русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԵՎԳԻՆԵ ԿՈՒՅՍ, ՆՐԱ ՀԱՅՐ ՓԻԼԻՊՊՈՍ ԵՎ ՄԱՅՐ ԿՂՈԴԻԱ, ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ ՍԵՐԳԵՅ ԵՎ ԱՊԻՏՈՆ ԵՎ ԵՐԿՈՒ ՆԵՐՔԻՆԻՆԵՐ (II դ. վերջ)
id534Կոմմոդոս կայսեր իշխանության տարներին (180-192) հռոմեացի ազնվական Փիլիպպոսը, նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ, ամբողջ ընտանիքով փոխադրվեց Ալեքսանդրիա, որը, իբրև Եգիպտոսի մայրաքաղաք, ժամանակի ամենախոշոր և աշխույժ մշակութային կենտրոնն էր՝ հայտնի զանազան իմաստասիրական և գիտական դպրոցներով: Այստեղ գործում էր նաև քրիստոնյաների աստվածաբանական դպրոցը, որի հետ սերտ առնչության մեջ մտավ Փիլիպպոսի դուստր Եվգինեն, որը խիստ կրթասեր էր և փնտրում էր ճշմարտությունը:
Շուտով նա համոզվում է քրիստոնեության՝ փրկության միակ ճանապարհը լինելու մեջ և իրեն մշտապես ուղեկցող երկու ներքինիների հետ, ծնողներից գաղտնի, հեռանում է մի քրիստոնեական վանք, որտեղ մկրտվում է և վանահոր օրհնությամբ դառնում վանական՝ Եվգինեոս անվամբ՝ տղամարդու կերպարանքով: Նրա բնատուր ընթերցասիրությունն իր պտուղը տալիս է վանքում, որտեղ բոլորը սքանչանում էին Սուրբ Գրքի նրա իմացությամբ, իսկ բարեպաշտ վարքով ու ճգնություններով նա ձեռք է բերում բժշկության և դիվահալածության շնորհ: Երբ մահանում է վանահայրը, վանականների թախանձանքով Եվգինեն ընտրվում է նրա փոխարեն:
Մի անգամ Եվգինեի աղոթքով բժշկված մի հարուստ կին, սքանչանալով նրա նրբագեղ արտաքինով, սիրահարվում է նրան: Իր անպարկեշտ առաջարկի դիմաց մերժում և հանդիմանություն ստանալուց բարկանալով՝ նա որոշում է վրեժխնդիր լինել և ամբաստանում է սուրբ վանահորը Ալեքսանդրիայի դատավորի առաջ, իբրև թե նա փորձել է բռնաբարել իրեն: Դատավորը, որ նույն ինքը Եվգինեի հայր Փիլիպպոսն էր և տարիների կսկիծը սրտում՝ իր դստեր կորստյան համար կասկածում էր քրիստոնյաներին, իսկույն մեծ ատյան է կազմում անառակ վանահորը խայտառակելու համար: Տեսնելով, որ դատն անարդար է ընթանում, և անարգվում են քրիստոնեությունն ու վանականությունը, ս. Եվգինեն ստիպված բացահայտում է իր ինքնությունը, որից զրպարտող կինն ամոթահար է լինում, իսկ հայրն ու ընտանիքը լցվում են մեծ ուրախությամբ՝ անսպասելի գտնելով վաղուց կորած իրենց հարազատին: Բայց նրա հետ միաժամանակ նրանք գտնում են նաև իրենց հոգիների փրկությունը. խորապես ազդվելով Եվգինեի իմաստությամբ ու հավատի զորությամբ՝ դարձի են գալիս ու մկրտվում: Փիլիպպոսին կայսրը զրկում է պաշտոնից, իսկ քրիստոնյա ժողովուրդն ընտրում է նրան իբրև Ալեքսանդրիայի եպիսկոպոս: Բայց նա շուտով դավադրաբար սպանվում է՝ դառնալով ընտրյալ ընտանիքի առաջին մարտիրոսը:
Իրենց հոր նահատակություից հետո ամբողջ ընտանիքը երկու ներքինիների հետ միասին վերադառնում է Հռոմ, որտեղ ս. Եվգինեն, արդեն իբրև միանձնուհի, իր մոր՝ Կղոդիայի հետ շատ կույսերի և այրիների դարձի ու փրկության պատճառ է դառնում: Ինչպես նախկինում, այնպես էլ Հռոմում ս. Եվգինեի հավատարիմ գործակիցներն են լինում երկու ներքինիները՝ զորացած և լցված քարոզչության շնորհով: Տարիներ անց, երբ դարձյալ սաստկանում են քրիստոնյաների հալածանքները, ձերբակալվում և նահատակվում են ներքինիներն ու ս. Եվգինեն: Նրանց մարտիրոսությունն ուղեկցվում է զարմանահրաշ նշաններով. բոլորի աչքի առաջ կործանվում են հեթանոսական բագինն ու կուռքերը, իսկ Եվգինեն ո՛չ գետի ջրերում է խորտակվում, ո՛չ էլ այրվում կրակի մեջ, մինչև որ ներքինիների պես գլխատվում է: Երբ նրա մայրը՝ ս. Կղոդիան, անմխիթար սգում էր դստեր գերեզմանի առաջ, տեսիլքով հայտնվում է ինքը սրբուհին և հորդորում ուրախանալ, քանի որ և՛ ինքը, և՛ հայրը արդարների հետ վայելում են երկնային երանությունը: Նա հայտնում է նաև, որ շուտով նույն պսակին կարժանանա և Կղոդիան՝ այս ամենի մասին նախապես վկայելով իր որդիներին և նրանց էլ պատվիրելով ընթանալ սրբությամբ, որպեսզի նույն անվախճան կյանքին արժանանան:
 
sacredtradition.am