русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՄԻՔԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ


1
1 Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների ժամանակ Մորստացի Միքիային հասաւ Տիրոջ պատգամը, որ յայտնուեց նրան Սամարիայի եւ Երուսաղէմի մասին: 2 Լսեցէ՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, եւ թող երկիրն ու նրա բոլոր բնակիչները ունկնդրեն: Տէր Աստուած թող լինի ձեր մէջ վկայութեան համար, Տէրը՝ իր սուրբ տնից: 3 Ահա նա առաջ կշարժուի իր տեղից, կիջնի եւ կհասնի երկրի բարձունքների վրայ: 4 Լեռները կշարժուեն նրա ոտքերի տակ, ձորերը կհալուեն, ինչպէս մոմը կրակի առաջ եւ ինչպէս զառիվայր հոսող ջուրը: 5 Այդ բոլորը Յակոբի ամբարշտութեան պատճառով է եւ Իսրայէլի տան մեղքերի համար: Իսկ արդ, ո՞վ է պատճառը Յակոբի ամբարշտութեան՝ ո՞չ Սամարիան, եւ ո՞վ է Յուդայի տան մեղքի պատճառը, եթէ ոչ՝ Երուսաղէմը: 6 Ես Սամարիան կդարձնեմ ագարակի մրգապահների տաղաւար, այգի հսկելու տեղ, խորխորատ կնետեմ նրա քարերը եւ կմերկացնեմ նրա հիմքերը: 7 Նրա բոլոր քանդակները կկոտորեն, նրա բոլոր արձանները կրակով կայրեն. ես կապականեմ նրա բոլոր կուռքերը, քանի որ նա պոռնկութեան վարձից ժողովեց եւ պոռնկութեան վճարից հաւաքեց դրանք: 8 Այդ պատճառով նա լացուկոծ կանի եւ կողբայ, մերկ ու բոբիկ կքայլի, վիշապների պէս ողբուկոծ կանի եւ կսգայ, ինչպէս յաւերժահարսերի դուստրերը, 9 քանի որ սաստկացան նրա հարուածները, քանի որ մինչեւ Յուդայի երկիր հասան դրանք, մօտեցան մինչեւ իմ ժողովրդի դռները եւ Երուսաղէմ: 10 Դուք, որ Գէթում էք, մի՛ գոռոզաբանէք, եւ դուք, որ Ակկարիմում էք, մի՛ նորոգէք տան խայտառակութիւնը. ձեր խայտառակութեան պատճառով՝ հո՛ղը ձեր գլխին: 11 Բարութեամբ բնակուողը չելա՞ւ իր քաղաքներից. Սենարի՛ բնակիչներ, ողբացէ՛ք նրան մօտիկ գտնուող տան վրայ, նա կվերացնի ձեզնից ցաւի հարուածները: 12 Ո՞վ սկսեց բարիք անել ցաւի մէջ բնակուողին, քանի որ Տիրոջ կողմից չարիք իջաւ Երուսաղէմի դռների վրայ: 13 Կառքերի շաչիւն ու երիվարների դղրդիւն թող լինի, Լաքիսի՛ բնակիչներ, նա է Սիոնի դուստրերի մեղքերի սկիզբը, քանի որ քո մէջ կատարուեցին Իսրայէլի ամբարշտութիւնները: 14 Այդ պատճառով Գէթի տոհմից արձակուածներին կտայ դատարկ տներ, որոնք Իսրայէլի թագաւորների համար ունայնութիւն դարձան: 15 Լաքիսի բնակիչները ժառանգութիւն կբերեն մինչեւ քո ժառանգորդները, մինչեւ Ոդողամ կհասնի Սիոնի դստեր փառքը: 16 Ածիլուի՛ր եւ կտրի՛ր մազերդ քո սիրասուն որդիների համար, լայնացրո՛ւ քո խուզուածքը արծուի պէս, քանի որ նրանք գերի տարուեցին քեզնից հեռու:

2
1 Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում եւ առաւօտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դէպի Աստուած: 2 Աչք էին տնկում հանդերին, յափշտակում որբերին, բռնագրաւում տները, յափշտակում էին մարդուն եւ նրա տունը, մարդուն եւ նրա ժառանգութիւնը: 3 Այդ պատճառով այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրայ, ուստի վեր մի՛ ցցէք ձեր վզերը եւ գլուխներդ բարձր մի՛ քայլէք, քանի որ վատ ժամանակ է»: 4 Այն օրը ձեր մասին առակ կյօրինեմ, ողբ կհնչեցնեն, կողբան եւ կասեն. «Ամբողջութեամբ թշուառացանք, իմ ժողովրդի բաժին հողը լարով չափուեց, եւ մէկը չկար, որ արգելէր այդպէս անել, մեր հանդերը բաժանուեցին»: 5 Դրա համար չի գտնուի մէկը, որ վիճակով լարաբաժին գցի ժողովում: 6 Լաց մի՛ եղէք արցունքներով, եւ թող լաց չլինեն նրա վրայ, քանի որ նա չի մերժի նախատինքները: 7 Նա ասաց, թէ Իսրայէլի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթէ սա լինի նրա ընթացքը, լաւ չեն լինի Տիրոջ խօսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ: 8 Թշնամութեամբ հակառակ կանգնեց իր խաղաղութեանը: Նրան մորթազերծ կանեն՝ բառնալու յոյսը եւ վերացնելու պատերազմի կսկիծը: 9 Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժուեցին: Մօտենանք յաւիտենական լեռներին: 10 Ոտքի՛ կանգնիր եւ գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծութեան պատճառով սաստիկ ապականուեցիք, հալածուեցիք առանց որեւէ մէկի հալածանքի: 11 Սա սուտ դուրս եկաւ, քո մէջ գինի եւ արբեցութիւն կաթեց, եւ այդ կաթումից բաժին կընկնի նաեւ այս ժողովրդին: 12 Կհաւաքուի Յակոբը բոլորով հանդերձ, ամբողջովին կընդունի Իսրայէլի մնացորդներին. ես նրանց միասին կվերադարձնեմ, ինչպէս նեղութեան մէջ գտնուող ոչխարները, ինչպէս հօտերը իրենց մակաղատեղի մէջտեղում: Նրանք մարդկանց կողմից դէպի խրամատները կառաջնորդուեն, 13 քանի որ նրանց աչքի առաջ խրամատ բացեցին, նրանք անցան դռնով եւ դուրս ելան դրա միջից: Թագաւորը նրանց առաջ ացաւ, եւ Տէրը կառաջնորդի նրանց:

3
1 Նա կասի. «Լսեցէ՛ք, Յակոբի՛ տան իշխան եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ: 2 Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրաւունքը, դուք, որ ատում էք բարին եւ չարիք էք որոնում, մորթազերծ էք անում նրանց եւ պոկում էք նրանց մարմիններն իրենց ոսկորներից: 3 Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպէս կտրատում են կաթսայում եփելու համար, եւ նրանց միսն՝ այնպէս, ինչպէս պտուկի մէջ եփելու համար: 4 Այդպէս էլ կաղաղակեն Տիրոջը, եւ նա չի լսի նրանց, երես կդարձնի նրանցից այդ ժամանակ, քանի որ նրանք իրենց արարքով չարիք գործեցին»: 5 Այսպէս ասաց Տէրը մարգարէների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով եւ խաղաղութիւն են քարոզում նրան: Բայց ոչինչ չդրուեց նրանց բերանը, եւ նրա դէմ պատերազմ յարուցեցին: 6 Այդ պատճառով ձեր տեսիլքը խաւար գիշեր պիտի դառնայ, ձեր իղձը պիտի նսեմանայ, արեգակը մայր պիտի մտնի մարգարէների վրայ, եւ ցերեկը պիտի խաւարի նրանց վրայ: 7 Պիտի ամաչեն երազատեսները, ծաղրուեն գուշակները, եւ բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց: 8 Բայց ես լցուեցի Տիրոջ Հոգու զօրութեամբ, արդարամտութեամբ եւ զօրութեամբ՝ պատմելու Յակոբին իր ամբարշտութիւնը եւ Իսրայէլին՝ իր մեղքերը: 9 Լսեցէ՛ք սա, Յակոբի՛ տան առաջնորդներ եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ, որ անարգում էք իրաւունքը եւ շեղում էք բոլոր ուղիղ ընթացողներին, 10 որ Սիոնը կառուցում էք արեան վրայ եւ Երուսաղէմը՝ անիրաւութեան: 11 Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարէները արծաթով էին գուշակութիւններ անում եւ Տիրոջն էին ապաւինում ու ասում. «Արդարեւ, Տէրը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրայ չարիք չի գայ»: 12 Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկուի արօրով, Երուսաղէմը պիտի դառնայ ինչպէս մրգապահների տաղաւար, եւ Տիրոջ տաճարի լեռը՝ մայրիների անտառ:

