русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





775 Այնուհետև այնտեղ սրտալիր ուրախություն էր և ի՜նչ հաճելի տեսարան աչքի համար: Որովհետև մի երկիր, որ համբավն անգամ չէր լսել այն կողմերի, ուր աստվածային սքանչելի բոլոր գործերը կատարվեցին, շատ շուտով իմացավ եղած բաները, ոչ միայն՝ իր ժամանակ կատարվածները, այլև հավիտենապես նախասահմանվածները, հետո եկածները, սկիզբն ու վերջը և բոլոր աստվածատուր ավանդությունները:
776 Իսկ երբ իրերի հաստատությունը փորձեցին, ապա ավելի համարձակ ու ավելի շատ աշակերտներ էին հավաքում նորագյուտ վարդապետությունն ուսուցանելու, [նրանց] կրթելու և անգետ մարդկանց քարոզի համար պատրաստակամ դարձնելու: Նրանք իրենք հենց վեր էին կենում Հայաստան աշխարհի զանազան կողմերից ու գավառներից բազմությամբ գալիս հասնում էին Քրիստոսի գիտության շնորհների բացված աղբյուրը: Քանզի Արարատյան նահանգում, թագավորանիստ կայանում, հայոց Թորգոմյան տանը բխեցին Աստծո պատվիրանների ավետարանի քարոզության շնորհները:
777 ՃԸ. Այնուհետև թագավորի և իշխանների հետ՝ նախարարներով ու զորքով հանդերձ, [Գրիգորը] հավանության խորհուրդ առավ ընդհանուրի խաղաղության համար՝ գայթակղությունը քանդելու, կործանելու և մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով, որ այլևս ոչ ոքի արգելք ու խոչընդոտ չլինի և չխանգարի վերին ազատությանը հասնելու: Որպեսզի ամենքը քաջալերված հասնեն բարիքների կատարմանը, երանելի Պողոսի նշանակած նպատակին, թե՝ «Միասին հասնենք Քրիստոսի հասակի չափին», որի ազատությունը երկնքում է, որտեղ սպասում են մեծ Աստծո Փրկչին, և [կունենանք] պարծանքը խաչի վրա և գովությունը ի փառս Աստծո:
778 Ապա թագավորն իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի և նախնիների ու իր կողմից աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի: Ապա ինքն իսկ թագավորը՝ ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը՝ ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը և այն, որ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծո իմաստության ուսման մեհյանը և ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել:
779 Այնտեղ երևացին կերպարանափոխված դևեր՝ այրուձիու բազմության ու հետևակազորի գնդի կազմության նմանությամբ, մկնդավորներ ու մուրճավորներ, առաջ էին ընթանում մարդկային կերպարանքով, նիզակներով ու զինանշաններով, զենք ու զարդով զինավառ, մեծ գոչումով աղաղակ բարձրացրին և փախչելով ընկան Անահիտի մեհյանը: Այնտեղից հարձակվողների դեմ սկսեցին կռվել, շինվածքի վերևից ներքև մարդկանց վրա անուժ նետեր և թանձրատարափ քարահոսք թափեցին, որոնցով և մի քիչ զարհուրեցրին նորահավատ մարդկանց: Իսկ սուրբ Գրիգորը, երբ այս տեսավ, տերունական խաչի նշանն առած՝ դիմեց մեհյանի դուռը, և մեհյանի ողջ շինվածքը, հիմնահատակ դղրդալով, տապալվեց, և փայտակերտ [մասերը,] հանկարծ բռնկվելով, վառվեցին տերունական նշանի զորությունից, և ծուխը ծառացած՝ մինչև ամպերը հասավ:
780 Բոլոր դևերը, փախուստի դիմելով, մարդկանց առջև երևացին, օձիք պատռելով, ճակատը ծեծելով, ճիչ բարձրացնելով, մեծագոչ լալով ասում էին, թե՝ «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետև ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին՝ Հիսուսը: Այստեղից էլ բանտարկվածի ու մեռածի ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել: Արդ, ո՞ւր փախչենք, քանզի Նրա փառքը լցրել է տիեզերքը: Եվ որովհետև մեզ առանց հանգիստ տալու, օդ ծեծելով անջատեց մարդկանց բնակությունից, ուստի մենք գնում ենք Կովկաս լեռան բնակիչների մոտ՝ հյուսիսի կողմերը. գուցե այնտեղ հնարավորություն լինի, որ կարողանանք ապրել և մեր կամեցածը նրանց միջոցով կատարել»:
781 Այս ասացին ամենքի առջև, և մարդիկ, որ լսեցին, բոլորն էլ ավելի ևս հաստատ դարձան հավատքի մեջ: Իսկ սևագունդ դևերը աներևույթ եղան, տեղից չքացան և ծխի նման վերացան: Այնտեղ հասած մարդիկ, իսկույն հիմքերը քանդելով, մնացածն ավերեցին և ամբարված գանձերը աղքատներին, տառապածներին ու չքավորներին բաժանեցին: Դաստակերտներն ու սպասավորներին՝ քրմերով հանդերձ, նրանց հողերով ու սահմաններով, նվիրեցին Եկեղեցու պետքերին ծառայելու համար:
782 Եվ [Գրիգորը] առհասարակ ամենքի համար աստվածպաշտության խոսքը սերմանեց և բոլորին Տիրոջ ճանապարհի վրա կանգնեցրեց՝ Արարչի պատվիրաններին տեղյակ դարձնելով: Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում, ավաններում ու ագարակներում ցույց էր տալիս եկեղեցու տեղերը: Բայց հայտնապես հիմքերը չէր դնում և ոչ էլ հանուն Աստծո որևէ տեղ սեղան էր կանգնեցնում, քանի որ չուներ քահանայության աստիճան, այլ լոկ քաղաքորմով պարսպում էր այդ տեղերը և տերունական խաչի նշանն էր կանգնեցնում: Նույնպես և ճանապարհների ելքերի ու մուտքերի մոտ, փողոցներում, հրապարակներում, խաչմերուկներում, որպես պահապան ու ապավեն, կանգնեցրեց ամենքի երկրպագած նույն նշանը:
783 Այնուհետև առավ Արշակունյաց տոհմի իշխանազուններին՝ դպրոցներում վարդապետություն ուսուցանելու, որոնցից առաջինի անունը Տրդատ էր, որ և հենց թագավորն էր՝ իր ամբողջ տնով մեկտեղ: Նույնպես և ամեն մեկին ջանում էր ճշմարիտ գիտությանը հասցնել: Երբ այսպես բոլոր տեղերը լցրեց Տիրոջ սուրբ ավետարանի [քարոզով] և ամենքին խրատեց՝ անմեղությամբ անցնելու կյանքի ճանապարհը, ապա բոլորին էլ հասկացնում էր, որ «միայն իրենց Տեր Աստծուն երկրպագեն ու Նրան միայն պաշտեն»:
784 ՃԹ. Ապա, հանձնելով նրանց Աստծո ամենապահ շնորհներին, ինքն առավ թագավորին, շարժվեց գնաց, որպեսզի Հայաստան աշխարհի բոլոր սահմանների վրա, ուրիշ կողմերում ևս կենաց խոսքը սերմանեն: ....
