Ս. ԾՆՈՒՆԴ
id517Աստծո Միածին Որդին մեր
փրկության համար աշխարհ եկավ՝ ծնվելով
Կույս Մարիամից: Առանց լքելու
երկինքը Նա մարմնացավ և մարդացավ՝ կատարելապես միավորվելով մարդկային բնության հետ և ընդունելով նրա բոլոր հատկանիշները՝ բացի
մեղքից (տե՛ս
Հավատո հանգանակ): Այս անապական ծննդյամբ Աստվածորդին դարձավ նաև Մարդու Որդի՝ սկիզբ դնելով մարդկության հոգևոր ծննդյանն ու նորոգությանը:
Քրիստոսի ծնունդը կենդանի
խորհրդանիշն էր Նրա անճառելի
խոնարհության, որով Նա իջավ երկնային
փառքից՝ բնակվելու
մեղքով ապականված աշխարհում. Նա ծնվեց
Բեթղեհեմի մի քարայրում՝ կենդանիների համար պատրաստված մսուրում [տե՛ս
Ղուկ. 2.7], քանզի տիեզերքի Արարիչը աշխարհ եկավ՝ ոչ թե թագավորելու, այլ ծառայելու համար ընկած մարդկությանը, որպեսզի նրան ոտքի կանգնեցնի: Ինչպես ասում են
վարդապետները, Նա ծնվեց անփառունակ և աղքատիկ վայրում, որպեսզի մեր հանցապարտ բնության աղքատությունն ու անփառունակությունը լցնի Իր երկնային
փառքով ու հարստացնի
շնորհի լեցունությամբ:
Սակայն որքան անփառունակ էր Փրկչի ծնունդը և տակավին անհայտ՝ աշխարհին, այնքան մեծ էր այս համատիեզերական իրադարձության արձագանքը
երկնքում, որտեղ
հրեշտակների ողջ բազմությունն օրհներգում էր՝ ասելով. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա՝ խաղաղությո՜ւն, և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» [
Ղուկ. 2.14]. քանզի աշխարհ էր գալիս
Փրկիչը, որ Իր
տնօրինություններով պիտի
քավեր մարդկության
մեղքերը և մարդկանց հաշտեցներ Հայր
Աստծո հետ:
Ծնունդ
Երևան, ձեռ. 10675, էջ 177ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Այս զմայլելի
փառաբանությանն ականատես և ականջալուր եղան միայն մի քանի հովիվներ, որոնք եկան ու
երկրպագեցին նորածին Մանկանը [տե՛ս
Ղուկ. 2.8-20]: Մանուկ Հիսուսին ճանաչելու և
երկրպագելու արժանացան նաև երեք մոգերը՝ արևելքից
Իսրայել ժամանած իմաստունները, որոնց առաջնորդում էր երկնքով ընթացող աստղը: Նրանք
երկրպագեցին Մանկանը և Նրան նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս [տե՛ս
Մատթ. 2.1-11]:
Ըստ
Եկեղեցու հնագույն
ավանդության՝
Քրիստոսի ծննդյան օրը հունվարի 6-ն է: Այս ամսաթիվը, ինչպես նաև նույն օրվա մեջ երեսնամյա Հիսուսի
մկրտությունը հիշատակելու
ավանդությունը ներկայումս անխախտորեն պահում է միայն
Հայ Եկեղեցին՝ երբեք չընդունելով ինչ-ինչ նկատառումներով ծնունդը մկրտությունից անջատելու և այն դեկտեմբերի 25-ը տեղափոխելու նորամուծությունը (տե՛ս
Աստվածահայտնություն):