ու ողջախոհ կանայք մատնված էին իգամոլ ու վավաշոտ մարդկանց խաղքությանը: Սուրբ կույսերը, որոնք ուխտել էին Աստծուն՝ սրբությամբ պահել մարմինները և մաքուր՝ հոգիները, պղծվում էին տեսակ-տեսակ պոռնկությամբ, ապականվում խառնակությամբ: Եվ գործի վախճանը այս եղավ:

Կարսի ավերածության մասին

Երբ այս քաղաքն իմացավ, թե թաթարներն ինչպես վարվեցին Անիի բնակիչների հետ, փութաց ու աճապարեց, քաղաքի բանալիները տարավ նրանց ընդառաջ, որ գուցե խնայեն իրենց: Բայց քանի որ նրանք տոչորվում էին ավարի համար և ոչ ոքից երկյուղ չունեին, նույն աղետները նաև նրանց վրա թափեցին, ինչ որ Անիի հետ էին արել՝ ունեցվածքի հափշտակություն, բնակիչների կոտորած, քաղաքի ավերում. անշքացրին նրա վայելչությունը և գերեվարեցին նրա բնակիչներին. սակավաթիվ սրիկաների թողեցին ու հեռացան: Հետո հոռոմների սուլթանի զորքը եկավ և թաթարների ձեռքից ազատվածներին ոչնչացրեց գերությամբ ու սրով անխղճաբար՝ ըստ գրվածի, թե՝ «Ահ, գուբ և որոգայթ լինի ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ. ով փախչի ահից, կընկնի գուբը, իսկ ով ելնի գբից, որոգայթով կբռնվի» [Ես. 24.17-18]: Իսկ ով փախչի սրանից, «օձը կխայթի նրան» [Ժող. 10.8]: Այսպես եղավ Կարսի տառապած բնակիչների համար:
Նույն զորքերը գրավեցին նաև Սուրբ Մարի քաղաքը, որը քիչ տարիներ առաջ արաբներից առել էին Շահնշահն ու Ավագը: Դեռևս չէին վերանորոգել, հանկարծակի բազմաթիվ զորքերով նրանց վրա հարձակվեց Ղարա Բահատուր անունով [թաթար] ավագներից մեկը և անմիջապես գրավեց այն, և ինչ որ գտավ այնտեղ, hափշտակեց:
Երբ այսպես արվեց մեր ամբողջ երկրի նկատմամբ. հրաման տվեցին մնացորդներին, որ ազատվել էին սրից ու գերությունից, որ յուրաքանչյուրը գնա իր տեղը՝ գյուղերն ու քաղաքները, շինի հանուն իրենց ու ծառայի (հարկատու լինի) իրենց: Եվ երկիրը քիչ-քիչ սկսեց շենանալ: Բայց Աստված միշտ սովոր է բարկության ժամանակ հիշել նաև ողորմածություն, որը և այստեղ արեց, քանզի «ո՛չ ըստ մեր մեղքերի արեց մեզ համար և ո՛չ էլ ըստ մեր անօրենության հատուցեց մեզ» [Սաղմ. 102.10]: Ամառ ժամանակ էր, երբ նրանք ասպատակեցին մեր երկիրը. բերքը դեռևս հնձված չէր կամ հավաքված շտեմարաններում, իսկ նրանք եկել էին ուղտերով ու անասուններով, կերան ու կոխոտեցին ամեն ինչ: Իսկ ձմեռվա մոտ գնացին Մուղան կոչված դաշտը՝ Աղվանք, որովհետև ձմեռ ժամանակ այնտեղ էին տեղակայվում, իսկ գարնանը տարածվում էին զանազան կողմեր: Այն մարդիկ, որ ազատվել էին սրից, մերկ ու առանց ուտելիքի էին, ընկած ու տրորված հասկերով հոգում էին իրենց կարիքները, և այդ ձմեռ սաստիկ ցուրտ չեղավ, ինչպես ուրիշ տարիներ, այլ մեղմ էր ու ցանկացածի նման: Եվ որովհետև եզներ չունեին, որ հողը վարեին, և ոչ էլ՝ սերմեր, որ ցանեին, երբ գարունը եկավ, Աստծո հրամանով հողը ինքնեկ բուսցրեց, որ բավական էր մարդկանց կարիքները բավարարելու. նաև ամեն կողմ հացի լիություն եղավ, որով փախածները տեղերում ապրում էին: Այլև վրաց անխիղճ ազգը մեծ գութ ու խնամք ցուցաբերեց իրենց մոտ պանդխտածների հանդեպ: Եվ այսպես ողորմած Աստված մխիթարեց տառապածներին:


Աղբյուր՝ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն,
թարգ.՝ Վարագ Առաքելյանի, գլուխ Ի, ԻԱ, ԻԲ, ԻԷ, ԻԸ, էջ 167, 169-173, 186-189
© «Սովետական գրող», Երևան, 1982




 
sacredtradition.am