791 ՃԺԱ. Իսկ Տրդատ թագավորը իր կին Աշխեն տիկնոջ ու իր քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման տվեց իր ամբողջ զորքերը միատեղ ժողովի կոչել: Ամեն կողմերից, ըստ հրամանի, շուտափույթ հասան նշանակված վայրը՝ Վաղարշապատ քաղաքը Այրարատ գավառում, և հենց թագավորն էլ, ճամփա ընկնելով, այնտեղ հասավ: Ամբողջ զորքը առհասարակ կուտակվեց. մեծամեծներ, կուսակալներ, գավառապետներ, պատվավորներ, պատվականներ, զորավարներ, պետեր, իշխաններ, նախարարներ, ազատներ, դատավորներ ու զորագլուխներ հասան, ներկայացան թագավորին:
792 Թագավորն ամենքի հետ խորհուրդ արեց, որ փութան հասնեն բարի գործերին ժառանգորդ դառնալու: «Եկեք,- ասում է,- փութանք Աստծո կողմից մեզ տրված կյանքի առաջնորդին՝ Գրիզորին, հովիվ դարձնել, որպեսզի մկրտությամբ լուսավորի և վերանորոգի մեր Արարիչ Աստծո ամենուսույց խորհրդով»:
793 Իսկ Գրիգորը հանձն չառավ ընդունել քահանայապետության մեծ պատիվը, ասաց. «Չեմ կարող համբերել, դիմանալ անչափ բարձրությանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդության պատիվը՝ միջնորդ դառնալու Աստծո և մարդկանց միջև. այլ թող արժանի [մարդու] որոնեն գտնեն»:
794 Ապա Աստծուց սքանչելի տեսիլք երևաց թագավորին: Տեսավ Աստծո հրեշտակին, որը խոսեց նրա հետ ու ասաց, թե՝ «Պետք է, որ դուք առանց հապաղելու Գրիգորին քահանայապետության պաշտոնը տաք, որպեսզի մկրտությամբ լուսավորի ձեզ»: Աստծո հրեշտակը տեսիլքի մեջ երևաց նաև Գրիգորին, որպեսզի չլինի թե այդ մասին պնդի, համառի: «Քանզի,- ասում է,- Քրիստոսից է այդ հրամայված քեզ». իսկ նա հավանելով՝ անմիջապես գոչեց՝ ասելով. «Աստծո կա՛մքը թող կատարվի»:
795 ՃԺԲ. Այնժամ թագավորը շուտափույթ և երկյուղածությամբ, մեծ խնդությամբ հոգալով, հավաքեց երկրների գլխավոր նախարարներին ու կուսակալներին: Առաջինը՝ Անգեղ տան իշխանը, երկրորդը՝ Աղձնյաց իշխանը, որը մեծ բդեշխն է, երրորդը՝ Մարդպետության իշխանը, չորրորդը՝ իշխանության թագադիր ասպետ իշխանը, հինգերորդը՝ սպարապետության իշխանը՝ Հայոց աշխարհի զորավարը, վեցերորդը՝ Կորդվաց երկրի իշխանը, յոթերորդը՝ Ծոփաց երկրի իշխանը, ութերորդը՝ Գուգարաց երկրի իշխանը, որն անվանվում էր մյուս բդեշխ, իններորդը՝ Ռշտունյաց երկրի իշխանը, տասներորդը՝ Մոկաց երկրի իշխանը, տասնմեկերորդը՝ Սյունյաց երկրի իշխանը, տասներկուերորդը՝ Ծավդեից երկրի իշխանը, տասներեքերորդը՝ Ուտիացիների երկրի իշխանը, տասնչորսերորդը՝ Զարավանդ և Հեր գավառի Շահապ իշխանը, տասնհինգերորդը՝ մաղխազության տան իշխանը, տասնվեցերորդը՝ Արծրունյաց իշխանը:
796 Սրանք են Հայաստան աշխարհի՝ Թորգոմի տան ընտիր իշխանները, կուսակալները, կողմնակալները, հազարապետները, բյուրավորները, որոնց հավաքեց Տրդատ թագավորը և ուղարկեց Կապուտկացիների կողմերը՝ Կեսարիա քաղաքը, որը հայերեն Մաժաք են կոչում, որպեսզի տանելով Գրիգորին՝ իրենց երկրի քահանայապետ դարձնեն, ու պատրաստվեցին ճանապարհ ընկնելու: ....