4
1 Գալիք օրերում յայտնի կդառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կբարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կշտապեն դէպի նա: 2 Եւ շատ ազգեր կգնան եւ կասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծոյ տունը. մեզ ցոյց կտան նրա ճանապարհը, եւ մենք կգնանք նրա շաւղով»: Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից: 3 Նա դատ կանի բազում ժողովուրդների մէջ եւ կյանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել: 4 Իւրաքանչիւրը կհանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը: 5 Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կգնանք մեր Տէր Աստծոյ անուամբ մշտապէս: 6 «Այն օրը,– ասում է Տէրը,– կհաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կընդունեմ նաեւ մերժուածներին, 7 բեկուածին զօրեղ կդարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ, եւ Տէրը Սիոն լեռան վրայ կթագաւորի այսուհետեւ մինչեւ յաւիտեան: 8 Եւ դու, ոչխարների հօտի՛ աշտարակ, Սիոնի անշքացա՛ծ դուստր, դէպի քեզ կգայ ու կմտնի Երուսաղէմի դստեր՝ Բաբելոնի թագաւորութեան նախկին իշխանութիւնը: 9 Իսկ արդ, ինչո՞ւ չար գործեցիր, մի՞թէ դու թագաւոր չունէիր, կամ կորա՞ւ քո խորհրդատուն, քանի որ սաստկացաւ քո երկունքը ծննդկանի պէս: 10 Սիոնի՛ դուստր, երկունքի մէ՛ջ ընկիր, զօրացի՛ր եւ մօտեցի՛ր ինչպէս ծննդկան, որովհետեւ հիմա դուրս պիտի գաս քաղաքից, քեզ պիտի բնակեցնեմ դաշտում, դու պիտի հասնես մինչեւ Բաբելոն. եւ քո Տէր Աստուածը այնտեղ կփրկի քեզ, այնտեղ կազատի քեզ քո թշնամիների ձեռքից: 11 Ահա հաւաքուեցին քեզ վրայ բազում ժողովուրդներ, որոնք ասում էին. “Եկէք ոտնահարենք նրան, եւ մեր աչքերը թող տեսնեն Սիոնի անկումը”: 12 Նրանք չիմացան Տիրոջ խորհուրդը եւ նկատի չառան նրա կամքը, քանի որ նա հաւաքեց նրանց, ինչպէս հասկը կալում: 13 Կանգնի՛ր եւ կալսի՛ր նրանց, դո՛ւստր Սիոնի, որովհետեւ քո եղջիւրները երկաթ կդարձնեմ, քո կճղակները՝ պղինձ, եւ դու կմանրես բազում ժողովուրդներ, դրանցով ազգեր կփշրես, նրանց բազմութիւնը կընծայես Տիրոջը եւ նրանց զօրութիւնը՝ ամբողջ աշխարհի Տիրոջը»:

5
1 Արդ, դուստրը պիտի ցանկապատուի, քանի որ նեղութիւն բերեց ձեզ վրայ, գաւազանով պիտի հարուածեն Իսրայէլի ազգի ծնօտներին: 2 «Եւ դու, Բեթղեհէ՛մ, Եփրաթայի սակաւամա՛րդ տուն, կլինես Յուդայի երկրի հազարաւորների մէջ, քեզնից պիտի ելնի ինձ համար Իսրայէլի մի Իշխան, եւ նրա ծագումը աշխարհի սկզբի օրերից է»: 3 Այդ պատճառով Տէրը նրանց կթողնի մինչեւ ծննդկանի ժամանակը. նա կծնի, եւ նրա մնացած եղբայրները կվերադառնան իսրայէլացիների մօտ: 4 Նա կկանգնի, կտեսնի եւ կհովուի իր հօտը Տիրոջ զօրութեամբ, եւ նրանք կհաստատուեն իրենց Տէր Աստծոյ անուան փառքի մէջ, քանի որ այժմուանից նրա հզօրութիւնը պիտի տարածուի մինչեւ երկրի ծագերը: 5 Եւ խաղաղութիւն կլինի նրանով: Երբ ասորեստանցիները գան ձեր երկիրը, եւ երբ նրանք հասնեն ձեր աշխարհը, Տէրը կբարձրացնի նրանց դէմ եօթ հովիւ եւ ութ ղեկավար մարդիկ: 6 Նրանք կհովուեն