русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԵՐ / ՊԱՏՄԻՉՆԵՐ
Աբգարի թագավորելու մասին
Աբգար թագավորի հավատն ու դարձը
Ս. Թադեոս և ս. Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունը Հայաստանում
Սանատրուկի ուրացությունը և Թադեոսի ու Սանդուխտի նահատակությունը
Ս. Ոսկյանք և ս. Սուքիասյանք
Անակի գալուստը Հայաստան և ս. Գրիգորի հղացումը
Ս. Գրիգորի ծնունդը
Խոսրով արքայի վստահելը Անակին
Խոսրով թագավորի դավադիր սպանությունը Անակի կողմից, վերջինիս վախճանը իր գերդաստանով հանդերձ՝ բացի երկու մանուկներից (259 թ.)
Շապուհ I-ի ներխուժումը Հայաստան
Տրդատը և ս. Գրիգորը Հռոմեական կայսրությունում
Տրդատը Հռոմի կայսերական բանակում (270-280-ական թթ.)
Տրդատի պարգևատրումը կայսեր կողմից և վերադարձը Հայաստան (287 թ.)
Ս. Գրիգորի չարչարանքները և բանտարկումը Խոր Վիրապում (287 թ.)
Տրդատի հրովարտակն ընդդեմ քրիստոնյաների (287 թ.)
Տրդատի քաջագործությունները թագավոր եղած ժամանակ՝ նախքան հավատալը
Այն մասին, որ Տրդատը կին է առնում Աշխենին, իսկ Կոստանդինը՝ Մաքսիմինային, և թե ինչպես Կոստանդինը հավատի եկավ
Ս. Հռիփսիմյան կույսերի նահատակությունը Տրդատ թագավորի կողմից և վերջինիս պատուհասվելը (300 թ.)
Ս. Գրիգորին դուրս բերելը Խոր Վիրապից և հայոց արքունիքի զղջումը (300 թ.)
Ս. Գրիգորի տեսիլքը և Ս. Էջմիածնի հիմնադրումը (301 թ.)
Հայոց դարձն ու մկրտությունը. քրիստոնեությունը դառնում է Մեծ Հայքի պետական կրոն (301 թ.)
Նիկիայի ժողովը և ս. Գրիգորի ճգնություններն ու վախճանը
Ս. Ներսես Մեծը՝ հայոց հայրապետ
Պարսից Շապուհ արքայի հակաքրիստոնեական հալածանքները և հայոց նախարարների ապստամբությունը
Շապուհի խաբեությունը և հայոց Արշակ արքայի վախճանը (368 թ.)
Պապ թագավորը և նրա ուրացությունը
Հայոց աշխարհի երկու մասի բաժանվելը (387 թ.)
Երանելի Մեսրոպի մասին
Խոսրովի միապետելը Հայաստանի վրա և Մեծն Սահակի եպիսկոպոսապետության աթոռին նստելը
Դանիելյան նշանագրերի մասին
Մեսրոպյան նշանագրերի մասին, որ տրվեցին երկնային շնորհով
Հայոց, վրաց և աղվանից գրագիտության մասին
Ս. Սահակ Պարթևի տեսիլքը
Մեծն Սահակի և երանելի Մեսրոպի այս աշխարհից փոխվելը
Ողբ Հայոց թագավորության՝ Արշակունյաց ցեղից դադարելու մասին (428 թ.) և եպիսկոպոսապետության՝ ս. Գրիգորի տոհմից
Պարսից Սասանյանների իշխանությունը և նրանց հալածանքները քրիստոնյա Հայաստանի դեմ
Հազկերտ II-ի հրամանը
Եկեղեցու սուրբ ուխտի միաբանության մասին
Ավարայրի ճակատամարտը. Վարդանանք (451 թ.)
Վահան Մամիկոնյանի գործունեության և մեծանուն հայրապետների մասին
Արաբական զորքերի առաջին արշավանքները Հայաստան (641-650 թթ.)
Հայոց զինված ապստամբությունը և բազմաթիվ ազնվատոհմիկ հայերի բնաջնջումը (703-705 թթ.)
Ս. Հովհաննես Օձնեցու մասին
Իշխանաց իշխան Աշոտի թագավորելը (885 թ.)
Գագիկ Արծրունու առանձին թագավորելը Վասպուրականում (908 թ.), որ մեծ անկարգությունների պատճառ դարձավ
Սմբատ արքայի անձնվիրությունը
Երնջակ ամրոցի անկումը: Սմբատի որդու՝ Աշոտի սխրանքներն ու թագավորելը (914 թ.)
Վասապուրականի կորուստը (1021 թ.)
Հայոց հավատի փառավորումը
Անիի նվաճումը (1045 թ.)
Թուրք-սելջուկների արշավանքները (1047-1054 թթ.)
Մանազկերտի ճակատամարտը և Հայաստանի վերջնական նվաճումը թուրք-սելջուկների կողմից (1071 թ.)
Հատվածներ Արիստակես Լաստիվերցու Պատմության գրքի հիշատակարանից
Արևմտյան կողմերում (Կիլիկիայում) Լևոնի ունեցած թագավորության մասին
Արևելյան Հայաստանի իշխաններ Զաքարե և Իվանե եղբայրների մասին
Գոշ անվանված մեծ վարդապետ Մխիթարի մահվան մասին
Սուլթան Ջալալադնի և վեց հարյուր յոթանասունչորս թվականին (1225 թ.) վրացական զորքը կոտորելու մասին
Մոնղոլ-թաթարական արշավանքները և Հայաստանի հարավարևմտյան նահանգների նվաճումը (1236, 1242-1245 թթ.)
Սուլթանի ու թաթարների միջև տեղի ունեցած պատերազմի մասին (1243 թ.)
Հայոց Հեթում թագավորի և այն մասին, ինչ որ կատարվեց (հայ-մոնղոլական դաշնագիրը, 1254 թ.)
Հովհաննես Գառնեցու մասին
Լանկ-Թամուրի արշավանքները Հայաստան (1387-1404 թթ.)
Հայ Եկեղեցու հայրապետական աթոռի վերադարձը Վաղարշապատ՝ Ս. Էջմիածին (1441 թ.)





731 Արդ, եկեք պատմեմ ձեզ, եղբայրնե՛ր, Արարչի առ ձեզ ունեցած սիրո ապացույցը, որն ինձ երևաց ահավոր տեսիլքով: [Տեսա] Աստծո խոնարհվելը Իր սուրբ նահատակների վրա և սրանց անհամեմատ բարձրանալը, անպատում վերացումը դեպի անզուգականությունը երկնքի արքայության: Նա պատմեց ինձ գալիք կենսաբեր պարգևը, որը շնորհվելու է ձեզ և աստվածակերպ, սքանչելի, անպատում տեսիլք երևաց ինձ, որը փոքրիշատե հանգամանալից կպատմեմ:
732 Այս գիշերվա կեսին, երբ դուք, աշխատության ծանրությունից ու տքնությունից խոնջացած, քուն էիք մտել, ես դեռ արթուն էի մնացել ու մտախոհ էի աստվածային ողորմության անքնին հրաշքների հանկարծակի ձեզ այցի գալու և ձեզ աստվածագետ վարդապետության իմաստուն խրատների բովի մեջ ներգրավելու մասին: Մտածում էի նաև նահատակների՝ իրենց սիրեցյալ Արարչի հանդեպ ունեցած սիրո և նրանց համար փոխարենը պատրաստված անպատում հատուցման մասին, թե ինչպիսին է այն լինելու:
733 Հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտման բոմբյուն, ահավոր թնդյուն՝ ծովի խռովյալ ալիքների սաստիկ ձայնի նման: Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը, և լույսի կերպարանքով մի այր իջավ, կանչեց իմ անունն ու ասաց՝ Գրիգո՛ր: Նայեցի տեսա Նրա կերպարանքը և զարհուրած դողալով՝ գետին ընկա: Ասաց ինձ. «Նայի՛ր դու վեր և տե՛ս հրաշքները, որ քեզ ցույց կտամ»:
734 Եվ ես նայելով՝ տեսա երկնքի հաստատությունը բացված, ու նրա վրայի ջրերը, նույն ձևով ճեղքված ձորերի և լեռների կատարների նման այս ու այն կողմ բաժանված, դիզված էին աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի: Իսկ լույսը, հոսելով վերևից ներքև, մինչև երկիր էր հասնում. և լույսի մեջ մարդկային կերպարանքով լուսեղեն, երկթև անչափ զորք [տեսա]՝ թևերն իբրև հուր: Մանրամաղ փոշու հյուլեի բազմության նմանությամբ, որ արեգակնակեզ գարնանը խաղում է շողերի մեջ պատուհանների կամ երդիկների լուսանցույցի վրա, այդպես էլ լուսեղեն զորքը լցրեց ողջ երկիրը, և իջնող լույսն առջևը ցցվեց զորքի հետ մեկտեղ:
735 [Տեսա] մարդկային մի ահավոր կերպարանք՝ բարձր ու ահեղ, Որն առջևից էր ընթանում ու վայրէջքի առաջապահն էր և ձեռքին ուներ ոսկե մի մեծ կռան. բոլորը Նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթռիչ արծվի նման ու իջավ հասավ մինչև երկրի հատակը՝ քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, և մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից: Ամբողջ երևացող երկիրը՝ աչքին տեսանելի լինելու չափ, հարթ, հավասար դաշտաձև տափակացավ:
736 Եվ տեսնում էի քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ՝ խոշոր բլրի մեծությամբ, նրա վրա՝ հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ մի ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով:
737 Նայեցի ու տեսա երեք այլ խարիսխներ. մեկը՝ այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն երկու ընկերների հետ, մեկը՝ այն տեղում, ուր սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ, և մեկը՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին, և խոյակները՝ հրեղեն: Երեք սյուների վրա կային լուսեղեն խաչեր՝ տերունական խաչի նմանությամբ, և այս սյուների խաչերը նման էին այն լուսեղեն սյան խոյակին, որը բարձր էր նրանցից: Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին, և դրանց վրա զարմանալի, աստվածակերտ, գմբեթաձև, խորանարդ ու ամպեղեն շինվածք տեսա: Խորանից ներքև, կամարների վրա, տեսա այս երեսունյոթ սուրբ վկաներին՝ սպիտակ հանդերձների լուսավոր կերպարանքով, որն անկարող եմ պատմել:
738 Շինվածքի կատարին տեսա զարմանալի, աստվածակերտ, սքանչելի, հրեղեն աթոռ և նրա վրա՝ տերունական խաչը: Համատարած լույսը, նրան պարուրելով, խառնվեց խաչի ճառագայթներին և կպչելով՝ միաձուլվեց: Շողացող լույսը, սյուն դառնալով, ծագեց խարիսխների ներքին սյուների մեջ:
739 Եվ հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց ու ծավալվեց բոլոր դաշտերում և ամեն ինչ լցրեց, որչափ աչքը տեսնում էր: Եղավ լի ու կապուտակ ծով, և դաշտերն առհասարակ երկնագույն երևացին: Տեսա հրեղեն սեղաններ անչափ բազմությամբ և ամեն մի սեղանի վրա՝ մեկական սյուն՝ վրան մեկական խաչով, որոնք իբրև աստղերի բազմություն երևացին ու անչափ փայլեցին:
740 Տեսա սև գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք, ջուրն անցնելով, ոչխարներ դարձան, և նրանց գույնը սպիտակության փոխվեց. ոչխարի լուսեղեն բուրդը փայլում էր ամբողջովին, և նրա ճառագայթները փայլատակում էին: Մինչ շարունակում էի նայել, հոտերը հանկարծ ծնվեցին ու բազմացան, և ծնված լուսագեղմ գառները լցրին ամեն կողմ: Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան, և կեսը, ընկնելով գետի մեջ, ջրի այն կողմը ելավ: Գառները դարձան թուխ գայլեր և գնացին հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, և արյան ճապաղիք եղավ: Մինչ նայում էի, տեսա, որ հոտերին թևեր բուսան, թևավորներ դարձան և վերացան, խառնվեցին լուսեղեն զորքերին: Հրեղեն հեղեղ բարձրացավ ու վերցրեց տարավ գայլերին:
741 Իսկ ես նայելով՝ զարմանում էի: Այն այրը, Որն իմ անունն էր կանչել, ցույց տվեց ինձ ու ասաց. «Ո՛վ մարդ, ինչո՞ւ ես զարմացած և չե՞ս ըմբռնում Աստծո մեծամեծ [գործերը]»: Ասացի. «Ինչպե՞ս, Տե՛ր»: Ասաց ինձ. «Այս տեսիլքը քեզ ցույց տրվեց, որպեսզի ըմբռնես: Եթե, ահավասիկ, բացված է երկինքը, գիտցի՛ր, որ բացված են Քրիստոսի մարդասիրության դռներն Իր արարածների հանդեպ: Իմացի՛ր. որոտման հնչող ձայնը [ցույց է տալիս], որ Աստծո գթության ու ողորմության անձրևն է իջնում: Բացված են ահա երկնքի դռները, բացված են և նրա վրա եղած ջրերը, որպեսզի արգելքներ չլինեն այս աշխարհի մարդկանց վեր ելնելու: Այս սուրբ նահատակները, որ այստեղ նահատակվեցին, հյուսիսային կողմերին ճանապարհ բացեցին, քանի որ իրենք ելան, և այլոց շավիղներն ուղղվեցին:
742 Ահա լույսը, որ այս վայրերը լցրեց, ավետարանի քարոզությունն է. այն լցնելու է նաև հյուսիսի կողմը: Եվ լուսեղեն զորքերը շատ փափագեցին իջնել նահատակների վարդագույն արյան անուշ, ծաղկանման բուրմուքի համար, մանավանդ [որ] այսուհետև հրեշտակների բազմությունները խառնվելու են մարդկանց հետ՝ բնակվելու համար:
743 Իսկ ահավոր ու շքեղ այրը, որ գնում էր լույսի առջևից՝ ոսկի կռանը ձեռքին, և հարվածեց սանդարամետին, դա Աստծո Նախախնամությունն է, Որը «նայում է երկիր ու դողացնում, մերձենում է լեռներին, և նրանք ծխում են»: Աստվածային այդ ահը հարթեց, կործանեց և տապալեց մոլորությունը երկրից: Իսկ այն, որ երկրի վրա հնչեց, դա ծառայության հնազանդության ձայնն էր, որ խոսեց:
744 Սյունը, որի խարիսխը ոսկի է, ինքը՝ հրեղեն, խոյակը՝ ամպեղեն, և վրան՝ լուսեղեն խաչ, այդ ոսկի խարիսխը հաստատության անշարժ վեմն է. հրեղեն սյունը կաթողիկե Եկեղեցին է, որն իր թևերի տակ է հավաքում բոլոր ժողովուրդներին հավատքի մի միաբանության մեջ. ամպե խոյակն ընդունելու է արդարներին, երբ Տիրոջ գալստյան ժամանակ թռչեն Նրան ընդառաջ՝ բարձրանալու:
745 Նրա վրայի լուսավոր խաչը ինքը՝ մեծ քահանայապետությունն է ժողովուրդների մեջ և օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության օրհնության: Այդ տեղում թող Աստծո տաճարը լինի՝ բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության աթոռը:
746 Իսկ երեք խարիսխները, որոնք արնագույն կարմիր էին, [նահատակների] չարչարանքների, նեղությունների ու մահվան համբերության համար են, քանզի իրենց մահը հավատքի ճշմարտության խարիսխ դարձրին՝ հեղմամբ իրենց արյան: Ամպեղեն սյուներն այն բանի համար երևացին, որ ամպը թեթև արագություն ունի հարության, երկինք վերանալու ժամանակ: Իսկ հրեղեն խոյակը [նշանակում է], որ նրանց բնակությունը աստվածային լույսի հրի մեջ է լինելու:
747 Խաչերը [խորհրդանշում են] նահատակների չարչարանքը, որը նման է Տիրոջ չարչարանքներին, և [նրանք] մեռան Նրա փոխարեն, քանի որ Աստծով ապրեցին ու Քրիստոսի հետ խաչվեցին, և Քրիստոսը կենդանի է [մնում] նրանց ոսկորների մեջ, որ բոլորին ցույց տա նրանց կենդանությունը, հայտնի դարձնի նրանցից [ստացված] Իր գիտության անուշ բուրմունքը և հռչակի նրանց առաքինությունը տիեզերքում: Քանզի նրանք սպանեցին երկրավոր մարմինները և կախեցին տերունական խաչից. չարչարակից լինելով իրենց Տիրոջը՝ նույնպես և հաղորդակից են լինելու Նրա փառքին ու զորությանը:
748 Առաջին խաչը, որ քեզ ցույց տրվեց, քահանայական պատվի պարծանքն է՝ Քրիստոսի խաչով փառավորված: Մյուս երեք [խաչերը] տեղադրված էին սրբերի գերեզմանների վկայարանների տեղում, որպեսզի նրանց արյան հեղման տեղում շինվեն իրենց ոսկորների հանգստյան մատուռները: Իսկ որ առաջին սյունը բարձր է, [նրանից է,] որ կաթողիկե Եկեղեցու պատիվն ավելի մեծ է ու բարձր, քան սրբերի ամեն բարձրությունները: Կամարները, որոնք սյուներն իրար էին կապում, կաթողիկե Եկեղեցու հավասար միաբանության [նշանն] են: Իսկ վրայի խորանը վերին քաղաքի և երկնքի արքայության միաբանության ժողովարանի օրինակն է:
749 Եվ քանի որ նահատակները քեզ երևացին, իմացի՛ր,- ասում է,- որ այս մահը ժամանակավոր է, իսկ նրանց կենդանությունը՝ հավիտենական՝ փառավորված ի փառս Աստվածորդու, որի համար էլ Նրա խաչի օրինակը իրենց անձերի վրա են տպավորել:
750 Շինվածքի գագաթին, որը տեսնում ես, նույն Ինքը՝ բարձր Աստծո ամենազոր բնության աթոռն է, քանզի Նա Ինքը սուրբ Եկեղեցու գլուխն է և ամեն բարությունների կատարիչը: Նրան պատշաճում է ամեն շինվածք, և աճում է Նա աստվածային աճով, ու Նրանով են բոլոր մարմինները հոդերով, խաղերով, անդամներով հաստատված ու կազմված:
751 Խաչին փարված լույսը հենց նույն աստվածային Հոգին է, որը փառավորում է Որդուն: Եվ խառնվեց Նրա ճառագայթներին, քանզի Ինքը Որդուց է վերցնում ու պատմում Իր սիրելիներին: [Նրանք] իրար միացան, քանզի մեկ է աստվածային բնությունը: Եվ լույսը ծագեցրեց չորս սյուների մեջ ու հորդաբուխ աղբյուրը բխեցրեց, քանզի կաթողիկե Եկեղեցուց Հոգու շնորհները մկրտության աղբյուրով բխելու են նահատակների և քահանայապետության մեջ՝ լվանալու հոգու աղտը՝ մարմիններով հանդերձ: Այն, որ հորդեց, լցրեց շատ վայրեր, [նշանակում է, որ] բազմաթիվ ժողովուրդների մկրտությամբ փրկություն է լինելու: Իսկ որ երկնագույն երևացին բոլոր դաշտերը, նշանակում է, որ երկիրը երկնքի նման է լինելու՝ որպես հրեշտակների ու մարդկանց խառնուրդ:
752 Հրեղեն սեղանների բազմությունը, որ քեզ երևում է, արդարև իսկ լինելու են Աստծո սեղաններ, որոնք քավություն կբաշխեն ամենքին: Հրեղեն երևացին նրա համար, որ Հոգու պաշտամունքը փառքով լինի: Սեղանների վրայի մեկական սյուները քահանայապետության աղոթքի ժամերգությունն են, իսկ նրանց վրայի խաչերը Քրիստոսի սուրբ անունն ամեն տեղ փառավոր դարձնելու համար են: Նրանց՝ աստղերի չափ բազում լինելը [այն բանի համար է], որ սրբության պաշտամունքը աստղերի չափ [պիտի] բազմանա:
753 Սև այծերի բազմության հոտերը, որոնք ջուրն իջնելիս սպիտակ ոչխարներ դարձան, [նշան են այն բանի], որ Աստծո շնորհների աջը հասնելու է քահանայապետության միջոցով, որի ձեռքը մկրտության աղբյուր է բխեցնելու բազում մեղավորների թողության և քավության համար: Իսկ նրանց լուսեղեն բուրդը, որ փայլած, պայծառացած էր, նշանակում է, որ մկրտվածները լույսով են զգեստավորվելու և խոստացված արքայությանն արժանի են լինելու: Եվ եթե հոտերը ծնեցին, բազմացան ու [բոլոր] վայրերը լցրին, այսինքն՝ երկար ժամանակ աճեցնելու է քարոզությունը, և լինելու են նորոգության նոր ծնունդներ, ու բազմացնելու է մկրտությունը:
754 Եվ այն, որ հոտերի կեսը ջուրն էր ընկել ու ելել մյուս կողմը, որտեղից անցել էր, նշանակում է, որ հետագայում [մարդիկ] անօրեն են դառնալու՝ հեռանալով ճշմարտությունից, Աստծո սրբության ուխտի դրոշմը մի կողմ են գցելու, և շատերը լքելու են սուրբ ուխտը: Գառներից գայլեր են դառնալու, որոնք կոտորելու են սուրբ գառներին, այսինքն՝ նրանք, հեռանալով ճշմարտության ու քահանայության ուխտից, գայլեր կդառնան, և կլինի գառների, այսինքն՝ ուխտի ու քահանայության արյունահեղություն և ժողովուրդների խռովություն: Իսկ նրանք, որ հավատարմությամբ կհամբերեն, [լինեն] գառներից, ժողովրդից կամ քահանաներից, թևեր են առնելու և վերանալու են դեպի Քրիստոսի արքայությունը: Բայց որոնք գայլերի մտադրությունը կամ նրանց հափշտակության գործերը կունենան, անշեջ հրի կմատնվեն:
755 Եվ դու,- ասաց ինձ այրը,- պի՛նդ կաց, քաջ և զգո՛ւյշ եղիր, քանզի գործը եկել հասել է քեզ, հեշտությամբ բարություն է արվելու, և ճշմարիտ մշակների հետ առնելու ես Քրիստոսի անպատում պարգևները: Արդ, զգո՛ւյշ եղիր ավանդիդ համար, որը քեզ վստահվեց Տեր Հիսուս Քրիստոսից: Կշինե՛ս Աստծո անվան տաճար քեզ ցույց տրված տեղում, ուր հրեղեն սյունը ոսկի խարիսխ ուներ, և սրբերին՝ վկայարաններ՝ այն տեղում, ուր զոհվեցին նրանք Աստվածության հույսի կենդանության համար, որպեսզի բժշկվեք հարված կրողներդ, քարոզությունն օրըստօրե, հարատևորեն հաջողություն ու առաջադիմություն ունենա, և ամենքը հասնեն Քրիստոսի հավատքի չափահասության»:
Երբ այս ասաց, ցնցում եղավ, ու լուսաբացին տեսիլքը ծածկվեց:
756 Արդ, Ամենարարը, Ամենաստեղծը, Ամենահաստիչը, Ամենիմաստը, Ամենատերը, Ամենակալը, Ամենագյուտն ու Ամենաբժիշկը խրատեց ձեզ, որպեսզի ձեզ Իր Աստվածությանը մերձավոր դարձնի: Դրա համար էլ մեր միջոցով ձեզ ցույց տվեց կենաց ճանապարհները և փրկության հանգամանքները՝ միաժամանակ թողությունը ձեզ բերել-հասցնելու համար: Դրա՛ համար գալիք բաների տեսիլքը ցույց տվեց ինձ, որպեսզի ձեզ պատմեմ՝ Իր կամքը ժամանակին ձեր նկատմամբ կատարելով: Արդ, դուք էլ ասածներս, ըստ հրամանների, փութացե՛ք կատարել»:
757 Այս ասելով՝ հրամայեց շինվածքի նյութը շուտափույթ պատրաստել: Մարդկանց ամբողջ բազմությունը, այս լսելով, յուրաքանչյուրը գնաց նյութերը պատրաստելու: Հրամայված տեղերում կուտակում էին մեկը՝ վեմ, մեկը՝ քար, մեկն՝ աղյուս, մեկը՝ մայրի փայտ, պատրաստում էին խնդալից փութով և մեծ երկյուղով:
758 Իսկ ինքը՝ սուրբ Գրիգորը, շինողների ճարտարության լարը ձեռքն առնելով, երանելիների վկայարան-հանգստարանների հիմքերն էր պատրաստում: Բազմության մեջ ամեն մեկն իր օժանդակությունը բերելով՝ ձգտում էր շինվածքի կառուցումն ավարտել գեղեցկադիր ու հարմար հիմքերի վրա: Ամեն ոք մի գործ էր ձեռնարկում, և անգամ կանայք օգնելով, ըստ իրենց կանացի տկար ուժի, այսպես առհասարակ գործ էին կատարում հավատքով ու մեծ երկյուղով, որպեսզի ոչ ոք ամենևին անմասն չմնա շնորհների փրկությունից և չզրկվի բժշկությունից:
759 Կանգնեցրին երեք վկայարաններ, մեկը՝ քաղաքի հյուսիսարևելյան կողմում, ուր նահատակվեց սանական Հռիփսիմեն երեսուներկու ընկերներով, մյուսը շինեցին նրա հարավային կողմում, ուր նահատակվեց Գայանեն՝ նրա սնուցիչը, երկու ընկերներով, իսկ մի ուրիշը՝ հնձանի մոտ՝ այգու մեջ, ուր նրանց կացարանն էր: Շինեցին կազմեցին այդ տեղերը և զարդարեցին ոսկե ու արծաթե լուսավոր կանթեղներով, վառ լապտերներով ու հրաբորբոք աշտանակներով: ....
769 «Խորաններից ներս, սրբերի տապանների հանգստարանների վրա, զոհասեղանների տեղը, երեք վկայարաններում, ամեն մեկի համար տերունական խաչի սուրբ նշա՛նը կանգնեցրեք՝ ասելով. «Միայն այս ամենակեցույց նշանի առջև պիտի երկրպագեք ձեր Արարիչ Տեր Աստծուն: Ահա հաստատուն սյուներ կանգնեցվեցին ձեր խարխուլ շինվածքին: Այս այն սյուներն են, ասում է, որ տանում են ձեր փրկության շինվածքի ծանրության բեռը. ահա երեք սյուներ, և չորրորդը կենդանության սյունն է, որը ձեզ բարձրացնելու է Աստծո մոտ: Եկեք, տերունական տան որոշված և հրամայված տեղը եզերելով, պատվով շրջափակենք»»:
770 Եվ թագավորի ու ողջ ժողովրդի հետ մեկտեղ գնաց իսկույն, հասավ այն տեղը, ուր իրեն ցույց էր տրված հրեղեն սյունը ոսկի խարսխի վրա, և իսկույն բարձր պարսպով տեղը շրջափակեց ի պատիվ, դռներով ու փականքով ամրացրեց և կանգնեցրեց այնտեղ ևս փրկչական խաչի նշանը, որպեսզի առհասարակ ամեն ոք, որ այնտեղ հասնի, ամենազոր Արարչին՝ Աստծուն երկրպագելով՝ ծնրադրի:
771 Այսպես քարոզությամբ, լուսավորելով ժողովրդի սրտերն ու հոգիները՝ աստվածային աղով աղեց, համեմեց, [և նրանք,] թողնելով սնոտի, ձեռագործ կուռքերի ունայն պաշտամունքը, մարդասեր Աստծո պաշտամունքին դարձան:
772 Այնուհետև աճապարեցին անձնական կամքով պահքի ու աղոթքի, երկյուղի ու սիրո և Աստծո վարդապետության ունկնդրությանը փութալ:
773 ՃԷ. Արդ, երբ միահամուռ հավաքված էին Աստծո տան հարկի աղոթավայրում, երանելի Գրիգորը սկսեց խոսել և ասաց. «Ծո՛ւնր դրեք ամենքդ, որպեսզի Տերը ձեզ բժշկի հարվածներից»: Ամենքը ծունր դրեցին Աստծո առջև, և երանելի Գրիգորը մեծ աղոթքով ու պաղատանքով, ուժգին ճգնությամբ ու արտասուքով թագավորի համար բժշկություն խնդրեց: Իսկ թագավորը, մինչ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծակի դողի մատնվեց, և մարմնի վրայի խոզի մորթը՝ ժանտատեսիլ ժանիքով ու կնճիթադեմ երեսով հանդերձ, վայր ընկավ: Խոզանման մազի թավությամբ խորխացյալ կաշին դուրս նետվեց: Դեմքն իր իսկական կերպարանքը ստացավ, և մարմինը նորածին մանկան նման փափուկ, մատղաշ դարձավ, և ամբողջ մարմնով լրիվ բժշկվեց:
774 Այսպես էլ բոլոր մարդիկ, որ բազմությամբ կուտակված էին, յուրաքանչյուրն իր ախտերը թոթափեց. ոմանք բորոտ էին, ոմանք՝ անդամալույծ ու չորացած անդամներով, ջրգողված որովայններով, դիվահար, խեղանդամված ու ոտնախտավոր: Եվ այսպես շնորհների մարդասեր Քրիստոսը բացեց Իր ամենակարող բժշկարանը՝ Գրիգորի միջոցով բոլորին բժշկելու: Յուրաքանչյուր ախտավոր թոթափում էր իր հիվանդությունը: Այսպես էլ բացվեց Քրիստոսի գիտության աղբյուրը՝ ամենքի լսելիքը լցնելու Աստծո ճշմարտապատում վարդապետությամբ:


Աղբյուր՝ Ագաթանգեղոս, Հայոց պատմություն,
թարգ.՝ Արամ Տեր-Ղևոնդյանի
© Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1983