827 ՃԺԷ. .... ուղեգնացները լուսավորությամբ եկել հասել էին ու երևացել աստվածաշնորհ պարգևներով. առավել հոգևոր սիրո անձկությունն էին սփռում և շատ ավելի հաստատվեցին հավատքի մեջ մեծ ու ցնծալի բերկրությամբ:
828 Իսկ նա իսկույն, ընդունված սովորությամբ, անդադար վարդապետությունը գործի դնելով, Տրդատ բարեպաշտ արքայի մասնակցությամբ այնտեղ իր գործն էր առաջադրում, խրատում էր հորդորելով, որով առավելագույնս հնազանդվում էին նրան, ըստ Աստծո հրամանների, թագավորը և ամբողջ զորքը՝ աշխարհախումբ բազմությամբ հանդերձ, որոնք բոլորը հանձն առան նրա խնդրածը կատարել և հրամայածները գործադրել:
829 Եվ նա հրաման տվեց արքայագունդ բանակներին՝ մի ամիս ժամանակով պահքի ու աղոթքի մեջ մնալ: Սկսեց նա սովորական [ձևով]՝ իր հետ այնտեղ բերված ընկերներով հանդերձ, պահքն ու աղոթքները, տքնությունները, արտասվալից պաղատանքները, խստակեցությունները, աշխարհահեծ հոգսերը՝ հիշելով հոգեպատում մարգարեի ասածը, թե՝ «Երբ հեծեծաս, այն ժամանակ կապրես»:
830 Այսպես շատ աշխատանք կատարեց՝ [ջանալով] ամբողջ երկրին բարիք գործելու որևէ միջոց գտնել, որի համար էլ ամենաշնորհն Աստված իր պարգևաբաշխ սուրբ աջով իշխանություն տվեց [նրան]՝ հայրական ձևով ծնելու նոր ու սքանչելի ծնունդ՝ ամենքը ջրից ու հոգուց, [ինչպես] արգանդից, մյուս անգամ վերստին ծնվելու մկրտությամբ և կատարյալ դարձնելու, սրբելու, դրոշմելու նրանց՝ որպես Տիրոջ մեկ ժողովուրդ:
831 Այնտեղ հիմքեր դրեց, եկեղեցի շինեց ու սրբերի ոսկորների նշխարները, որ ուներ, տեղավորեց տերունական տանը: Սույնպես և գավառների ամեն կողմերում եկեղեցիների հիմքեր դրեց, սեղաններ կանգնեցրեց և քահանաներ կարգեց: Ամբողջ երկիրը, սրտանց դարձ կատարելով, ձգտում էր պահքի, պաշտամունքի և Աստծո երկյուղին:
332 ՃԺԼ. Իսկ երբ լրացավ պահք պահելու տրված ժամկետը, երանելի Գրիգորն առավ աշխարհաբանակ զորքը և իրեն՝ թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխտին, ամենայն մեծամեծներին և բանակի բոլոր մարդկանց առավոտյան այգը լուսանալուն պես Եփրատ գետի ափը տարավ և այնտեղ մկրտեց առհասարակ ամենքին հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:
833 Երբ բոլոր մարդիկ ու թագավորը իջնում էին այնտեղ՝ Եփրատ գետի ջրերի մեջ մկրտվելու, Աստծուց սքանչելի հրաշք երևաց, քանզի գետի ջրերը կանգնելով ետ դարձան: Սաստիկ լույս երևաց լուսավոր սյան նման և կանգնեց ջրերի վրա, ու նրա վրա՝ տերունական խաչի կերպարանքը. և լույսն այնքան ծագեց, մինչև որ արգելեց ու նվազեցրեց արեգակի ճառագայթները: Օծության յուղը, որ Գրիգորը մարդկանց վրա էր թափում, գետի մեջ շրջան կատարելով՝ մարդկանց շուրջ էր պտտվում: Ամենքը զարմացած օրհնություն էին տալիս ի փառս Աստծո: Օրվա երեկոյան հրաշքը աներևույթ եղավ, և նրանք դեպի վեր՝ ավան վերադարձան: Նրանք, որ այն օրը մկրտվեցին, ավելի քան տասնհինգ բյուր էին՝ արքունական զորքից:
834 Ելան այնտեղից մեծ ցնծությամբ, սպիտակ հանդերձներով, սաղմոսներով ու օրհնություններով, վառ կանթեղներով ու մոմերով և լուսավառ ջահերով, մեծ ուրախությամբ և սաստիկ զվարթությամբ լուսավորված ու հրեշտակացած: Աստծո որդեգրի անուն ստացած՝ մտան սուրբ ավետարանի ժառանգությունը և սրբերի վիճակին խառնվելով, Քրիստոսի անուշ հոտով ծաղկելով՝ վեր ելան, տերունական տունը դարձան: Այնտեղ [Գրիգորը] օրհնության պատարագ մատուցեց, ամենքին հաղորդություն տվեց գոհության խորհրդով, բոլորին բաշխեց սուրբ մարմինն ու պատվական արյունը ամենափրկիչ Քրիստոսի, որ կենդանարարն է ու կեցուցիչը ամեն մարդկանց, արարիչն ու աշխարհագործը բոլոր արարածների, և աստվածատուր շնորհները ամենքին առատապես մատակարարեց:
837 .... Երանելի Գրիգորն իր ուսուցչությունը ի գործ դրեց և հավաքվածներին ընդունելի դարձնելու համար քաղցրացրեց ու ծովացրեց վարդապետության խորությունը, լիքը լցրեց ամեն հոգևոր բարիքներով: ....
