ԵՓԵՍՈՍԻ ՅՈԹ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ (III-IV դդ.)
id525Այս երիտասարդների պատմությունը սրբոց վկայաբանություներում բացառիկ տեղ է գրավում։ Նրանք Եփեսոսի ազնվական ընտանիքների զավակներ էին և գտնվում էին զինվորական ծառայության մեջ, երբ Դեկիոս քրիստոնեահալած կայսեր օրոք (249-251) գաղտնի
քրիստոնյա են դառնում: Բայց
Աստծո կամքով և Նրա
փառքի համար այս յոթ երիտասարդների
հավատը շուտով բացահայտվում է: Երբ կայսրն այցելում է Եփեսոս, շատերին, որոնց մեջ էին նաև յոթ նորադարձ զինվորները, հրամայում է զոհեր մատուցել կուռքերին: Հրաժարվելով
հեթանոսական պաշտամունքից՝ երիտասարդները պատրաստ էին
նահատակոթյան, սակայն, որպես ազնվականների, կայսրը նրանց միայն զրկում է զինվորական պատիվներից, գանակոծում է և հրամայում վերադառնալ ծնողների մոտ՝ հուսալով, թե կզղջան և կուրանան իրենց
հավատը: Սակայն երիտասարդները որոշում են ոչ թե վերադառնալ տուն, այլ միասին ապաստանել քաղաքի մոտակա լեռան քարայրում՝
ճգնավորական կյանք վարելով և պատրաստվելով մարտիրոսության: Երբ բացահայտվում է նրանց գտնվելու տեղը, կայսրը, դարձյալ հաշվի առնելով նրանց ազնվական ծագումը, հրամայում է ոչ թե խոշտանգել, այլ պարզապես քարերով փակել քարայրի մուտքը: Տիրոջ կամքով երիտասարդները խոր քուն են մտնում և հրաշքով այդպես քնած մնում մինչև 389 թ., երբ ս.
Թեոդոսիոս Մեծ կայսեր օրոք (379-395) քարայրի մուտքը բացում են՝ որպես ոչխարների փարախ օգտագործելու համար (ըստ Օրթոդոքս
Եկեղեցու ավանդության՝ երիտասարդներն արթնանում են ոչ թե
Թեոդոսիոս Մեծ, այլ Թեոդոսիոս II կայսեր օրոք (408-450)՝ 446 թ.-ին): Երբ լուրը հասնում է կայսրին, նա շտապում է Եփեսոս՝ սեփական աչքերով տեսնելու հրաշքը: Իրենց հետ ամբողջ կատարվածը պատմելուց հետո երիտասարդները դարձյալ ննջում են, այս անգամ՝
մահվան քնով։ Սուրբ վկաների կամքով՝ նրանց մարմինները մնում են նույն քարայրում, որի վրա շուտով հոյակերտ եկեղեցի է կառուցվում: