русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԲԱԲԵԼ ՀԱՅՐԱՊԵՏ ԵՎ ՆՐԱ ԵՐԵՔ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ (+283)
id590Բաբել կամ Բաբելաս անունով ս. հայրապետը Հռոմի Նումերիանոս կայսեր օրոք (283-284) Անտիոքի պատրիարքն էր: Երբ Նումերիանոսը Պարսկաստանի դեմ պատերազմելու համար զորքով անցնում էր Անտիոքով, քաղաքի մեհյաններից մեկում զոհեր մատուցելուց հետո որոշում է մտնել նաև Անտիոքի քրիստոնեական եկեղեցին՝ իբրև թե պատվելու քրիստոնյաների Աստծուն, բայց իրականում կամենալով անարգել սրբությունը:
Գիտենալով կայսեր մտադրությունը՝ ս. Բաբելը կանխում է նրա մուտքը տաճար: Քանի որ Նումերիանոսին հայտնի էր պատրիարքի բարի համբավը, նա չի շտապում հակաճառել սրբին ժողովրդի առաջ, սակայն հետո հրամայում է գաղտնի ձերբակալել Բաբելին ու բերել իր մոտ:
Կանգնելով ատյանի առջև՝ ս. հայրապետը կայսեր հարցերին պատասխանում է մեծ իմաստությամբ՝ բացահայտելով քրիստոնեության հիմունքները և ասելով, որ եթե կայսրը հավատա Քրիստոսին, ինքը պատրաստ է համբուրել նրա ոտքերը, բայց եթե բարկացնի Արարչին, կկործանվի: Նումերիանոսը համոզված հեթանոս էր և հավատում ու ապավինում էր հռոմեական դիցարանին: Ուստի ո՛չ ըմբռնում է սրբի քարոզի իմաստը, ո՛չ էլ հասկանում, որ նա մարգարեանում է իր մոտալուտ վախճանի մասին: Սուրբ հայրապետի քարոզը նա ընկալում է իբրև անարգանք իր պաշտած աստվածների հասցեին, իսկ զգուշացումը՝ իր արքայական պատվի հանդուգն արհամարհանք: Ուստի ընդհատում է նրա խոսքը և, այլևս չթաքցնելով իր դիվային ատելությունը քրիստոնեության հանդեպ (ինչը սկզբից ևեթ տեսել էր ս. Բաբելը), դիմում է բացահայտ սպառնալիքի ու բռնության:
Նա հրամայում է, որ ս. պատրիարքի պարանոցն ու ոտքերը շղթայեն և, իբրև անպատվություն, ամենքին ի տես քարշ տան քաղաքի փողոցներով: Իսկ երանելի Բաբելն ընդունում է այդ որպես մեծագույն պատիվ, քանզի չարչարանակից է դառնում Քրիստոսին և հալածվում Նրա անվան համար: Այդժամ նրան մոտենում են իր երեք պատանի աշակերտները՝ 12-ամյա Ուրբանոսը, 9-ամյա Պրիլիդիանոսը և 7-ամյա Եպիղոնիոսը, որոնք հարազատ եղբայրներ էին: Նրանք փարվում են սիրելի ուսուցչի ոտքերին ու չեն հեռանում՝ համաձայն լինելով չարչարվել նրա հետ: Սուրբ հայրապետը հոգով տեսնում է, որ աշակերտները լիովին պատրաստ են նահատակության, ու ոչ միայն չի հորդորում նրանց հեռանալ, այլև Նումերիանոսին դրդում է փորձել նրանց հավատի տոկունությունը, որպեսզի բռնակալը, պարտվելով պատանիների հավատից, ընկրկի Քրիստոսի փառքի առջև:
Կայսրը հրամայում է հարազատ մոր ներկայությամբ գանահարել եղբայրներին, յուրաքանչյուրին՝ իր տարիքի քանակով, սակայն թե՛ որդիները, թե՛ մայրը դրա համար միայն օրհնում ու փառաբանում են Քրիստոսին: Այդժամ Նումերիանոսը սոսկալի խոշտանգումների է ենթարկում Բաբելին և աշակերտներին, իսկ նրանք չարչարանքների մեջ անդադար աղոթում են ու փառաբանում Արարչին և ավելի են զորանում՝ հանդիմանելով կայսերն ու անարգելով նրա հեթանոսական կրոնը: Ի վերջո, տեսնելով, որ նահատակները մնում են անվնաս ու անկոտրում, կայսրը հրամայում է գլխատել նրանց:
Ս. Բաբելը և իր երեք աշակերտները նահատակվում են 283 թ. սեպտեմբեր ամսին: Ըստ այլ ավանդության՝ սրբերի նահատակությունը տեղի է ունեցել ոչ թե Նումերիանոս, այլ Դեկիոս կայսեր (249-251) կողմից՝ 251-ին:
 
sacredtradition.am