русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐ
id355Մահացու մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետևյալ 7 տեսակների մեջ. հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և բղջախոհություն: Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ:

Հպարտությունը բոլոր մեղքերի գլուխն է, քանի որ նրանով ընկավ սատանան՝ ըմբոստանալով Արարչի դեմ և իր հետ կործանելով բազում այլ հրեշտակների, որոնք վերածվեցին դևերի և իրենց պարագլխի հետ առ այսօր չարիք են սերմանում աշխարհում: Հպարտությամբ ընկան և մեր նախածնողները, քանզի ցանկացան առանց շնորհի աստվածանալ: Հպարտությունը միշտ կործանում է բերում, թեպետ երբեմն նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է թվում մարդուն: Ավելին, աշխարհիկ հասարակության մեջ այն հաճախ առաքինություն է համարվում: Մինչդեռ բոլոր չարիքների, փոխադարձ անըմբռնողության և անհիմն թշնամանքի համար մարդիկ «պարտական» են հպարտությանը: Հպարտն արհամարհում է մերձավորին՝ չգնահատելով նրա արժանիքները, և միայն իրենն է գնահատում, ամբարտավան ու մեծամիտ պահվածքով շարունակ թունավորում է միջավայրը և ի վերջո ատելի դառնում թե՛ մարդկանց, թե՛ Աստծո կողմից: Քանզի, արդարև, «ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի» [Մատթ. 23.12]: Այս արատն ունի նաև ծածուկ դրսևորումներ, ինչպես կեղծ բարեպաշտությունը, մարդահաճությունը և ի ցույց բոլորի ողորմություն տալը, որոնցով մարդը հոգում է իր արտաքին կերպարի համար՝ զրկվելով ամենակարևորից՝ աստվածային շնորհից և օժանդակությունից:

Նախանձը հպարտության առաջին ծնունդն է, նրա անմիջական հետևանքը, քանզի ամեն ինչում փնտրելով սեփական փառքն ու առավելությունը՝ մարդը չի ուրախանում մերձավորի հաջողությամբ, այլ սկսում է ատել նրան, ով գերազանցում է իրեն կամ էլ հավասար է ունեցվածքով, գիտելիքով, հասարակական դիրքով ու ճանաչումով: Նախանձից ներքուստ թունավորվում է մարդու սիրտը՝ դառնալով անհանգիստ ու նենգ, դրդելով բամբասանքի և զրպարտության, իսկ երբեմն էլ՝ զազրելի ոճիրների:

Բարկությունը մարդու սրտի բնական հատկությունն է, որ տրված է որպես զենք ընդդեմ չարի: Սակայն ընկած բնությունը ավելի շատ կրում է այն իբրև արատավոր հատկանիշ, որը դրսևորվում է ինքնահավան և տրտնջացող սրտում: Եթե խոնարհ և բարեսիրտ հոգին բարկանում է ընդհանուր չարիքի և սեփական մեղքերի համար, ապա հպարտ ու նախանձ մարդը ամեն առիթով իր բարկությունն ուղղում է դեպի մերձավորը: Դա հաճախ հանգեցնում է վիրավորանքների, հայհոյության, անիմաստ վեճ ու կռվի, որոնք կարող են ողբերգական վախճան ունենալ: «Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի»,- ասում է Տերը՝ բարկությունը նույնացնելով սպանության մեղքի հետ [տե՛ս Մատթ. 5.22]: Բարկությունը կարող է նաև չդրսևորվել անմիջականորեն, այլ թաքնվել սրտի խորքում և աստիճանաբար վերածվել ատելության: Իսկ «ով ատում է եղբորը, մարդասպան է,- ասում է ս. Հովհաննես ավետարանիչը,- և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի» [Ա Հովհ. 3.15]:

Ծուլությունն, իբրև մեղք, հոգևորի հանդեպ մարդու անտարբեր և անփույթ լինելու հետևանքն է: Մարդը կարող է գիշեր ու զօր աշխատել, սակայն Աստծո առջև դատապարտվել ծուլության մահացու մեղքով, եթե չհոգա իր հոգևոր առաջընթացի, աստվածպաշտության գործերի և գիտելիքներ ձեռք բերելու համար: Ծուլությունը հաճախ արտահայտվում է անհասկանալի տրտմութամբ ու ձանձրույթով, որը բաց դուռ է չար խորհուրդների և աշխարհի գայթակղությունների առջև:

Ագահությունը անհրաժեշտ ունեցվածքով չբավարարվելու կիրքն է: Որքան մարդը զուրկ է լինում հոգևորից, այնքան նա իր հայացքը հառում է աշխարհին և ակնածում երկրային բարիքներից՝ ձգտելով դրանցով լցնել սեփական հոգու դատարկությունը: Սակայն մարդու կյանքը իր ունեցվածքի կուտակման մեջ չէ [տե՛ս Ղուկ. 12.15], և ոչինչ չի կարող մխիթարել մարդուն, եթե նա չփնտրի երկնքի արքայությունը, քանզի մեր հոգին ստեղծված է ոչ թե անցավոր երկրայինով, այլ երկնային անսպառ շնորհով լցվելու, մինչև իսկ՝ անբավելի Արարչին իր մեջ բնակեցնելու համար: Մինչդեռ, դավաճանելով սեփական կոչվածությանը, նախընտրելով նյութական բարիքները և տարվելով դրանց խաբուսիկ փայլով, մարդը սկսում է նմանվել անբան կենդանիների: Պողոս առաքյալը ագահությունն անվանում է կռապաշտություն [տե՛ս Կող. 3.5], քանի որ տարվելով ունեցվածքով և դրա առատությունը դարձնելով կյանքի նպատակ՝ մարդն իր մեջ տեղ չի թողնում երկնային շնորհի համար: Ագահությունը կործանում է ողորմածության ոգին և մարդուն անտարբեր դարձնում ուրիշի վշտերի ու կարիքների հանդեպ, ինչով հեռացնում է իրենից նաև Աստծո ողորմածությունը:

Որկրամոլությունը ագահության դրսևորումն է՝ մարմնի գոյության համար անհրաժեշտ սննդառության ոլորտում: Այն արտահայտվում է համեղ ուտեստների հանդեպ հիվանդագին կապվածությամբ: Այս արատն այնքան է սերտաճել մեր բնության հետ, որ հաճախ դժվարությամբ է զանազանվում բնական և անհրաժեշտ սննդառությունից: Այն չափանիշները, որոնք ընդունված են աշխարհում, սկզբունքորեն հիմնված են համի հաճույքի անկաշկանդ ավելացման վրա: Իսկ վերջինս ստիպում է չարաշահել նաև սննդի քանակը, որը հանգեցնում է ավելորդ, հաճախ վնասակար կուտակումների: Արդյունքում առաջանում են բազմաթիվ ստորակարգ կրքեր, որոնք աշխարհը համարում է նույնքան բնական և շտապում բավարարել բոլոր միջոցներով: Որոշ առումով՝ ողջ քաղաքակրթությունը ծառայում է մարդկային ստամոքսին՝ ըստ նրա քմահաճության կերտելով սերունդների գիտակցությունը: Մինչդեռ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա գիտե, թե կուշտ լցված ստամոքսն ինչպես է բթացնում սիրտը և հեռացնում աղոթքից, մարդուն դարձնում քնկոտ ու ծույլ, անընդունակ հոգևոր խոկման և վսեմ խորհուրդների, իսկ այդ պատճառով առաջացած կրքերը՝ գրեթե անհաղթահարելի:

Բղջախոհությունը որկրամոլության ծնունդն է և մեղքի զարգացման ամենաբարդ ու դժվար հաղթահարելի աստիճանը: Այն մարդու ամոթալի կապվածությունն է մարմնի հետ, որ գործում է ոչ միայն զգայարանների, այլև հոգու զորությունների՝ մտքի և տրամաբանության, հիշողության ու երևակայության, հույզերի և զգացմունքների ստորակարգ չարաշահումով: Ոչ մի մեղք այնքան չի զարգացել ու սերտաճել ներկայիս քաղաքակրթության հետ՝ նրա մշակույթի բաղկացուցիչ մասը դառնալով, որքան բղջախոհությունը: Ավելին, այն, իբրև ժառանգական հատկանիշ, աճում և աղետալի չափերի է հասնում. սեռական ակտիվությունն ու հետաքրքրությունը աստիճանաբար սկսում են դրսևորվել առավել ցածր տարիքում: Մինչդեռ սեռական հեղափոխության ջատագովները շարունակում են հեղեղել ողջ աշխարհը հնարավոր բոլոր միջոցներով: Բղջախոհությունը, կոչվելով տարբեր անուններով, իբրև արտոնված և խրախուսվող երևույթ, սպառնում է մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք և հաղթահարելով «նախապաշարումներն» ու «ավելորդ ամոթը»՝ համարվել օրինաչափ և օգտակար: Սատանան թերևս երբեք մարդկության հանդեպ ավելի մեծ հաղթանակ չի տոնել և երբեք այնքան չի ստորացրել մարդուն, որքան այսօր: Կարելի է ասել, որ մենք այժմ ապրում ենք բղջախոհության դարաշրջանում, որը, լինելով մահացու մեղքերից վերջինը, ասես խորհրդանշում է նաև այս դարաշրջանի վախճանական լինելը:
Բղջախոհությունը պոռնկական խորհուրդների միջոցով մշտապես ծառայել է չարին իբրև հզորագույն միջոց՝ քրիստոնյաներին փորձության ենթարկելու համար: Քանզի սատանան լավ գիտե, թե այն որքան է տկարացնում աստվածպաշտության ընթացքը, պղտորում ու պղծում սիրտը՝ խավարեցնելով մտքի պայծառությունը և մարդուն հեռացնելով Աստծուց: Ուստի ճշմարիտ քրիստոնյան պարտավոր է մշտապես պայքարել բղջախոհության, ինչպես նաև բոլոր մյուս մահացու մեղքերի դեմ՝ ձգտելով ամբասիր լինել այս բազմաշերտ փորձությունների հորձանուտում և անմասն մնալ սատանայի գործերին:

* * *
Սուրբ վարդապետներն ուսուցանում են, որ յուրաքանչյուր մեղքի հաղթահարման լավագույն ճանապարհը նրան հակադիր առաքինությունը գործելն է: Հպարտության դեմ պետք է պայքարել խոնարհություն արծարծելով, նախանձի դեմ՝ կամեցողություն, բարկության դեմ՝ հեզություն և համբերություն, իսկ ծուլության դեմ՝ հոգևոր ջանասիրություն և հնազանդություն: Ագահությունը պետք է մարել ողորմածությամբ, որկրամոլությունը՝ պահքով, իսկ բղջախոհությունը՝ ողջախոհությամբ:
Արդ, խոնարհություն ձեռք բերելու համար սուրբ հայրերը խորհուրդ են տալիս խոկալ մեր մահկանացու բնության թշվառության մասին, որի մեջ է գտնվում յուրաքանչյուր մարդ արարած և որից կարող է ազատագրվել միայն երկնքի արքայության մեջ: Այսպիսի իմաստուն խոկումները սեփական աչքում արժեզրկում են մարդուն, իմաստազրկում որևէ առավելությամբ հանդես գալու նրա մղումները, դրդում ապաշխարության և ոչ թե ինքնահաստատման: Ներկայիս քաղաքակրթությունն անում է ամեն ինչ, որ մարդը մոռանա մահը և իր թշվառությունը, այս կարճատև կյանքում զգա իրեն հզոր ու երջանիկ, իսկ ուրիշների նկատմամբ առավելության հասնելու ձգտումը դիտի իբրև առողջ մրցակցություն: «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,- գրում է ս. Պողոս առաքյալը,- երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր» [Բ Տիմ. 3.1-4]:
Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է հակառակվել դարի ոգուն: Դրա համար նա ունի իր երկնային Առաջնորդին, Որի կերպարը պիտի կրի իր հոգու հայացքի առջև՝ հիշելով Նրա խոսքը. «Սովորեցե՛ք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» [Մատթ. 11.29]:
Որքան մարդը պայքարի հպարտության դեմ՝ ձգտելով խոնարհության, այնքան կսկսեն նվազել նաև մյուս մահացու մեղքերը՝ զրկվելով իրենց սնող չար աղբյուրից, մանավանդ՝ եթե մնացած բոլոր մեղքերին էլ հակադրենք համապատասխան առաքինությունները: Ընդ որում, չպետք է սպասենք մեղանչական խորհրդի կամ կրքի հայտնվելուն, որպեսզի նրան հակադրենք համապատասխան առաքինությունը:
Այսպես, նախքան նախանձի դրսևորվելը պետք է կամեցողություն և սեր արծարծենք մեր սրտում, քանզի, ինչպես գրված է, «սերը չի նախանձում» [Ա Կոր. 13.4], և ընդհանրապես՝ ձգտենք բոլորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի. «ոչ ոքի չչարախոսենք, չլինենք կռվարար, այլ հեզ՝ բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցույց տալով» [Տիտ. 3.2]:
Նմանապես, նախքան մերձավորի կողմից բարկացնող առիթի հանդիպելը պետք է զինվել համբերությամբ՝ պատրաստ հանուն Քրիստոսի հեզաբար տանելու ամեն վիրավորանք, որպեսզի ոչ թե ցասման հետևանքով կորցնենք ինքնատիրապետումը, այլ սիրով ու խոնարհությամբ հանդիմանենք՝ անկեղծորեն ցանկանալով մերձավորի բժշկությունը և ազատագրումը մեղքից:
Որպեսզի ծուլությունը մեզ չհաղթահարի, պետք է ստիպել մեր ընկած բնությանը՝ հաճախ աղոթել և պարապել Սուրբ Գրքի և սուրբ հայրերի ընթերցանությամբ, հնազանդվել Եկեղեցու սահմանած կարգին՝ պահելով պահոց օրերը և մասնակցելով ժամերգություններին և սուրբ պատարագին:
Ագահության փոխարեն պետք է ձգտենք չափավորության՝ բոլոր մարմնական և նյութական կարիքները սահմանափակելով անհրաժեշտով և մերժելով ամենայն ավելորդություն ու զեխություն: Մանավանդ՝ ձեռք բերենք ճշմարիտ ողորմածություն. ավելի շատ սիրենք տալ, քան վերցնել՝ ուրախանալով աղքատին ուրախացնելու համար: Այսպես գանձեր կդիզենք երկնքում [տե՛ս Մատթ. 6.20]՝ առավելացնելով ոչ թե ունեցվածքը, այլ փրկության հույսը, քանզի «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» [Հակ. 2.13]:
Որկրամոլությունը հաղթահարելու համար մեզ տրված է պահքը: Եվ վերջինս իրոք փրկարար կլինի, եթե պահոց օրերին ոչ միայն փոխենք կերակրի տեսակը, այլև սահմանափակվենք քչով: Եվ եթե ստիպենք մեզ այսպես վարվել բոլոր պահոց օրերին, աստիճանաբար քչակերությունը կդառնա բնական և ցանկալի:
Սակավապետությունն ու քչակերությունը ինքնըստինքյան կմարեն նաև բղջախոհության հուրը՝ վերջինիս զրկելով սննդից: Սակայն պետք է նաև հատուկ ճիգերով մշտապես ձգտել ողջախոհության՝ թույլ չտալով, որ սեփական սրտին տիրեն աստվածամարտ ու մարդատյաց դևերը, որոնք ոչնչից այնքան չեն հրճվում, որքան մարդուն անպարկեշտ ու անառակ խորհուրդների և արարքների մեջ գցելուց: Ուստի պետք է հեռու պահենք մեր աչքն ու ականջը աշխարհի մեղսածին տպավորություններից՝ հիշելով, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ [տե՛ս Հակ. 4.4], խուսափենք քնկոտությունից և մարմնահաճությունից՝ միշտ հիշելով, որ մեր մարմինը Աստծո բնակության տաճարն է, և այն պետք է սուրբ պահել ամեն ախտաժետությունից [տե՛ս Ա Կոր. 3.16-17]:
 
sacredtradition.am