русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՎԼԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (+316)
id522Սեբաստիայի եպիսկոպոսն էր Հռոմեական կայսրության արևելյան մասում Դիոկղետիանոսի (284-305) և Լիկինիոսի (307-324) տիրակալության ժամանակաշրջանում, երբ քրիստոնյաները խիստ հալածանքների էին ենթարկվում։
Ս. Վլասը մեկն է միջնադարի մեծահամբավ սրբերից: Հայտնի էր իր սրբակեցությամբ ու ճգնասիրությամբ, արիությամբ և գթասրտությամբ, բժկություններով ու հրաշագործություններով: Նա իր հոտի հավատարիմ հովիվն էր՝ հալածանքների մեջ երբեք չլքելով նրան, մշտապես քաջալերելով նահատակներին և օժանդակելով բանտարկվածներին: Երբ հալածանքները խիստ սաստկացան, ս. Վլասը հանձնարարեց հավատացյալներին հեռանալ լեռները և ինքն էլ առանձնացավ Արգեոս լեռան մի քարանձավում՝ հանձնվելով ճգնակեցության: Պատմում են, որ այստեղ նրան հնազանդվում էին լեռան գազանները, որոնց նա օրհնում էր, իսկ հիվանդ կենդանիներին՝ աղոթքով բժշկում:
Շուտով հայտնաբերվում է սրբի թաքստոցը, և նա, փառաբանելով Աստծուն, հետևում է իրեն Կեսարիա ուղեկցող զինվորներին: Ճանապարհին ս. Վլասը բազմաթիվ հրաշքներ է գործում՝ մինչև իսկ մի մեռյալի հարություն տալով: Երբ սուրբ հայրապետին բերում են Կեսարիա, կուսակալ Ագրիկողայոսը նրան դիմում է կեղծ ողջույնով՝ կոչելով աստվածների բարեկամ: Սուրբը, պատասխանելով այդ ողջույնին, անպատվում է կուսակալի պաշտած աստվածներին՝ անվանելով դևեր, ինչով էլ արագացնում է իր ցանկալի նահատակության դատավճիռը:
Ս. Վլասի մարտիրոսությունն ուղեկցվում է հրաշքներով. խստագույն խոշտանգումներից հետո նա մնում է անվնաս ու զվարթերես, իսկ երբ նրան նետում են Սեբաստիայի լիճը, սկսում է քայլել ջրի վրայով՝ փառաբանելով Քրիստոսին և ծաղրելով չաստվածներին: Ի վերջո սուրբ հայրապետին գլխատում են: Մահից առաջ նա աղոթում էր բովանդակ աշխարհի համար:
Ս. Վլասի հետ նահատակվում են յոթ բարեպաշտ կանայք և երկու մանուկներ:
 
sacredtradition.am