русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԲԵՆԻԱՄԻՆ ՍԱՐԿԱՎԱԳ (+418)
id542Պարսից Հազկերտ I թագավորի իշխանության ժամանակ (399-420) մեծ հալածանքներ սկսվեցին Պարսկաստանում ապրող քրիստոնյաների հանդեպ, որոնց ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը և վերադառնալ կրակապաշտության: Այդ շրջանի բազմաթիվ մարտիրոսներից էր Բենիամին սարկավագը, որը, Սուրբ Հոգով զորացած, անվարան քարոզում էր և ավետարանում՝ շատերին մոգությունից աստվածպաշտության բերելով: Կրակապաշտների կողմից գանահարվելուց և 2 տարի բանտում արգելափակվելուց հետո Բենիամինն ազատ արձակվեց շնորհիվ Թեոդոսիոս II կայսեր (401-450) կողմից Պարսկաստան առաքված դեսպանների, որոնք լսել էին սուրբ սարկավագի և նրա բանտարգելության մասին և նրան ազատելու համար դիմել էին Հազկերտին: Բենիամինին ազատ արձակելու արքայական պայմանն այն էր, որ նա այլևս չավետարանի ու ոչ ոքի դարձի չբերի: Բայց երանելի սարկավագը, ելնելով բանտից, շարունակեց նույն համարձակությամբ քարոզել և ուսուցանել՝ ասելով, թե անհնար է, որ մարդկանց կողմից արգելվի աստվածային շնորհը: Դեսպանների վերադառնալուց հետո պարսից արքան հրամայեց դարձյալ ձերբակալել և իր մոտ բերել Բենիամինին: Բայց ո՛չ սպառնալիքները, ո՛չ էլ սոսկալի չարչարանքները չընկճեցին սուրբ վկային և չկարողացան ստիպել երկրպագել արեգակին ու կրակին: Համբերելով անմարդկային, դաժանագույն խոշտանգումների՝ ս. Բենիամինը շարունակ աղոթում էր, մինչև որ ավանդեց հոգին՝ ստանալով մարտիրոսության բաղձալի պսակը:
 
sacredtradition.am