русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Հայերի կողմից կրկին անգամ պատերազմով պարսից թագավորին դիմադրելը

Աստծո սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն, և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը, ինչպես որ աշխարհի հենց սկզբից կարելի է տեսնել շատերին շատ անգամ և շատ տեղերում: Այն մարդիկ, որոնք Աստծո սիրով, ինչպես զենքով, սպառազինված էին, ամենևին չխնայեցին և անարի վատասիրտների նման չվախեցան ո՛չ մահից, ո՛չ գույքի հափշտակությունից, ո՛չ սիրելիների խողխողումից և ո՛չ էլ ընտանիքների գերությունից, հայրենի երկրից դուրս գալուց և օտար երկրում ստրկության մեջ ընկնելուց. նրանք բանի տեղ չդրեցին այս բոլոր չարչարանքները, միայն թե միաբան մնան Աստծո հետ, որպեսզի միայն թե Նրանից չմերժվեն, և Նրան իրենց մտքում գերադասեցին բոլոր տեսանելի մեծություններից: Եվ ուրացությունը մեռելություն էին համարում, իսկ Աստծո համար մեռնելը՝ անանց կենդանություն, երկրիս վրա ծառայելը՝ իրենց կյանքի ազատություն, և իրենց անձերն օտարության մատնելը՝ Աստծո հետ գտնվել. ինչպես որ այս ժամանակ մեր աչքերով տեսանք, որովհետև Հայոց աշխարհն էլ նույն նահատակությամբ նահատակվեց:
Քանզի մեր մեծ Վարդանը տեսավ իր աշխարհի երկպառակությունը, ամենևին չվախեցավ թերահավատությամբ: Թեպետ և ստուգեց իմացավ դեռևս իրեն միաբանվածներից շատերի երկմտությունն էլ, այնուամենայնիվ ինքն իրեն սիրտ տվեց և իր զորքերին էլ քաջալերեց, քանի որ հենց ինքը դեռ գրաված էր պահում թագավորանիստ տեղերն այն նախարարների հետ միասին, որոնք չանջատվեցին սուրբ ուխտից: Հրաման տվեց ամբողջ զորքին հավաքվել Արտաշատ քաղաքում՝ այն ետ կացածների փոխարեն, որոնք գնացին Սյունյաց իշխանի հետևից, կարգեց նրանց եղբայրներին կամ որդիներին կամ եղբորորդիներին և ամեն մեկին տվեց նրանց զորքերը, որովհետև ամբողջ երկիրը դեռ նրա իշխանության տակ էր:
Եվ նրանք բոլորը շտապ եկան հասան պատերազմի վայրը՝ յուրաքանչյուրն իր զորքով ու ամբողջ պատրաստությամբ, նրանք և ովքեր ի բնե հաստատ էին մնացել իրենց տեղում: ....
Նրանք բոլորը համախմբված՝ պատերազմի գործի համար հասան Արտազի դաշտը, և նրանց ընդհանուր թիվը եղավ վաթսունվեց հազար մարդ ձիավոր և հետևակ:
Նրանց հետ եկան սուրբ Հովսեփը, սուրբ Ղևոնդ երեցը և բազմաթիվ այլ քահանաներ և էլ ավելի բազմաթիվ [հոգևոր] պաշտոնյաներ: Որովհետև նրանք էլ ամենևին չվախեցան պատերազմի գալ նրանց հետ, քանի որ ոչ թե մարմնական էին համարում այն կռիվը, այլ հոգևոր առաքինության կռիվ. ցանկանում էին իրենք էլ քաջ զինվորներին մահակից լինել: ....
Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց խոսել զորքի հետ և ասաց.
«Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ՝ ինձ հետ: Տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ. բայց ավելի շատ այն է, որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե՝ հաղթված: Բայց այդ բոլորը մարմնավոր պարծանք էր, քանզի անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում: Ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջի անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ ստանում անցավոր ու մահկանացու թագավորից: Եվ մեզնից ամեն մեկս էլ, ահավասիկ, շատ վերքեր ու սպիներ ունենք մեր մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել, որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ բաներ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են:
Իսկ արդ, եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, որքա՜ն ավելի [պետք է կատարենք] մեր անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների և մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ: Չէ՞ որ եթե խիստ շատ ապրելով ծերանանք, միևնույն է, այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծո մոտ, Որից այլևս չպետք է բաժանվենք: ....
Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ: .... Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի, եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը. իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտել այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք: ....
Նա, որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը սուրբ Եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով, նիզակով ու սրով է կռվում: Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը [չի կարելի փոխել], գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջ: Քանզի սրա հիմքերը հաստատ կերպով դրված են անշարժ վեմի վրա. ոչ թե երկրի վրա, այլ վերևում՝ երկնքում, ուր ո՛չ անձրևներ են գալիս, ո՛չ քամիներ են փչում, և ո՛չ էլ հեղեղներ հարուցանում: Եվ մենք էլ, թեև մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքում ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռագործ շինվածքին: ....
Հաստա՛տ մնացեք մեր անդրդվելի Զորագլխի վրա, որ երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները: ....
Մեր Զորավարը մարդ չէ, այլ՝ բոլոր մարտիրոսների Զորագլուխը: Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզնից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»: ....
Այնտեղ պետք էր տեսնել, թե ի՜նչ մեծ տագնապ և անչափ իրարանցման սրտնեղություն կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում, քանզի թանձրամիտները հիմարանում էին, և վախկոտները՝ վհատվում. քաջերը խիզախում էին, և անվեհեր կտրիճներն՝ աղաղակում: ....
Այնտեղ երկու կողմերն էլ իրենց պարտված էին զգում, և ընկած դիակներն այնքան մեծաթիվ էին, որ նմանվում էին խորդուբորդ քարակույտերի: .... Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին:
Բայց որովհետև հայոց զորավարն ընկել էր մեծ պատերազմում, այնուհետև էլ ոչ ոք գլխավոր չկար մեջտեղում, որին հենված՝ ժողովվեին մնացած զորքերը: Թեև ողջ մնացածներն ավելի շատ էին, քան մեռնողները, սակայն նրանք ցանուցիր եղան և քաշվեցին երկրի զանազան ամուր տեղերը: ....
Այս երկու հարյուր ութսունյոթ նահատակները ինը մեծամեծ նախարարների հետ հենց այնտեղ վախճանվեցին: Եվ թագավորական տնից և Արծրունյաց տնից և մյուս նախարարների տնից, բացի այս երկու հարյուր ութսունյոթ հոգուց, [դարձյալ ընկան] յոթ հարյուր քառասուն հոգի, որոնք ամենքն էլ այն օրը մեծ պատերազմում իրենց անունները գրեցին կյանքի մատյանի մեջ: Եվ այս բոլորը միասին լինում է հազար երեսունվեց մարդ:
Իսկ ուրացողների կողմից այն օրը ընկավ երեք հազար հինգ հարյուր քառասունչորս մարդ: Նրանցից ինը հոգի խիստ պատվավորներից էր, ուստի և շատ խոր վշտացավ Մուշկան Նյուսալավուրտը. մանավանդ՝ երբ տեսավ, որ իր զորքի ստացած սաստիկ հարվածները երեք անգամ ավելի մեծ էին, քան հայերինը, նրա ուժն ու զորությունը կոտրվեց ընկավ, և նրա սիրտը չէր հանգստանում, որ մտածի ու որոշում ընդունի. քանզի պատերազմն այնպես չվերջացավ, ինչպես ինքը կարծում էր:


Աղբյուր՝ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին,
թարգ.՝ Երվանդ Տեր-Մինասյանի, գլուխ հինգերորդ, էջ 72-73, 74, 75, 76, 84-85, 86, 87
© «Հայաստան», Երևան, 1994




 
sacredtradition.am