русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





Մի տարվա ընթացքում վախճանվեցին մեր աշխարհի երկու թագավորներն էլ՝ հարազատ եղբայրներ Աշոտն ու Հովհաննեսը: Այդպես էլ նրանց հաստատուն աթոռը, տեղից շարժվելով, այլևս չտեղակայվեց, իշխանները զրկվեցին իրենց հայրենի ժառանգությունից ու պանդխտեցին օտար երկիր. գավառներն ավերվեցին ու կողոպտվեցին հույների կողմից, շինանիստ ավանները դարձան գազանների բնակավայր, իսկ նրանց անդաստանները՝ երեների արոտատեղի, գեղեցկատես, բարձրահարկ ու մեծամեծ տները վերածվեցին ճիվաղների ու հուշկապարիկների բնակարանների: .... Ավազակների բույն դարձան վանքերի հանդիսավոր տեղերն ու նրանց մեջ եղած եկեղեցիները, որոնք երկնքի էին նմանվում իրենց պայծառ շինվածքներով ու գեղաշուք զարդարանքներով, իրենց անշեջ լապտերներով ու ջահերով, որոնց լույսի պայծառությունը, օդի հետ տարածվելով, այստեղ-այնտեղ ճոճվելով, նմանվում էր ծովի ալիքներին, որոնք խաղաղ եղանակին, մեղմաշունչ զեփյուռի տատանումներից վետ-վետ՝ միմյանց վրա են բարձրանում ու պատում իրար: Իսկ առատորեն նվիրաբերված խնկի գոլորշին, որ անուշաբույր բարձրանում էր վեր հրի զորությամբ, գարնան օրերին նման էր բարձր լեռան կատարին նստած մշուշի, որ փակում ու ծածկում է արևի ճառագայթները: Իսկ նրանց մեջ բնակվողներին ո՜ր խոսքը կզորի ներկայացնել, նրանց երգերի քաղցրաձայնությունը, անդադար սաղմոսերգությունը, աստվածային գրքերի ընթերցումները, տերունական տոների հանդեսներն ու նահատակների պատիվը, մեկ սրտով մտածողների կամքն ու դեպի աստվածայինն ունեցած ջերմեռանդությունը: ....
Այսպես էր մի ժամանակ. այժմ մնացել են ամեն ինչից թափուր ու անարգ, ամեն բարեփառությունից զուրկ ու կողոպտված, երգերի քաղցրաձայնության փոխարեն բվերն ու տտաղեղներն են դասագլուխներ, սաղմոսերգության փոխարեն տատրակներն ու աղավնիներն են երգում, ինչպես ասել է մարգարեն. «Քաղցրաձայնությամբ կանչում են իրենց ձագերին»: Ջահերը մարել են, անուշահոտ խնկաբուրումները՝ վերջացել, և խորհրդի այն սուրբ սեղանը, որ մի ժամանակ նորահարսի պես զարդարված էր չքնաղագեղ զարդերով՝ փառքի պսակը կրելով դեմքին, այժմ վերածվել է ողորմելի ու անսպառ արտասուքների արժանի մի տեսարանի. մերկացել է զարդերից, փոշիով լցվել ու դարձել ագռավների հանգրվան: ....
Երբ հոռոմոց ինքնակալը լսեց հայոց թագավորների մահվան լուրը, Հայաստանին վերաբերող նամակը գտնելով՝ ձեռնամուխ եղավ Անի քաղաքն ու երկիրն առնելուն՝ իբրև իր սեփական ժառանգություն: ....
Այս օրերում հոռոմոց զորքերը չորս անգամ իրար հետևից մտան Հայոց աշխարհը, սրով, հրով ու գերությամբ անմարդաբնակ դարձրին ողջ երկիրը: Երբ մտաբերում եմ այդ աղետները, խելքս թռչում է, միտքս՝ ցնորվում, և ահավոր զարհուրանքից ձեռքերս դողալուց չեմ կարողանում շարունակել շարադրանքս, քանզի դառն է այս պատմությունը և անհատնում ողբերի արժանի:
Կար ժամանակ, որ այս երկիրը ճանապարհորդների դեմ բացվում էր իբրև տնկախիտ, կանաչազարդ, տերևալից, պտղաբեր, գեղեցկաշուք ու երջանիկ մի դրախտ, քանզի իշխանները զվարթատես դեմքով բազմում էին գահին, իսկ նրանց առջև, գարնանաբեր երփնավառ ծաղկանոցների նման երգ ու զրույցների հանդեսներ էին միայն լինում, ուր փողերի ու ծնծղաների և այլ երգարվեստների ձայները մարդկանց սիրտն ու հոգին համակում էին ուրախությամբ ու բերկրանքով. այնտեղ նստում էին նաև ծերերը՝ պատվական ու փառահեղ ալիքներով զարդարված, իսկ մայրերը, մանուկներին գիրկն առած, մայրական գթով տոչորուն, անհուն բերկրանքից