русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
id466Այս բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք:
Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:
Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով. Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և դևերը վռնդվում էին դիվահարներից: Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես զղջաց, իսկ Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:

Վերափոխում
Երևան, ձեռ. 5786, էջ 266ա, Արքունական Ավետարան, 1336 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Աստվածամոր թաղումից 3 օր անց Երուսաղեմ վերադարձավ Բարդուղիմեոս առաքյալը և խորապես վշտացավ, որ իր բացակայության պատճառով չէր կարողացել հրաժեշտ տալ Տիրամորը: Առաքյալները նրա համար բացեցին գերեզմանը, սակայն սուրբ Մարիամի մարմինը այնտեղ չէր, քանզի Աստված հարություն էր տվել նրան և մարմնով հանդերձ Իր մոտ՝ երկինք փոխադրել՝ հաստատելով բոլոր հրեշտակներից վեր՝ հավիտենական փառքի լույսերի մեջ:
Աստվածածնի վերափոխմանը նվիրված համանուն տոնը Հայ Եկեղեցում նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը, ըստ վաղեմի ավանդության, պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Տոնը շարունակվում է ևս 8 օր՝ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան:
 
sacredtradition.am