русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԾԱՂԿԱԶԱՐԴ
id242Ղազարոսի հարության հաջորդ օրը Հիսուս Քրիստոս, նստած ավանակի վրա, մտավ Երուսաղեմ՝ Զատիկի տոնի նախօրեին այնտեղ հավաքված ժողովրդի ցնծագին աղաղակների ներքո: Նրա առջև մարդիկ գետնին էին սփռում իրենց զգեստները և ծառերի ծաղկած ճյուղեր: Այնքան մեծ էր այդ ցնծությունը, որ փարիսեցիները նախանձելով՝ Հիսուսից պահանջեցին լռեցնել նրանց: Սակայն Տերը պատասխանեց. «Եթե նրանք լռեն, քարերը կաղաղակեն» [Ղուկ. 19.40]:

Մուտք Երուսաղեմ
Երևան, ձեռ. 10675, էջ 137ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին

Տեղի էր ունենում անպատմելի, սքանչելի խորհուրդ. Աստծո Որդին գալիս էր՝ իրականացնելու դարեր շարունակ Իսրայելի մարգարեների կողմից կանխագուշակված աստվածային ծրագիրը՝ մարդկության փրկագործությունը: Ժողովուրդը չգիտեր, թե ինչ է սպասում Քրիստոսին, չգիտեր, թե որն է լինելու աշխարհի փրկության գինը: Սակայն չէր դադարում ցնծալ, քանի որ զգում էր, որ գտնվում է մի մեծ, շատ մեծ իրադարձության շեմին: Այդ օրը ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այդ փրկությունը իրականանալու է ոչ թե հրաշագործ Հիսուս Նազովրեցու փառահեղ հաղթարշավով, այլ Նրա մատնությամբ ու անպատիվ մահով: Նրանք ցնծում էին անբացատրելի ուրախությամբ՝ չգիտակցելով, որ դեպի փրկական տնօրինությունների ավարտը՝ դեպի խաչելություն են ուղեկցում աշխարհի Փրկչին:
Այդ օրվա հիշատակությամբ Եկեղեցին ամեն տարի հավաքվում է տոնահանդեսի՝ Հիսուսին դիմավորող հրեաների նման ցնծալով և ուրախություն ապրելով: Սակայն, ի տարբերություն նրանց, մենք հավատով գիտենք իսկական պատճառը մեր ուրախության, որը եթե դադարի, «քարերը կաղաղակեն». մենք գիտենք, որ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ սկիզբն է այն իրադարձության, որով բացվեց քրիստոնյաներիս մուտքը դեպի երկնքի արքայություն:

Ծաղկազարդ. տեսարան պատարագից
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Այս տոնը Հայ Եկեղեցում կոչվում է Ծաղկազարդ, քանի որ եկեղեցիներում օրհնվում և հավատացյալներին են բաժանվում ուռենու նորաբողբոջ ոստեր՝ ի հիշատակ և ի նմանություն Երուսաղեմում Քրիստոսին ծաղկած ճյուղերով դիմավորող ժողովրդի: Իսկ երեկոյան կատարվում է Դռնբացեքի խորհրդավոր արարողությունը՝ իբրև Տիրոջ ողորմության խորհրդանշական հայցում և կցորդություն Նրա փրկարար չարչարանքներին, քանզի Ծաղկազարդով սկսվում է Ավագ շաբաթը:
 
sacredtradition.am