838 Քահանաներ կարգեց ամեն տեղերում և հրաման տվեց, որ պաշտվի միայն Տեր Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը: Ամեն տեղ բազմացրեց Տիրոջ սեղանի սպասավորներին, բոլոր եկեղեցիներում յուրաքանչյուր սեղանին քահանաներ կարգեց: Այսպես էլ եպիսկոպոսներին Տիրոջ ժողովրդի գլխավորությունը հանձնեց և հրաման տվեց նրանց՝ հավատարիմ առաջնորդությամբ լուսավորապես Քրիստոսի հոտին վերակացու լինել:
841 [Գրիգորը] հասավ իր առաջին դաստակերտը՝ Այրարատյան գավառի մայրաքաղաքը՝ Վաղարշապատ, որտեղից առաջին աստվածատուր հրամանների սկիզբը եղավ, ուր նախ նշմարեց և նշանակելով կանգնեցրեց սուրբ խաչի նշանը, ուր և Աստծո սուրբ նահատակները զետեղվեցին, և նրանց վկայարաններում, սրբերի գերեզմանների վրա, Աստծո սեղաններ կանգնեցրեց, նշանակված տեղում եկեղեցի շինեց՝ տեսիլքի մեջ իրեն ցույց տրվածը, որը նախապես իր կողմից կնքված էր, այնտեղ կանգնեցրեց Քրիստոսի եկեղեցին: Նույնպես էլ մեհյանների տեղերում, որոնք նախապես կործանեց, և Արտաշատ քաղաքում ու ամեն տեղերում, նահանգներում ու գավառներում առհասարակ այս ձևով վարվեց և բազմացրեց եկեղեցիները, քահանաներ կարգեց ու քրիստոսյան դրոշմով ամենքին առհասարակ պատվում էր, որպեսզի բոլորը Սուրբ Հոգով լինեն:
842 Այսպես ամբողջ Հայոց երկրում, ծայրից ծայր, ջանաց, սփռեց, տարածեց քարոզության ու ավետարանության գործը՝ սատաղացիների քաղաքից մինչև Խաղտյաց երկիրը՝ Կղարջքի մոտ, ապա ընդհուպ մինչև Մասքութների սահմանները, մինչև Ալանաց դռները, Կասպից սահմանները և Հայոց թագավորության Փայտակարան քաղաքը: Ամիդ քաղաքից մինչև Մծբին քաղաքը, քերելով Ասդրիքի սահմանները, Նոր Շիրական երկիրը, Կորդուք գավառը մինչև Մարաք ամուր աշխարհը, մինչև Մահքր-Տան իշխանի երկիրը և Ատրպատական սփռում, տարածում էր իր ավետարանական քարոզը:
843 Իր կյանքի բոլոր ժամանակներին՝ ամառ և ձմեռ, ցերեկ ու գիշեր անվեհեր, առանց հապաղելու իր իսկ ավետարանական ողջունատու ընթացքով, առանց ընդդիմության հակառակորդների կողմից, ամենափրկիչ Հիսուսի անունը կրեց թագավորների, իշխանների ու բոլոր հեթանոսների առջև և ամեն մարդու զարդարեց աստվածային զգեստով ու հոգեպես: ....
845 ՃԻԱ. Եվ դարձյալ շեն ու անշեն տեղերում հաստատեց դաշտաբնակ, շենաբնակ, լեռնական, անձավաբնակ, արգելաբնակ վանականների բազում ու անհամար խմբեր: Քրմերի որդիներից ոմանց առավ աշակերտ, ձեռնասուն դարձրեց, ջանում էր ուսում տալ նրանց հոգևոր խնամքով ու երկյուղով դաստիարակել: ....
854 ՃԻԳ. Այն ժամանակ երանելի, ցանկալի և անչափ սքանչելի եղավ մեր Հայոց երկիրը:


Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983