Ասորեստանը սրով եւ Նեբրոթի երկիրը իր պարիսպների մէջ. նա կփրկի քեզ Ասորեստանից, երբ գայ ձեր երկիրը եւ երբ յարձակուի ձեր սահմանների վրայ: 7 Յակոբի սերնդի մնացորդը հեթանոս բազում ազգերի մէջ կլինի ինչպէս Տիրոջից եկած ցօղ եւ ինչպէս գառները խոտի վրայ, որպէսզի չհաւաքուի առանձին-առանձին եւ չմնայ մարդկանց որդիների մէջ: 8 Յակոբի մնացորդները կլինեն բազում ազգերի մէջ, ինչպէս առիւծը կենդանիների մէջ անտառում եւ ինչպէս առիւծի կորիւնը ոչխարների հօտի մէջ, որը եթէ անցնի, կզատի եւ կյափշտակի, եւ ոչ ոք չի լինի, որ յետ պահի նրան: 9 «Քո ձեռքը թող բարձրանայ քեզ նեղողների վրայ, եւ քո բոլոր թշնամիները թող սատակեն: 10 Այդ օրը,– ասում է Տէրը,– կսատկեցնեմ քո ձիերը քո միջից եւ կորստի կմատնեմ քո կառքերը. 11 կկործանեմ քո երկրի քաղաքները, կվերացնեմ քո բոլոր ամրոցները, կխլեմ քո բոլոր կախարդութիւնները քո ձեռքից, եւ այլեւս գուշակներ չեն լինի քո մէջ: 12 Կջնջեմ քո քանդակներն ու քո արձանները, եւ այլեւս չես երկրպագի քո ձեռակերտներին: 13 Կկոտորեմ անտառները քո միջից եւ կապականեմ քո քաղաքները: 14 Բարկութեամբ ու ջղայնութեամբ վրէժ կլուծեմ ազգերից, քանի որ նրանք չլսեցին ինձ»:

6
1 Լսեցէ՛ք, ինչ որ ասաց Տէրը. «Ե՛լ եւ դա՛տ արա լեռներում, եւ բլուրները թող լսեն քո ձայնը»: 2 Լսեցէ՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր եւ երկրի՛ ընդերք: Ահա Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, Իսրայէլի հետ դէմ դիմաց կկանգնի: 3 «Ժողովո՛ւրդ իմ, ի՞նչ արեցի քեզ, ինչո՞վ տխրեցրի քեզ եւ կամ ինչո՞վ նեղեցի քեզ, պատասխա՛ն տուր ինձ՝ 4 այն բանի փոխարէն, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայութեան տնից եւ քեզ առաջնորդ ուղարկեցի Մովսէսին, Ահարոնին եւ Մարիամին: 5 Ժողովո՛ւրդ իմ, յիշի՛ր, թէ ինչ մտածեց քո մասին մովաբացիների Բաղակ թագաւորը, եւ թէ ինչ պատասխան տուեց նրան Բէորի որդի Բաղաամը այս շրջաններից մինչեւ Գաղգաղա, որպէսզի յայտնի դառնայ Տիրոջ արդարութիւնը»: 6 Ինչո՞վ փութամ Տիրոջ մօտ, ապաւինեմ իմ բարձրեալ Աստծուն, ընդառաջ գնամ նրան ողջակէզներով եւ մէկ տարեկան հորթերով: 7 Տէրը կընդունի՞ հազարաւոր խոյեր կամ բիւրաւոր պարարտ նոխազներ, տա՞մ իմ անդրանիկը ամբարշտութեան պատճառով եւ իմ որովայնի պտուղը իմ անձնական մեղքերի համար: 8 Պատմուե՞ց քեզ, ո՛վ մարդ, թէ ինչ է բարին, եւ ինչ է ուզում քեզնից Տէրը. իրաւունք հաստատել, ողորմութիւն սիրել եւ պատրաստ լինել քո Տէր Աստծոյ յետեւից գնալու: 9 Տիրոջ ձայնը քաղաքի վրայ կհնչի եւ կփրկի նրա անունից վախեցողներին: «Լսի՛ր, ժողովո՛ւրդ, ո՞վ կլցնի քաղաքը, եթէ ոչ՝ հուրը 10 եւ անօրէն տունը, որ անօրէն գանձեր է գանձում հպարտութեամբ եւ անիրաւութեամբ: 11 Եւ կլինի՞, որ անօրէնը կշեռքով արդարանայ կամ խարդախուած կշռի պայուսակով: 12 Դրա համար էլ իրենց տունը լցրին ամբարշտութեամբ, նրա բնակիչները անիրաւ բաներ խօսեցին, եւ նրանց լեզուները գոռոզաբանեցին իրենց բերաններում: 13 Ես քեզ ապականութեամբ հարուածեցի քո մեղքերի համար: 14 Դու կուտես եւ չես յագենայ. ես մերժեցի քեզ. կբռնուես եւ չես փրկուի, եւ նրանք, որ երբեմն փրկուեցին, սրի կմատնուեն: 15 Դու կսերմանես, բայց չես հնձի, դու ձէթ կքամես, բայց չես օծուի իւղով, խաղող կճմռես, բայց գինի չես խմի: 16 Կապականուեն իմ ժողովրդի անօրէնները եւ Աքաաբի տան բոլոր գործերը, դուք էլ շարժուեցէ՛ք ըստ նրա խորհուրդների, որովհետեւ ձեզ ապականութեան պիտի մատնեմ, քո բնակիչներին պիտի դարձնեմ սուլոցի արժանի, եւ դուք ժողովուրդների նախատինքը պիտի ստանաք»:

7
1 Վա՜յ ինձ, որովհետեւ նմանուեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հաւաքողի եւ այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկոյզ չկար առաջին բերքից, որից ուտում էի: 2 Վա՜յ ինձ, որովհետեւ երկիւղածութիւնը վերացաւ երկրից, եւ մարդկանց մէջ չկայ մէկը, որ ուղիղ լինի. բոլորն արեամբ են դատում, իւրաքանչիւրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, եւ իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում: 3 Իշխանը նուէր է խնդրում, իսկ դատաւորը խաղաղութեան խօսքեր է ասում իրեն պէտք եղած ձեւով: 4 Ես կհանեմ նրանց միջից այն բարութիւնը, որը ցեցի նման ուտում եւ պտտւում է կանոնի վրայ դատաքննութեան օրը: Վա՜յ, վա՜յ, եկաւ հասաւ քո վրէժխնդրութիւնը. արդ, թող լաց լինեն նրանք: 5 Մի՛ հաւատացէք սիրելիներին, մի՛ ապաւինէք իշխաններին, զգո՛յշ եղիր քո անկողնակցից, որ որեւէ բան չպատմես նրան, 6 որովհետեւ որդին անարգում է հօրը, եւ դուստրը կկանգնի իր մօր դէմ, հարսը՝ իր սկեսրոջ դէմ, եւ մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կլինի: 7 Սակայն ես Տիրոջը կսպասեմ, կսպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կլսի ինձ: 8 Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը: 9 Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կտանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը: 10 Ինձ կտեսնի իմ թշնամին, եւ ամօթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կտեսնեն նրան: Արդ, նա ոտքի կոխան կդառնայ, ինչպէս ճանապարհի կաւը: 11 Աղիւսի ծեփի օր եւ քո ջնջման օր կլինի այն օրը. այդ օրը կմերժի քո իրաւունքները: 12 Քո քաղաքները կենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին: Քո ամուր քաղաքները կբաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, ծովից ծով եւ լեռից լեռ: 13 Եւ երկիրը ապականուի իր բնակիչներով հանդերձ իր գործերի պտուղի պատճառով: 14 Արածեցրո՛ւ քո ժողովրդին քո ցեղերի գաւազանով, նաեւ՝ քո ժառանգութեան ոչխարի հօտերը, որոնք առանձին բնակւում են Կարմէլի անտառում, թող նրանք արածեն Բասանում եւ Գաղաադում մշտապէս: 15 Եւ ինչպէս Եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցոյց պիտի տամ նրանց: 16 Պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն իրենց ամբողջ զօրութիւնից, ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրայ, եւ նրանց ականջները պիտի խլանան: 17 Նրանք պիտի լիզեն հողը, ինչպէս օձերը, որ սողում են երկրի վրայ: Պիտի խռովուեն իրենց պաշարման մէջ, մեր Տէր Աստծուց պիտի սարսափեն եւ պիտի վախենան քեզնից: 18 Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրինութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում: 19 Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրինութիւնները: 20 Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր:
 
sacredtradition.am