մոռանալով երկունքի ցավերի տխուր ժամանակը, աղավնիների պես իրենց նորափետուր ձագուկներով էին միշտ հրճվում: Ի՞նչ պատմեմ հապա առագաստում գտնվող հարսների, փեսաների սիրառատ ու հրաբորբոք անզուսպ ցանկությունների ու հակամիտության մասին: Բայց անցնենք դեպի վեր՝ դեպի հայրապետական աթոռն ու թագավորական գահը, քանզի մեկը հոգու պարգևներով թանձրացած ամպերի նման վարդապետական շնորհի միջոցով կենսատու անձրև էր ցողում՝ պարարտացնելով Եկեղեցու պտղաբեր դրախտը, իր կողմից ձեռնադրված արթուն պահապաններ կանգնեցնելով պարիսպների վրա, իսկ թագավորը, երբ դուրս էր գալիս քաղաքից, նմանվում էր առագաստից ելնող փեսայի կամ արեգակին, որ բարձրանալով արարածների գլխավերևում՝ դեպի ինքն է ձգում բոլորի հայացքը: Նա նույնպես շողշողում էր փայլփլուն հանդերձներով ու մարգարտազարդ թագով և բոլորի ուշադրությունն էր գրավում ու զարմացնում: Ոսկեզօծ զարդերով սպիտակ նժույգը, որ գնում էր առջևից, արեգակի ճառագայթներն անդրադարձնելով, բոլորի աչքերն էր շլացնում, առջևից ընթացող զորքերն իրենց խուռն բազմությամբ նմանվում էին ծովի ալիքների, որոնք իրար վրա են կուտակվում: Նաև ճգնատեղերն էին լցված ու խճողված կրոնավորների բազմությամբ, մինչև իսկ գյուղերն ու ագարակները, բարի նախանձից մղված, կրոնավորների պես էին բնակվում: Այսպիսի բաներ մեր աշխարհը շատ ուներ: Ես այս գրեցի, որ երբ պատմեմ սրանց հակառակը, բոլորի արտասուքները շարժեմ:
Այժմ թագավորը, պատվից ընկած, իբրև գերի կալանավոր, նստած է հեռավոր աշխարհում. այդպես էլ հայրապետական աթոռը, զրկված աթոռակալից, այրի մնացած նորահարսի պես դեմքով տխուր է երևում: Հեծելազորը շրջում է անտեր՝ որը Պարսկաստանում, որը Հունաստանում, որը Վրաստանում: Ազնվականներն ու իշխանավորները, հայրենիքից տեղահան, փառքից ընկած, ամեն մեկը մի տեղ մռնչում է, ինչպես առյուծների կորյուններն իրենց խշտիներում: Արքունական պալատներն ավերակ են ու անմարդի, մարդաբնակ երկիրը թափուր է բնակիչներից: Ո՛չ այգեկութի ուրախության ձայներ են լսվում, և ո՛չ էլ հնձանում՝ արորողներին ուղղված գովեստի խոսքեր: Ո՛չ մանուկներն են խաղում ծնողների առաջ, և ո՛չ էլ ծերերը աթոռով նստում են հրապարակներում: Ո՛չ հարսանիքի ձայն է լսվում, և ո՛չ էլ զարդարվում են հարսնարանի առագաստները: Այս բոլորը կորա՜վ, վերացա՜վ և այլևս չի կենդանանալու, ինչպես ասել է սաղմոսողը: Այժմ ամեն ինչ մեզ համար փոխվեց ողբ ու տրտմության, և ուրախության այն պատմուճանը փոխվեց արջնաթույր խորգազգեստի: Ո՜ր լսելիքը կարող է տանել այս պատմությունը մեր թշվառության, ո՜ր քարեղեն սիրտը չի նվաղի հառաչելով և չի կտրատվի հեծեծալուց: Ժամանակն է մեր հառաչանքներին խառնելու Երեմիայի ողբերից. «Սիոնի ճանապարհները սգում են, քանզի ոչ ոք չկա, որ անցնի»: Սրանք ասվեցին այն ժամանակ Երուսաղեմի ավերման առթիվ, բայց կատարվեցին այժմ: ....
Չորս հարյուր իննսունչորս թվականին (1045) առնվեց Անին, բայց ոչ թե՝ պատերազմական կարգով, այլ խաբեական խոսքերով, քանզի Ավետարանով ու խաչով երդվելով՝ համոզեցին Գագիկին թագավորի հրամանով, որ ասում է. «Միայն քեզ տեսնելուց հետո թագավորությունդ կտամ քեզ և քո քաղաքին ու երկրին հավիտենական ժառանգ կհաստատեմ»: Ինչպես ասել են իմաստունները, իմաստունը երդվում է, և անմիտը՝ հավատում. և դարձյալ՝ «Ստողների խոսքերը լորի պես պարարտ են, և հիմարները կլանում են դրանք»:


Աղբյուր՝ Արիստակես Լաստիվերցի, Պատմություն,
թարգ.՝ Վ. Ա. Գևորգյանի, գլուխ Ժ, էջ 30-31, 32, 33-34
«Հայաստան», Երևան, 1971