ՇՆՈՐՀ
id380Շնորհը
Աստծո պարգևն է, որը Նա տալիս է մարդուն՝ նրան հաղորդ դարձնելով Իր բնությանը, Իր
փառքին: Թե՛ որդեգրվելը
Աստծուն, թե՛ ազատագրվելը
մեղքից, թե՛
առաքինություններով Տիրոջը գոհացնելը, թե՛ զանազան վերբնական կարողություններով ու նշաններով Նրան փառավորելը իրականանում են շնորհով: Ուստի լինում են շնորհի տարբեր արտահայտություններ կամ, ինչպես ասում են, զանազան շնորհներ՝ բժշկության,
մարգարեության, լեզուներ խոսելու և թարգմանելու, հոգիներ զանազանելու,
վարդապետելու և այլն:
Այլ էր շնորհի ներգործությունը հին
ուխտում, և այլ է այժմ՝
քրիստոնյաների մեջ: Քանի որ
ադամական մեղքից հետո մարդը զրկվել և օտարացել էր շնորհից, այն երբեմն տրվում էր միայն
Աստծո ընտրյալներին Իր կամքը կատարելու համար, սակայն ազդում էր դրսից և ոչ թե՝ բնակվում նրանց մեջ՝ դառնալով ներքին, երանելի կյանք: Այդ իրականացավ միայն
հոգեգալստից հետո, երբ
Սուրբ Հոգին իջավ և ստեղծեց
Քրիստոսի Եկեղեցին, ուր յուրաքանչյուր
քրիստոնյա մկրտությամբ որդեգրվում է
Սուրբ Երրորդությանը և ներընդունում Նրանից ճառագող շնորհը, որ հավետ միավորվում է մարդու բնությանը, դառնում նրա կյանքն ու սեփականությունը, սրբագործում և հոգեղինացնում, լցնում սիրով և զորացնում
Աստծո կամքը կատարելու կարողությամբ՝ առաջնորդելով դեպի
փրկություն: